Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
==ՆԱԽԱԲԱՆ== Այս պրոլեգոմենները ոչ թե աշակերտների, այլ ապագա ուսուցիչների համար են. ընդ որում, պիտի ծառայեն վերջիններիս ոչ թե արդեն գոյություն ունեցող գիտությունը շարադրելու, այլ նախ և առաջ ինքը այդ գիտությունը ստեղծելու համար։ Կան ուսյալ այրեր, որոնց համար փիլիսոփայություն է հենց փիլիսոփայության պատմությունը (ինչպես հին, այնպես էլ նոր), այս պրոլեգոմենները գրված են ոչ նրանց համար։ Նրանք պետք է սպասեն, որ հենց իր՝ բանականության աղբյուրից ինչ-որ բան քաղել ջանացողները ավարտեն իրենց գործը և, երբ իրենց հերթը գա, տեղեկություն տան աշխարհում եղածի մասին։ Հակառակ դեպքում անկարելի է ասել մի բան, որը սրանց կարծիքով արդեն ասված չլիներ, իսկ դա իսկապես կարող էր նաև ամեն գալիքի անսխալ կանխասություն լինել, քանզի հաշվի առնելով, որ մարդկային դատողականությունը բազում դարեր զանազան կերպով երազել է անթիվ առարկաների մասին, բոլորովին էլ դժվար չէ ամեն մի նոր [մտքի] համար գտնել որևէ հինը, վերջինիս հետ որոշ նմանություն ունեցողը։ Ես մտադիր եմ համոզել բոլոր նրանց, ովքեր արժանի են համարում մետաֆիզիկայով զբաղվելը, որ միանգամայն անհրաժեշտ է մի կողմ դնել իրենց աշխատանքը, չարված դիտել մինչև այժմ արված ամեն ինչ ու նախ և առաջ հարց տալ. ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք այնպիսի բան, ինչպիսին է մետաֆիզիկան։ Եթե այն գիտություն է, ապա ինչպե՞ս է, որ մյուս գիտությունների նմանությամբ չի կարողանում համընդհանուր և տևական հավանության արժանանալ։ Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ է, այսուհանդերձ, մշտապես մեծարվում իբրև գիտություն և երբեք չմարող, բայց նաև երբեք չիրականացող սպասումների մեջ պահում մարդկային դատողականությունը։ Հետևաբար, անկախ այն բանից՝ կապացուցենք մենք մեր իմացությունը թե չիմացությունը, միևնույն է, պետք է նշված գիտության բնույթի վերաբերյալ երբևէ հաստատուն մի բանի հանգենք, որովհետև վերջինիս ներկա ընթացքը այլևս չի կարող շարունակվել։ Գրեթե զավեշտական է թվում, որ այն դեպքում, երբ ցանկացած այլ գիտություն չդադարող առաջընթաց է ապրում, մետաֆիզիկան, որը ցանկություն ունի լինել ինքը իմաստությունը և որի պատգամներին է դիմում յուրաքանչյուր ոք, անընդհատ պտտվում է նույն տեղում, առանց մեկ քայլ իսկ առաջ շարժվելու։ Նրանից նույնիսկ հեռացել են իր բազում կողմնակիցները, և հազիվ թե նրանք, ովքեր այլ գիտություններում փայլելու համար իրենց բավական վստահ են զգում, կկամենային իրենց փառքը վտանգել այստեղ, ուր մնացած բոլոր առարկաներից անգետ ցանկացած մեկը համարձակվում է վճռորոշ դատողություն անել, և դա այն պատճառով, որ մետաֆիզիկայի բնագավառում իսկապես բացակայում են կայուն չափն ու կշիռը՝ հիմնավորվածությունը մակերեսային բարբաջանքից տարբերելու համար։ Սակայն տարօրինակ ոչինչ չկա, որ մի գիտության երկար մշակումից հետո, երբ սկսում են զարմանալ, թե որքան հեռու է այն արդեն գնացել, վերջապես ինչ-որ մեկը հարց է հղանում՝ իսկ հնարավո՞ր է արդյոք այդպիսի գիտությունն ընդհանրապես և եթե հնարավոր է, ապա ինչպե՞ս։ Մարդկային բանականությունը կառուցելու այնպիսի սեր ունի, որ արդեն վերստին քանդել է բազմիցս կերտած աշտարակը տեսնելու համար, թե որքան լավ է դրված հիմքը։ Երբեք ուշ չէ խոհեմ ու իմաստուն դառնալ, բայց եթե ուշ է գալիս ըմբռնումը, ապա միշտ ավելի դժվար է այն գործի դնել։ Հարցը, թե արդյոք հնարավոր է այս կամ այն գիտությունը, ենթադրում է, որ կասկածի տակ է առնված այդ գիտության իրականությունը։ Սակայն նման կասկածը կվիրավորի ցանկացած մեկին, ում ողջ ունեցվածքը գուցե հենց այդ թվացյալ գանձն էր. ահա ինչու կասկած արտահայտողը պիտի միշտ պատրաստ լինի, որ նրան ընդդիմանալու են բոլոր կողմերից։ Ոմանք, իրենց հին ու հենց այդ պատճառով օրինական համարվող ունեցվածքի հպարտ գիտակցությամբ, իրենց մետաֆիզիկական դասագրքերը ձեռքներին, արհամարհանքով կչափչփեն վերջինիս, իսկ մյուսները, ովքեր երբեք ոչինչ չեն տեսնում բացի նրանից, ինչը նման է երբեմնի ինչ-որ տեղ իրենց տեսածին, չեն հասկանա այդ մարդուն, և որոշ ժամանակ ամեն բան կմնա այնպես, կարծես չի պատահել ոչինչ, որ թույլ կտար մտահոգվել մոտեցող փոփոխությամբ կամ հուսալ այն։ Բայց և այնպես ես համարձակվում եմ կանխագուշակել, որ այս պրոլեգոմեններն ընթերցելիս ինքնուրույն մտածող մարդը ոչ միայն կասկածի տակ կառնի մինչև այժմ եղած գիտությունը, այլև հետագայում լիովին կհամոզվի, որ այդպիսինը բնավ չէր կարող լինել, քանի դեռ չեն կատարվել այստեղ արտահայտվելիք պահանջները, որոնք ընկած են այդ գիտության հնարավորության հիմքում, և որովհետև այդ պահանջները երբեք չեն բավարարվել, ընթերցողը կհամոզվի, որ ընդհանրապես ոչ մի մետաֆիզիկա դեռևս չկա։ Սակայն հաշվի առնելով, որ այդ գիտության պահանջարկը երբեք չի կարող կորչել<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Rusticus exspectal, dum deflaut amnis, at ille<br>Labitur et labetur in omne volubilis aevum. Horatius</ref><ref>«Գյուղացին սպասում է, որ գետը կհոսի-կգնա,<br>Իսկ սա հոսում է և կհոսի հավերժական շրջապտույտի մեջ»։<br>(Հորատիուս, Epist. I, 2, 42 f.)</ref>, քանզի ընդհանուր մարդկային բանականության հետաքրքրությունն անչափ սերտորեն է կապված վերջինիս, ընթերցողը կխոստովանի մետաֆիզիկայի լիակատար ռեֆորմի կամ, ավելի ճիշտ, նրա նոր ծննդյան, իհարկե, ըստ մինչև այժմ բոլորովին անհայտ պլանի, անխուսափելի մոտալուտը, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կհակադրվեն դրան։ Լոկի և Լայբնիցի «Փորձերից»<ref>Խոսքը Ջոն Լոկի «An Essay concerning Human understanding», 1690 («Փորձ մարդկային ըմբռնողության մասին») և Գոտֆրիդ Վիլհելմ Լայբնիցի «Nouveaux Essais sur l’entendement humain par l’auteur du systeme de l’harmonie préétablie», 1765 («Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին՝ գրված նախասահմանված ներդաշնակության համակարգի հեղինակի կողմից») աշխատությունների մասին է։ Իր «Փորձում» Լոկը մերժում է իմացության բնածինության ցանկացած ձև և մարդկային գիտակցությունը համեմատում է մաքուր տախտակի հետ՝ փորձը հայտարարելով ճանաչողության միակ աղբյուր։ Լայբնիցը, մանրակրկիտ և խորը քննության ենթարկելով Լոկի ըմբռնումը և ամբողջությամբ չընդունելով բնածին իմացությունների տեսակետը, ընտրում է միջին ուղի և խոսում է իմացությունների վիրտուալ բնածինության մասին։</ref> կամ, ավելի ճիշտ, հենց մետաֆիզիկայի գոյացումից ի վեր նրա ամբողջ պատմության ընթացքում չի եղել որևէ իրադարձություն, որն այդքան վճռորոշ կարող էր լինել նրա ճակատագրի համար, որքան մետաֆիզիկայի վրա Դևիդ Հյումի կատարած հարձակումը<ref>Կանտը նկատի ունի մետաֆիզիկայի քննադատությունը, որը Դ. Հյումը (1711-1776) իրականացրեց «A Treatise on Human Nature», 1740 («Տրակտատ մարդկային բնության մասին») և «An Enquiry concerning Human Understanding», 1748 («Հետազոտություն մարդկային ըմբռնողության մասին») աշխատություններում։ Այդ քննադատության արդյունքում Հյումը հանգեց սկեպտիկական հետևությունների։</ref>։ Նա լույս չսփռեց իմացության այս տեսակի վրա, սակայն հենց նա գցեց այն կայծը, որից կարելի էր լույս ստանալ, եթե գտնվեր պատշաճ աբեթ, որի այրումը խնամքով կապահովվեր և կուժեղացվեր։ Հյումը ելնում էր հիմնականում միայն մեկ, բայց մետաֆիզիկայի համար կարևոր ''պատճառի և հետևանքի կապի'' հասկացությունից (այսինքն՝ նաև դրան հետևող ուժի, գործողության և այլ հասկացություններից)՝ պահանջելով բանականությունից, որը պնդում էր, թե ինքն է ծնունդ տվել այդ հասկացությանը, պատասխան տալ, թե ինչ իրավունքով է նա մտածում, որ մի բան կարող է ունենալ հատկություն, ըստ որի եթե այն առաջադրված է, ապա դրանով իսկ անհրաժեշտաբար առաջադրված պետք է լինի նաև մեկ ուրիշ բան. չէ՞ որ սա է պատճառի հասկացության իմաստը։ Նա անառարկելիորեն ապացուցեց, որ բանականությունը բոլորովին չի կարող այդ կապը մտածել a priori և ելնելով հասկացություններից, որովհետև այդ կապը բովանդակում է անհրաժեշտություն, մինչդեռ բոլորովին անհասկանալի է, թե ինչու եթե կա մի բան, անհրաժեշտաբար պետք է գոյություն ունենա նաև մեկ այլ բան, և ինչպես կարելի է նման կապի մասին հասկացությունը ներմուծել a priori։ Այստեղից Հյումը եզրակացրեց, որ բանականությունը լիովին խաբում է իրեն այդ հասկացությամբ և սխալմամբ սեփական զավակի տեղ ընդունում, մինչդեռ սա այլ բան չէ, քան երևակայության խառնածին, որը փորձից բեղմնավորված՝ ասոցիացիայի օրենքին է ենթարկել որոշակի պատկերացումներ և այստեղից բխող սուբյեկտիվ անհրաժեշտությունը, այսինքն՝ սովորությունը, մղել օբյեկտիվ ըմբռնված անհրաժեշտության տեղը։ Այստեղից էլ նա եզրակացրեց, որ բանականությունը բոլորովին զուրկ է նույնիսկ ընդհանուր ձևով այդ կապերը մտածելու կարողությունից, քանի որ այդ դեպքում նրա հասկացությունները կլինեին սոսկ հորինվածքներ, և նրա իբրև թե a priori հանդիսացող բոլոր իմացությունները ոչ այլ ինչ են, քան սխալ ձևով պիտակված սովորական փորձեր, կամ այլ կերպ ասած՝ առհասարակ ոչ մի մետաֆիզիկա չկա և չի կարող լինել<ref group="ՏՈՂԱՏԱԿ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ">Այնուամենայնիվ այս կործանարար փիլիսոփայությունը Հյումն անվանում էր մետաֆիզիկա և կարևոր տեղ էր հատկացնում դրան։ «Մետաֆիզիկան և բարոյականությունը, - ասում էր նա («Փորձեր», 4-րդ մաս, գերմաներեն թարգմանության էջ 214),- գիտության կարևորագույն ճյուղերն են. մաթեմատիկան և բնագիտությունը չունեն դրանց արժեքի կեսն իսկ»։ Բայց այս խորաթափանց այրն այստեղ տեսնում էր միայն այն նեգատիվ օգուտը, որ կարող էր ընձեռել սպեկուլյատիվ բանականության սանձարձակ հավակնությունների չափավորումը՝ մեկընդմիշտ վերջ դնելու համար այդքան անվերջ և շարունակվող վեճերին, որոնք շփոթության մեջ են գցում մարդկային ցեղը, բայց միևնույն ժամանակ նա աչքաթող արեց այն պոզիտիվ վնասը, որը կարող էր առաջ գալ, եթե բանականությունը գրկված լիներ կարևորագույն հեռանկարներից, որոնք և միայն հնարավորություն են տալիս նրան կամքի առջև դնել իր բոլոր ձգտումների գերագույն նպատակը։</ref>։ Որքան էլ հապճեպ ու սխալ էր նրա հետնությունը, այնուամենայնիվ գոնե հիմնվում էր հետազոտության վրա, իսկ սա արժանի էր, որ ժամանակի լավագույն գլուխները միավորվեին և լուծում տային խնդրին այն իմաստով, որով դա առաջ էր քաշել Հյումը, և լուծումը լիներ հնարավորին չափ բարեհաջող, ինչը շուտով կհանգեցներ այդ գիտության լիակատար ռեֆորմին։ Սակայն մետաֆիզիկայի նկատմամբ վաղուց ի վեր անբարեհաճ ճակատագիրը ցանկացել էր, որ Հյումին ոչ ոք չհասկանար։ Անկարելի է սառնասրտորեն նշել, թե ինչպես նրա հակառակորդները՝ Ռիդը, Օսվալդը, Բիտտին և վերջապես Պրիստլին<ref>''Ռիդ'' Թոմաս (Reid Thomas, 1710-1796) - շոտլանդացի փիլիսոփա, «առողջ բանականության» շոտլանդական դպրոցի հիմնադիրը։ Հանդես էր գալիս Դ. Հյումի և Ջ. Բերկլիի դեմ՝ վկայակոչելով առողջ բանականությունը։ Կարևորագույն աշխատությունն է «An Inquiry into the Human Mind on the Principles of Common Sense» (1764) («Մարդկային մտքի հետազոտություն համաձայն առողջ բանականության սկզբունքների»)։ Պաշտպանում էր արտաքին օբյեկտիվ իրականության ուղղակի և անմիջական ճանաչողությունը։<br>''Օսվալդ'' Ջեյմս (Oswald James, 1715-1769) - շոտլանդական դպրոցի ներկայացուցիչ։ Իր «An Appeal in Common Sense in Behalf of Religion» (1766-1772) («Հղում առողջ բանականությանը հօգուտ կրոնի») աշխատության մեջ զարգացրեց Ռիդի գաղափարների աստվածաբանական ասպեկտը։<br>''Բիտտի'' Ջեյմս (Beattie James, 1735-1803) - նույն դպրոցի ներկայացուցիչ։ «Առողջ բանականությանն» էր դիմում էսթետիկական, տեսական և պրակտիկ հասկացությունները հիմնավորելու համար։ Գլխավոր ստեղծագործությունն է՝ «An Essay on the Nature and Immutability of Truth» (1770) («Փորձ բնության և ճշմարտության ան-փոփոխելիության մասին»)։<br>''Պրիստլի'' Ջոզեֆ (Priestly Joseph, 1733-1804) - անգլիացի փիլիսոփա և քիմիկոս։ Աստծո հանդեպ հավատի անհրաժեշտությունը հիմնում էր տիեզերական մեխանիզմի կատարելության գաղափարի վրա։</ref>, չէին շոշափում նրա խնդրի կորիզը՝ մշտապես իբրև ճանաչված ընդունելով հենց այն, ինչը նա կասկածի տակ էր առնում, և ընդհակառակը, եռանդով ու հաճախ մեծ անհամեստությամբ ապացուցելով այն, ինչին նա երբեք չէր կասկածել, նրանք այնքան չէին հասկացել Հյումի բարեփոխման կոչը, որ ամեն բան մնաց նույն վիճակում, կարծես ոչինչ չէր պատահել։ Հարցն այն չէր, թե ճիշտ է արդյոք պատճառի հասկացությունը կամ կիրառելի և անհրաժեշտ է արդյոք բնությունը ճանաչելու համար, քանի որ Հյումը երբեք կասկածի տակ չէր առել այն։ Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք այդ հասկացությունը a priori մտածվում է բանականությամբ և այդկերպ ունի՞ արդյոք ամեն փորձից անկախ ներքին ճշմարտություն և հետնաբար կիրառելիություն, որը սահմանափակված չէ միայն փորձի առարկաներով. սրա բացատրությունն էր ակնկալում Հյումը։ Խոսքն ընդամենը այդ հասկացության ծագման մասին էր, այլ ոչ դրա կիրառության անհրաժեշտության, եթե բացատրված լիներ ծագումը, ապա դրանով իսկ տրված կլինեին դրա կիրառության պայմանները և ոլորտը, որում այն կարող էր նշանակալի լինել։ Այդ հռչակավոր այրի հակառակորդները նրա խնդրի պահանջները բավարարելու համար պարտավոր էին շատ խորը թափանցել բանականության բնույթի մեջ, քանի որ վերջինս գործ ունի զուտ մտածողության հետ, իսկ դա վեր էր նրանց ուժերից։ Այդ իսկ պատճառով նրանք առանց որևէ ըմբռնման ընդդիմանալու ավելի հարմար միջոց մոգոնեցին, այն է՝ հիմնվում էին ''մարդկային ընդհանուր դատողականության'' վրա։ Հիրավի, երկնային մեծ պարգև է մարդկային ուղիղ (կամ, ինչպես նորերս ասում են, հասարակ) դատողականություն ունենալը։ Այդ դատողականությունը, սակայն, պետք է ապացուցել գործերով, մարդու մտածած և արտահայտած մտքերի խորությամբ ու խոհեմությամբ, և ոչ վկայակոչելով նրան, ինչպես պատգամախոսին, երբ խելացի ուրիշ ոչինչ ի վիճակի չեն ներկայացնելու նրա արդարացման օգտին։ Երբ ըմբռնումն ու գիտությունը գտնում են իրենց վախճանը, ապա հենց այդժամ և ոչ ավելի վաղ վկայակոչել ընդհանուր դատողականությունը,- սա է նոր ժամանակների խորամանկ հնարքներից մեկը, որով զինված ամենամակերեսային շաղակրատը կարող է հանգիստ վեճի բռնվել ամենահիմնավոր մտածողի հետ և չզիջել։ Բայց քանի դեռ կա ըմբռնման գեթ փոքր մնացուկ, մենք կզգուշանանք դիմել այդ ծայրահեղ միջոցին։ Ուշադիր քննության դեպքում կերևա, որ այդ վկայակոչումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հղում ամբոխի դատողությանը, որի հավանությունից փիլիսոփան կարմրում է, իսկ անուն հանած սրախոսը՝ ցնծում և քաջալերվում։ Բայց ես կարծում եմ, որ Հյումը կարող էր նույնպիսի առողջ բանականության հավակնել, որպիսին ուներ Բիտտին, և, բացի այդ, նա կարող էր հավակնել նաև մի բանի, որը հաստատ պակասում էր Բիտտիին, այն է՝ քննադատական բանականության, որը սահմանների մեջ է պահում ընդհանուր դատողականությունը, որպեսզի վերջինս չտարվի սպեկուլյացիաներով և չցանկանա դրանց վերաբերյալ ինչ-որ բան որոշել, քանի որ նա ի վիճակի չէ հիմնավորել իր սկզբունքները, չէ՞ որ միայն այդկերպ նա կմնա առողջ դատողականություն։ Սղոցն ու կացինը միանգամայն հարմար են փայտանյութը մշակելու համար, սակայն պղնձի վրա փորագրելու համար անհրաժեշտ է փորագրիչ ասեղ։ Այսպես, գործածելի է ինչպես առողջ, այնպես էլ սպեկուլյատիվ դատողականությունը, սակայն յուրաքանչյուրն իր տեղում, առաջինը՝ դատողություններում, որոնք անմիջականորեն գործածական են փորձում, իսկ երկրորդը՝ ընդհանուր դատողություններում, որոնք կազմված են սոսկ հասկացություններից, այսպես օրինակ, մետաֆիզիկայում, որտեղ իրեն թեև շատ հաճախ per antiphrasin առողջ անվանող դատողականությունը ոչ մի դատողություն չունի։ Ես բաց խոստովանում եմ, որ հենց Դևիդ Հյումի ներշնչած միտքն էր, որ շատ տարիներ առաջ առաջին անգամ խանգարեց իմ դոգմատիկ նիրհը և սպեկուլյատիվ փիլիսոփայության բնագավառում բոլորովին այլ ուղղություն հաղորդեց իմ հետազոտություններին։ Բայց ես բնավ էլ չհետևեցի նրա եզրահանգումներին, որոնք առաջ եկան սոսկ այն պատճառով, որ Հյումը չէր պատկերացնում իր խնդիրն ամբողջությամբ, այլ հանգել էր այդ խնդրի միայն մեկ մասին, որը, եթե նկատի չառնենք ամբողջը, ոչ մի տեղեկություն չի կարող տալ։ Երբ սկսում ենք որևէ հիմնավորված, թեպետ չզարգացված մտքից, որը մեզ կտակել է ուրիշը, ապա թերևս կարելի է հուսալ, որ հետագա խորհրդածությունների արդյունքում կանենք ավելին, քան հաջողվել էր այն խորաթափանց այրին, ում պարտական ենք լույսի առաջին կայծը։ Այսպես, ես նախ մտածեցի՝ իսկ չի՞ կարելի արդյոք Հյումի առարկությունը ներկայացնել ընդհանուր ձևով, և շուտով գտա, որ պատճառի և գործողության կապի հասկացությունը բոլորովին էլ միակը չէ, որի շնորհիվ դատողականությունը a priori մտածում է իրերի կապերը, ավելին, ես գտա, որ ողջ մետաֆիզիկան կազմված է նման հասկացություններից։ Ես փորձեցի հավաստիանալ նրանց քանակի մեջ, և երբ դա ինձ հաջողվեց այնպես, ինչպես ցանկանում էի, այն է՝ ելնելով մեկ սկզբունքից, ես դիմեցի այդ հասկացությունների դեդուկցիային, որոնց առումով արդեն համոզվել էի, որ դրանք, ինչպես և զգուշանում էր Հյումը, դուրս են բերված ոչ թե փորձից, այլ գոյացել են զուտ դատողականությունից։ Այդ դեդուկցիան, որ անհնար էր թվում իմ խորաթափանց նախորդին և որը, բացառությամբ նրա, ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, թեպետ յուրաքանչյուր ոք համարձակորեն օգտվում էր այդ հասկացություններից՝ առանց հարցնելու, թե ինչի վրա է հիմնվում դրանց օբյեկտիվ նշանակալիությունը,- այդ դեդուկցիան, ասում եմ ես, ամենադժվարն էր այն ամենի մեջ, ինչը երբևէ կարող էր ձեռնարկվել հանուն մետաֆիզիկայի, և վատագույնն այստեղ այն է, որ ինքը մետաֆիզիկան, իր եղած չափերով, չնչին օգուտ իսկ չտվեց, որովհետև հենց նշված դեդուկցիան պետք է նախ կազմեր մետաֆիզիկայի հնարավորությունը։ Քանի որ ինձ հաջողվեց Հյումի պրոբլեմը լուծել ոչ միայն հատուկ դեպքի, այլև զուտ բանականության ամբողջ ունակության համար, ապա ես կարող էի արդեն վստահ, թեև դանդաղ քայլերով առաջ շարժվել, որպեսզի ի վերջո, ելնելով ընդհանուր սկզբունքներից, ամբողջապես որոշարկեի զուտ բանականության ողջ ոլորտը իր սահմանների, ինչպես նաև բովանդակության առումով։ Սա հենց այն էր, ինչի կարիքն ուներ մետաֆիզիկան իր սիստեմը ճիշտ նախագծով կառուցելու համար։ Սակայն ես մտավախություն ունեմ, որ ամենաընդարձակ ծավալով հյումյան պրոբլեմի ''լուծումը'' (այն է՝ «Զուտ բանականության քննադատությունը») կարժանանա հենց այն ճակատագրին, որը բաժին ընկավ բուն ''խնդրին'', երբ սա առաջին անգամ դրվեց։ Իմ գրքի մասին կդատեն սխալ, որովհետև չեն հասկանա, չեն հասկանա, քանի որ թեև կթերթեն, սակայն կը-զլանան մտասուզվել նրա մեջ և չեն ցանկանա ճիգ գործադրել, որովհետև այդ աշխատությունը չոր է, մութ, հակասում է բոլոր սովորական հասկացություններին և բացի այդ ծավալուն է։ Ճիշտն ասած, ինձ համար տարօրինակ է փիլիսոփայից գանգատներ լսել հանրաճանաչության, գրավչության և մատչելիության պակասի վերաբերյալ, երբ գործ ունենք այնպիսի նշանավոր և մարդկության իմացության համար այդքան անհրաժեշտ մի բանի հետ, որը կարող է իրականացվել ոչ այլ կերպ, քան դպրոցական ճշգրտության խստագույն կանոններով։ Ժամանակի հետ հանրաճանաչությունը կգա, բայց սկզբից այն լինել երբեք չի կարող։ Իսկ ինչ վերաբերում է որոշակի մթությանը, որն առաջ է գալիս մասամբ նախագծի ընդարձակության պատճառով և անհնար դարձնում հետազոտության գլխավոր կետերի լավ դիտարկումը, ապա այս առումով գանգատները տեղին են, և ես կփարատեմ դրանք ներկայիս ''պրոլեգոմենների'' օգնությամբ։ Նշված առաջին աշխատությունը, որը ներկայացնում է զուտ բանականության ունակությունն իր ամբողջ ծավալով ու սահմաններով, ըստ այդմ, միշտ մնում է մի հիմունք, որին պրոլեգոմենները վերաբերում են իբրև նախավարժանք, չէ՞ որ վերոհիշյալ քննադատությունը արդեն պիտի առկա լինի իբրև համակարգված և, ընդհուպ մինչև իր նվազագույն բաղադրիչները, ավարտուն մի գիտություն, նախքան մենք կմտածենք մետաֆիզիկայի ասպարեզ գալու կամ նույնիսկ դրա հեռավոր հույսը տածելու մասին։ Վաղուց սովորական է դարձել իբրև նոր դիտել հին, անպետք իմացությունները՝ կտրելով դրանք նախկին կապերից, պճնելով սեփական ճաշակին հաճելի սիստեմավորված հագուստներով, բայց արդեն նոր անվան տակ. իմ քննադատությունից նույնպես ընթերցողների մեծ մասը ուրիշ ոչինչ չի սպասում։ Բայց այս պրոլեգոմենները կօգնեն նրանց տեսնելու, որ զուտ բանականության քննադատությունը բոլորովին նոր գիտություն է. գիտություն, որը մինչև այժմ դեռ ոչ մեկի մտքով չի էլ անցել, որի սոսկ գաղափարն անգամ անհայտ էր և մինչև այժմ իր ունեցած բոլոր տվյալներից ոչ մեկը նա չէր կարող օգտագործել, բացառությամբ այն ակնարկի, որը տալիս է Հյումի կասկածը։ Բայց Հյումն էլ չէր կարող կռահել այսպիսի հնարավոր մի իսկական գիտություն։ Նա միայն ապահովության նկատառումներով սկեպտիցիզմի ափը հանեց իր նավը, որտեղ այն կարող էր ընկած մնալ և փտել, մինչդեռ իմ նպատակն է այդ նավին տալ լոցման, որը համաձայն նավավարության վստահելի սկզբունքների, որոնք քաղված են երկրագնդի մասին եղած իմացությունից, և ձեռքի տակ ունենալով ծովաքարտեզ ու կողմնացույց՝ կկարողանա հարկավոր ուղղությամբ վստահորեն վարել նավը։ Եթե իր տեսակի մեջ լիովին առանձնացված ու եզակի գիտությանը մոտենում են նախապաշարմունքով, իբրև թե դրա մասին կարելի է դատել արդեն նախօրոք ձեռք բերված թվացյալ իմացությունների հիման վրա, որոնց հենց ռեալությունն ամբողջությամբ կասկածի տակ պիտի առնվեր, ապա արդյունքում տերմինների նմանության պատճառով ամենուր տեսնում են այն, ինչն արդեն ծանոթ է. ուստի ամեն բան թվում է չափից դուրս խեղաթյուրված, անիմաստ, աղավաղված, քանի որ իբրև հիմք են ընդունում ոչ թե հեղինակի մտքերը, այլ մշտապես միայն սեփական մտածելակերպը, որը երկարատև սովորության հետևանքով դարձել է բնավորություն։ Սակայն աշխատության ընդարձակությունը, որի պատճառը թաքնված է հենց գիտության և ոչ շարադրության մեջ, ինչպես նաև անխուսափելի չորությունն ու սխոլաստիկական մանրակրկիտությունը հատկություններ են, որոնք, չափազանց օգտակար լինելով բուն խնդրի համար, իհարկե վնաս են հասցնում գրքին։ Թեպետ յուրաքանչյուրին չի տրված Դևիդ Հյումի պես նուրբ և միաժամանակ այդպես գրավիչ գրելու շնորհքը, կամ Մոզես Մենդելսոնի նման հիմնավոր ու դրա հետ մեկտեղ նրբագեղորեն արտահայտվելու ձիրքը, ես կկարողանայի ժողովրդականություն վաստակել իմ շարադրությամբ (ասեմ՝ շոյելով ինքնասիրությունս), եթե իմ անելիքը լիներ սոսկ նախագիծ կազմելը, իսկ դրա իրականացումը՝ ուրիշներին ընձեռելը, և եթե իմ սիրտը չցավեր մի գիտության բարօրության համար, որն այդքան երկար էր զբաղեցրել ինձ։ Չէ՞ որ բավական մեծ համառություն և նույնիսկ անձնուրացություն է պահանջվում, որպեսզի արագ ու բարեհաճ ընդունելությունից գերադասեն թեև հեռավոր, սակայն տևական հավանության հեռանկարը։ ''Նախագիծ կազմելը'' շատ դեպքերում ոգու հավակնոտ, սնափառ զբաղմունք է, որի շնորհիվ ստեղծագործ հանճարի տեսք են ընդունում՝ պահանջելով այն, ինչին իրենք չեն կարող հասու լինել, պարսավելով այն, ինչը իրենք չեն կարող ավելի լավ անել, և առաջարկելով այն, ինչը հենց իրենք չգիտեն, թե որտեղ կարելի է գտնել, մինչդեռ բանականության ընդհանուր քննադատության լավ նախագծի համար պահանջվում է ավելին, քան կարծում են, եթե դա չպիտի դառնա, ինչպես սովորաբար, ընդամենը բարի ցանկությունների հայտարարություն։ Սակայն զուտ բանականությունը այնքան առանձնացված և այնքան ինքն իր մեջ կապակցված ոլորտ է, որ հնարավոր չէ դիպչել դրա մասերից որևէ մեկին՝ չդիպչելով մնացած բոլորին, և հնարավոր չէ ոչ մի բանի հասնել՝ առանց նախապես որոշարկելու յուրաքանչյուր մասի տեղը և ազդեցությունը մյուսների վրա. իսկապես, քանի որ զուտ բանականությունից դուրս չկա ոչինչ, որ կարողանար ներսից ուղղորդել մեր դատողությունը, ապա յուրաքանչյուր մասի նշանակությունն ու կիրառությունը կախված են բանականության մեջ մյուս մասերի նկատմամբ նրա հարաբերությունից, և ինչպես օրգանական մարմնի անդամների կառուցվածքի դեպքում, այնպես էլ այստեղ յուրաքանչյուր անդամի նպատակը կարող է դուրս բերվել միայն ամբողջի լրիվ հասկացությունից։ Այդ իսկ պատճառով նման քննադատության մասին կարելի է ասել, որ այն երբեք հուսալի չէ, եթե ''չի ավարտված'' ամբողջությամբ, ընդհուպ մինչև զուտ բանականության նվազագույն տարրերը, և որ այս ունակության ոլորտի վերաբերյալ պետք է որոշարկել ու կազմել կա՛մ ''ամեն ինչ'', կա՛մ էլ ''ոչինչ''։ Բայց եթե հենց միայն նախագիծը, որը պիտի նախորդեր զուտ բանականության քննադատությանը, լիներ անհասկանալի, անվստահելի և անօգուտ, ապա նրան հաջորդելու դեպքում, ընդհակառակը, ավելի օգտակար կլինի։ Չէ՞ որ այսպես նա մեզ հնարավորություն է ընձեռում տեսնել ամբողջը, առանձին-առանձին քննել այդ գիտության գլխավոր կետերը և շարադրել դրանք ավելի լավ, քան դա հաջողվել էր առաջին աշխատության մշակման դեպքում։ Ահա այդպիսի նախագիծ, որը կազմված է արդեն ավարտուն աշխատությունից հետո՝ ըստ անալիտիկ մեթոդի, և դա այն դեպքում, երբ ինքը աշխատությունը պիտի շարադրված լիներ սինթետիկ եղանակով<ref>''Անալիտիկ մեթոդ''. Կանտը նկատի ունի շարադրության մեթոդը, ըստ որի, ելնելով հայտնի դրույթներից, գալիս ենք դրանց հիմքում ընկածներին։ § 5-ի ծանոթագրության մեջ նա անվանում է այն ռեգրեսիվ մեթոդ, որի շնորհիվ մենք սկսում ենք փնտրվելիք ինչ-որ բանից, ինչպես եթե այն տրված լիներ, և գալիս ենք այն պայմաններին, որոնց առկայությամբ միայն հնարավոր է վերջինը։<br>''Սինթետիկ մեթոդ'', շարադրության մեթոդ, ըստ որի տրված դրույթներից դուրս են բերվում հետևանքները։ Նույնն է, ինչ պրոգրեսիվ մեթոդը։ «Զուտ բանականության քննադատությունը» գրվել է սինթետիկ եղանակով, «Պրոլեգոմենները»՝ անալիտիկ։</ref>, որպեսզի գիտությունն իր բոլոր հոդավորումները ներկայացներ իբրև միանգամայն հատուկ ճանաչողունակության օրգանիզմ՝ իր բնական կապի մեջ։ Նա, ով մութ կհամարի նաև այս նախագիծը, որ ես պրոլեգոմենների ձևով նախադրում եմ ամեն ապագա մետաֆիզիկայի, թող նկատի առնի, որ բնավ պարտադիր չէ, որպեսզի ամեն ոք մետաֆիզիկա սերտի, և որ կան տաղանդներ, որոնք միանգամայն հաջողակ լինելով հայեցողությանն ավելի մոտ կանգնած ֆունդամենտալ և նույնիսկ խորը գիտություններում՝ հաջողակ չեն սոսկ վերացարկված հասկացությունների շնորհիվ կատարվող հետազոտություններում, և որ այդ դեպքում պետք է սեփական շնորհքը կիրառել այլ բնագավառներում, բայց նա, ով ցանկանում է դատել մետաֆիզիկայի մասին կամ ինքն է ցանկանում մետաֆիզիկական սիստեմ կառուցել, պիտի լիովին բավարարի այստեղ նշված պահանջները, նա կարող է ընդունել իմ լուծումը կամ հիմնովին հերքել և փոխարինել ուրիշով (քանի որ շրջանցել չի կարող), իսկ ինչ վերաբերում է այդքան աղաղակված մթությանը (սեփական ծուլությունն ու բթամտությունը քողարկելու սովորական միջոց), ապա վերջինս նույնպես ունի իր օգուտը, չէ՞ որ նրանք, ովքեր զգուշավոր լռություն են պահպանում բոլոր մյուս գիտությունների առնչությամբ, մետաֆիզիկայի հարցերում խոսում են վարպետորեն և խիզախ որոշումներ ընդունում, որովհետև նրանց տգիտությունն այստեղ ակներևաբար չի տարբերվում մյուսների գիտությունից, թեև տարբերվում է այն իսկական սկզբունքներից, որոնց մասին կարելի է ասել. Ignavum, fucos, pecus a praesepibus, arcent. ::::::::Vergilius<ref>«Նրանք քշում են փեթակներից բոռերի ծույլ ցեղը»։ (Վերգիլիուս, Georgica, IV, 168)</ref>։ '''ՊՐՈԼԵԳՈՄԵՆՆԵՐ'''
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
«Պրոլեգոմեններ»
(section)
Add topic