Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Գանձերի կղզին
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=ԵՐՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՑԱՄԱՔԻ ՎՐԱ= ==Գլուխ XIII։ Ինչպես սկսվեցին իմ արկածները ցամաքի վրա== Երբ առավոտյան դղւրս եկա տախտակամածի վրա, կղզին ինձ ուրիշ տեսակ երևաց, քան երեկ։ Թեև քամին հանդարտել էր, այնուամենայնիվ, գիշերով բավականին առաջ էինք գնացել և այժմ կանգնած էինք արևելյան ափից կես մղոն հեռու։ Կղզու մեծ մասը պատած էր մութ անտառով։ Միատեսակ մոխրագույն գունավորումը տեղ֊տեղ, հովիտներում, կտրվում էր ավազոտ ափի դեղին շերտերով և սոճիների նման բարձր ծառերի կանաչ կատարներով։ Այս ծառերն աճում էին երբեմն առանձին, երբեմն, խմբով և բարձրանում էին անտառի մակարդակից, սակայն կղզու ընդհանուր տեսքն, այնուամենայնիվ, շատ միապաղաղ ու մռայլ էր։ Յուրաքանչյուր բլրի գագաթին մերկ ու սուր ժայռեր էին ցցված։ Այս բլուրներն իրենց գծագրության տարօրինակ ձևով զարմացնում էին ինձ։ Հեռադիտակը երեք, թե չորս հարյուր ֆուտով բարձր էր մնացածներից և նույնպես ինչ֊որ տարօրինակ էր՝ ուղղաձիգ լանջեր և արձանի պատվանդանի նման կտրված հարթ գագաթ։ Օվկիանոսն այնքան ուժեղ էր ճոճում «Իսպանոլան», որ ջուրը տախտակամածին էր հասնում։ Ղեկը խփում էր նավախելին երբեմն աջ, երբեմն ձախ կողմից, և ողջ նավը ցնցվում էր, հառաչում, ճարճատում որպես խաղալիք֊նավ։ Աչքիս առաջ ամեն ինչ պտտվում էր։ Ես արդեն ընտելացել էի ծովին, երբ նավը վազում էր ալիքների վրայով, բայց այժմ նավը խարիսխ էր ձգել և միևնույն ժամանակ շշի նման պտտվում էր ջրի մեջ։ Սրանից ես ինձ վատ էի զգում, հատկապես առավոտները, երբ ստամոքսս դատարկ էր։ Չգիտեմ, ինչը ազդեց ինձ վրա, արդյոք ալեկոծությո՞ւնը, թե այն մոխրագույն տխուր անտառները, այն վայրի, մերկ քարերը, մակընթացության թնդյունը, սեպ ափերը, սակայն, թեև արեգակը փայլում էր պայծառ, թեև ծովային թռչունները շուրջս վխտում էին և աղաղակելով ծովից ձուկ էին որսում, թեև յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուրախ կլիներ, որ այնքան ժամանակ բաց ծովի վրա լինելուց հետո ցամաք է տեսել, իմ սիրտը վիշտն էր պատել։ Եվ առաջին իսկ հայացքից ես ատեցի Գանձերի կղզին։ Այդ առավոտ մենք ծանր աշխատանք պետք է կատարեինք։ Որովհետև քամի չկար, մենք պետք է ցած թողնեինք մակույկները, թիավարելով նավը տանեինք երեք թե չորս մղոն հեռու, հրվանդանն անցնեինք և նավը մտցնեինք նեղ նեղուցը, որ գտնվում էր Կմախքի կղզու այն կողմում։ Ես նստեցի մակույկներից մեկի մեջ, թեև այնտեղ անելու գործ չունեի։ Արևն անտանելի կերպով այրում էր, և նավաստիներն ամբողջ ժամանակ անիծում էին իրենց ծանր աշխատանքը։ Մեր մակույկը վարում էր Էնդերսոնը։ Փոխանակ ուրիշներին զսպելու, ինքն էր մռթմռթում և ամենից բարձր ձայնով հայհոյում։ ― Դե լա՛վ,― ասաց նա և հայհոյեց։― Շուտով այս բոլորին վերջ կլինի։ «Վատ նշան է»,― վճռեցի ես։ Մինչև այժմ մարդիկ աշխատում էին եռանդով և սիրով։ Սակայն միայն կղզին տեսնելը բավական էր, որ կարգապահությունը թուլանա։ Երկարահասակ Ջոնը կանգնած էր ղեկապետի մոտ և օգնում էր նրան, որ նավը վարի։ Նա նեղուցը ճանաչում էր իր ափի նման և բոլորովին չէր վրդովվում, երբ չափելուց երևում էր, որ ամեն տեղ ավելի խորն է, քան նշանակված է քարտեզի վրա։ ― Այս նեղ անցքը փորել է օվկիանոսի մակընթացությունը,― ասաց նա։― Ամեն անգամ մակընթացությունը բահի նման խորացնում է։ Մենք կանգ առանք այնտեղ, որտեղ քարտեզի վրա խարիսխ էր նկարված։ Մի երրորդական մղոն մեզ բաժանում էր գլխավոր կղզուց, մի երրորդական մղոն էլ՝ Կմախքի կղզուց։ Հատակը մաքուր էր, ավազոտ։ Ընկնելիս, մեր խարիսխը թնդաց և թռչունների երամները, պտտվելով ու աղմկելով, բարձրացան անտառից։ Բայց մի րոպեից հետո նրանք կրկին թաքնվեցին անտառի մեջ, և ամեն ինչ լռեց։ Նեղուցն ամեն կողմից հիանալի կերպով փակված էր։ Այն թաղված էր խիտ անտառի մեջ։ Անտառը սկսում էր անմիջապես ափից։ Ափերը տափարակ էին։ Իսկ հեռվում ամֆիթատրոնի նման բարձրանում էին բլուրները։ Երկու ճահճային գետ թափվում էին նեղուցի մեջ, որը հանդարտ լճակի էր նման։ Այդ գետերի ափերի բուսականությունը ապշեցնում էր ինչ֊որ թունավոր պայծառությամբ։ Նավից ո՛չ շենք էր երևում, ո՛չ ցանկապատ՝ ծառերը նրանց առաջը բոլորովին փակել էին, և եթե քարտեզը չլիներ, կարող էինք կարձել, թե մենք առաջին մարդիկն ենք, որ այցելել ենք այս կղզին, այն օրվանից, երբ նա դուրս է եկել օվկիանոսի խորքից։ Օդը չէր շարժվում։ Միմիայն մի ձայն էր վրդովում անդորրությունը՝ մակընթացության հեռավոր աղմուկը, որ զարնվում էր ժայռերին կղզու մյուս կողմում։ Տարօրինակ նեխած հոտ էր բարձրանում նավի չորս կողմից՝ մգլած տերևների և փտող ծառերի բների հոտ։ Ես նկատեցի, որ բժիշկն ամբողջ ժամանակ հոտոտում է ու կնճռոտում, կարծես նրան հոտած ձու էր բաժին ընկել։ ― Չգիտեմ, կա՞ այնտեղ գանձ,― ասաց նա,― սակայն, երդվում եմ իմ կեղծամով, որ ջերմ ու տենդ կա։ Մակույկի մեջ եղած մարդկանց տագնապալի վարքը նավը վերադառնալուց հետո սպառնական դարձավ։ Նավաստիները տախտակամածի վրա շրջելով, խոսում էին ինչ-որ բանի մասին։ Ամենահասարակ հրամաններն էլ նրանք դժկամությամբ էին լսում և կատարում չափազանցց տհաճորեն։ Մինչև անգամ խաղաղ նավաստիներին էլ անբավականության վարակն էր պատել, և ոչ ոք չկար, որ նրանց կարգի հրավիրեր։ Խռովությունը, ահագին ամպի նման, կուտակվում էր մեր գլխին։ Միայն մենք, նավասենյակի բնակիչներս չէինք, որ նկատել էինք վտանգը։ Երկարահասակ Ջոնը մի խմբից մյուսն անցնելով, ամբողջ ուժով աշխատում էր կարգ պահպանել, մերթ համոզելով, մերթ օրինակ տալով։ Նա կաշվից դուրս էր գալիս, աշխատելով լինել սիրալիր և պատրաստակամ։ Նա ժպտում էր բոլորի դեմքին։ Երբ որևէ հրաման էր տրվում, Ջոնն իր փայտե ոտով առաջինն էր գնում կատարելու, ուրախ գոռալով․ ― Պատրաստ է, պատրաստ է, պարոն։ Իսկ երբ անելու գործ չկար, մեկը մյուսի ետևից նա երգում էր, որ մյուսների դժկամությունն այնքան էլ նկատելի չլինի։ Այս չարագուշակ օրվա մեջ կատարված դեպքերից ամենաչարագուշակը մեզ թվում էր Երկարահասակ Ջոնի վարմունքը։ Մենք հավաքվեցինք նավասենյակ՝ խորհրդի։ ― Պարո՛ն,― ասաց նավապետը,― եթե ես թեկուզ մի հրաման տամ, ողջ նավը մեզ վրա կթափվի։ Դուք տեսնում եք, պարոն, թե ինչ է կատարվում։ Բոլորն ամեն քայլափոխում կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս։ Եթե նրանց կոպտությանը պատասխանեմ, մեզ կտոր֊կտոր կանեն։ Իսկ թե չպատասխանեմ, Սիլվերը կարող է նկատել, որ ինչ֊որ վատ բան կա և խաղը տանուլ տված կլինենք։ Չէ՞ որ հիմա մենք կարող ենք հույս դնել միայն մի՛ մարդու վրա։ ― Ո՞ւմ վրա,― հարցրեց կալվածատերը։ ― Սիլվերի վրա, պարոն,― պատասխանեց նավապետը։― Նա գործը հարթելու մեզանից քիչ ցանկություն չունի։ Կաշվից դուրս է դալիս, որ ժամանակից առաջ խռովություն չանեն։ Ես առաջարկում եմ հնարավորություն տալ նրան, որ համոզի նրանց ինչպես պետքն է։ Արձակենք նավաստիներին, որ գնան ափ՝ զբոսնելու։ Եթե նրանք կգնան բոլորը միասին, մենք նավը կգրավենք։ Եթե նրանցից ոչ ոք չգնա, մենք կփակվենք նավասենյակում և կպաշտպանվենք։ Եթե կգնան միայն մի քանի հոգի, հավատացեք ինձ, որ Սիլվերը ետ կբերի նավը ոչխարների պես հնազանդ։ Այդպես էլ որոշեցինք։ Հուսալի մարդկանց լցված ատրճանակներ բաժանեցինք։ Գենտերին, Ջոյսին և Ռեդրետին հայտնեցինք մեր պլանների մասին։ Իմանալով այդ, նրանք այնքան էլ չզարմացան և մեր հաղորդումն ընդունեցին ավելի հանգիստ, քան մենք սպասում էինք։ Հետո նավապետը տախտակամած դուրս եկավ և դիմեց անձնակազմին. ― Տղե՛րք,– ասաց նա,― այսօր շատ աշխատանք կատարեցինք, և բոլորս էլ սաստիկ հոգնած ենք։ Ափում զբոսնելը ոչ ոքի վնաս չի տա։ Մակույկներն իջեցված են։ Ով ուզում է թող ափ գնա։ Կարող եք ձեզ հետ թիանավակ տանել։ Արևը մայր մտնելուց կես ժամ առաջ ես թնդանոթ կարձակեմ։ Երևի այդ հիմարները կարծեցին, թե գանձը կգտնեն, հենց որ ափ դուրս գան։ Նրանց դժկամությունը միանգամից չքացավ։ Նրանք այնքան բարձր ուռա գոռացին, որ արձագանքը տարածվեց հեռավոր բլուրների մեջ, և վախեցած թռչունները կրկին պտույտներ կատարեցին մեր կայանի վրա։ Նավապետը շատ խելացի վարվեց. նա իսկույն հեռացավ, հանձնարարելով Սիլվերին, որ ափ դուրս գալը ղեկավարի։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել։ Չէ՞ որ, եթե մնար տախտակամածին, նա չէր կարող ձևանալ, չգիտի, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ օրվա պես պարզ էր։ Ավազակներն այժմ ուրիշ նավապետ ունեն՝ Սիլվերը, և միայն նրա կարգադրություններն էին լսում։ Իսկ խաղաղ նավաստիները, շուտով հայտնաբերվեց, որ այդպիսիներն էլ կան նավի վրա, բոլորովին հիմար դուրս եկան։ Կարելի է, այնուամենայնիվ, որ բոլոր նավաստիներին մեր դեմ էին դուրս բերել առաջնորդները, սակայն նրանք շատ հեռու գնալ չէին ցանկանում։ Անհնազանդությունը, ծուլությունը, տրտնջալը մի բան է, իսկ նավը գրավելը և բոլորովին անմեղ մարդկանց սպանելն ուրիշ բան։ Երկար ժամանակ վիճելուց հետո նավաստիները բաժանվեցին այսպես. վեց հոգի մնացին նավի մեջ, իսկ մնացած տասներեք հոգին, այդ թվում նաև Սիլվերը, սկսեցին նստել մակույկների մեջ։ Ահա այդ ժամանակ ես հանկարծ որոշեցի մի հանդուգն քայլ անել։ Այդ քայլը հետագայում մեզ մահից փրկեց։ Ես դատեցի այսպես։ Մենք չենք կարող նավը գրավել, քանի որ Սիլվերն իր ավազակներից վեց հոգի թողել է նավի վրա։ Մյուս կողմից, քանի որ նրանցից մնացել են ընդամենը վեց հոգի, ուրեմն, նրանք չեն պատրաստվում իսկույն հարձակվել մեզ վրա։ Հետևապես նավի վրա ես պետք չեմ։ Եվ որոշեցի ափ դուրս գալ։ Մի ակնթարթում ես թռա նավեզրից և մակույկ իջա, որն իսկույն ճանապարհվեց։ Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց, միայն առջևի թիավարն ասաց. ― Այդ դո՞ւ ես, Ջիմ։ Գլուխդ ցած պահիր։ Սակայն Սիլվերը, որ նստած էր առջևի մակույկի մեջ, ուշադրությամբ նայեց մեր մակույկին և ձայն տվեց, համոզվելու համար, որ իսկապես ես եմ։ Այդ ժամանակ ես ափսոսացի, որ հեռացա նավից։ Մակույկները դեպի ափ էին սլանում։ Բայց այն մակույկը, որի մեջ ես էի նստած, ավելի թեթև էր և թիավարներն էլ ամենալավերը։ Մենք միանգամից մյուս մակույկից առաջ ընկանք։ Հենց որ մակույկի քիթն ափին դիպավ, ես մի ճյուղ բռնեցի, դուրս թռա և մտա անտառ։ Իսկ Սիլվերն ու իր ընկերները հարյուր յարդի չափ ետ մնացին։ ― Ջի՛մ, Ջի՛մ,― կանչեց նա։ Բայց, հասկանալի է, որ ես նրա կանչի վրա ոչ մի ուշադրություն չդարձրի։ Առանց ետ նայելու, թռչկոտելով, թփերը ջարդելով, խոտերի մեջ սուզվելով, ես վազում էի առաջ ու առաջ, մինչև որ ուժասպառ եղա։ ==Գլուխ XIV։ Առաջին հարվածը== Գոհ, որ ազատվեցի Երկարահասակ Ջոնից, ես ուրախացա և սկսեցի հետաքրքրությամբ դիտել անծանոթ վայրը։ Սկզբում ես ընկա ճահճի մեջ, որտեղ բուսել էին ուռիներ, եղեգն և ինչ-որ ինձ անծանոթ տեսակի ծառեր։ Հետո դուրս եկա բաց ավազոտ մի հարթություն, որը մեկ մղոնի չափ երկարություն ուներ, որտեղ աճում էին քիչ թվով սոճիներ և ոլորված ինչ-որ ծուռումուռ ծառեր, կաղնու նման, սակայն բաց գույնի տերևներով, ինչպես ուռենին։ Հեռվից երևում էր մի երկգագաթ սար, որի զույգ տարօրինակ ժայռոտ կատարներն արևի տակ փայլում էին։ Առաջին անգամ ես զգացի անհայտ երկրներ հետազոտողների ուրախությունը։ Կղզին անմարդաբնակ էր։ Այն մարդիկ, որոնք եկել էին ինձ հետ, մնացել էին հեռվում, ետևում և ոչ ոքի չէի կարող հանդիպել, բացի վայրի գազաններից ու թռչուններից։ Ես զգուշությամբ անցնում էի ծառերի միջով։ Այստեղ, այնտեղ տեսնում էի անծանոթ բույսեր ու ծաղիկներ, այստեղ, այնտեղ հանդիպում էի օձերի։ Նրանցից մեկը նստել էր ժայռի ճեղքում։ Օձը գլուխը բարձրացրեց և տարօրինակ, պտտվող հոլի ձայնով ճչաց։ Իսկ ես պատկերացում էլ չունեի, որ դա հռչակավոր բոժոժավոր օձն է, որի խայթոցը մահ է պատճառում։ Վերջապես մտա կաղնու նման ծառերի մի խիտ անտառ։ Հետագայում իմացա, որ դրանք մշտադալար կաղնի են կոչվում։ Նրանք աճում էին ավազի մեջ, շատ ցածր, ինչպես տատասկենու թփերը։ Նրանց հանգուցավոր ճյուղերը հրաշալի կերպով ծռված էին, տերևները խիտ էին, ինչպես հարդե տանիք։ Այդ ծառերի թփուտներն ավելի ու ավելի բարձրանալով, ավազոտ զառիվայրից իջնում, էին լայն, եղեգն աճած ճահճի մեջ, որի միջով անցնում էր նեղուցը թափվող գետակներից մեկը։ Ճահճից գոլորշի էր բարձրանում և հեռադիտակի ուրվագծերը դողդողում էին տոթ մառախուղի մեջ։ Հանկարծ եղեգնը խշշաց։ Կռնչալով թռավ մի վայրի բադ, նրա ետևից մի ուրիշը և շուտով ճահճի վրա թռչունների մի ահագին ամպ կախվեց, որն աղաղակելով պտտվում էր օդում։ Ես իսկույն գլխի ընկա, որ մեր նավաստիներից որևէ մեկը ճահճի մոտ է գալիս։ Եվ չսխալվեցի։ Շուտով լսեցի մի հեռավոր ձայն, որը մոտենալով, ավելի բարձրանում էր։ Ես սաստիկ վախեցա, ծլկեցի մոտակա մշտադալար կաղնիների անտառը և մկան պես թաքնվեցի։ Մի ուրիշ ձայն չպատասխանեց։ Հետո կրկին խոսեց առաջին ձայնը և ես այդ ձայնը ճանաչեցի՝ Սիլվերի ձայնն էր։ Նա ինչ-որ բանի մասին անդադար խոսում էր։ Նրա ուղեկիցը պատասխանում էր կտրուկ կերպով։ Ձայներից դատելով, նրանք խոսում էին տաք-տաք, համարյա թե թշնամաբար, սակայն խոսքերը ջոկել չկարողացա։ Վերջապես նրանք լռեցին և, երևի, նստեցին, որովհետև թռչունները հետզհետե հանգստացան և ճահիճն իջան։ Եվ ես զգացի, որ շեղվում եմ իմ պարտականություններից։ Եթե ես այնքան հիմար եմ, որ ափ դուրս եկա ծովահենների հետ, պետք է, առնվազն, լսել, թե ինչի մասին են նրանք՝ խոսում։ Իմ պարտականությունը հրամայում էր ինձ ծածուկ մոտենալ նրանց, որքան կարելի է մոտիկ, և թաքնվել հանգուցավոր թփերի խիտ տերևների մեջ։ Ես կարող էի ճշտությամբ որոշել այն տեղը, որտեղ նստած են երկու նավաստիները՝ մի քանի թռչունների ձայներից և հուզմունքից, որոնք դեռևս պտտվում էին նրանց գլխին։ Դանդաղ, բայց համառ կերպով ոտքերիս ու ձեռքերիս վրա առաջ սողացի։ Վերջապես գլուխս բարձրացնելով և նայելով տերևների լուսանցիկ արանքից, ես տեսա կանաչ հովտի վրա, ճահճի մոտ, ծառերի տակ, Ջոն Սիլվերին և էլի մի նավաստու։ Նրանք իրար դեմ կանգնած խոսում էին։ Երկուսին էլ արևը վառում էր։ Սիլվերը գլխարկը շպրտեց գետնին և նրա մեծ, ուռած, սպիտակ, փայլող քրտինքով պատած դեմքը դարձված էր դեպի խոսակիցը։ — Բարեկամս,— ասում էր նա,— դու ինձ համար իսկական ոսկի ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ես կանհանգստանայի քո համար, եթե ամբողջ սրտով չսիրեի քեզ։ Ամեն բան արված է, ոչինչ չես կարող փոխել։ Ես ուզում եմ քե՛զ մահից ազատել, ահա թե ինչու ես քեզ հետ եմ։ Եթե մեր նավաստիներն իմանային, թե ինչի մասին եմ քեզ հետ խոսում, Թոմ, մտածիր, թե ինչ կանեին ինձ։ — Սիլվեր,— պատասխանեց ծովագնացը, և ես նկատեցի, որ նրա երեսը կարմրել է և խռպոտ, կռկռան ձայնը ձգված պարանի պես դողդողում է,— Սիլվեր, դու արդեն երիտասարդ չես և կարծես թե խիղճ ունես։ Համենայն դեպս, ոչ ոք քեզ սրիկա չի համարում։ Դու փող ունես․․․ Շատ փող․․․ Ավելի, քան ուրիշ ծովագնացները։ Միևնույն ժամանակ դու վախկոտ չես։ Խնդրեմ, բացատրիր ինձ, թե ինչո՞ւ ես գլուխ դնում այդ անարգ առնետների հետ։ Ո՛չ, դու նրանց հետ համամիտ չես կարող լինել։ Ես ավելի շուտ կթողնեմ, որ գլուխս կտրեն, բայց իմ պարտականությանը չեմ դավաճանի։ Հանկարծակի աղմուկն ընդհատեց նրան։ Վերջապես ես գտա մի ազնիվ ծովագնաց և միևնույն ժամանակ տեղեկություն լսեցի մի ուրիշ ազնիվ ծովագնացի մասին։ Հեռվից, ճահճի ետևից տարածվեց մի սուր զայրույթի աղմուկ, հետո երկրորդը և հետո սիրտ կտրատող հեծեծանք։ Հեռադիտակի ժայռերի արձագանքը մի քանի անգամ կրկնվեց։ Ճահճային թռչունների բանակը կրկին վեր բարձրացավ և երկնքի առաջը փակեց։ Դեռ երկար ժամանակ, մահվանից առաջ արձակած այդ հեծեծանքը հնչում էր իմ ականջին, թեև շուրջս կրկին լռություն տիրեց, որը խախտվում էր միայն իջնող թռչունների երամների թևերի թափահարումով և հեռավոր մակընթացության թնդյունով։ Թոմը խթանված ձիու պես ցնցվեց։ Իսկ Սիլվերը մինչև անգամ աչքն էլ չթարթեց։ Նա կանգնած էր՝ հենված հենակին և նայում էր իր խոսակցին, ինչպես խայթելու պատրաստված օձ։ — Ջոն,— ասաց ծովայինը, պարզելով նրան ձեռքը։ ― Ձեռքդ հեռո՛ւ։— գոռաց Սիլվերը, լարախաղացի ճարպկությամբ ու արագությամբ մի քայլ ետ թռչելով։ — Լավ, Ջոն Սիլվեր, ձեռքս ետ կքաշեմ,— ասաց ծովայինը։— Բայց, ճշմարիտ եմ ասում, որ քո անմաքուր խիղճն է միայն ստիպում քեզ, որ վախենաս ինձանից։ Աղաչում եմ, բացատրիր ինձ, թե ի՞նչ է պատահել այնտեղ։ — Ի՞նչ է պատահել,— հարցրեց նրան Սիլվերը, նա ժպտաց, բայց ոչ այնքան լայն, ինչպես միշտ, և նրա աչքերը մեծ դեմքի վրա փոքրացան ինչպես ասեղների ծայրեր և ապակու կտորների նման փայլեցին։ — Ի՞նչ է պատահել։ Իմ կարծիքով դա Ալանն է։ Դժբախտ Թոմն անսահման անվեհերությամբ ասաց. — Ալա՞նը։ Հանգիստ նրա ոսկորներին, նա մեռավ իսկական ծովայինի պես։ Իսկ դու, Ջոն Սիլվեր․․․ Մենք երկար ժամանակ ընկերներ ենք եղել, բայց այժմ էլ այդ չի լինի։ Թող ես շան նման սատկեմ, բայց պարտականությանս չեմ դավաճանի։ Դու սպանեցիր Ալանին, այնպես չէ՞։ Ուրեմն ինձ էլ սպանիր, եթե կարող ես։ Բայց գիտցի՛ր, որ ես քեզանից չեմ վախենում։ Այս խոսքերից հետո անվեհեր ծովայինը մեջքը շրջեց դեպի խոհարարը և քայլեց դեպի ափը։ Բայց նրան հեռու գնալ չհաջողվեց․ Ջոնը ճչաց, բռնեց ծառի ճյուղից, ուսի տակից հանեց իր հենակը և նետեց նրա ետևից, ինչպես նիզակ։ Անասելի ուժով ձգված հենակը շվվոցով անցավ օդով և սուր ծայրով մեխվեց նրա մեջքին, թիակների մեջտեղում։ Խեղճ Թոմը թևերը թափահարեց ու ընկավ։ Չգիտեմ՝ ծա՞նր էր արդյոք վիրավորվել։ Ձայնից դատելով նրա ողնաշարը կոտրվել էր։ Սիլվերը չթողեց, որ նա ուշքի գա։ Առանց հենակի, մի ոտով, նա կապկի ճարպկությամբ թռավ Թոմի վրա և դանակը մինչև կոթը խրեց նրա անօգնական մարմնի մեջ։ Թփերի մեջ նստած, ես լսում էի, թե ինչպես ծանր էր շնչում մարդասպանը հարվածելիս։ Ես երբեք գիտակցությունս չեմ կորցրել և չգիտեմ, թե ինչ բան է դա։ Սակայն այդ ժամանակ ողջ աշխարհը լողաց իմ շուրջը, ինչպես մառախուղի մեջ։ Ե՛վ Սիլվերը, և՛ թռչունները, և՛ հեռադիտակի գագաթը՝ բոլորը պտտվում, տատանվում էին։ Ականջներս լցվեցին զանազան տեսակի զանգերի և ինչ֊որ հեռավոր ձայներով։ Երբ ուշքի եկա, հենակն արդեն սրիկայի կռան տակն էր, գլխարկն էլ գլխին։ Նրա առջև անշարժ ընկած էր Թոմը։ Սակայն մարդասպանը նրա վրա չէր էլ նայում։ Նա մի փունջ խոտով մաքրում էր իր արյունոտ դանակը։ Շուրջս ամեն ինչ առաջվա պես էր։ Արևն անխնա կերպով այրում էր և այս ճահիճը, որի վրայից մշուշը քուլաքուլա բարձրանում էր, և լեռան գագաթը։ Ես չէի հավատում, որ մի րոպե առաջ աչքիս առաջ մարդ սպանեցին։ Ջոնը ձեռքը գրպանը տարավ, գրպանից մի սուլիչ հանեց և մի քանի անգամ շվացրեց։ Ես, իհարկե, այդ ազդանշանի նշանակությունը չգիտեի, բայց իմ բոլոր երկյուղները միանգամից զարթնեցին։ Այստեղ մարդիկ կգան։ Ինձ կնկատեն։ Նրանք արդեն երկու ազնիվ ծովագնաց են սպանել։ Ինչո՞ւ Թոմից և Ալանից հետո ես չպետք է զոհ դառնայի։ Աշխատելով չաղմկել, ես չորեքթաթ տալով դուրս եկա թփուտից և դեպի անտառը սլացա։ Վազելիս լսեցի, թե ինչպես ծեր ծովահենը կանչում է իր ընկերներին։ Այդ ձայները կարծես ինձ թևեր տվին։ Անտառը մնաց ետևիս, ես վազեցի այնպես արագ, որ երբեք չէի վազել։ Ես սլանում էի տարբերություն չդնելով ճանապարհների մեջ, միայն թե մարդասպանից հեռու փախչեմ։ Յուրաքանչյուր քայլափոխում իմ երկյուղն ավելանում էր և վերջապես մի խենթ սարսափ դարձավ։ Դրությունս հուսահատական էր։ Թնդանոթն արձակելուց հետո մի՞թե ես կհամարձակվեի մարդկային արյունով թաթախված այդ ավազակների հետ մակույկ նստել։ Մի՞թե նրանցից որևէ մեկը, հենց որ տեսնի ինձ, չի ոլորի իմ վիզը։ Հենց միայն իմ բացակայությունը մի՞թե չէր ապացուցում, որ ես վախենում եմ նրանցից և չի՞ նշանակում, որ ամեն բան իմացել եմ։ Ամեն ինչ վերջացած է, մտածեցի ես։ Մնաս բարով, «Իսպանոլա»։ Մնաք բարով, կալվածատեր, բժիշկ, նավապետ։ Ես կյանքից կզրկվեմ կամ սովից, կամ բանդիտի դանակից։ Ես սլանում էի, չիմանալով թե ուր, և դուրս եկա երկգլուխ գագաթ ունեցող մի ցածրիկ սարի ստորոտը։ Կղզու այս մասում մշտադալար կաղնիներն այնքան էլ խիտ չէին աճում և իրենց չափով նման էին ոչ թե թփերի, այլ սովորական անտառային ծառերի։ Երբեմն նրանց վրա բարձրանում էին հիսուն և մինչև անգամ յոթանասուն ֆուտ բարձրություն ունեցող մենավոր եղևնիներ։ Օդն այստեղ թարմ էր ու մաքուր և բոլորովին այնպես չէր, ինչպես ներքևում, ճահճի մոտ։ Բայց այստեղ ինձ հետամուտ էր լինում մի ուրիշ վտանգ, և իմ սիրտը դարձյալ սարսափից մարեց։ ==Գլուխ XV։ Կղզեբնակ== Զառիվերի քարքարոտ լանջից մանրիկ քարեր թափվեցին և խշշալով ցատկոտեցին ծառերի միջով։ Ես ակամա վերև նայեցի և տեսա մի տարօրինակ էակ, որն արագ թռչում էր եղևնու բնի ետևից։ Ի՞նչ էր։ Ա՞րջ։ Մա՞րդ։ Կապի՞կ։ Ես կարողացա տեսնել միայն ինչ-որ սև ու բրդոտ բան և սարսափից կանգ առա։ Եվ այսպես երկու ճանապարհն էլ կտրված են։ Ետևից հետամուտ են լինում մարդասպանները, առջևից՝ այս անհայտ հրեշը։ Եվ միանգամից գերադասեցի հայտնի վտանգն անհայտից։ Մինչև անգամ Սիլվերն այնքան սարսափելի չէր թվում, որքան այս անտառային կենդանին։ Ես շրջվեցի և, ամեն րոպե ետ նայելով, վազեցի դեպի մակույկի կողմը։ Հրեշը, ճանապարհը ծռելով, իմ առջև դուրս եկավ։ Ես շատ հոգնած էի։ Բայց եթե մինչև անգամ հոգնածություն էլ չզգայի, միևնույն է, չէի կարող արագության մեջ մրցել այդ տեսակ արագաշարժ թշնամու հետ։ Տարօրինակ էակը եղնիկի արագությամբ մի բնից մյուս բնի մոտ էր վազում։ Նա շարժվում էր երկու ոտի վրա, մարդու նման, թեև շատ էր ծռված դեպի գետին։ Այո՛, դա մարդ էր, այդ բանում ես այլևս չէի կարող կասկածել։ Ես հիշեցի այն բոլորն, ինչ որ լսել էի մարդակերների մասին և արդեն պատրաստվում էի օգնություն կանչել։ Սակայն այն միտքը, որ իմ առջև մարդ է կանգնած, թեև վայրենի, որոշ չափով արիացրեց ինձ։ Եվ վախը դեպի Սիլվերը հանկարծ կենդանացավ։ Ես կանգնեցի և մտածում էի, թե ինչպես ծլկեմ թշնամուց։ Հետո հիշեցի, որ մոտս ատրճանակ կա։ Հենց տեսա, որ անօգնական չեմ, քաջությունս վերադարձավ, և ես վճռականորեն կղզու կողմը վազեցի։ Նա կրկին թաքնվեց, այս անգամ ծառի ետևում։ Նկատելով, որ ես գնում եմ իր մոտ, նա դուրս եկավ թաքստոցից և ուզում էր մի քայլ անել դեպի ինձ։ Հետո անվճռականորեն կանգնեց, ետ-ետ քաշվեց և հանկարծ ծունկ չոքեց և աղերսանքով ձեռքերը պարզեց դեպի ինձ, որն ինձ սաստիկ զարմացրեց ու վրդովեց։ Ես նորից կանգ առա։ — Ո՞վ եք դուք,— հարցրի ես։ — Բեն Գանը,— պատասխանեց նա։ Նրա ձայնը խռպոտ էր և վայրի, որպես ժանգոտ կողպեքի ճռռոցը։— Ես դժբախտ Բեն Գանն եմ։ Երեք տարի է, ոչ մի մարդու հետ չեմ խոսել։ Նա այնպես սպիտակ էր, ինչպես ես, և դեմքի գծագրությունը մինչև անգամ հաճելի էր։ Միայն մաշկն այնպես էր սևացել արևի տակ, որ մինչև անգամ շրթունքներն էլ սև էին։ Այն բոլոր մուրացիկներից, որ ես տեսել էի իմ կյանքում, սա ամենից գջլտվածն էր։ Նրա հագուստը կազմված էր հին առագաստի լաթերից և նավաստու վերնաշապկից։ Մի լաթը մյուսի հետ ամրացված էր կամ կոճակով, կամ ծառի ճյուղով, կամ կպրած վուշի թելով։ Միակ չպատառոտված բանը, որ կար նրա վրա, կաշվե գոտին էր՝ պղնձե ճարմանդով։ — Երեք տարի՜,— բացականչեցի ես։— Ձեր նավը խորտակվե՞լ է։ — Ոչ, բարեկամս,— ասաց նա,— ինձ թողել են այստեղ կղզու վրա։ Ես լսել էի ծովահենների այդ սարսափելի պատժի մասին. մեղավորին իջեցնում էին որևէ հեռու, անմարդաբնակ կղզի և թողնում այնտեղ, տալով քիչ քանակությամբ վառոդ ու գնդակ։ — Ինձ գցել են այս կղզին երեք տարի առաջ,— շարունակեց նա։— Այդ օրվանից կերակրվում եմ այծի մսով, պտուղներով ու ոստրեներով։ Մարդն ընդունակ է ապրելու ամեն տեղ, ուր որ նրան գցեն։ Բայց եթե դու իմանայիր, սիրելիս, թե ինչպես իմ սիրտը կարոտել է մարդու ուտելիքին։ Մի կտոր պանիր չկա՞ մոտդ։ Ո՞չ։ Դե, տեսնո՞ւմ եք, ես երկար ժամանակ է, որ երազում պանիր եմ տեսնում։ Զարթնում եմ, բայց պանիր չկա։ — Եթե ինձ հաջողվի նավ վերադառնալ,— ասացի ես,— դուք, ա՛յ այսպիսի կտոր պանիր կստանաք։ Նա շոշափում էր իմ բաճկոնը, շոյում ձեռներս, դիտում կոշիկներս և լուռ, երեխայի նման ուրախանում էր, որ իր առջև մարդ է տեսնում։ Սակայն, լսելով իմ պատասխանը, նա ինձ վրա նայեց մի տեսակ խորամանկությամբ։ — Եթե քեզ հաջողվի նա՞վ վերադառնալ,— կրկնեց նա իմ խոսքերը։— Իսկ ո՞վ կարող է քեզ խանգարել։ — Դե՛, իհարկե, ոչ դուք,— պատասխանեցի ես։ ― Իհարկե, ոչ ես,— բացականչեց նա։— Իսկ քո անունն ի՞նչ է, բարեկամս։ — Ջի՛մ,— ասացի ես։ — Ջիմ, Ջիմ,— կրկնում էր նա հաճույքով։— Այո՛, Ջիմ, ես այնպիսի կյանք եմ վարել, որ ամաչում եմ քեզ պատմել։ Ինձ վրա նայելով, դու կհավատա՞ս արդյոք, որ իմ մայրը շատ լավ ու ազնիվ կին է եղել։ — Դժվար է հավատալ,— համաձայնեցի ես։ — Նա հազվագյուտ կին էր,— ասաց նա։— Ես բարեկիրթ, քաղաքավարի տղա էի և կարողանում էի այնպես արագ անգիր կրկնել հավատի ուսմունքը, որ մի խոսքը մյուսից տարբերել չէր կարելի։ Եվ ահա թե ես ինչ դարձա, Ջիմ։ Եվ այդ բոլորը նրանից եղավ, որ ես երիտասարդ ժամանակ գնում էի գերեզմանատուն գիր ու արծիվ խաղալու։ Աստված վկա, սկսեցի գիր ու արծվով և գլորվեցի։ Մայրս ասաց, որ իմ վերջը լավ չի լինի, և նրա գուշակությունը կատարվեց։ Ասենք, լավ եղավ, որ ես ընկա այս կղզի։ Մենակության մեջ ես շատ մտածեցի և զղջացի։ Այժմ արդեն ինձ խմիչքով ոչ ոք չի կարող հրապուրել։ Իհարկե, ես խմիչքից այժմ էլ չեմ հրաժարվի, բայց քիչ կխմեմ, մի մատնոցից ոչ ավելի... Ես ինձ խոսք եմ տվել ուղղվել և այժմ արդեն ճանապարհից չեմ դուրս գա, կտեսնես, իսկ որ գլխավորն է, Ջիմ,— նա ետ նայեց և ձայնը ցածրացրեց,— չէ՞ որ ես այժմ հարստացել եմ։ Այն ժամանակ ես վերջնականապես համոզվեցի, որ մենակության մեջ խեղճը խելագարվել է։ Երևի իմ միտքն արտացոլվել էր իմ դեմքի վրա, որովհետև նա տաքացած կրկնեց. — Հարո՛ւստ։ Հարո՛ւստ։ Լսի՛ր, Ջիմ, ես քեզ մարդ կդարձնեմ։ Ա՜խ, Ջիմ, դու կօրհնես ճակատագիրը, որ առաջինը գտար ինձ։ Հանկարծ նրա դեմքը մռայլվեց, նա սեղմեց իմ ձեռքը և սպառնական կերպով մատը բարձրացրեց․ — Ճշմարիտն ասա, Ջիմ, սա Ֆլինտի նա՞վը չէ։ Գլխումս մի բախտավոր միտք ծագեց։ Այս մարդը մեր զինակիցը կարող է դառնալ։ Եվ ես իսկույն պատասխանեցի նրան․ ― Ո՛չ, Ֆլինտի նավը չէ, Ֆլինտը մեռել է։ Բայց քանի որ դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը, ահա։ Նավի վրա Ֆլինտի հին ընկերներից մի քանիսը կան և այդ հանգամանքը մեզ համար մեծ դժբախտություն է։ — Կա՞ արդյոք․․․ միոտանին,— գոչեց նա շնչասպառ լինելով։ — Սիլվե՞րը,— հարցրեցի ես։ — Սիլվե՛րը, Սիլվե՛րը։ Այո՛, նրա անունը Սիլվեր էր։ — Նա մեզ մոտ խոհարար է։ Եվ ղեկավարում է ավազակախումբը։ Նա դեռևս բռնել էր իմ ձեռքը, սակայն այս խոսքերից հետո քիչ մնաց, որ կոտրի։ — Եթե քեզ ուղարկել է Երկարահասակ Ջոնը,― ասաց նա,— ես կորած եմ։ Գիտե՞ս արդյոք, թե որտեղ ես գտնվում։ Ես պատմեցի նրան բոլոր մեր ճանապարհորդության, և մեր տանջալի դրության մասին։ Նա ինձ լսեց մեծ ուշադրությամբ, և երբ վերջացրի, գլուխս շոյեց․ — Դու սքանչելի տղա ես,— ասաց նա։— Դուք բոլորդ այժմ կապված եք մեռյալ հանգույցով։ Հույսներդ դրեք Բեն Գանի վրա, և նա ձեզ կփրկի։ Ասա՛, ի՞նչպես կվերաբերվի ձեր կալվածատերը դեպի այն մարդը, որը ձեզ փորձանքից կազատի։ Ես ասացի, որ կալվածատերն աշխարհիս ամենաառատաձեռն մարդն է։ — Լա՛վ, լա՛վ, բայց գիտե՞ս,— շարունակեց Բեն Գանը,— ես չեմ պատրաստվում նրանից ծառայի սպասազգեստ կամ դռնապանի պաշտոն խնդրել։ Ես ուզում եմ իմանալ, նա կհամաձայնի՞ արդյոք տալ ինձ գոնե մի հազար ֆունտ այն փողերից, որոնք առանց այն էլ իմն են։ — Համոզվաձ եմ, որ կտա,— պատասխանեցի ես։— Բոլոր նավաստիները պետք է նրանից իրենց բաժին գանձն ստանային։ — Եվ ինձ տո՞ւն կտանի,— հարցրեց նա, զննող հայացքով նայելով ինձ։ — Իհարկե՛,— բացականչեցի ես։— Կալվածատերն իսկական ջենտլմեն է, եթե մենք ազատվենք ավազակներից, այնպիսի փորձված ծովագնացի օգնությունը, որպիսին դուք եք, նավի վրա չափազանց հարկավոր կլինի։ — Այո՛,— ասաց նա,— ուրեմն դուք անպատճառ կտանե՞ք ինձ։ Եվ թեթևացած՝ հառաչեց։ — Իսկ այժմ լսի՛ր, թե ինչ կպատմեմ քեզ,— շարունակեց նա։— Երբ Ֆլինտը թաղեց գանձը, ես նավի վրա էի։ Նրա հետ կային նաև վեց ծովագնաց՝ առողջ, ուժեղ մարդիկ։ Նրանք կղզու վրա մնացին մի շաբաթի չափ, իսկ մենք գտնվում էինք հին «Ծովացուլի» վրա։ Մի գեղեցիկ օր տեսանք մի մակույկ, որի մեջ նստած էր Ֆլինտը, որի գլուխը կապված էր կապույտ թաշկինակով։ Արևը դուրս էր գալիս։ Նա գունատ էր ինչպես մահը և գալիս էր մենակ, իսկ մնացած վեցն սպանված էին... Սպանված ու թաղված էին, այո՛։ Թե ինչպես էր կարողացել բոլորին սպանել, ոչ ոք մեզանից երբեք չիմացավ։ Նրանք կռվել են, հետո սկսել է կոտորածը, և նա բոլորին սպանել է, մեկը՝ վեցին․․․ Բիլի Բոնսն ավագ նավաստի էր, իսկ Երկարահասակ Ջոնը՝ բնակարանապետ։ Նրանք հարցրել են Ֆլինտին, թե որտե՞ղ է գանձը։ Նա պատասխանել է․ գնացեք ափ և որոնեցեք։ Սակայն երդվում եմ որոտով, որ նավը ձեզ չի սպասի։ Ահա թե ինչ ասաց նա։ Իսկ երեք տարի առաջ ես ուրիշ նավի վրա էի, և մենք տեսանք սյս կղզին․ «Տղե՛րք,— ասացի ես,— այստեղ Ֆլինտը գանձ է թաղել։ Ափ իջնենք և որոնենք»։ Նավապեաը շատ բարկացավ։ Բայց բոլոր նավաստիներն ինձ հետ համամիտ էին, և մենք մոտեցանք ափին։ Տասներկու օր որոնեցինք, բայց գանձը չգտանք։ Ամեն օր ընկերներս ինձ ավելի ու ավելի էին հայհոյում։ Վերջապես նրանք հավաքվեցին նավի վրա։ «Իսկ դու, Բենյամին Գան, մնա այստեղ,— ասացին նրանք։— Ահա քեզ հրացան, բահ և լինգ, Բենյամին Գան․․․ Մնա այստեղ և Ֆլինտի փողերը որոնիր»։ Այդ օրվանից, Ջիմ, ահա երեք տարի է ապրում եմ այստեղ և ոչ մի անգամ մարդկային ազնիվ կերակուր չեմ տեսել։ Նայիր ինձ. մի՞թե ես հասարակ նավաստու նման եմ։ Ո՛չ, ասում ես, նման չե՞մ։ Երբեք էլ նման չեմ եղել։ ― Այդպես էլ ասա քո կալվածատիրոջը։ Ջիմ,— նա երբեք հասարակ նավաստու նման չի եղել,— շարունակեց նա։— Ասա նրան, որ Գանը երեք տարի եղել է այս կղզու վրա, մեն-մենակ, և՛ գիշեր, և՛ ցերեկ, և՛ լավ եղանակին, և՛ անձրևին։ Երբեմն կարելի է, նա հիշել է իր զառամյալ մորը, թեև նա վաղուց կենդանի չէ (այդպես էլ ասա նրան)։ Սակայն իր ժամանակի մեծ մասը (իսկ սա անպատճառ ասա նրան), իր ժամանակի մեծ մասը Գանը պարապել է ուրիշ գործերով։ Եվ այս խոսքերն ասելիս կսմթիր նրան, ա՛յ, այլպես։ Եվ նա կրկին բարեկամաբար կսմթեց ինձ։ — Դու նրան,— շարունակեց նա,— ահա թե էլ ինչ ասա. Գանը հրաշալի մարդ է (այդպես էլ ասա նրան)։ Գանը գիտե պարոնի և ծովահենի միջև եղած տարբերությունը, որովհետև նա ինքը մի ժամանակ ծովահեն է եղել։ — Ինչ որ դուք ասացիք, ես համարյա ոչինչ չհասկացա,— ասացի ես։— Սակայն դա այժմ կարևոր չէ, որովհեաև միևնույն է, չգիտեմ, թե ինչպես գնամ նավ։ — Ա՜,— ասաց նա,— քո գործը վատ է։ Դե լա՛վ, ես մի նավակ ունեմ, որն ինքս եմ շինել ինձ համար, իմ սեփական ձեռքերով։ Թաքցրել եմ սպիտակ ժայռի տակ։ Որևէ փորձանքի ժամանակ մենք կարող ենք այդ նավակով գնալ, երբ կմթնի․․․ Բայց սպասիր,— գոչեց նա հանկարծ։— Ի՞նչ է կատարվում այնտեղ։ Հենց այդ րոպեին նավից թնդանոթ արձակեցին։ Դղրդալի արձագանքը թնդանոթի ձայնը վերցրեց ու տարածեց ամբողջ կղզու մեջ։ Իսկ մինչև արևի մայր մտնելը դեռ երկու ժամ կար։ — Այնտեղ կռվում են,— բացականչեցի ես։ — Արի իմ ետևից։ Շո՛ւտ։ Եվ սկսեցի վազել դեպի նավի կայանը, մոռանալով իմ երկյուղը։ Իմ կողքից թեթև ու արագ վազում էր դժբախտ գերին։ — Դեպի ձա՛խ, դեպի ձա՛խ,— ասաց նա։— Դեպի ձախ, սիրելի Ջիմ։ Մոտեցիր ծառերին։ Ահա այստեղ ես առաջին անգամ այծ սպանեցի։ Այժմ այծերն այստեղ չեն իջնում, նրանք վազում են միայն այնտեղ, վերևում, սարերի վրա, որովհետև Բենյամին Գանից վախենում են․․․ Վազելիս նա անդադար խոսում էր, պաաասխանի չսպասելով, ասենք ես էլ չէի կարող պատասխանել։ Թնդանոթ արձակելուց հետո երկար ժամանակ լռություն էր տիրում, իսկ հետո հրացանի համազարկ լսվեց։ Իսկ հետո էլի լռություն։ Հետո, մեր առջևում, քառորդ մղոն հեռավորության վրա, բրիտանական դրոշակ ծածանվեց։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Գանձերի կղզին
(section)
Add topic