Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== XII. Հայր և որդի === Պրն Նուարտիեն, քանզի իսկապես այդ նա էր, աչքերով հետևեց սպասավորին, մինչև որ դուռը փակվեց նրա հետևից, ապա, հավանաբար վախենալով, որ չլինի թե սպասավորը նախասենյակից ականջ դնի, նորից բացեց դուռը։ Նախազգուշությունն ավելորդ չեղավ, քանզի այն աճապարանքը, որով Ժերմենը ծլկեց, կասկած չթողեց, որ նա զերծ չէ մեր նախահայրերին կործանած մեղքից։ Այնժամ պրն Նուարտիեն իր ձեռքով կողպեց նախասենյակի դուռը, ապա վրա բերեց ննջասենյակի դռան սողնակը, և վերջապես, ձեռքը պարզեց Վիլֆորին, որը զարմացած նրան էր նայում։ — Գիտե՞ս ինչ, Ժերար,— ասաց նա որդուն մի ժպիտով, որի իսկական իմաստը դժվար էր որոշել,— չի կարելի ասել, թե շատ ուրախ ես ինձ հանդիպելուդ համար։ — Ի՜նչ եք ասում, հա՛յր, ընդհակառակը՝ չափազանց ուրախ եմ։ Բայց, խոստովանանք լինի, ես այնքան քիչ հույս ունեի ձեր այցելության վրա, որ դա ինձ փոքր-ինչ զարմանք պատճառեց։ — Բայց, բարեկամս,— շարունակեց Նուարտիեն՝ նստելով բազկաթոռին,— ես կարող էի նույնը ձեզ ասել։ Այդ ինչպե՞ս է պատահել դուք ինձ գրում եք, թե փետրվարի քսանութին Մարսելում նշանակված է ձեր նշանդրեքը, իսկ ահա մարտի երեքին Փարիզում եք։ — Այո, ես այստեղ եմ,— ասաց Ժերարը՝ աթոռը մոտեցնելով պրն Նուարտիեին,— բայց դուք ինձնից մի նեղացեք, ես ձեր սիրույն եմ եկել այստեղ և թերևս իմ գալուստը փրկի ձեզ։ — Ահա՜ թե ինչ,— պատասխանեց պ-րն Նուարտիեն՝ անփութորեն մեկնվելով բազկաթոռի մեջ,— հապա պատմեք ինձ, պարո՛ն դատախազ, թե բանն ինչ է։ Դա շա՜տ հետաքրքիր է։ — Դուք լսե՞լ եք Սեն ժակ փողոցում գտնվող մի ինչ-որ բոնապարտիստական ակումբի մասին։ — Համար հիսուներեք տա՜նը։ Այո։ Ես այդ ակումբի փոխնախագահն եմ։ — Հա՛յր, ձեր պաղարյունությունը ինձ սարսափեցնում է։ — Ի՞նչ ես ուզում, սիրելիս։ Մոնտանյարների կողմից մահվան դատապարտված, խոտի սայլի մեջ թաքնվելով Փարիզից փախած, Բորդոյի տափաստաններում Ռոբեսպիերի հետախույզներից թաքնված մարդը կարողացել է շատ բանի ընտելանալ։ Շարունակիր, ուրեմն։ Ի՞նչ է պատահել Սեն ժակ փողոցի այդ ակումբում։ — Պատահել է այն, որ գեներալ Կենելին հրավիրել են այնտեղ և որ գեներալ Կենելը, տնից դուրս գալով իրիկվա ժամը իննին, երկու օր հետո գտնվել է Սենայի մեջ։ — Եվ ո՞վ է ձեզ պատմել այդ զվարճալի դեպքը։ — Թագավորն ինքը։ — Դե որ այդպես է,— ասաց Նուարտիեն,— ես էլ, ի պատասխան ձեր պատմածի, ձեզ մի նորություն կպատմեմ։ — Կարծում եմ, որ ես արդեն գիտեմ այդ նորությունը։ — Ուրեմն դուք գիտե՞ք նորին մեծություն կայսեր ափ դուրս գալը։ — Լռեցե՛ք, հայր, աղաչում եմ, լռեցե՛ք, նախ ձեր, ապա և իմ սիրույն։ Այո, ես գիտեի այդ նորությունը, և գիտեի նույնիսկ ավելի շուտ, քան դուք, քանզի երեք օր շարունակ Մարսելից սլացել եմ Փարիզ և զայրույթից մազերս փե-տել, վախենալով, թե չպիտի կարողանամ երկու հարյուր լյո հեռավորությունից տեղ հասցնել այն միտքը, որ այրում է ուղեղս։ — Երեք օ՞ր, խելագարվե՞լ եք։ Երեք օր առաջ կայսրը դեռևս ափ չէր իջել։ — Այո, բայց ես արդեն գիտեի նրա մտադրությունը։ — Իսկ ինչպե՞ս։ — Մի նամակից, որ Էլբա կղզուց հասցեագրված էր ձեզ։ — Ի՞նձ։ — Այո, ձեզ։ Եվ ես այն բռնեցի սուրհանդակի ձեռքին։ Եթե այդ նամակն ուրիշի ձեռքն ընկներ, դուք արդեն գնդակահարված կլինեիք։ Վիլֆորի հայրը ծիծաղեց։ — Ըստ երևույթին,— ասաց նա,— Բուրբոնները կայսրից սովորել են գործել առանց քաշքշուկի... Գնդակահարվա՜ծ։ Բարեկա՛մդ իմ, որքան շտապում եք դուք։ Իսկ ո՞ւր է այդ նամակը։ Ձեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ խնամքով պահած կլինեք։ — Այրեցի մինչև վերջին պատառը, քանզի այդ նամակը ձեր մահավճիռն էր։ — Եվ ձեր կարիերայի վախճանը,— սառը պատասխանեց Նուարտիեն։— Այո, դուք իրավացի եք, բայց ես վախենալու հարկ չունեմ, քանի որ դուք ինձ հովանավորում եք։ — Դեռ ավելին. փրկում եմ։ — Ահա թե ինչ։ Դա սկսում է ինձ հետաքրքրել։ Բացատրեք տեսնենք։ — Դառնանք Սեն Ժակ փողոցի ակումբին։ — Երևում է, որ այդ ակումբը չափազանց շատ է հետաքրքրում ոստիկանության պաշտոնյաներին։ Հապա ինչո՞ւ են այդքան վատ փնտրում։ Վաղուց գտած կլինեին։ — Չեն գտել, բայց հետքը հայտնաբերել են։ — Դրանք նվիրագործված խոսքեր են, գիտե՜մ։ Երբ ոստիկանությունն անզոր է, ասում է, թե հետքը գտել է. և կառավարությունը հանգիստ սպասում է, մինչև որ նա մեղավորի տեսքով չգա ու չզեկուցի, թե հետքը կորել է։ — Այո, բայց դիակ է գտնված։ Գեներալ Կենելը մեռած է, իսկ աշխարհիս բոլոր երկրներում դա կոչվում է սպանություն։ — Սպանությո՞ւն։ Բայց ոչ մի ապացույց չկա, որ գեներալը սպանության զոհ է եղել։ Սենայում ամեն օր գտնում են այնպիսի մարդկանց, որ հուսահատությունից ջուրն են նետվել և կամ խեղդվել են լողալ չիմանալու պատճառով։ — Դուք շատ լավ գիտեք, որ գեներալը հուսահատությունից չի խեղդվել, և որ հունվար ամսին Սենայում չեն լողանում։ Ո՛չ, ո՛չ, ինքներդ ձեզ մի խաբեք. այդ մահը սպանություն են համարում։ — Իսկ ո՞վ է համարում։ — Թագավորն ինքը։ — Թագավո՞րը։ Իսկ ես կարծում էի, թե նա փիլիսոփա է և հասկանում է, որ քաղաքականության մեջ սպանություններ չկան։ Քաղաքականության մեջ, սիրելի՛ս, դա հայտնի է ձեզ, ինչպես և ինձ, կան ոչ թե մարդիկ, այլ գաղափարներ, ոչ թե զգացմունքներ, այլ շահեր։ Քաղաքականության մեջ ոչ թե մարդուն սպանում են, այլ վերացնում են խոչնդոտները, և ուրիշ ոչինչ։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե այդ ամենը ինչպես է պատահել։ Ես կպատմեմ ձեզ։ Մենք կարծում էինք, թե գեներալ Կենելի վրա կարելի է հույս դնել. նրան հանձնարարել էին մեզ Էլբա կղզուց։ Մեզանից մեկը գնում է նրա մոտ և հրավիրում Սեն Ժակ փողոցում կայանալիք ժողովին։ Նա գալիս է, նրան հայտնում են Էլբա կղզուց մեկնելու և Ֆրանսիայում ափ դուրս գալու ամբողջ պլանը։ Հետո նա ամեն ինչ լսելուց ու իմանալուց հետո հայտարարում է, թե ինքը ռոյալիստ է։ Բոլորն իրար երեսի են նայում։ Նրանից պահանջում են երդում տալ, նա էլ տալիս է, բայց այնպիսի դժկամությամբ, որ կարծես ուզում է աստծուն չգայթակղեցնել։ Եվ այնուամենայնիվ գեներալին թույլ տվին, որ հանգիստ թողնի ու հեռանա։ Նա տուն չի վերադարձել։ Էլ ի՞նչ կուզեք։ Անշուշտ մեր ժողովից դուրս գալուց հետո ճանապարհը կորցրել է, և ուրիշ ոչինչ։ Սպանությո՜ւն։ Դուք ինձ զարմացնում եք, Վիլֆոր։ Թագավորական դատախազի օգնականը ցանկանում է մեղադրանքը կառուցել այդքա՜ն խախուտ փաստարկների վրա։ Երբ դուք որպես անձնվեր ռոյալիստ մերոնցից որևէ մեկին այն աշխարհն եք ուղարկում, մի՞թե երբևէ մտքովս կանցնի ձեզ ասել. «Որդի՛ս, դուք սպանություն գործեցիք»։ Ո՛չ, ես կասեմ. «Շա՜տ լավ, ողորմած պարոն, դուք հաղթեցիք, հիմա հերթը մերն է»։ — Զգուշացեք, հա՛յր, երբ մեր հերթը գա, մենք անողորմ կլինենք։ — Ես ձեզ չեմ հասկանում։ — Դուք ապավինում եք ուզուրպատորի վերադարձի՞ն։ — Չեմ թաքցնում։ — Դուք սխալվում եք, նա տասը լյո իսկ չի մտնի Ֆրանսիայի խորքը։ Նրան կհետապնդեն, կբռնեն ու կսպանեն վայրի գազանի պես։ — Սիրելի՛դ իմ, կայսրը հիմա Գրենոբլի ճանապարհին է. տասին կամ տասներկուսին կլինի Լիոնում, իսկ քսանին կամ քսանհինգին՝ Փարիզում։ — Բնակչությունը ոտքի կկանգնի… — Որպեսզի ողջունի նրան։ — Նա ընդամենը մի բուռ մարդիկ ունի, իսկ նրա դեմ ամբողջ Բանակներ կհանեն։ — Որոնք ողջույնի գոչյուններով նրան կուղեկցեն մինչև մայրաքաղաք։ Հավատացեք ինձ, Ժերա՛ր, դուք դեռ երեխա եք, ձեզ թվում է, թե ամեն ինչ գիտեք, երբ հեռագիրը, նրա ափ դուրս գալուց երեք օր հետո, ձեզ հայտնում է. «Ուզուրպատորը մի բուռ մարդկանցով ափ է դուրս եկել Կաննում, նրան հետապնդում են»։ Բայց որտե՞ղ է նա, ի՞նչ է անում՝ դուք ոչինչ չգիտեք։ Դուք միայն գիտեք, որ նրան հետապնդում են։ Եվ այդպես նրան կհետապնդեն մինչև Փարիզ, առանց մի գնդակ արձակելու։ — Գրենոբլն ու Լիոնը ռոյալիստական քաղաքներ են, նրանք նրա դեմ անանցանելի պատնեշ կկանգնեցնեն։ — Գրենոբլն ուրախությամբ իր դռները կբացի նրա առաջ, ամբողջ Լիոնը դուրս կգա նրան դիմավորելու։ Հավատացեք, մենք իրազեկ ենք ոչ պակաս, քան դուք, և մեր ոստիկանությունը արժե ձերին։ Ապացույց կուզե՞ք։ Դուք ցանկացել եք ինձնից թաքցնել ձեր գալը, մինչդեռ ես դրա մասին իմացա ձեր՝ ուղեկալն անցնելուց ընդամենը կես ժամ հետո։ Դուք ձեր հասցեն տվել էիք միայն փոստակառքի կառավարին, մինչդեռ այն ինձ հայտնի է, ինչպես երևում է նրանից, որ ես ձեզ մոտ եկա հենց այն պահին, երբ սեղան էիք նստում։ Ուստի զանգը տվեք և մի սպասք էլ պահանջեցեք. մենք միասին կճաշենք։ — Իսկապես,— պատասխանեց Վիլֆորը՝ զարմացած նայելով նրան,— շատ ստույգ տեղեկություններ ունեք։ — Դա շատ հասկանալի է։ Դուք, իշխանության գլուխ կանգնածներդ, ունեք միայն այնպիսի միջոցներ, որ կարելի է փողով գնել, իսկ մենք, իշխանության սպասողներս, ունենք այն բոլոր միջոցները, որ մեզ ընձեռում է հավատարմությունը, որ մեզ ընծայում է անձնվիրությունը։ — Հավատարմությո՞ւնը,— կրկնեց Վիլֆորը ժպտալով։ — Այո, հավատարմությունը։ Պարկեշտության համար այդպես են կոչում փառամոլությունը նրանք, ովքեր ապագայի հույսեր են փայփայում։ Եվ Վիլֆորի հայրը, տեսնելով, որ նա սպասավորին չի կանչում, ինքը ձեռքը մեկնեց զանգին։ Վիլֆորը նրա ձեռքը բռնեց։ — Սպասեցեք, հա՛յր, ևս մի խոսք։ — Ասացեք։ — Որքան էլ վատ լինի մեր ոստիկանությունը, նրան հայտնի է մի սար-սափելի գաղտնիք։ — Ի՞նչ գաղտնիք։ — Այն մարդու նշանները, որը գեներալ Կենելի անհետանալու օրը գնացել է նրան կանչելու։ — Ահա՜ թե ինչ։ Գիտե՞ այդ նշանները։ Ի՜նչ են ասում։ Իսկ ի՞նչ նշաններ են դրանք։ — Թուխ մաշկ, մազերը, այտամորուսները և աչքերը սև, մինչև վիզը կոճկած կապույտ սերթուկ, կրծքին Պատվո Լեգեոնի ժապավեն, լայնեզր գլխարկ և եղեգնյա ձեռնափայտ։ — Ահա՜ թե ինչ. ոստիկանությունը դա գիտի՞,— ասաց Նուարտիեն,— որ այդպես է, հապա ինչո՞ւ չի բռնել այդ մարդուն։ — Որովհետև երեկ կամ նախանցյալ օրը Կոկ-Էրոն փողոցի անկյունում նա ծլկել է նրա աչքից։ — Իզուր չէի ասում, որ ձեր ոստիկանությունը հիմար է։ — Այո, բայց նա ուզած րոպեին կարող է նրան բռնել։ — Իհարկե,— ասաց Նուարտիեն՝ անհոգ կերպով նայելով շուրջը,— եթե այդ մարդուն չնախազգուշացնեն. բայց նրան արդեն նախազգուշացրել են։ Ուստի,— ավելացրեց նա ժպտալով,— նա կփոխի դեմքն ու հագուստը։ Այդ ասելով՝ նա վեր կացավ, հանեց սերթուկն ու փողկապը, մոտեցավ մի սեղանի, որի վրա թափված էին Վիլֆորի ճամպրուկից հանված իրերը, վերցրեց ածելին, այտերին օճառ քսեց և անվարան ձեռքով սափրեց այտամորուքները, որ այնքան կարևոր նշանակություն ունեին ոստիկանության համար։ Վիլֆորը նրան նայում էր սոսկումով, որին անմասն չէր հիացմունքը։ Սափրելով այտամորուքները, Նուարտիեն փոխեց մազերի սանրվածքի ձևը, սևի փոխարեն մի գունավոր փողկապ կապեց, որ վերցրել էր բաց ճամպրուկից, հանեց իր կապույտ երկեզր սերթուկն ու հագավ Վիլֆորի դարչնագույն միաեզր սերթուկը, հայելու առաջ փորձեց նրա ծալած եզրերով գլխարկը և, ըստ երևույթին, գոհ մնաց։ Իր ձեռնափայտը թողեց բուխարու մի անկյունում, իսկ փոխարենը նրա ձեռքում քաշեց մի բամբուկե թեթև գավազան, որը թագավորական դատախազի նրբագեղ օգնականի քայլվածքին հաղորդում էր այն անբռնազբոսությունը, որ նրա գլխավոր արժանիքն էր հանդիսանում։ — Հը, ի ՞նչ կասես,— ասաց նա՝ շրջվելով դեպի զարմանքից ապշած Վիլֆորը։— Ի՞նչ ես կարծում, հիմա ոստիկանությունը ինձ կճանաչի՞։ — Ո՛չ, հայր,— թոթովեց Վիլֆորը,— համենայնդեպս, հուսով եմ։ ― Իսկ գալով այս իրերին, որ քո խնամքին եմ թողնում, ապավինում եմ շրջահայեցությանդ։ Դու կկարողանաս դրանք թաքցնել։ ― Անհոգ եղեք,― ասաց Վիլֆորը։ ― Եվ կասեմ քեզ, որ թերևս դու իրավացի ես, գուցե և դու իսկապես փրկեցիր կյանքս, բայց մի՛ անհանգստանա, շուտով մենք քվիթ կլինենք։ Վիլֆորը գլուխը տարուբերեց։ ― Չէ՞ս հավատում։ ― Գոնե հուսով եմ, որ սխալվում եք։ ― Դու էլի՞ կտեսնես թագավորին։ ― Թերևս։ ― Ուզու՞մ ես նրա արքունիքում մարգարեի համբավ ձեռք բերել։ ― Դժբախտություն գուշակող մարգարեներին արքունիքում վատ են ընդունում։ ― Այո՛, բայց վաղ թե ուշ նրանց հատուցում են արժանին։ Ենթադրենք, որ տեղի կունենա երկրորդ ռեստավրացիա, այնժամ դու մեծ մարդու հռչակ կունենաս։ ― Իսկ ի՞նչ պետք է ասեմ թագավորին։ ― Ահա թե ինչ․ ասա նրան․ «Ձե՛րդ մեծություն, ձեզ խաբում են Ֆրանսիայի վիճակի, քաղաքների տրամադրության, բանակի ոգու վերաբերյալ։ Նա, ում Փարիզում դուք կորսիկացի մարդակեր եք անվանում, ում Նեվերում դեռ ուզուրպատոր անունն են տալիս, արդեն Բոնապարտ է կոչվում Լիոնում և կայսր՝ Գրենոբլում։ Դուք կարծում եք, թե նրան հետապնդում են, հալածում, թե նա փախչում է, այնինչ նա սլանում է այն արծվի նման, որին ետ է բերում մեզ համար։ Դուք կարծում եք, թե նրա զորքը սովից մեռնում է, հյուծվել է արշավանքից, պատրաստ է ցրիվ գալու, այնինչ նա մեծանում է գլորվող ձնակույտի պես։ Ձե՛րդ մեծություն, գնացեք․ Ֆրանսիան թողեք իր իսկական տիրոջը, այն մարդուն, որը նրան չի գնել, այլ նվաճել է։ Գնացեք, ոչ այն պատճառով որ ձեզ վտանգ է սպառնում, քանզի ձեր հակառակորդը բավական ուժեղ է, որպեսզի ողորմածություն ցուցաբերի․ այլ որովհետև սուրբ Լյուդովիկոսի ժառանգի համար ստորացուցիչ է իր կյանքով պարտական լինել Արքոլի, Մարենգոյի և Աուստերլիցի հաղթողին»։ Ասա այդ ամենը թագավորին, Ժերա՛ր, կամ, ավելի լավ է, ոչինչ մի՛ ասա․ թաքցրու բոլորից, որ դու եղել ես Փարիզում, մի՛ ասա, թե ինչի համար ես եկել և ինչ ես արել այստեղ։ Ձիեր վարձիր, և եթե այստեղ գալիս արշավել ես, ապա վերադառնալիս սուրա։ Մարսել մտիր գիշերով, տունդ մտիր հետևի դռնից և նստիր այնտեղ լուռ ու համեստ, ոչ մի տեղ մի երևա և, որ գլխավորն է, տեղդ հանգիստ նստիր, քանզի այս անգամ, երդվու՜մ եմ, մենք կգործենք որպես ուժեղ, իրենց թշնամիներին ճանաչող մարդիկ։ Գնացեք, որդի՛ս, գնացեք և հայրական խնամքին հնազանդվելու կամ, եթե կուզեք, բարեկամի խորհուրդները հարգելու համար մենք ձեզ կթողնենք ձեր պաշտոնում։ Դա ձեզ հնարավորություն կտա,֊ ավելացրեց Նուարտիեն ժպտալով,― ինձ փրկել նաև մի ուրիշ անգամ, եթե երբևէ քաղաքական ճոճանակի վրա դուք գտնվելիս լինեք վերևում, իսկ ես՝ ներքևում։ Մնա՜ք բարով, Ժերար, մյուս անգամ գալիս իջեք իմ տանը։ Եվ Նուարտիեն դուրս եկավ այն հանգստությամբ, որը ոչ մի րոպե նրան չէր լքել այդ ծանր խոսակցության ամբողջ ընթացում։ Վիլֆորը, գունատ ու հուզված, վազելով մոտեցավ լուսամուտին և, վարագույրները ետ տանելով, տեսավ, թե ինչպես նրա հայրը անվրդով անցավ երկու֊երեք կասկածելի անձնավորությունների մոտով, որոնք, հավանաբար, փողոցում կանգնած էին սև այտամորուքներով, կապույտ սերթուկով և լայնեզր գլխարկով մարդուն բռնելու համար։ Վիլֆորը, ամբողջ մարմնով դողալով, լուսամուտից չհեռացավ, մինչև որ հայրը չանհետացավ անկյունի մյուս կողմում։ Հետո արագ֊արագ հավաքեց հոր թողած իրերը, սև փողկապն ու կապույտ սերթուկը խոթեց ճամպրուկի խորքը, գլխարկը ճխլտեց ու նետեց պահարանի ներքին դարակը, ձեռնափայտը կոտրեց ու շպրտեց բուխարիի մեջ, դրեց ճամփորդական գլխարկը, կանչեց սպասավորին, հայացքով կասեցրեց նրա բոլոր հարցումները, հաշիվը փակեց, ցատկեց իրեն սպասող կառքի մեջ, Լիոնում իմացավ, որ Բոնապարտը արդեն մտել է Գրենոբլ և, ամբողջ ճանապարհին տիրող իրարանցման մեջ հասավ Մարսել, ապրելով այն բոլոր տանջանքները, որ փառամոլության և առաջին հաջողությունների հետ միասին թափանցում են մարդու սիրտը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic