Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== IX.Նշանդրեքի օրվա երեկոյան === Վիլֆորը, ինչպես մենք արդեն ասացինք, նորից դիմեց դեպի Գրան-Կուր փողոցը և, տիկին Սեն-Մերանի տունը մտնելով, հյուրերին գտավ ոչ թե հյուրասենյակում, այլ ճաշասրահում սուրճ խմելիս։ Ռենեն նրան սպասում էր անհամբերությամբ, որով համակված էին և հյուրերը։ Այդ պատճառով էլ նրան դիմավորեցին ուրախ բացականչություններով։ — Դե՛հ, գլուխ կտրող պետության պատվար, ռոյալիստական Բրուտոս,— գոչեց հյուրերից մեկը,— ասացեք, ի՞նչ է պատահել։ — Չլինի թե նոր տեռոր է պատրաստվում,— հարցրեց մի ուրիշը։ — Չլինի թե կորսիկացի մարդակերը դուրս է սողացել իր որջից,— հարցրեց երրորդը։ — Մարքիզուհի՛,— ասաց Վիլֆորը՝ մոտենալով իր ապագա զոքանչին,— ներեցեք ինձ, սակայն ես հարկադրված եմ ձեզնից թույլտվություն խնդրել... Մարքի՛զ, թույլ տվեք ձեզ առանձին մի երկու խոսք ասել։ — Ուրեմն իսկապե՞ս լուրջ գործ է,— ասաց մարքիզուհին՝ նկատելով Վիլֆորի մռայլված դեմքը։ — Շա՛տ լուրջ, և ես պետք է մի քանի օրով ձեզնից բաժանվեմ։ Դրանից կարող եք եզրակացնել,— ավելացրեց Վիլֆորը՝ դիմելով Ռենեին,— թե դա որքան կարևոր է։ — Դուք մեկնո՞ւմ եք,— գոչեց Ռենեն՝ չկարողանալով թաքցնել իր դառնությունը։ — Ավա՜ղ,— պատասխանեց Վիլֆորը,— անհրաժեշտ է։ — Իսկ ո՞ւր,— հարցրեց մարքիզուհին։ — Դա դատական գաղտնիք է։ Սակայն, եթե մեկն ու մեկը Փարիզին վե-րաբերող հանձնարարություն ունի, իմ բարեկամներից մեկն այսօր մեկնում է այնտեղ և սիրով հանձնառու կլինի։ Բոլորն իրար երեսի նայեցին։ — Դուք ցանկանում էիք ինձ հետ խոսե՞լ,— հարցրեց մարքիզը։ — Այո. եթե թույլ կտաք, գնանք ձեր առանձնասենյակը։ Մարքիզը մտավ Վիլֆորի թևը, և նրանք միասին դուրս եկան։ — Ի՞նչ է պատահել,— ասաց մարքիզը՝ մտնելով առանձնասենյակը,— ասացեք։ — Մի հույժ կարևոր բան, որ ինձ ստիպում է անհապաղ մեկնել Փարիզ։ Իսկ այժմ, մարքի՛զ, ներեցեք անհամեստ ու անտակտ հարցիս համար, պե-տական պարտատոմսեր ունե՞ք։ — Իմ ամբողջ կարողությունը պարտատոմսերն են, վեց հարյուր կամ յոթ հարյուր հազար ֆրանկի։ — Այդ դեպքում վաճառեցեք դրանք, մարքիզ, վաճառեցեք, այլապես սնանկացած եք։ — Ինչպե՞ս կարող եմ այստեղից վաճառել։ — Փարիզում մակլեր ունե՞ք։ — Ունեմ։ — Նրան ուղղված մի նամակ տվեք ինձ, թող վաճառի առանց մի րոպե, առանց մի վայրկյան կորցնելու։ Կարող է պատահել նույնիսկ ես ուշացած տեղ հասնեմ։ — Գրողը տանի,— ասաց մարքիզը,— ժամանակ չկորցնենք։ Նա նստեց սեղանի առջև և իր գործակալին մի կարգադրություն գրեց, թե ինչ գնով էլ լինի պետք է վաճառել բոլոր պարտատոմսերը։ — Մի նամակն եղավ,— ասաց Վիլֆորը՝ նամակը խնամքով տեղադրելով դրամապանակի մեջ,— այժմ ինձ հարկավոր է մի այլ նամակ։ — Ո՞ւմ։ — Թագավորին։ — Թագավորի՞ն։ — Այո։ — Բայց ես չեմ կարող հենց այդպես ուղղակի գրել նորին մեծությանը։ — Ես ինքս էլ ձեզնից նամակ չեմ խնդրում, այլ միայն ուզում եմ, որ կոմս դը Սալվիեին խնդրեիք մի նամակ գրել։ Թանկագին ժամանակը կորցրած չլինելու համար ինձ մի այնպիսի նամակ է հարկավոր, որով կարողանամ ներկայանալ ուղղակի թագավորին, առանց ենթարկվելու ունկնդրություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր տեսակի ձևականություններին։ — Իսկ արդարադատության մինի՞ստրը։ Նա հո Տյուիլրի մտնելու իրավունք ունի, և նրա միջոցով երբ որ ուզենաք կարող եք թագավորին այցելելու թույլտվություն ստանալ։ — Անշուշտ։ Բայց ինչո՞ւ ուրիշներին հաղորդակից դարձնեմ այն կարևոր լուրին, որ տանում եմ։ Հասկանո՞ւմ եք, արդարադատության մի-նիստրը, բնականաբար, ինձ երկրորդ պլանը կմղի ու կխլի իմ ամբողջ վաստակը։ Միայն այս կասեմ ձեզ, մարքիզ, եթե ես առաջինը մուտք գործեմ Տյուիլրի, կարիերաս ապահով կլինի, որովհետև թագավորին մատուցած կլինեմ մի այնպիսի ծառայություն, որ նա երբեք չի մոռանա։ — Եթե այդպես է, բարեկամս, գնացեք, պատրաստվեք ճանապարհ ընկնելու։ Ես Սալվիեին կկանչեմ, և նա կգրի մի նամակ, որը ձեզ համար անցաթղթի դեր կկատարի։ — Շատ լավ, բայց ժամանակ մի կորցնեք, քառորդ ժամից ես պետք է փոստակառքի մեջ լինեմ։ — Կառքը մեր տան մոտ կանգնեցնել տվեք։ — Դուք, իհարկե, իմ կողմից ներողություն կխնդրեք մարքիզուհուց և օրիորդ դը Սեն-Մերանից, որից այսպիսի մի օր բաժանվում եմ ամենախորին ափսոսանքով։ — Նրանք ձեզ կսպասեն իմ առանձնասենյակում, և դուք հրաժեշտ կտաք նրանց։ Մարքիզը հնչեցրեց զանգակը։ Ներս մտավ սպասյակը։ — Կոմս դը Սալվիեին խնդրեք գալ այստեղ... Իսկ դուք գնացեք,— ասաց մարքիզը՝ դառնալով Վիլֆորին։ — Ես իսկույն կվերադառնամ։ Եվ Վիլֆորը շտապելով դուրս եկավ։ Բայց հասնելով դռանը՝ նա մտածեց, որ եթե թագավորական դատախազի օգնականին տեսնեն աճապարանոք քայլելիս, ապա դա կարող է վրդովել ամբողջ քաղաքի անդորրը, ուստի սկսեց առաջանալ իր սովորական քայլվածքով։ Հասնելով իր տանը՝ նա խավարի մեջ մի սպիտակ ուրվական տեսավ, որ անշարժ կանգնած նրան էր սպասում։ Սպասողը Մերսեդեսն էր, որը Էդմոնի մասին ոչ մի լուր առած չլինելով, որոշել էր ինքն իմանալ նրան ձերբակալելու պատճառը։ Նկատելով Վիլֆորին՝ նա հեռացավ տան պատից ու կտրեց նրա ճանապարհը։ Դանտեսը Վիլֆորին պատմել էր իր հարսնացուի մասին, ուստի Մերսեդեսը հարկ չուներ իր անունը տալու. Վիլֆորն առանց այդ էլ ճանաչեց նրան։ Դատախազի օգնականին զարմանք պատճառեցին աղջկա գեղեցկությունն ու ազնվական կեցվածքը, և երբ Մերսեդեսը նրան հարցրեց իր փեսացուի մասին, նրան թվաց, թե մեղադրյալն ինքն է, իսկ դատավորը՝ նա։ — Ձեր ասած մարդը ծանր հանցանք է գործել,— պատասխանեց Վիլֆորը,— և ես նրա համար ոչինչ չեմ կարող անել։ Մերսեդեսը հեկեկաց։ Վիլֆորը ցանկացավ հեռանալ, բայց նա կանգնեցրեց նրան։ — Գոնե ասացեք, ո՞ւր է նա,— ասաց Մերսեդեսը,— որպեսզի իմանամ, ո՞ղջ է թե մեռած։ — Չգիտեմ։ Նա այլևս իմ տրամադրության տակ չէ,— պատասխանեց Վիլֆորը։ Մերսեդեսի խորաթափանց հայացքն ու աղաչական ժեստը ճնշող ազդեցություն ունեցան նրա վրա. նա մի կողմ հրեց նրան, մտավ տուն և հետևից դուռը շրխկալով փակեց, կարծես ցանկանալով անջրպետվել այդ աղջկա վշտից։ Բայց վիշտը վանելն այնքան էլ հեշտ չէ։ Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես, ինչպես ասում է Վիրգիլիոսը։ Վիլֆորը կողպեց դուռը, բարձրացավ հյուրասենյակ, բայց այստեղ նրա ծնկները ծալվեցին, կրծքից դուրս պրծավ հեկեկանք հիշեցնող մի հառաչանք, և նա ընկավ բազկաթոռի վրա։ Այնժամ այդ հիվանդ հոգում ի հայտ եկան մահացու ախտի առաջին նշանները։ Այն մարդը, որին նա զոհ էր բերել իր փառամոլությանը, ոչ մի մեղք չունեցող այն պատանին, որ տուժել էր նրա հոր մեղքի համար, կանգնեց նրա աչքի առաջ՝ գունատ ու ահարկու, բռնած իր նույնպես գունատ հարսնացուի ձեռքը, խղճի խայթ պատճառելով նրան, ոչ այն խայթը, որից հիվանդը վեր է թռչում, ասես հինավուրց ճակատագրից հալածված, այլ այն խուլ, տանջալից բախյունը, որ ժամանակ առ ժամանակ մարդու սիրտը ծվատում է իր արածի հիշողությամբ և մինչև մահվան դուռը ավելի ու ավելի խորը կրծում նրա խիղճը։ Վիլֆորն ապրեց վարանման ևս մեկ, վերջին րոպե։ Արդեն շատ անգամ, պայքարի պատճառած հուզմունքից բացի ոչինչ չզգալով, նա մահապատիժ էր պահանջել մեղադրյալների համար։ Եվ այդ մահապատիժները, որ ի կատար էին ածվել երդվյալներին կամ դատավորներին հրապուրած նրա շանթարձակ պերճախոսության շնորհիվ, ոչ մի ամպով չէին մռայլել նրա ճակատը, քանզի այդ մեղադրյալները մեղավոր էին կամ, համենայնդեպս, Վիլֆորը նրանց համարել էր մեղավոր։ Բայց այս անգամ բոլորովին այլ բան էր. նա ցմահ բանտարկության էր դատապարտել մի անմեղի, մի անմեղի, որին երջանկություն էր սպասում։ Նա խլել էր նրանից ոչ միայն նրա ազատությունը, այլև երջանկությունը։ Այս անգամ արդեն նա եղել էր ոչ թե դատավոր, այլ դահիճ։ Եվ, մտածելով այդ մասին, նա զգում էր այն տանջալից հարվածները, որ մինչ այդ չէր զգացել. դրանք հնչում էին նրա կրծքում և սիրտը լցնում բնազդական սարսափով։ Ճիշտ այդպես անտանելի ցավը նախազգուշացնում է վիրավորին, և նա երբեք առանց սարսռալու մատը չի դիպցնում թաց ու արյունալի վերքին, քանի դեռ այն չի փակվել։ Սակայն Վիլֆորի վերքն այն վերքերից էր, որ չեն փակվում կամ փակվում են միայն նրա համար, որ նորից բացվեն, պատճառելով առաջվանից ավելի մեծ տանջանքներ։ Եթե այդ րոպեին հնչեր Ռենեի քնքուշ ձայնը, աղերսելով գթալ նրան, եթե չքնաղ Մերսեդեսը ներս մտներ ու ասեր. «Հանուն աստծո, որ տեսնում ու դատում է մեզ, հանուն աստծո աղաչում եմ՝ տվեք ինձ իմ փեսացուին», Վիլֆորը, անխուսափելիությունից գրեթե արդեն պարտված, վերջնականապես կհպատակվեր վերջինիս և իր սառն ձեռքով, ուշադրություն չդարձնելով այն բոլոր վտանգներին, որ կարող էին իրեն սպառնալ, թերևս ստորագրեր Դանտեսին ազատելու հրամանը։ Սակայն ոչ մի ձայն չհնչեց լռության մեջ. և դուռը բացվեց միայն սպասավորին ներս թողնելու համար, որը եկել էր Վիլֆորին զեկուցելու, թե փոստի ձիերը լծված են կառքին։ Վիլֆորը վեր կացավ կամ, ավելի ճիշտ, վեր թռավ ներքին պայքարի մեջ հաղթանակած մարդու պես, վազելով մոտեցավ գրասեղանին, գզրոցներից մեկում պահված բոլոր ոսկիները լցրեց գրպանը, մի անգամ էլ պտույտ գործեց սենյակի մեջ, շփոթված շփելով ճակատը և անկապ խոսքեր քրթմնջալով։ Վերջապես, զգալով, որ սպասավորը թիկնոցը գցեց իր ուսերին, նա դուրս եկավ, ցատկեց կառքի մեջ և կցկտուր հրամայեց գնալ Գրան-Կուր փողոցը, մարքիզ դը Սեն-Մերանի տունը։ Տարաբախտ Դանտեսը դատապարտված էր անդառնալիորեն։ Ինչպես մարքիզ դը Սեն-Մերանը խոստացել էր, Վիլֆորը նրա առանձնասենյակում տեսավ նրա կնոջն ու աղջկան։ Ռենեին տեսնելով՝ երիտասարդը ցնցվեց. նա վախենում էր, որ օրիորդը նորից կսկսի խնդրել Դանտեսի համար։ Բայց, ավաղ, ի նախատինք մեր եսասիրության, պետք է խոստովանել, որ դեռատի աղջկա միտքը զբաղված էր միայն մի բանով՝ իր փեսացուի մեկնումով։ Նա սիրում էր Վիլֆորին, որը մեկնում էր նրանց հարսանիքի նախօրյակին։ Վիլֆորն ինքն էլ չգիտեր, թե երբ կվերադառնա, և Ռենեն, Դանտեսին խղճալու փոխարեն, նզովում էր այն մարդուն, որի հանցագործությունը իրեն բաժանում էր իր փեսացուից, իսկ ինչ էր Մերսեդեսի վիճակը։ Դե-լա-լոժ փողոցի անկյունում նրան սպասում էր Ֆերնանը, որը դուրս էր եկել նրա հետևից։ Մերսեդեսը վերադարձավ Կատալանի և, կիսամեռ ու հուսահատ, ընկավ մահճի վրա։ Այդ մահճի առաջ Ֆերնանը ծունկ չոքեց և, բռնելով նրա սառը ձեռքը, որը Մերսեդեսը ետ չքաշեց, ծակեց ջերմագին համբույրներով, բայց Մերսեդեսը դրանք չէր էլ զգում։ Այդպես անցավ գիշերը։ Երբ ձեթը վերջացավ, ճրագը մարեց։ Բայց Մերսեդեսը չէր նկատում խավարը, ինչպես չէր նկատել և լույսը, և երբ արշալույսը սկսեց ծագել նա այդ էլ չնկատեց։ Վիշտը շղարշել էր նրա աչքերը, և նա տեսնում էր միայն Էդմոնին։ — Դու այստե՞ղ ես,— վերջապես հարցրեց նա Ֆերնանին։ — Երեկվանից մոտիցդ չեմ հեռացել,— պատասխանեց Ֆերնանը ցավագին հառաչանքով։ Մորելն իրեն պարտված չէր համարում։ Իմացել էր, որ հարցաքննությունից հետո Դանտեսին բանտ են տարել, այնժամ վազելով գնացել էր իր բոլոր բարեկամների մոտ, դիմել յուրաքանչյուրին, ով կարող էր ազդեցություն ունենալ, բայց արդեն ամենուրեք լուր էր տարածված, թե Դանտեսը ձերբակալված է իբրև բոնապարտիստական գործակալ, իսկ քանի որ այն ժամանակ նույնիսկ համարձակ մարդիկ գահին նորից տիրանալու ամեն մի փորձ, որ անում էր Նապոլեոնը, համարում էին խելագարություն, ապա Մորելն ամեն տեղ հանդիպում էր սառն վերաբերմունքի, վախի կամ մերժման։ Նա տուն վերադարձավ հուսահատված, ներքուստ գիտակցելով, որ գործի վիճակը շատ վատ է, և ոչ ոք ի վիճակի չէ օգնելու։ Կադրուսն էլ իր հերթին խիստ անհանգստացած էր։ Փոխանակ Մորելի պես քաղաքով մեկ վազվզելու և ջանալու որևէ կերպ օգնել Դանտեսին, մի բան, որ, սակայն, ոչ մի արդյունք չպիտի ունենար, նա առաջը երկու շիշ թրմօղի դրած փակվել էր տանը և աշխատում էր իր անհանգստությունը խմիչքով խեղդել։ Բայց նրա խռոված միտքը թմրեցնելու համար երկու շիշը քիչ էր։ Ուստի նա, կաղոտն սեղանին արմունկներով հենված, շարունակում էր նստած մնալ երկու դատարկ շշերի միջև, ուժ չունենալով ոչ գինի բերելու համար տնից դուրս գալու, ոչ էլ պատահածը մոռանալու, և նայում էր, թե ինչպես մխացող մոմի լույսի տակ իր առջև պտտվում ու պարում են այն բոլոր ուրվականները, որ հոֆմանը ֆանտաստիկական սև փոշու պես ցանել էր իր՝ փունջից թացացած էջերի մեջ։ Միայն Դանգլարն էր, որ չէր անհանգստանում ու տանջվում։ Նա նույնիսկ ուրախ էր. վրեժ էր առել թշնամուց և իր համար «Փարավոնի» վրա ապահովել մի պաշտոն, որից վախենում էր զրկվել։ Դանգլարը մեկն էր այն հաշվենկատ մարդկանցից, որոնք ծնվում են գրչափետուրը ականջի հետևը ցցած և որոնց սրտին փոխարինում է թանաքամանը։ Աշխարհիս մեջ ամեն ինչ հանգում էր հանման կամ բազմապատկման և թվանշանը նրա համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան մարդը, եթե թվանշանը մեծացնում էր այն գումարը, որ կարող էր պակասեցնել այդ մարդը։ Այդ պատճառով էլ Դանգլարը պառկեց սովորական ժամին ու հանգիստ քնած էր։ Վիլֆորը, կոմս Սալվիեից հանձնարարական նամակը ստանալով, համբուրեց Ռենեի այտերը, շրթունքները հպեց մարքիզուհի դը Սեն-Մերանի ձեռքին, սեղմեց մարքիզի ձեռքը և փոստակառքով սլացավ դեպի Էքս։ Ծերունի Դանտեսը, վշտից գլուխը կորցրած, տանջվում էր մահացու անհանգստությունից։ Իսկ ինչ վերաբերում է Էդմոնին, ապա մենք արդեն գիտենք նրա գլխին եկածը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic