Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Գանձերի կղզին
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ։ ՑՑԱՊԱՏ= ==Գլուխ XVI։ Հետագա դեպքերի մասին պատմում է բժիշկը։ Ինչպես հեռացան նավից== Երկու նավակն էլ «Իսպանոլայից» հեռացան մոտ մեկն անց կեսին։ Նավապետը, կալվածատերը և ես նստեցինք նավասենյակում, և խորհրդակցում էինք, թե ինչ անել։ Եթե գոնե թեթև քամի լիներ, մենք հանկարծակի կհարձակվեինք վեց խռովարարների վրա, որոնք մնացել էին նավում, խարիսխը կբարձրացնեինք և ծովը կմտնեինք։ Բայց քամի չկար։ Բացի դրանից, հայտնվեց Գենտերը և հաղորդեց, որ Ջիմ Հոկինսը մակույկ մտավ և ծովահենների հետ ափ գնաց։ Մենք, իհարկե, երբեք չէինք մտածում, որ Ջիմ Հոկինսը դավաճան է, սակայն նրա մասին շատ էինք անհանգստանում։ Այն նավաստիները, որոնց հետ գնաց, այնպես հուզված էին, որ խոստովանում եմ, մենք հույս չունեինք, թե նորից Ջիմին կտեսնենք։ Մենք տախտակամած շտապեցինք։ Կուպրը փուչիկներով դուրս էր գալիս ագույցներից։ Օդում տարածված էր ճահիճների գարշահոտությունը, որից քիչ էր մնում սիրտս խառնի։ Այս զզվելի նեղուցից տենդի և փորհարինքի հոտ էր գալիս։ Վեց սրիկաները մռայլ դեմքով նստել էին տախտակամածին։ Ափին, ինչ֊որ մի գետակի գետաբերանի մոտ, գտնվում էին մակույկները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի նավաստի էր նստած։ Նրանցից մեկը «Լիլիբուլերո» էր շվշվացնում։ Սպասելն անտանելի էր, և մենք որոշեցինք, որ ես ու Գենտերը նավակով գնանք հետախուզելու։ Նավակները գտնվում էին նավի աջ կողմում։ Իսկ ես ու Գենտերը գնացինք ուղիղ հենց այնտեղ, ուր քարտեզի վրա ցցապատ էր նշանակված։ Մեզ նկատելով, այն նավաստիները, որոնք պահպանում էին նավակները, շփոթվեցին։ «Լիլիբուլերոն» լռեց։ Մենք տեսնում էինք, թե ինչպես վիճում էին այն մասին, թե ինչ անենք։ Եթե նրանք իմաց տային Սիլվերին, ամեն բան, երևի, այլ կերպ տեղի կունենար։ Բայց, երևի, նրանց հրամայված էր ոչ մի դեպքում մակույկներից չհեռանալ։ Նրանք հանգիստ նստեցին և նրանցից մեկը կրկին «Լիլիբուլերո» շվշվացրեց։ Այդ տեղում ափը մի քիչ գոգավորվում էր, կազմելով փոքրիկ հրվանդանի նման մի բան, և ես դիտմամբ նավակն այնպես վարեցի, որ հրվանդանը ծածկեր մեզ մեր թշնամիներից առաջ, նախքան մենք կհասնեինք ափին։ Ափ դուրս թռչելով, ես ամբողջ ուժով վազեցի, գլխարկիս տակ մետաքսի թաշկինակ դնելով, որ գլուխս վառող արեգակից պաշտպանի։ Յուրաքանչյուր ձեռքիս մի-մի լցրած ատրճանակ կար։ Դեռ հարյուր յարդ էլ չէի վազել, երբ հասա ցցապատին։ Փոքրիկ բլրի կատարից պարզ աղբյուր էր բխում։ Հենց այստեղ, աղբյուրի մոտ, կառուցված էր մի բարձր գերանաշեն տուն։ Նրա մեջ կարող էին տեղավորվել քառասուն մարդ։ Այս շենքի պատերի մեջ հրացանների համար հրակնատներ կային։ Տան չորս կողմը կար մի ընդարձակ, մաքրված տարածություն, շրջապատված վեց ֆուտ երկարությամբ ցցապատերով, առանց դռան, առանց մի ճեղքի։ Կոտրելը հեշտ չէր, իսկ տնակում նստածներից թաքնվելու համար ցցապատերի ետևում կանգնելն անհնարին էր։ Տնակում նստած մարդիկ հարձակվողներին կգնդակահարեին, ինչպես կաքավների։ Եթե նրանք լավ ժամապահներ և բավականաչափ կենսամթերք ունենային, մի ամբողջ գնդի հարձակման կդիմանային։ Առանձնապես ուրախացրեց ինձ աղբյուրը։ Չէ՞ որ «Իսպանոլայի» նավասենյակն էլ վատ չէ, շատ զենք, շատ ռազմամթերք կա, շատ մթերք, շատ հիանալի գինիներ։ Սակայն նավասենյակում ջուր չկար։ Ես այդ մասին մտածում էի, երբ հանկարծ մի սարսափելի, մահից առաջ տեղի ունեցող, հեծեծանք լսեցի։ Առաջին անգամը չէի հանդիպում մահվան. ես ծառայել էի դուքս Կեմբերլենսկու զորքում և Ֆոնտենուայում ինքս էի վերք ստացել, բայց այս աղաղակից սիրտս ճմլվեց․ «Ջիմ Հոկինսը կորավ»,— որոշեցի ես։ Հին զինվոր լինելը մեծ նշանակություն ունի, իսկ բժիշկ լինելն՝ ավելի մեծ։ Մեր գործում ոչ մի րոպե կորցնել չի կարելի։ Ես միանգամից ամեն բան կշռադատեցի, շտապով ափ վերադարձա և թռա նավակի մեջ։ Բարեբախտաբար, Գենտերը հրաշալի թիավար դուրս եկավ։ Մենք սլացանք նեղուցով։ Նավակը հասավ նավին, և ես կրկին նավ բարձրացա։ Բարեկամներս սաստիկ հուզված էին։ Կալվածատիրոջ գույնը թղթի պես սպիտակ էր։ Բարի մարդ,— մտածեցի ես,— քո պատճառով ինչպիսի վտանգների ենթարկեցինք մեր կյանքը։ Տախտակամածին նստած նավաստիներից մեկն էլ նույնպես գունատ էր ու հուզված։ — Այդ մարդը,― ասաց նավապետ Սմոլետը, հայացքը դեպի նավաստին գցելով,— դեռ ավազակության սովոր չէ։ Երբ նա գոռոցը լսեց, բժիշկ, քիչ մնաց ուշքը գնար։ Մի քիչ ժամանակ, և նա մերը կլինի։ Ես պատմեցի նավապետին իմ պլանը, և միասին քննարկեցինք։ Ծերունի Ռեդրետին դրինք միջանցքում, տախտակամածի և նավասենյակի միջև, տալով երեք թե չորս լցված ատրճանակ և մի խոտկուռ՝ պաշտպանվելու համար։ Գենտերը նավակը մոտեցրեց նավին, և մենք Ջոյսի հետ սկսեցինք բարձել վառոդ, ատրճանակ, պաքսիմատ, խոզի միս։ Հետո նավակի մեջ գցեցինք մի տակառ կոնյակ և իմ թանկագին դեղերի արկղը։ Այդ ժամանակ կալվածատերն ու նավապետը տախտակամած դուրս եկան։ Նավապետը կանչեց երկրորդ ավագ նավաստուն, որը նավում մնացած նավաստիների պետն էր։ — Պարոն Հենդս,— ասաց նա,— մենք այստեղ երկու հոգի ենք և յուրաքանչյուրս երկու ատրճանակ ունենք։ Ձեզանից ով որ ազդանշան տա կղզի գնացողներին, կսպանվի։ Ավազակները շփոթվեցին։ Հետո, իրար հետ ցածր ձայնով խոսելուց հետո, ցած իջան և ուզում էին թիկունքից հարձակվել մեզ վրա, սակայն նեղ միջանցքում ատրճանակներով զինված Ռեդրետին հանդիպելով, միանգամից ետ դարձան։ Ինչ-որ մեկը տախտակամածի անցքից գլուխը դուրս հանեց։ — Ցած իջիր, շուն,— գոռաց նավապետը։ Գլուխն անհետացավ։ Բոլոր վեց հոգին էլ, սաստիկ վախեցած, ինչ֊որ տեղ մտան և լռեցին։ Մենք Ջոյսի հետ նավակը բերնեբերան լցրինք։ Հետո իջանք նավակը և ամբողջ ուժով թիավարելով, դեպի ափ էինք սլանում։ Մեր երկրորդ անգամ գալը ափին կանգնած ժամապահներին չափազանց անհանգստացրեց։ «Լիլիբուլերոն» կրկին լռեց։ Եվ նախքան հրվանդանն անցնելը և նրանց չտեսնելը, նրանցից մեկը նավակը թողեց և անտառի խորքը վազեց։ Ես ուզում էի, առիթից օգտվելով, նրանց մակույկները ոչնչացնել, բայց՝ վախեցա, որ Սիլվերն իր ավազակախմբով մոտիկ լինի, և մենք ամեն ինչ կկորցնենք, եթե չափազանց շատ բան ցանկանանք։ Մենք հասանք առաջվա տեղը և սկսեցինք բեռներն ամրոցը տանել։ Ծանր բեռնավորված, մենք մեր պաշարը տարանք մինչև ամրոցը և գցեցինք ցցապատի այն կողմը։ Պաշարը պաշտպանելու համար թողինք Ջոյսին։ Նա մենակ մնաց, սակայն նրա մոտ հրացանների թիվը կես դյուժինից պակաս չէր։ Իսկ մենք Գենտերի հետ վերադարձանք նավակի մոտ և նորից պաշար տարանք։ Այսպիսով, առանց հանգստանալու աշխատելով, աստիճանաբար ողջ բեռները տեղափոխեցինք։ Ջոյսը և Գենտերը մնացին ամրոցում, իսկ ես ամբողջ ուժով թիավարելով, սլացա դեպի «Իսպանոլան»։ Մենք որոշեցինք մի անգամ էլ բարձել նավակը։ Բայց վտանգավոր էր։ Նրանք, իհարկե, շատ էին, քան մենք, սակայն մենք լավ էինք զինված։ Ափ դուրս եկածներից ոչ ոք ատրճանակ չուներ և մինչև նրանց մեզ մոտենալը, կկարողանայինք առնվազն վեց մարդ սպանել։ Կալվածատերն ինձ սպասում էր նավախելի պատուհանի մոտ։ Նա շատ կայտառացել էր և ուրախացել։ Իմ ձգած պարանի ծայրը բռնելով, նա քաշեց մակույկը, և մենք կրկին սկսեցինք բարձել խոզի միս, վառոդ, պաքսիմատ։ Հետո վերցրինք մի-մի ատրճանակ և մի-մի թուր՝ ինձ, կալվածատիրոջ, Ռեդրետի և նավապետի համար։ Մնացած գենքը և վառոդը ծովը թափեցինք։ Նեղացում ջրի խորությունը երկու և կես սաժեն էր, և մենք տեսնում էինք, թե ինչպես, արեգակի լույսով լուսավորված, փայլում է պողպատը մաքուր, ավազոտ հատակին։ Տեղատվությունն սկսվեց, և մեր նավը շրջում էր խարսխի շուրջը։ Ափին, մակույկների մոտ, իրար կանչող ձայներ էին լսվում։ Թեև դա ապացուցում էր, որ Ջոյսն ու Գենտերը, որոնք գտնվում էին արևելյան կողմում, դեռ նկատված չեն, այնուամենայնիվ, որոշեցինք շտապել։ Ռեդրետը թողեց իր պահակատեղը միջանցքում և թռավ նավակի մեջ։ Նավակը տարանք նավի մյուս կողմը, որ նավապետ Սմոլետն էլ նստի։ — Տղե՛րք,— գոչեց նա բարձրաձայն,— դուք ինձ լսո՞ւմ եք։ Նավաստիների սենյակից ձայն լսվեց։ — Քե՛զ հետ եմ, Աբրահամ Գրեյ։ Լռություն։ — Գրեյ,— շարունակեց պարոն Սմոլետը, ձայնը բարձրացնելով,— ես հեռանում եմ նավից և հրամայում եմ քեզ հետևել քո նավապետին։ Ես գիտեմ, որ դու իսկապես լավ մարդ ես, մնացածներն էլ այնքան վատ չեն, որքան աշխատում են ձևանալ։ Ժամացույցը ձեռքիս է։ Երեսուն վայրկյան ժամանակ եմ տալիս, որ դու միանաս ինձ։ Շփոթություն սկսվեց։ — Դե արի, բարեկամս,— շարունակեց նավապետը։— Մի ստիպիր մեզ, որ իզուր ժամանակ կորցնենք։ Դանդաղության յուրաքանչյուր վայրկյանը մահ է սպառնում թե՛ ինձ և թե՛ այս պարոններին։ Խուլ պայքար սկսվեց, լսվեցին զարկի ձայներ և Աբրահամ Գրեյը տախտակամած դուրս եկավ։ Նրա երեսը դանակով կտրված էր։ Նա վազեց նավապետի մոտ, ինչպես մի շուն, որին տերը շվացրել է։ — Ես ձեզ հետ եմ, պարոն,— ասաց նա։ Նրանք երկուսն էլ թռան նավակի մեջ, և մենք առաջ շարժվեցինք։ Նավը թողեցինք, բայց դեռ ցցապատին չէինք հասել։ ==Գլուխ XVII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Վերջին տեղափոխությունը նավակով== Այս վերջին, հինգերորդ տեղափոխությունն այնքան բարեհաջող չվերջացավ, ինչպես առաջվա տեղափոխությունները։ Առաջինը, մեր փոքրիկ մակույկը շատ ծանրաբեռնված էր։ Հինգ մեծահասակ տղամարդ, որոնցից երեքի՝ Տրելոնիի, Ռեդրետի և նավապետի հասակը վեց ֆուտից բարձր էր, քիչ բան չէ։ Սրան ավելացրեք վառոդը, խոզի միսը և պաքսիմատի պարկերը։ Ջուրը լցվում էր նավակի մեջ։ Դեռ հարյուր յարդ չէինք անցել, որ իմ անդրավարտիքը և բաճկոնի փեշերը թրջվեցին։ Նավապետն ստիպեց մեզ բեռներն ուրիշ տեսակ դասավորել, և նավակն ուղղվեց։ Այնուամենայնիվ, մենք վախենում էինք շնչելուց, որ մակույկը չշրջվի։ Երկրորդը, տեղատվության պատճառով ուժեղ հոսանք էր սկսվել, որն ուղղված էր դեպի արևմուտք, հետո շրջվում էր դեպի հարավ, դեպի բաց ծովը, այն անցքով, որի միջով առավոտյան անցավ մեր նավը։ Մեր սաստիկ ծանրաբեռնված նավակը կարող էր շուռ տալ ամենաթեթև ալեծածանումն անգամ։ Բայց ամենից վատն այն էր, որ հոսանքը մեզ մի կողմ էր տանում և չէր թողնում, որ ափին հասնենք, այնտեղ, ուր առավոտյան հասել էինք։ Եթե մենք հոսանքը չհաղթահարեինք, կհասնեինք ափ, երկու մակույկների մոտ, որտեղ ամեն րոպե կարող էին հայտնվել ծովահենները։ — Էլ ուժ չունեմ վարելու դեպի ցցապատը, պարոն,— ասացի նավապետին։ Ես նստած էի ղեկի մոտ, իսկ նավապետն ու Ռեդրետը, որոնք դեռ չէին հոգնել, թիավարում էին։ Հոսանքը տանում էր մեզ։ Չի՞ կարելի ուժ տալ թիերին։ — Եթե ուժ տանք թիերին, ջուր կլցվի,— ասաց նավապետը։ — Աշխատեցեք, խնդրեմ, և պահեցեք ուղիղ հոսանքին հակառակ։ Աշխատեցեք, պարոն, խնդրում եմ ձեզ,— ասաց նավապետը։ Հոսանքը մեզ տանում էր դեպի արևմուտք այնքան ժամանակ, քանի դեռ մակույկի քիթը չէր ուղղել դեպի արևելք, ուղիղ անկյունով, այն ճանապարհով, որով մենք պետք է շարժվեինք։ — Այսպես մենք երբեք ափ չենք հասնի,— ասացի ես։ — Եթե մյուս բոլոր ուղղություններով քամին մեզ քշում է, պարոն, ապա այս ուղղությունը պետք է բռնենք պատասխանեց նավապետը։— Վարեցեք հոսանքի դեմ։ Եթե տանի,— շարունակեց նա,–— մենք արդեն երբեք ցցապատի մոտ չենք կարող կանգ առնել, և ավազակային մակույկները կարող են հարձակվել մեզ վրա։ Իսկ եթե ուշանանք, հոսանքը շուտով կհանդարտվի, և մենք հանգիստ կերպով կհասնենք ափ։ — Հոսանքն արդեն թույլ է, պարոն,— ասաց նավաստի Գրեյը, որը նստել էր մակույկի քթին։— Կարելի է մի քիչ ուղղել դեպի ափը։ ― Շնորհակալ եմ, սիրելիս,— շնորհակալություն հայտնեցի նրան, կարծես թե մեր մեջ երբեք՝ ոչ մի թյուրիմացություն չէր եղել։ Մենք բոլորս անխոս պայմանավորվել էինք վարվել նրա հետ այնպես, որ կարծես թե նա հենց սկզբից մեր համախոհն է եղել։ Եվ հանկարծ նավապետը, ձայնը փոխելով, ասաց․ ― Թնդանոթը։ — Ես արդեն այդ մասին մտածել եմ,— ասացի ես, կարծելով, թե նա ասում է, որ հնարավոր է թնդանոթով ռմբակոծեն մեր ամրոցը։— Նրանց երբեք չի հաջողվի թնդանոթն ափ հանել։ Իսկ եթե հանեն էլ, կմնա անտառում։ — Ո՛չ, դուք նայեցեք դեպի նավախելը,— ասաց նա։ Շտապելուց թնդանոթը բոլորովին մոռացել էինք։ Հինգ սրիկա հանում էին թնդանոթի «բաճկոնը», ինչպես նրանք անվանում էին կուպրոտ պարուսինե ծածկոցը, որով թնդանոթը ծածկված էր։ Ես հիշեցի, որ մենք նավի մեջ վառոդ և ռումբեր ենք թողել և որ ավազակները շատ հեշտությամբ կարող են պահեստից հանել։ — Իզրայելը Ֆլինտի մոտ թնդանոթաձիգ է եղել,— խռպոտ ձայնով ասաց Գրեյը։ Ես մակույկն ուղիղ դեպի ափն ուղղեցի։ Հոսանքը թուլացել էր, և մենք հեշտությամբ կարողանում էինք մակույկը վարել, որը հրաշալի կերպով հնազանդվում էր ղեկին։ Բայց, հակառակի պես, այժմ ուղղված էր դեպի «Իսպանոլան» և հրաշալի թիրախ էր հանդիսանում։ Ես կարողանում էի ոչ միայն տեսնել, այլև լսել, որ կարմրամաշկ սրիկա Իզրայել Գենդսը տախտակամածի վրայով ռումբ էր գլորում։ — Ո՞վ է մեր ամենալավ կրակողը,— հարցրեց նավապետը։ — Անկասկած, պարոն կալվածատերը,— պատասխանեցի ես։ — Պարոն Տրելոնի, սպանեցեք ավազակներից մեկին։ Եթե կարելի է, Գենդսին,— ասաց նավապետը։ Տրելոնին պողպատի պես սառն էր։ Նա դիտեց իր հրացանի հրահանը։ — Զգո՛ւյշ, պարոն,— բացականչեց նավապետը,— մակույկը շուռ չտաք։ Իսկ դուք բոլորդ պատրաստ եղեք և կրակելու ժամանակ աշխատեցեք հավասարակշռություն պահպանել։ Կալվածատերը հրացանը բարձրացրեց, թիավարները թիավարելը դադարեցրին, մենք անցանք մակույկի մյուս կողմը, որպեսզի հավասարակշռություն պահպանենք, և այդ բոլորն այնպես հաջող անցավ, որ ոչ մի կաթիլ ջուր ներս չթափվեց։ Այդ ժամանակ ծովահենները թնդանոթի բերանը դեպի մեր կողմն էին դարձնում, և Գենդսը, որ կանգնած էր թնդանոթի փողաբերանի մոտ, հիանալի թիրախ էր։ Այնուամենայնիվ, մենք հաջողություն չունեցանք։ Այն ժամանակ, երբ Տրելոնին կրակեց, Գենդսը կռացավ և գնդակը շվալով նրա վրայից անցնելով, դիպավ նավաստիներից մեկին։ Վիրավորը գոռաց և նրա գոռոցին ձայնակցեցին ոչ միայն նրանք, ովքեր նրա հետ նավի վրա էին, այլև շատ ձայներ ափից։ Նայելով այնտեղ, ես տեսա, որ ծովահեններն անտառից դեպի մակույկներն են վազում։ — Նրանք իսկույն կճանապարհվեն,— ասացի ես։ — Ընթացքն արագացրեք,— գոչեց նավապետը։— Այժմ արդեն կարևոր չէ, կխորտակվի՞ նավակը, թե ոչ։ Եթե մեզ չհաջողվի ափ հասնել ամեն ինչ կորած է։ — Միայն մի՛ մակույկ է ճանապարհվում, պարոն,— նկատեցի ես։— Մյուս մակույկի մարդիկ, երևի, վազում են ափով, որ մեր ճանապարհը կտրեն։ — Նրանք ստիպված կլինեն շատ վազել,— առարկեց նավապետը։— Իսկ ծովագնացները ցամաքի վրա արագաշարժ չեն։ Ես նրանցից չեմ վախենում, այլ՝ թնդանոթից։ Սատանանե՛ր։ Իմ թնդանոթն անվրեպ է խփում։ Նախազգուշացրեք մեզ, կալվածատեր, երբ վառված պատրույգը կտեսնեք, նավակին ուրիշ ուղղություն կտանք։ Չնայած ծանր բեռանը, մեր նավակն այժմ բավական արագ էր շարժվում և համարյա թե մեջը ջուր չէր լցվում։ Մնում էր միայն, որ երեսուն֊քառասան անգամ թիավարենք, և կհասնենք ծառերի մոտի ավազոտ ծանծաղուտին, որը տեղատվությունը մերկացրել էր։ Մակույկն արդեն մեզ հասնել չէր կարող, հրվանդանը նրան ծածկում էր։ Տեղատվությունը, որը քիջ առաջ մեր փախչելուն խանգարում էր, այժմ խանգարում էր մեր թշնամիներին, որ մեզ չհասնեն։ Մեզ միայն թնդանոթն էր սպառնում։ — Ավելի լավ է կանգ առնենք և նրանցից մեկին էլ սպանենք,— ասաց նավապետը։ Բայց պարզ էր, որ անպատճառ թնդանոթ կարձակեն։ Ավազակները մինչև անգամ իրենց վիրավոր ընկերոջ վրա չէին նայում, թեև նա կենդանի չէր, և մենք տեսնում էինք, թե ինչպես նա փորձում էր մի կողմ սողալ։ ― Պատրաստ է,— բացականչեց կալվածատերը։ — Դեպի ետ,— որպես արձագանք ձայն տվեց նավապետը։ Նա և Ռեդրետն այնպես շարժեցին թիակները, որ նավախելը խորասուզվեց ջրի մեջ։ Կալվածատերը ժամանակին զգուշացրեց մեզ։ Թնդանոթը թնդաց, այն, որ լսեց Ջիմը, կալվածատիրոջ հրացանի ձայնը նրան չհասավ։ Մենք չնկատեցինք, թե որտեղ ընկավ ռումբը։ Ես ենթադրում եմ, որ ռումբն անցավ մեր գլխով և նրա առաջացրած քամին էր մեր դժբախտության պատճառը։ Այնուամենայնիվ, կրակոցից անմիջապես հետո նավակի ետևի մասը խրվեց ջուրը, նավակի մեջ ջուր լցվեց և սկսեց հանդարտ խորասուզվել։ Ջրի խորությունն ընդամենը երեք ֆուտ էր։ Ես ու նավապետը հաջողությամբ կանգնեցինք ծովի հատակին, իրար դիմաց։ Մնացած երեք հոգին ջուրն ընկան և փնչացնելով ու հևալով դուրս եկան։ Իսկապես, մենք էժան պրծանք. ոչ ոք կյանքից չզրկվեց, և բոլորն էլ հաջողությամբ ափ հասան։ Բայց մեր պաշարը մնաց ծովի հատակում, և ամենավատն այն էր, որ մեր հինգ հրացանից չէր թրջվել միայն երկուսը։ Ես իմ հրացանը, ջրի մեջ ընկնելիս, բնազդաբար բարձրացրի գլխիցս վերև։ Իսկ նավապետի հրացանը կախված էր մեջքից, փականը դեպի վեր և նույնպես չոր էր մնացել, մնացած երեք հրացանը նավակի հետ ջուրն ընկան։ Մոտիկ անտառից ձայներ էին լսվում։ Կարող էին մեր ճանապարհը, դեպի ցցապատը կտրել։ Բացի դրանից, մենք կասկածում էինք, թե կդիմանա՞ն արդյոք Գենտերն ու Ջոյսը, երբ նրանց վրա վեց ծովահեն հարձակվի։ Գենտերն ամուր մարդ էր։ Իսկ Ջոյսից մենք երկյուղ էինք կրում․ նա քաղաքավարի և պատրաստակամ ծառա էր, շատ լավ կարող էր խոզանակով շոր մաքրել, բայց կռվի համար բոլորովին անպետք էր։ Մենք հուզված, ծանծաղուտով ափ հասանք, ճակատագրի քմահաճույքին թողնելով մեր խեղճ նավակը, որի մեջ գտնվում էր մեր ունեցած վառոդի և ողջ մթերքի համարյա կեսը։ == Գլուխ XVIII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը == Մենք ամբողջ ուժով փախչում էինք անտառի միջով, որը բաժանում էր մեզ ցցապատից, և ամեն վայրկյան ծովահենների ձայները մոտենում էին։ Շուտով մենք լսեցինք նրանց ոտնաձայնը և ճյուղերի չրթչրթոցը։ Նրանք անցնում էին անտառի միջով։ Ես հասկացա, որ մենք լուրջ ընդհարում պետք է ունենանք, այդ պատճառով էլ ստուգեցի հրացանը։ ― Նավապետ,— ասացի ես։— Տրելոնին անվրեպ է կրակում, իսկ նրա հրացանը թրջվել է։ Տվեք նրան ձեր հրացանը։ Նրանք հրացանները փոխեցին, և Տրելոնին, առաջվա պես լռակյաց ու սառնարյուն, մի վայրկյան կանգ առավ, լիցքն ստուգելու։ Այս ժամանակ միայն ես նկատեցի, որ Գրեյն առանց զենքի է և տվի նրան իմ թուրը։ Գրեյն ուրախացած, թքեց ձեռքին, ունքերը կիտեց և թուրը ճոճեց այնպիսի ուժով, որ բերանը սուլոցով օդը ճեղքեց։ Եվ թրի յուրաքանչյուր ճոճումը հաստատում էր, որ մեր նոր զինակիցը մինչև արյան վերջին կաթիլը պիտի կռվի։ Էլի քառասուն քայլ վազելուց հետո մենք հասանք անտառի ծայրը և հայտնվեցինք ցցապատի առաջ։ Մենք մոտեցանք ուղիղ ցցապատի հարավային կողմի մեջտեղին։ Միաժամանակ յոթ ավազակները, ավագ նավաստի Ջոբ Էնդերսոնի գլխավորությամբ, բարձր աղաղակելով, դուրս եկան անտառից, ցցապատի հարավարևմտյան անկյունից։ Նրանք շվարված կանգ առան։ Ես և կալվածատերը, նրանց սթափվելու ժամանակ չտալով, կրակեցինք։ Ամրության մեջ եղող Գենտերն ու Ջոյսն էլ կրակեցին։ Չորս ատրճանակներ թնդացին միանգամից, և կրակոցն իզուր չանցավ․ թշնամիներից մեկն ընկավ, մնացածներն շտապով թաքնվեցին ծառերի ետևում։ Նորից հրացանները լցնելով, մենք զգուշությամբ մոտեցանք ցցապատին, որ տեսնենք ընկած թշնամուն։ Նա սպանված էր տեղնուտեղը՝ գնդակը դիպել էր ուղիղ սրտին։ Հաջողությունը մեզ ուրախացրեց։ Բայց հանկարծ թփերի մեջ մի ատրճանակ չրթաց, ականջիս վրայից գնդակը սուլելով անցավ, և խեղճ Թոմ Ռեդրետը տատանվեց ու ամբողջ հասակով ընկավ։ Ես ու կալվածատերը կրակեցինք դեպի թփերը։ Սակայն մեր կրակոցները հաջող չանցան, և, երևի, մեր լիցքերն անտեղի անցան։ Կրկին լցնելով հրացանները, մենք վազեցինք խեղճ Թոմի մոտ։ Նավապետն ու Գրեյն արդեն դիտում էին։ Ես միայն աչքիս ծայրով նայեցի և միանգամից նկատեցի, որ անհույս գործ է։ Երևի, մեր կրակոցներն ստիպեցին նահանջել, որովհետև մեզ հաջողվեց անարգել անցկացնել ցցապատի վրայով խեղճ ծերունի հրացանաձգին և տանել ամրոցի կտուրը։ Խե՜ղճ հին ընկեր։ Նա ոչ մի բանի վրա չէր զարմանում, ոչ մի բանից չէր գանգատվում, ոչ մի բանից չէր վախենում, մինչև անգամ մեր արկածների առաջին օրից մինչև այսօր ոչ մի բանի վրա չէր տրտնջացել։ Նա, որպես տրոյացի, հերոսաբար պաշտպանում էր նավի նախասենյակը։ Բոլոր հրամանները կատարում էր լուռ, բարեխիղճ ու հնազանդ։ Նա բոլորից քսան տարով մեծ էր։ Եվ ահա այդ մռայլ, ծեր, հավատարիմ ծառան մեռնում էր մեր աչքերի առաջ։ Կալվածատերը նրա առջև ծունկ չոքեց, ձեռքը համբուրեց և փոքրիկ երեխայի նման լաց եղավ։ — Բժի՛շկ, ես մեռնում եմ,— ասաց նա։ — Այո՛, բարեկամս,— ասացի ես։ — Ուզում եմ մահվանից առաջ մի գնդակ էլ ուղարկեմ նրանց։ — Թոմ,— ասաց կալվածատերը,— ասա, որ ներում ես ինձ։ — Ինձ համար անպատշաճ է, պարոն, ներել կամ չներել իր տիրոջը,— պատասխանեց ծերունի ծառան։— Թող լինի, ինչ լինելու է։ Ամեն։ Նա լռեց, ապա խնդրեց, որ որևէ մեկն աղոթք կարդա։ — Այդպիսի սովորություն կա, պարոն,— ավելացրեց նա և քիչ հետո մեռավ։ Այդ ժամանակ նավապետը, որին ես զարմանքով դիտում էի, սնդուկից և իր լիքը գրպաններից զանազան իրեր հանեց՝ բրիտանական դրոշակ, մի կապ պարան, գրիչ, թանաք, նավի օրագրության մատյանը և մի քանի ֆունտ ծխախոտ։ Նա գտավ մի երկար եղևնու ձող և Գենտերի օգնությամբ ամրացրեց ամրոցի վրա։ Հետո, կտուրը բարձրանալով, բրիտանական դրոշակն ամրացրեց վրան։ Այս բանը, ըստ երևույթին, մեծ բավականություն պատճառեց նրան։ Հետո նա իջավ և սկսեց հետազոտել և հաշվել պաշարեղենը, երբեմն նայելով Թոմի վրա։ Եվ երբ Թոմը մեռավ, նա մի ուրիշ դրոշակ հանեց ու մեռելին ծածկեց։ — Մի՛ վշտացեք, պարոն,— ասաց նա, սեղմելով կալվածատիրոջ ձեռքը։— Նա մեռավ իր պարտականությունը կատարելիս։ Հետո ինձ մի կողմ տարավ։ — Բժիշկ Լիվսի,— հարցրեց նա,— դուք և կալվածատերը քանի՞ շաբաթից հետո եք սպասում այն նավին, որը պետք է մեզ օգնության ուղարկեն։ Ես պատասխանեցի, որ դա երկարատև գործ է։ Շաբաթներ չի պահանջում, այլ ամիսներ։ Եթե մենք օգոստոսի վերջին չվերադառնանք, Բլենդին մեզ օգնելու համար նավ կուղարկի ոչ ուշ և ոչ շուտ։ — Դե՛, հաշվեցեք, թե այդ նավը երբ կլինի այստեղ,— վերջացրի ես։ — Այդ դեպքում, պարոն,— ասաց նա,— եթե մենք մեծ հաջողություն էլ ունենանք, մենք նեղ վիճակում կլինենք։ — Ինչո՞ւ,— հարցրեցի ես։ — Շատ ափսոս, պարոն, որ նավակի մեջ եղած ամբողջ բեռը փչացավ։ Ահա թե ինչու,— պատասխանեց նա,— վառոդ ու գնդակ բավականին ունենք։ Բայց մթերքը քիչ է։ Շատ քիչ։ Թերևս չենք ափսոսա, որ ավելորդ բերանից ազատվեցինք։ Եվ նա ցույց տվեց բրիտանական դրոշակով ծածկված մեռելին։ Այդ րոպեին տանիքի վրայից սուլոցով թռավ ռումբը և ընկավ հեռու, մեր ետևի անտառը։ — Օհո՜,— ասաց նավապետը։— Ռմբակոծություն։ Բայց չէ՞ որ նրանք վառոդ քիչ ունեն։ Երկրորդ անգամ նշան առնելն ավելի հաջող էր։ Ռումբը ցցապատից անցավ և ընկավ մեր ամրոցի առջև, ավազի ամպ բարձրացնելով։ — Նավապե՛տ,— ասաց կալվածատերը,— ամրոցը նավից չի երևում։ Նրանք, երևի դրոշակին են նշան առնում։ Լավ չի՞ լինի, որ դրոշակն իջեցնենք։ — Դրոշակն իջեցնե՞լ,— վրդուվվեց նավապետը։— Ո՛չ, պարոն։ Ով ուզում է, թող իջեցնի, բայց ես չե՛մ իջեցնի։ Եվ մենք իսկույն նրա հետ համաձայնեցինք։ Ծովային հպարտ սովորությունը թույլ չի տալիս իջեցնել դրոշակը կռվի ժամանակ։ Բացի դրանից, մենք ուզում էինք ապացուցել թշնամիներին, որ նրանց ռմբակոծությունը մեզ համար բոլորովին սարսափելի չէ։ Ամբողջ երեկո թնդանոթով մեզ ռմբակոծում էին։ Ռումբերից մեկն անցավ մեր գլխի վրայով, մյուսն ընկավ ցցապատի առջև, երրորդը՝ ավազի մեջ, ամրության առջև։ Ծովահենները բարձր նշան էին վերցնում, ռումբերն իրենց ուժը կորցնում էին և խրվում ավազի մեջ։ Բեկորներից էլ չէինք վախենում։ Եվ, թեև, մի ռումբ ծակեց մեր տանիքն ու հատակը, սակայն շուտով ընտելացանք ռմբակոծությանը և դրան վերաբերվում էինք անտարբեր, ինչպես ծղրիդի ճռռոցին։ — Այս գործը լավ կողմ էլ ունի,— նկատեց նավապետը։— Բոլոր ծովահենները երևի այժմ նավի վրա են։ Տեղատվությունն ուժեղացել է, և մեր մթերքները, երևի, ջրի տակից դուրս են եկել։ Է՜յ, կամավորներ չե՞ն լինի արդյոք, որ վազեն խոզի միսը բերեն։ Գրեյն ու Գենտերը բոլորից առաջ պատրաստակամություն հայտնեցին։ Լավ զինված, նրանք ցցապատից թռան։ Սակայն խոզի միսը նրանց բաժին չընկավ։ Ծովահեններն ավելի քաջ էին, քան մենք սպասում էինք։ Բացի դրանից, նրանք Իսրայել Հենգսի թնդանոթի վրա մեծ հույս էին դնում։ Հինգ ավազակ եռանդուն կերպով հանում էին մթերքը մեր խորտակված նավակից և տեղափոխում մոտիկ կանգնած մակույկի մեջ։ Մակույկների մեջ նստածներն ստիպված էին շարունակ թիավարել, որովհետև հոսանքը մակույկը մի կողմ էր տանում։ Սիլվերը, մակույկի ետևում կանգնած, կարգադրություններ էր անում։ Նրանք բոլորն էլ զինված էին ատրրճանակներով, որ, երևի, ձեռք էին բերել ինչ-որ գաղտնի պահեստից։ Նավապետը նստեց գերանի վրա և սկսեց գրանցել նավի օրագրական մատյանում․ Ալեքսանդր Սմոլետ՝ նավապետ, Դևիդ Լիվսի՝ նավի բժիշկ, Աբրահամ Գրեյ՝ հյուսնի օգնական, Ջոն Տրելոնի՝ նավատեր, Ջոն Գենտեր և Ռիչարդ Ջոյս՝ նավատիրոջ ձառաներ ու համաերկրացիներ, ահա բոլոր նրանք, ովքեր իրենց պարտականությանը հավատարիմ են մնացել։ Մեզ հետ պաշար վերցնելով, որ կբավի տասն օրից ոչ ավելի, նրանք այսօր ափ իջան և Գանձերի կղզում, ամրոցի վրա բրիտանական դրոշակ բարձրացրին։ Թոմ Ռեդրետին, նավատիրոջ ծառային ու համաերկրացուն ավազակներն սպանեցին։ Ջիմ Հոկինս՝ սպասավոր։ Ես մտածեցի խեղճ Ջիմ Հոկինսի վիճակի մասին։ Հանկարծ անտառում մի կանչ լսվեց։ — Ինչ-որ մեկը մեզ կանչում է,— ասաց Գենտերը, որ պահակ էր կանգնել։ — Բժիշկ, կալվածատեր, նավապետ։ Է՜յ, Գենտեր, դո՞ւ ես,— լսեցինք մեկի ձայնը։ Ես վազեցի դեպի դուռը և տեսա Ջիմ Հոկինսին։ Ողջ ու առողջ նա անցնում էր մեր ցցապատով։ == Գլուխ XIX։ Հետագա դեպքերը կրկին շարադրում է Ջիմ Հոկինսը։ Կայազորն ամրոցում == Հենց որ Բեն Գանը բրիտանական դրոշակը տեսավ, կանգ առավ, ձեռքս բռնեց ու նստեց։ — Դե՛,— ասաց նա,— անկասկած այնտեղ քո բարեկամներն են։ — Ավելի ճիշտ՝ խռովարարները,— ասացի ես։ — Երբեք,— բացականչեց նա։— Այս կղզու մեջ, այս անապատի մեջ, որտեղ բացի ծովահեններից ոչ ոք չի լինում, Սիլվերը ծովահենի սև դրոշակ կբարձրացներ։ Հավատա ինձ։ Ես այդպիսի գործերը լավ գիտեմ։ Այնտեղ քո բարեկամներն են․ սա ճիշտ է։ Երևի ընդհարում է եղել, ու նրանք հաղթել են։ Եվ այժմ նրանք ափին են, ցցապատի ետևում։ Ֆլինտն է ցցապատը կառուցել։ Շատ տարիներ առաջ։ Ի՜նչ գլուխ ուներ ալդ Ֆլինտը։ Միայն ռոմը կարող էր նրան կործանել։ Նա ոչ ոքից չէր վախենում, բացի Սիլվերից։ Իսկ Սիլվերից նա վախենում էր, պետք է ճիշտն ասել։ — Ինչ կա որ,— ասացի ես,— քանի որ ցցապատի ետևում մերոնք են, պետք է գնալ այնտեղ։ — Կա՛ց,— առարկեց Բենը։— Սպասի՛ր։ Դու, թվում է, լավ տղա ես։ Բայց, այնուամենայնիվ, միայն տղա ես։ Իսկ Բեն Գանը խորամանկ է։ Գանը չի սխալվի։ Ո՛չ մի խմիչքով ինձ դեպի այնտեղ չես կարող գրավել․․․ Ես ինքս պետք է տեսնեմ քո պարոնին, և թող նա ինձ ազնիվ խոսք տա։ Իսկ դու իմ խոսքերը չմոռանաս։ Միայն թե, այդպես էլ ասա նրան, վստահությունը հնարավոր է միայն անձնական ծանոթության դեպքում, ու կսմթիր նրա ձեռքը։ Եվ նա երրորդ անգամ կսմթեց ինձ բազմանշանակալից տեսքով։ — Իսկ երբ Բեն Գանը ձեզ պետք գա, դու գիտես, թե որտեղ պետք է գտնել նրան, Ջիմ։ Այնտեղ, ուր այսօր հանդիպեցիր։ Եվ ով որ կգա նրան կանչելու, պետք է ձեռքին սպիտակ թաշկինակ ունենա և մենակ գա։ Դու այդպես էլ ասա նրանց․ «Բեն Գանը դրա համար իր պատճառներն ունի»։ — Լա՛վ,— ասացի ես։— Կարծեմ ես ձեզ հասկացա։ Դուք ուզում եք ինչ-որ առաջարկություն անել և պետք է տեսնվեք կալվածատիրոջ կամ բժշկի հետ։ Իսկ ձեզ տեսնել կարելի է այնտեղ, ուր այսօր տեսա։ Ուրիշ ոչի՞նչ։ — Իսկ ինչո՞ւ դու չես հարցնում, թե ժամը քանիսի՞ն կարելի է գտնել ձեզ այնտեղ։ Ես ընդունում եմ կեսօրից մինչև ժամը երեքը։ — Լա՛վ, լա՛վ,— ասացի ես։— Իսկ այժմ կարո՞ղ եմ գնալ։ — Իսկ դու չե՞ս մոռանա,— հարցրեց նա վրդովված։— Ասա նրան, որ «միայն անձնական ծանոթության դեպքում» և որ «ունի իր պատճառները»։ Ես կխոսեմ նրա հետ, ինչպես մարդը մարդու հետ։ Իսկ հիմա կարող ես գնալ, Ջիմ,— ասաց նա, առաջվա նման ձեռքս ամուր բռնելով։— Լսի՛ր, Ջիմ, իսկ եթե տեսնես Սիլվերին, դու չե՞ս մատնի Բեն Գանին։ Մինչև անգամ եթե քեզ կապեն վայրի ձիու պոչի՞ն։ Չե՞ս մատնի։ Մինչև անգամ տանջեն էլ, չե՞ս ասի։ Թնդանոթի թնդյունը նրա խոսքն ընդհատեց։ Ռումբը սլացավ ձառերի միջով և ընկավ ավազի մեջ, հարյուր յարդ հեռավորության վրա այնտեղից, ուր մենք կանգնած խոսում էինք։ Մենք երկուսս էլ զանազան կողմեր վազեցինք։ Մի ժամ շարունակ կղզին դղրդում էր թնդանոթի կրակոցից, և ռումբերը սլանում էին անտառով, ճանապարհին կործանելով ամեն ինչ։ Ես թաքնվում էի մերթ այստեղ, մերթ այնտեղ, և ամեն տեղ ինձ թվում էր, որ ռումբերն ուղիղ դեպի ինձ են սլանում։ Փոքր առ փոքր իմ կորցրած արիությունը վերադարձավ։ Այնուամենայնիվ, դեռևս չէի վստահում մոտենալ ցցապատին, որի մոտ ռումբերն ավելի հաճախ էին ընկնում։ Շարժվելով դեպի արևելք, վերջապես հասա այն ծառերին, որ աճում էին հենց ափի մոտ։ Արեգակը նոր էր մայր մտել, ծովային թեթև հողմը սուլում էր անտառում և նավահանգստի մոխրագույն մակերևույթը ծածկում ալյակներով։ Տեղատվությունն ընդարձակ ավազոտ ծանծաղուտը մերկացրել էր։ Ցերեկվա տոթից հետո, այնպես էր սառել, որ ես, թեթև բաճկոն հագած, սաստիկ դողում էի։ «Իսպանոլան» առաջվա պես կանգնած էր խարիսխ գցած։ Նրա վրա ծածանվում էր «Ուրախ Ռոջեր» սև, ծովահենական դրոշակ՝ վրան գանգ։ Տախտակամածի վրա կարմիր բռնկոց փայլեց, և դղրդալի արձագանքն ամբողջ անտառում տարածեց թնդանոթի վերջին կրակոցը։ Ռմբակոծությունը վերջացավ։ Ես, թփերի մեջ պառկած, հետևում էի ծովահեններին։ Ափին, հենց ցցապատի դիմաց, մի քանի մարդ ինչ-որ մի բան կացնով կտրատում էին։ Հետագայում ես իմացա, որ նրանք ոչնչացնում էին մեր դժբախտ նավակը։ Հեռվում, գետաբերանի մոտ, ծառերի միջև մի մեծ խարույկ էր բոցկլտում։ Խարույկի և նավի միջև անընդհատ մի մակույկ էր է դեսուդեն գնում։ Նավաստիները, որ առավոտյան այնքան մռայլ էին, այժմ թիավարելիս երեխաների նման գոչում ու ծիծաղում էին։ Սակայն նրանց ձայնից ես կռահեցի, որ ուրախությունը ռոմն է առաջացրել։ Վերջապես որոշեցի գնալ դեպի ցցապատը։ Ես ցցապատից բավականին հեռու էի, ցածրիկ, ավազոտ ցամաքալեզվի վրա, որը փակում էր մեր նավահանգիստը արևելյան կողմից և հասնում մինչև Կմախքի Կղզին։ Բարձրանալով ցամաքալեզվի վրա, ցածրիկ թփուտի մեջ, ես տեսա մի բավականին մեծ մենավոր ժայռ, որը տարօրինակ սպիտակ գույն ուներ։ Ես գլխի ընկա, որ դա այն սպիտակ ժայռն է, որի մասին խոսում էր Բեն Գանը, և որ եթե ինձ նավակ պետք լինի, կիմանամ, թե որտեղ է։ Ես թափառում էի անտառում, մինչև որ տեսա ցցապատի ետևի, ծովից ամենահեռու ծայրը։ Մերոնք ինձ հանդիպեցին շատ սիրալիր։ Ես նրանց պատմեցի իմ արկածների մասին և չորս կողմս նայեցի։ Տունը շինված էր եղևնու անտաշ բներից՝ և՛ պատերը, և՛ տանիքը, և՛ հատակը։ Հատակը մի քանի տեղում մեկ կամ մեկ ու կես ֆուտ բարձր էր գետնից։ Մուտքի մոտ սանդուղք կար, սանդուղքի տակից առվակ էր խոխոջում։ Ջուրը թափվում էր մի արհեստական ավազանի մեջ՝ մի մեծ նավային չուգունե կաթսա, տակը ծակ։ Տունը համարյա թե դատարկ էր։ Միայն մի անկյունում շինված քարաշեն օջախի նման մի բան, երկաթե վանդակով, ածուխի համար։ Ցցապատերով շրջապատված բլրի լանջերին գտնվող բոլոր ծառերը կտրտված էին շինության համար։ Կոճղերից կարելի էր եզրակացնել, որ մի հիանալի պուրակ են ոչնչացրել։ Գետնի վերին շերտը՝ ծառերը կտրատելուց հետո, անձրևները լվացել տարել էին, մնացել էր մաքուր ավազը։ Միայն այնտեղ, որտեղ առվակը դուրս էր գալիս կաթսայից, երևում էին և՛ մամուռ, և՛ ձարխոտ, և՛ կարճահասակ թփուտ։ Ցցապատի ետևից անմիջապես խիտ ու բարձր անտառն էր սկսվում։ Սա, ինչպես ասում էին, պաշտպանությանը խանգարում էր։ Ետևից, ցամաքի կողմից, անտառը բաղկացած էր սոճիներից, իսկ առջևից, նեղուցի կողմից՝ նույն սոճիներից և մշտադալար կաղնիներից։ Երեկոյան սառը, թեթև քամին, որի մասին ես ասացի, փչում էր կոպիտ կերպով շինված շինության բոլոր ճեղքերից, անդադար հատակը ծածկելով ավազե անձրևով։ Ավազը կեղտոտում էր մեր աչքերը, ավազը խրճխրճում էր մեր ատամների տակ, ընկնում էր մեր ուտելիքի մեջ, ավազը պարում էր կաթսայի հատակում, ինչպես բրինձը եռացող կերակրի մեջ։ Ծխնելույզ չունեինք․ ծուխը դուրս էր գալիս տանիքի մեջ եղած քառանկյունի անցքով։ Մուտքի ճանապարհը գտնելուց առաջ, ծուխը տարածվում էր ողջ տան մեջ ու մեզ ստիպում էր հազալ և լաց էինել։ Գրեյը, մեր նոր ընկերը, երեսը կապել էր․ ավազակները նրա այտը կտրել էին։ Իսկ խեղճ ծերունի Թոմ Ռեդրետը, որ դեռ չէր թաղվել, բրիտանական դրոշակով ծածկված, ընկած էր պատի մոտ։ Եթե մեզ թույլ տային պարապ նստել, մենք շուտով կվհատվեինք։ Սակայն նավապետ Սմոլետը բոլորի համար կարողանում էր գործ գտնել։ Նա մեզ կանչեց իր մոտ և բաժանեց երկու հերթի։ Մի հերթի մեջ ընկան բժիշկը, Գրեյը և ես, մյուս հերթի մեջ՝ կալվածատերը, Գենտերը և Ջոյսը։ Մի օրվա մեջ շատ հոգնել էինք, սակայն նավապետը երկու հոգու ուղարկեց անտառ փայտ բերելու, երկու հոգու էլ հրամայեց, որ Ռեդրետի համար գերեզման փորեն։ Բժիշկը դարձավ խոհարար, ինձ դռան մոտ ժամապահ դրեց, իսկ ինքը, նավապետը, սկսեց անցուդարձ անել այս ու այն կողմ, բոլորին օգնել ու սիրտ տալ։ Երբեմն բժիշկը մոտենում էր դռանը, թարմ օդ ծծելու և ծխից կարմրած աչքերը հանգստացնելու։ Այդ ժամանակ նա ինձ հետ կարճ խոսակցություն էր ունենում։ — Այս Սմոլետն ավելի լավ է, քան ես,— ասաց նա մի անգամ։— Եվ եթե այս բանն ինքս խոստովանում եմ, ուրեմն այդպես է, Ջիմ։ Մի ուրիշ անգամ նախ լռեց, հետո գլուխը դարձրեց և ուշադրությամբ նայեց իմ դեմքին։ ― Այն Բեն Գանի վրա կարելի՞ է հույս դնել,— հարցրեց նա։ — Չգիտեմ, պարոն,— պատասխանեցի ես։— Ես հավատացած չեմ, որ նրա խելքը տեղն է։ — Ուրեմն, խելքը տեղը չէ,— ասաց բժիշկը։— Եթե մի մարդ երեք տարի անմարդաբնակ կղզու մեջ իր եղունգներն է կրծոտել, Ջիմ, նրա խելքը տեղը չի կարող լինել այնպես, ինչպես քոնը կամ իմը։ Այդպես են մարդիկ։ Ասում ես նա երազում է պանրի՞ մասին։ — Այո՛, պարոն,— պատասխանեցի ես։ — Լա՛վ, Ջիմ,— ասաց նա։— Տես թե ինչ օգտակար է բժիշկ լինելը։ Դու, երևի, տեսել ես իմ բռնոթամանը, սակայն չես տեսել, որ ես բռնոթի եմ քաշում։ Իմ բռնոթամանում կա մի կտոր իտալական պանիր, որը շատ սննդարար է։ Այդ պանիրը մենք կտանք Բեն Գանին։ Ընթրիքից առաջ մենք ծերունի Թոմին թաղեցինք ավազի մեջ։ Հետո միաժամանակ գլխաբաց կանգնեցինք գերեզմանի մոտ։ Անտառից շատ փայտ էին բերել, սակայն նավապետն էլի դժգոհ էր։ — Վաղը ես կստիպեմ ձեզ, որ աշխատեք ինչպես հարկն է,— ասաց նա։ Ընթրիքին ապխտած խոզի միս ուտելուց և մի-մի բաժակ տաք փունջ խմելուց հետո կալվածատերը, նավապետն ու բժիշկը գնացին խորհրդակցելու։ Սակայն, ըստ երևույթին, ոչ մի լավ բան չմտածեցին։ Պաշարն այնքան քիչ էր, որ մենք անխուսափելիորեն պետք է, մինչև օգնության գալը, սովամահ լինեինք։ Մնում էր մի բան՝ որքան կարելի է շատ ծովահեն սպանել, սպանել մինչև այն ժամանակ, մինչև որ սև դրոշակն իջեցնեն կամ «Իսպանոլայով» բաց ծով դուրս գան։ Նրանք տասնիննից տասնհինգ էին դարձել, որոնցից երկուսը վիրավոր էին, իսկ մեկը, որ խփեցինք թնդանոթի մոտ, եթե չէր մեռել, համենայն դեպս ծանր վիրավորված էր։ Մենք պետք է խնամքով պահպանենք մեր մարդկանց և հիշենք, որ երկու հուսալի զինակից ունենք — ռոմը և եղանակը։ Ռոմն արդեն իր գործը կատարել էր․ ծովահեններից կես մղոն էինք հեռու, այնուամենայնիվ, մինչև վերջին երեկոն լսում էինք երգեր ու աղաղակներ։ Իսկ բժիշկը երդվում էր իր կեղծամով, որ շուտով եղանակն իր անելիքը կանի, ծովահենները ճահճի մոտ են, ոչ մի տեղ չունեն, մի շաբաթից հետո նրանց կեսը դողէրոցք կընկնի ու կպառկի։ — Եվ այդպես,— ասում էր բժիշկը,— եթե նրանց չհաջողվի միանգամից մեր գլուխն ուտել, նրանք ուրախ կլինեն, եթե թողնեն կղզին և վերադառնան նավը։ Նրանք նավ ունեն և միշտ կարող են զբաղվել իրենց արհեստով՝ ծովային ավազակությամբ։ ― Սա առաջին նավն է, որ ես կորցնում եմ,— ասաց նավապետ Սմոլետը։ Ես սաստիկ հոգնած էի։ Քնելուց առաջ շատ շուռումուռ եկա, իսկ հետո մեռելի նման քնեցի։ Բոլորն արդեն վաղուց վեր էին կացել, նախաճաշում ու փայտ էին կտրում, երբ զարթնեցի հանկարծակի աղմուկ-աղաղակից։ ― Սպիտակ դրոշակ,— գոռաց մեկը։ Եվ իսկույն մի զարմացած բացականչություն լսվեց․ ― Ինքը Սիլվերն է։ Ես վեր թռա, աչքերս տրորեցի և վազեցի պատի հրակնատի մոտ։ == Գլուխ XX։ Սիլվերը բանբեր == Իսկապես որ ցցապատին մոտեցան երկու մարդ։ Նրանցից մեկը մի սպիտակ լաթ էր թափահարում, իսկ մյուսը ոչ այլ ոք, այլ ինքը Սիլվերը, անվրդով կանգնած էր նրա կողքին։ Դեռ շատ վաղ էր։ Վաղուց այդպիսի ցուրտ առավոտ չէր տեսել։ Դողը մինչև ոսկորներս էր անցնում։ Երկինքը պարզ էր, պայծառ, ծառերի կատարները՝ ծագող արեգակի ճառագայթների տակ վարդագույն էին դարձել։ Սակայն ներքևում, ուր Սիլվերն իր ուղեկցի հետ կանգնած էր, դեռևս մութ էր։ Նրանց ոտների մոտից քուլա-քուլա բարձրանում էր սպիտակ մշուշը՝ ճահճի գիշերային գոլորշին։ Դողէրոցք և մշուշ՝ ահա թե որն էր կղզու գաղտնիքը։ Կղզին խոնավ, տենդոտ և վատառողջ տեղ էր։ ― Տեղնե՛րդ,— ասաց նավապետը։— Գրազ կգամ, որ նրանք ինչ-որ խորամանկություն են հորինում։― Հետո նա գոչեց․— Ո՞վ է գալիս։ Կանգնի՛ր, թե չէ կկրակենք։ ― Սպիտակ դրոշակը,— գոչեց Սիլվերը։ Նավապետը դուրս եկավ ու կանգնեց դրսի սանդուղքին այնպես, որ դավաճանի գնդակը համարյա թե չէր սպառնում նրան։ Դառնալով դեպի մեզ, նա հրամայեց․ — Բժշկի խումբը հրակնատների մոտ։ Բժիշկ Լիվսի, խնդրում եմ գրավել հյուսիսային պատը, Ջիմ, արևելյան պատը, Գրեյ՝ արևմտյանը։ Մյուս հերթը թող լցնի ատրճանակները։ Շո՛ւտ, շո՛ւտ։ Ուշադիր եղեք։ Հետո կրկին դարձավ դեպի ավազակները․ — Ի՞նչ եք ուզում մեզանից ձեր սպիտակ դրոշակով,— գոչեց նա։ Այս անգամ պատասխանեց, ոչ թե Սիլվերը, այլ մյուս ծովահենը։ — Պարո՛ն, նավապետ Սիլվերը հրավիրում է ձեզ իր նավը և ցանկանում է ձեզ հետ պայմանագիր կնքել,— աղաղակեց նա։ — Նավապետ Սիլվե՞րը։ Ես այդպիսի նավապետ չեմ ճանաչում։ Ո՞վ է նա,— հարցրեց նավապետը։ Մենք լսեցինք, թե ինչպես նա կիսաձայն ավելացրեց․ — Ահա՛ թե ի՜նչ։ Արդեն նավապետ է։ Ի՜նչ արագ բարձրացավ աստիճանը։ Երկարահասակ Ջոնն ինքը պատասխանեց․ — Այդ ես եմ, պարոն։ Մեր դժբախտ տղերքը, ձեր դասալքությունից հետո, ինձ նավապետ են ընտրել, պարոն։— «Դասալքություն» բառը նա առանձնապես շեշտեց։— Մենք պատրաստ ենք կրկին ենթարկվելու ձեզ, իհարկե, որոշ պայմաններով, եթե ցանկանաք մեզ հետ պայման կնքել։ Իսկ այժմ, նավապետ Սմոլետ, ազնիվ խոսք տվեք, որ այստեղից ինձ կենդանի բաց կթողնեք և չեք կրակի, մինչև որ ցցապատից չհեռանամ։ — Ես ձեզ հետ խոսելու ո՛չ մի ցանկություն չունեմ,— ասաց նավապետ Սմոլետը։— Բայց քանի որ ուզում եք խոսել ինձ հետ, եկեք այստեղ։ Սակայն եթե դուք դավաճանության փորձ անեք, չփոշմանեք։ — Այդքանը բավական է, նավապետ,— ուրախ բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Միայն ձեր մի խոսքը բավական է։ Ես գիտեմ, որ դուք ջենտլմեն եք, նավապետ, որ ձեր խոսքին կարելի է հավատալ։ Մենք տեսանք, թե ինչպես սպիտակ դրոշակ բռնող մարդն աշխատում էր չթողնել Սիլվերին, որ մեզ մոտ գա։ Դրա մեջ զարմանալի բան չկար, որովհետև նավապետն այնքան էլ սիրալիր չէր խոսում։ Բայց Սիլվերը պատասխանի փոխարեն միայն ծիծաղեց և նրա ուսին խփեց, կարծես թե վտանգավոր լինելու մասին մտածելն անդամ անհեթեթություն էր։ Նա մոտեցավ ցցապատին, ձգեց իր հենակը, ապա ինքն էլ արտասովոր արագությամբ ու ճարպկությամբ անցավ։ Պետք է խոստովանեմ, որ ես այնքան զբաղված էի տեղի ունեցող դեպքերով, որ Ժամապահի պարտականությունները մոռացել էի։ Թողել էի իմ պահակատեղն արևելյան հրակնատի մոտ և կանգնած էի նավապետի ետևում, որը նստել էր շեմքի վրա, արմունկները ծնկներին դրած, գլուխն ափերի մեջ առած և նայում էր չուգունե կաթսային, որի մեջ ջուրն աղմկում էր, և ավազի մանրիկ հատիկները պարում էին։ Իր քթի տակ շվշվացնում էր «Պատանիներ և կույսեր, իմ ետևից» եղանակը։ Սիլվերի համար բավական դժվար էր բլրի լանջով բարձրանալը։ Զառիվայրի վրա, թափվող ավազի և լայն կոճղերի մեջ, նա իր հենակով անպաշտպան էր, ինչպես նավը ծանծաղուտի վրա։ Սակայն նա արիաբար ու լռությամբ հաղթահարեց ողջ ճանապարհը, կանգնեց նավապետի առաջ և շատ գեղեցիկ պատվի առավ։ Նա հագել էր իր ամենալավ զգեստը, մինչև ծնկները հասնող կապույտ բաճկոն, բազմաթիվ պղնձե կոճակներով, դեպի ծոծրակը ծռած գլխարկ, որի շուրջը ժանյակ էր կարված։ — Ահա և դուք, սիրելիս։— ասաց նավապետը, գլուխը բարձրացնելով։— Նստեցե՛ք։ — Ինձ տուն թողեք, նավապետ,— խղճալի ձայնով խնդրեց Երկարահասակ Ջոնը։— Այսպիսի ցուրտ առավոտյան ավազի վրա նստելու ցանկություն չունեմ։ — Եթե դուք, Սիլվեր,— ասաց նավապետը,— շարունակեիք մնալ ազնիվ մարդ, ապա այժմ դուք նստած կլինեիք խոհանոցում։ Մեղավորը դուք եք։ Դուք կամ իմ նավի խոհարարն եք, այդ ժամանակ ես ձեզ հետ լավ եմ վարվում, կամ նավապետ Սիլվերը, խռովարար և ծովահեն, այն ժամանակ ինձնից, բացի կախաղանից, ուրիշ ոչինչ մի սպասեք։ — Լա՛վ, լա՛վ, նավապետ,— ասաց խոհարարը, նստելով ավազի վրա,— միայն հետո ձեր ձեռքը պետք է տաք ինձ, որ բարձրանամ։ Լավ եք տեղավորվել այստեղ։ Իսկ դա Ջո՞նն է։ Բարի օր, Ջոն։ Բժի՞շկ, հարգանքներս։ Դուք բոլորդ միասին եք, կարծես մի երջանիկ ընտանիք, եթե թույլ կտաք այդպես արտահայտվել։ — Գործի մասին խոսեք, սիրելիս,— ընդհատեց նավապետը։— Ասացե՛ք, ինչո՞ւ եք եկել։ ― Ճիշտ է, նավապետ Սմոլետ,— պատասխանեց Սիլվերը։— Ամենից առաջ գործը։ Պետք է խոստովանեմ, որ այս գիշեր լավ խաղ խաղացիք մեր գլխին։ Ձեզանից մեկը երևի լավ մահակ գործածել գիտի։ Իմ մարդկանցից ոմանք ուղղակի ցնցվեցին այդ գործից։ Խոստովանում եմ, որ ես ինքս էլ ցնցվեցի։ Կարելի է հենց դրա համար եմ եկել պայման կապելու։ Բայց, երդվում եմ որոտով, նավապետ, երկրորդ անգամ այդ պատմությունը ձեզ չի հաջողվի։ Մենք ամեն տեղ ժամապահներ ենք դրել և ռոմի քանակն իջեցրել ենք։ Դուք, երևի, կարծում եք, որ մենք բոլորս էլ սաստիկ հարբա՞ծ էինք։ Հավատացեք, որ ես բոլորովին հարբած չէի, միայն շան նման հոգնել էի։ Եթե մի վայրկյան շուտ զարթնեի, իմ ձեռքից չէիք պրծնի։ Դեռ կենդանի էր, երբ նրա մոտ վազեցի։ — Հետո՛,— պաղարյուն կերպով արտասանեց նավապետ Սմոլետը։ Սիլվերի ասածը նավապետի համար հանելուկ էր, բայց նա ունքն էլ չշարժեց։ Իսկ ես, խոստովանում եմ, քիչ ու միչ բան գլխի ընկա։ Ես հիշեցի Բեն Գանի վերջին խոսքերը։ Ես հասկացա, որ նա գիշերը մոտեցել է ավազակներին, երբ նրանք հարբած, թափված են եղել խարույկի շուրջը։ Ես ուրախ էի, որ այժմ մեր թշնամիներից կենդանի են միայն տասնչորս հոգի։ — Ահա թե ինչ,— ասաց Սիլվերը։— Մենք ուզում ենք գանձը գտնել և կգտնենք։ Իսկ դուք, իհարկե, ուզում եք փրկել ձեր կյանքը և իրավունք ունեք։ Չէ՞ որ դուք քարտեզ ունեք, այնպես չէ՞։ — Շատ կարելի է,— պատասխանեց նավապետը։ — Ես հաստատ գիտեմ, որ դուք քարտեզ ունեք,— բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Բայց ինչո՞ւ եք դուք ինձ հետ այդպես խուսափելով խոսում, այդ ձեզ օգուտ չի բերի։ Ձեր քարտեզը մեզ հարկավոր է, ուրիշ ոչինչ, իսկ անձամբ ձեզ ես ամենափոքր չարիք անգամ չեմ ցանկանում։ — Բավական է, սիրելիս,— ընդհատեց նավապետը։— Ես քո ասած մարդկանցից չեմ։ Մեզ ճշտապես հայտնի են ձեր նպատակները։ Բայց այդ հանգամանքը մեզ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև ձեռքներդ կարճ դուրս եկավ։ Նավապետը հանգիստ նայեց նրան և սկսեց ծխամորճը լցնել։ — Եթե Էբ Գրեյը․․․— սկսեց Սիլվերը։ — Կա՛ց,— գոչեց Սմոլետը։— Գրեյն ինձ ոչինիչ չի ասել, և ես նրան ոչ մի բան չեմ հարցրել։ Ասեմ ավելին, ես ամենայն բավականությամբ օդը կցնդեցնեի և՛ ձեզ, և՛ նրան, և՛ այս սատանայական կղզին։ Ահա թե ինչ եմ մտածում ես ձեր ողջ ավազակախմբի մասին, սիրելիս։ Այս զայրույթի պոռթկումը, երևի, Սիլվերի լեզուն կապեց։ Նա ուզում էր բարկանալ բայց իրեն զսպեց։ — Ինչպես ուզում եք,— ասաց նա։— Մտածեցեք, ինչ որ ցանկանում եք, ես ձեզ չեմ արգելի։ Դուք, կարծեմ, պատրաստվում եք ծխամորճ ծխելու, նավապետ։ Ես էլ, թույլ տվեք, որ նույնն անեմ։ Նա իր ծխամորճը ծխախոտ լցրեց ու ձխեց։ Երկուսն էլ երկար ժամանակ լուռ նստած, նայում էին իրար, երբեմն ծուխ բաց թողնելով, երբեմն էլ կռանալով, որ թքեն։ Նրանց վրա նայելը զվարճալի էր՝ ինչպես ներկայացման ժամանակ։ — Ահա մեր պայմանները,— վերջապես ասաց Սիլվերը։— Դուք մեզ պետք է տաք քարտեզը, որ մենք կարողանանք գանձը գտնել, դուք պետք է դադարեք դժբախտ նավաստիներին կրակելուց և նրանց գլուխը ջարդելուց, երբ քնած են։ Եթե այս պայմաններին համաձայն եք, մենք ձեզ առաջարկում ենք ընտրել հետևյալ միջոցներից մեկը։ Առաջին միջոց․ գանձը բարձելուց հետո մենք թույլ ենք տալիս ձեզ վերադառնալ նավը, և ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ կենդանի կիջեցն եմ որևէ ծովափում։ Եթե առաջին միջոցը ձեզ դուր չի գալիս, որովհետև իմ նավաստիներից շատերը ձեզ վրա ատամ են կրճտացնում, ահա երկրորդ միջոցը, մենք կթողնենք ձեզ այստեղ, կղզու վրա։ Պաշարը կկիսենք, և ես խոստանում եմ ուղարկել ձեր ետևից առաջին պատահած նավը։ Խորհուրդ եմ տալիս այս պայմաններն ընդունել։ Ավելի լավ պայման չի լինի։ Հուսով եմ,— այստեղ նա ձայնը բարձրացրեց,— որ ձեր բոլոր մարդիկ, որոնք այս տանն են, կլսեն իմ խոսքերը, որովհետև մեկին ասածը բոլորի համար է ասված։ Նավապետ Սմոլետը վեր կացավ և իր ծխամորճի մոխիրը թափ տվեց ձախ ձեռքի ափի մեջ։ — Ա՞յդ է բոլորը,— հարցրեց նա։ — Երդվում եմ որոտով, որ սա իմ վերջին խոսքն է,— պատասխանեց Ջոնը։— Եթե մերժեք, իմ փոխարեն կխոսեն մեր հրացանները։ — Հիանալի է,— ասաց նավապետը։— Իսկ այժմ ի՛նձ լսեցեք։ Եթե դուք բոլորդ կներկայանաք ինձ մեն-մենակ առանց զենքի, ես ձեզ կշղթայեմ, կտանեմ Անգլիա և դատի կտամ։ Իսկ եթե չեք ներկայանա, այն ժամանակ հիշեցեք, որ ինձ անվանում են Ալեքսանդր Սմոլետ, որ ես կանգնած եմ այդ դրոշակի տակ և ոչ ոքի չեմ խնայի։ Գանձը դուք չեք գտնի։ Նավով փախչել ձեզ չի հաջողվի, որովհետև ձեզանից ոչ ոք վարել չգիտե։ Կռվելում էլ դուք վարպետ չեք․ Գրեյի դեմ ձերոնցից հինգ հոգի էին կռվում, և նա բոլորի պաստասխանն էլ տվեց։ Դուք ամուր նստած եք ծանծաղուտի վրա, նավապետ Սիլվեր, և շուտով նրանից չեք դուրս գա։ Սա ամենավերջին բարի խոսքն է, որ դուք լսում եք ինձանից։ Իսկ հետևյալ հանդիպմանը ես գնդակն անց կկացնեմ ձեր մեջքի մեջ։ Կորե՛ք, սիրելի՛ս։ Շտապեցե՛ք։ Սիլվերի աչքերը կատաղությունից փայլատակեցին։ Նա իր ծխամորճի կրակը թափ տվեց։ — Տվեք ձեր ձեռքը, որ կարողանամ բարձրանալ,— գոռաց նա։ — Չե՛մ տա,― պատասԽանեց նավապետը։ ― Ո՞վ կտա ինձ իր ձեռքը,— ընդհատեց Սիլվերը։ Մեզանից ոչ ոք մինչև անգամ չշարժվեց։ Զզվելի հայհոյանքներ տալով, Սիլվերն ավազի վրայով սողաց մինչև սանդուղքը, բռնեց և միայն այդ ժամանակ նրան հաջողվեց բարձրանալ։ Նա թքեց առվի մեջ․ — Դուք ինձ համար ինչպես այս թուքը,— գոչեց նա։— Մի ժամից հետո ես ձեր տանը ռոմ եմ խմելու։ Ծիծաղեցե՛ք, կայծակը խփի ձեզ, ծիծաղեցե՛ք։ Մի ժամից հետո դուք այն աշխարհում եք ծիծաղելու։ Իսկ ձեզանից ով որ կենդանի մնա, մեռելներին կնախանձի։ Եվ կրկին հայհոյելով, կաղալով առաջ գնաց։ Չորս անգամ ուզեց ցցապատն անցնել, բայց ընկավ։ Վերջապես սպիտակ դրոշակ բռնող մարդը նրան անց կացրեց, և մի րոպեում նրանք անհայտացան ծառերի ետևում։ == Գլուխ XXI։ Հարձակում == Հենց որ Սիլվերն անհետացավ, նավապետը, որ ամբողջ ժամանակ աչքը նրանից չէր հեռացնում, ետ դարձավ և նկատեց, որ պահակատեղում կանգնած է միայն Գրեյը։ Մենք առաջին անգամ տեսանք, թե նավապետն ինչպես է բարկանում։ — Տեղերում,— գոռաց նա։ Մենք վազեցինք դեպի հրակնատները։ — Գրեյ,— ասաց նա,— ես քո անունը կգրեմ նավի մատյանի մեջ։ Դու քո պարտքը կատարեցիր այնպես, ինչպես վայել է ծովագնացին։ Պարոն Տրելոնի, դուք ինձ զարմացրիք։ Բժիշկ, չէ՞ որ դուք զինվորական համազգեստ եք կրել։ Եթե Ֆոնտենուայում դուք այդպես եք կատարել ձեր պարտականությունը, ավելի լավ է, որ մահճակալից ցած չիջնեիք։ Բժշկի հերթը հրակնատների մոտ էր, իսկ մնացածները լցնում էին հրացանները։ Մենք բոլորս ամոթից կարմրեցինք։ Նավապետը լուռ հետևում էր մեզ։ Հետո նորից խոսեց։ — Բարեկամնե՛րս,— ասաց նա,— ես Սիլվերին հանդիպեցի, այսպես ասած, թնդանոթի համազարկով։ Ես դիտմամբ նրան կատաղեցրի։ Ինչպես նա ասաց, չի անցնի մի ժամ, որ մենք հարձակման կենթարկվենք։ Դուք գիտեք, որ նրանք շատ են, քան մենք, սակայն, դրա փոխարեն, մենք գտնվում ենք ամրոցում։ Մի րոպե առաջ ես նույնիսկ կարող էի ասել, որ մեզ մոտ կարգապահություն կա։ Ես չեմ կասկածում, որ մենք կհաղթենք նրանց, եթե դուք ցանկանաք հաղթել։ Հետո նա մոտեցավ յուրաքանչյուրիս և խոստովանեց, որ այս անգամ ամեն ինչ կարգին է։ Ամրոցի երկու կարճ պատերի մեջ՝ արևելյան և արևմտյան, միայն երկուական հրակնատ կար, հարավային պատի մեջ, որտեղ գտնվում էր դուռը, դարձյալ երկուսն էր, իսկ հյուսիսային պատի մեջ՝ հինգ հրակնատ։ Մենք, յոթ հոգիս, քսան հրացան ունեինք։ Փայտը չորս կույտ արինք, այդ կույտերն անվանեցինք սեղաններ։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրված էր չորսական լցված հրացան, որպեսզի ամրոցի պաշտպանները միշտ ձեռքի տակ ունենան։ Իսկ հրացանների միջև դրված էին թրերը։ — Կրակը հանգցրեք,— ասաց նավապետը։— Արդեն տաք է, ծուխն էլ աչքներիս վնաս է։ Պարոն Տրելոնին դուրս բերեց օջախի վանդակը և կրակը ցրեց ավազի վրա։ — Հոկինսը դեռ չի նախաճաշել։ Հոկինս, նախաճաշդ վերցրու, պահակատեղումդ կուտես,— շարունակեց նավապետը։— Շարժվի՛ր, բարեկամս, թե չէ առանց նախաճաշի կմնաս։ Գենտեր, բոլորին մի-մի բաժակ անգլիական օղի տուր։ Մինչ մենք պատրաստվում էինք, նավապետը կազմեց պաշտպանության պլանը։ — Բժիշկ, ձեզ հանձնարարվում է դուռը,— ասաց նա։— Լավ նայեցեք, բայց շատ առաջ մի կանգնեք։ Կանգնեցեք ներսում և կրակեցեք սանդուղքի ետևից, Գենտե՛ր, դու վերցրու արևելյան պատը։ Ջոյս, բարեկամս, վերցրու արևմտյան պատը։ Պարոն Տրելոնի, դուք լավ հրաձիգ եք, Գրեյի հետ միասին վերցրեք հյուսիսային ամենաերկար պատը, որը հինգ հրակնատ ունի։ Դա ամենավտանգավոր կողմն է։ Եթե նրանց հաջողվի վազել մինչև այդ պատը և հրակնատներից կրակել մեզ վրա, մեր գործը շատ վատ կլինի։ Իսկ ես ու դու, Հոկինս, որ անպետք հրաձիգ ենք, կլցնենք հրացանները և կօգնենք բոլորին։ Նավապետը ճիշտ էր ասում ցուրտն անցավ։ Հենց որ արեգակը բարձրացավ ծառերի կատարների վրա, եղանակը տաքացավ, և մշուշն անհետացավ։ Շուտով ավազն սկսեց այրել մեր կրունկները, և ամրոցի գերաններից տաքացած խեժը հոսեց։ Մենք բաճկոններս հանեցինք, շապիկներիս օձիքները բաց արինք, թևներս մինչև ուսներս քշտեցինք։ Յուրաքանչյուրը կանգնած էր իր պահակատեղում, տաքացած և հուզված։ Այսպես անցավ մի ժամ։ — Սատանա՛,— ասաց նավապետը,— ձանձրալի է։ Գրեյ, մի երգ երգիր։ Հենց այդ վայրկյանին առաջին անգամ պարզվեց, որ մեզ վրա հարձակում է պատրաստվում։ — Թույլ տվեք հարցնել, պարոն,— ասագ Ջոյսը,— եթե ես մարդ տեսնեմ, պիտի կրակե՞մ։ — Իհարկե՛,— գոչեց նավապետը։ — Շնորհակալ եմ, պարոն,— ասաց Ջոյսը, նույնպիսի հանգիստ և քաղաքավարի ձևով։ Ոչինչ չէր պատահել, սակայն Ջոյսի հարցն ստիպեց մեզ սրել մեր աչքերն ու ականջները։ Հրաձիգները հրացանները պատրաստ պահել էին, իսկ նավապետը կանգնել էր ամրոցի մեջտեղում, շրթունքները սեղմած, ճակատը կնճռոտած։ Այսպես անցավ մի քանի վայրկյան։ Հանկարծ Ջոյսն իր հրացանն անց կացրեց հրակնատի մեջ և արձակեց։ Նրա կրակոցի ձայնը դեռ չէր կտրվել, երբ սկսեցին չորս կողմից կրակել համազարկ համազարկի ետևից։ Մի քանի գնդակ դիպավ ցցապատի գերանին։ Բայց ամրոցի ներսը ոչ մի գնդակ չընկավ։ Եվ երբ ծուխը ցրվեց, ցցապատի շուրջը և անտառում, առաջվա պես հանդարտություն էր տիրում։ Ոչ մի ճյուղ չէր շարժվում։ Թփերի մեջ հրացանի ոչ մի փող չէր փայլում։ Կարծես թե մեր թշնամիները գետինն անցան։ — Դիպցրի՞ր որևէ մեկին,— հարցրեց նավապետը։ — Ո՛չ, պարոն,— պատասխանեց Ջոյսը։— Կարծեմ, չդիպցրի, պարոն։ — Ճշմարիտ է ասում, այդ էլ լավ է,— ասաց նավապետ Սմոլետը։— Լցրու նրա հրացանը, Հոկինս։ Ի՞նչ եք կարծում, բժիշկ, ձեր կողմում քանի՞ անգամ կրակեցին։ — Ես կարող եմ ճիշտ պատասխան տալ,— ասաց բժիշկ Լիվսին,— երեք անգամ։ Ես երեք բռնկում տեսա՝ երկուսն իրար կողքի և մեկը հեռվում, դեպի արևմուտք։ — Երե՛ք,— կրկնեց նավապետը։— Իսկ ձե՞ր կողմում, պարոն Տրելոնի։ Սակայն պատասխանելը հեշտ չէր․ հյուսիսային կողմից շատ էին կրակել։ Կալվածատերը հավատացնում էր, որ ինքը նկատել է ընդամենը յոթ կրակոց, իսկ Գրեյը թե՝ ութ կամ ինը։ Արևելքից ու արևմուտքից միայն մի-մի անգամ էին կրակել։ Երևի հարձակումը պետք է սպասեինք հյուսիսային կողմից։ Իսկ այլ կողմերից կրակում էին միայն ուշադրությունը ցրելու համար։ Այնուամենայնիվ, նավապետ Սմոլետն իր կարգադրությունները չփոխեց։ — Եթե ավազակներին հաջողվի ցցապատն անցնել,— ասում էր նա,— նրանք կարող են գրավել յուրաքանչյուր չպաշտպանված հրակնատ և բոլորիս սպանել, ինչպես առնետների, մեր սեփական ամրոցում։ Սակայն մենք մտածելու համար շատ քիչ ժամանակ ունեինք։ Հյուսիսային կողմից հանկարծ աղաղակ լսվեց, և ծովահենների մի փոքրիկ խումբ, դուրս գալով անտառից, վազեց գեպի ցցապատը։ Այդ վայրկյանին նորից սկսեցին չորս կողմից գնդակոծել մեզ։ Բաց դռնից մի գնդակ սլացավ և բժշկի հրացանը կտոր-կտոր արավ։ Հարձակվողները կապիկների պես անցնում էին ցցապատի վրայից։ Կալվածատերն ու Գրեյը շարունակ կրակում էին։ Երեք հոգի վայր ընկան․ մեկը ներսում, երկուսը դրսում։ Ասենք, նրանցից մեկը, երևի, այնքան էլ վիրավորված չէր, որքան վախեցած, որովհետև իսկույն ոտի կանգնեց և անհետացավ անտառում։ Երկու հոգի պառկած էին գետնի վրա, մեկը փախավ, չորսը հաջողությամբ ցցապատն անցան։ Յոթ թե ութ ծովահեն, որոնցից յուրաքանչյուրը, երևի, մի քանի հրացան ուներ, անտառում նստած շարունակ գնդակոծում էին մեր ամրոցը։ Այնուամենայնիվ, այդ գնդակոծությունը մեզ ոչ մի վնաս չբերեց։ Հարձակվողներից չորս հոգի, աղաղակելով, վազեցին դեպի ամրոցը։ Անտառում թաքնվածները նույնպես աղաղակում էին, որ ընկերներին աշխուժացնեն։ Մեր հրաձիգներն էլ անընդհատ կրակում էին, բայց այնպես շտապում էին, որ, երևի, ոչ մի անգամ չդիպցրին։ Մի վայրկյանում չորս ծովահեն բարձրացան բլրի վրա և հարձակվեցին մեզ վրա։ Ջոբ Էնդերսոնի՝ ավագ նավաստու գլուխը երևաց միջին հրակնատում։ — Կոտորեցե՛ք դրանց։ Կոտորեցե՛ք դրանց,— մռնչում էր նա։ Այդ վայրկյանին մի ուրիշ ծովահեն խլեց Գենտերի հրացանը, փողից բռնեց և կոթով խփեց Գենտերին այնպիսի ուժով, որ դժբախտն ուշաթափված գետնին ընկավ։ Միևնույն ժամանակ երրորդը, հաջողությամբ տան չորս կողմը պտտվելով, հայտնվեց դռան մեջ և թուրը թափահարելով, հարձակվեց բժշկի վրա։ Մենք գտնվում էինք այնպիսի դրության մեջ, ինչ դրության մեջ մինչև այժմ մեր թշնամիներն էին։ Միայն թե մենք կրակում էինք ծածկված տեղից անպաշտպան ծովահենների վրա, իսկ այժմ ինքներս, ոչնչով պաշտպանված չլինելով, պետք է ձեռնակռվի դուրս գայինք լավ պաշտպանված թշնամու հետ։ Ամրոցը լցվեց վառոդի ծխով, բայց այս հանգամանքը մեզ համար ձեռնտու էր։ Հենց ծխի պատճառով էլ մենք կենդանի մնացինք։ Աղմուկից, հառաչանքից և ատրճանակների կրակոցից ականջներս դժժում էին։ — Դուրս եկեք, առաջ, ձեռնամարտի դուրս եկեք։ Թրերո՛վ,— գոչեց նավապետը։ Ես փայտի կույտի վրայից թուրս վերցրի։ Մի ուրիշն էլ թուրը վերցնելիս, կտրեց իմ մատների հոդերը, բայց ես ցավ չզգացի։ Ես վազեցի դեպի դուռը, դեպի լույսը։ Մեկն էլ իմ ետևից դուրս եկավ, բայց չգիտեմ, թե ով։ Իմ առջևում բժիշկը բլրի լանջով հալածում էր իր վրա հարձակվող ծովահենին։ Ես տեսա, թե ինչպես մի հարվածով նա վայր գցեց նրա ձեռքի զենքը, հետո թրով խփեց նրա երեսին։ Ծովահենը մեջքի վրա վայր ընկավ։ — Տան շո՛ւրջը։ Տան շո՛ւրջը,— գոչեց նավապետը։ Սակայն չնայած ընդհանուր շփոթության և աղմուկին, ես նրա ձայնի մեջ փոփոխություն նկատեցի։ Մեքենայաբար ենթարկվելով հրամանին, ես շրջվեցի դեպի արևելք, թուրս բարձրացրած՝ անկյունից ծռվեցի և երես առ երես հանդիպեցի Էնդերսոնին։ Նա մռնչաց, և որսորդական դանակը, արևից շողալով, պտտվեց իմ գլխի վրա։ Ես վախենալու ժամանակ չունեցա։ Հարվածից խուսափելով, ընկա փափուկ ավազի վրա և գլխիվայր գլորվեցի զառիվայրով։ Գրոհի ժամանակ, երբ ես դուրս թռա դռնից, մյուս ծովահեններն արդեն անցնում էին ցցապատից, որ մեզ սպանեն։ Մեկը նրանցից, գիշերային կարմիր թասակով, թուրն ատամնեով բռնած, պատրաստվում էր ցցապատից թռչել։ Իմ բլրից ընկնելն այնպես արագ կատարվեց, որ երբ ոտի կանգնեցի, ամեն ինչ նույն դրության մեջ էր․ կարմիր թասակով ծովահենը նույն դրությամբ նստած էր, իսկ մյուսի գլուխը հենց նոր էր դուրս եկել ցցապատի ետևից։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ կռիվը վերջացավ, և մենք հաղթանակը տարանք։ Գրեյը, որ դուրս էր եկել իմ ետևից, գետնին փռեց երկարահասակ ավագ նավաստուն, մինչև նա երկրորդ անգամ կպտտեցներ թուրը։ Մյուս ծովահենն սպանվեց հրակնատի մոտ այն րոպեին, երբ պատրաստվում էր կրակել դեպի տան ներսը։ Նա հոգեվարքի մեջ կուչ ու ձիգ էր անում ավազի վրա, ծխացող ատրճանակը ձեռքից բաց չթողնելով։ Երրորդին, ինչպես արդեն ասացի, սրախողխող արավ բժիշկը։ Ցցապատն անցած չորս ծովահեններից միայն մեկը կենդանի մնաց։ Ձգելով իր թուրը կռվի դաշտում, նա մահից սարսափած, մագլցում էր ցցապատով, որ փախչի, բայց ընկնում էր։ — Կրակեցե՛ք, կրակեցե՛ք տնից,— գոչում էր բժիշկը։— Իսկ դուք, քաջեր, ծածկվեցեք։ Բալց նրա խոսքերն իզուր անցան։ Ոչ ոք չկրակեց։ Չորսից վերջինը հաջողությամբ անցավ ցցապատը և մյուսների հետ անհետացավ անտառում։ Մի րոպեից հետո հարձակվողներից, բացի հինգ հոգուց, ոչ ոք չմնաց, չորսն ընկած էին ցցապատի այս կողմում, մեկը այն կողմում։ Բժիշկը, Գրեյը և ես վազեցինք դեպի դուռը։ Կենդանի մնացածներն ամեն րոպե կարող էին վերադառնալ և հրաձգություն սկսել։ Վառոդի ծուխը ցրվեց, և մենք միանգամից տեսանք, թե ինչ գնով ենք հաղթություն տարել։ Գենտերն ուշաթափ ընկած էր իր հրակնատի մոտ։ Ջոյսը, գնդակահարված գլխով, հավիտյանս հանգստացել էր։ Տան մեջտեղում կալվածատերը բռնել էր բժշկին, և երկուսի երեսն էլ գունատ էր։ — Նավապետը վիրավորված է,— ասաց պարոն Տրելոնին։ — Բոլորը փախա՞ն,— հարցրեց պարոն Սմոլետը։ — Բոլորը, ով կարողացավ,— պատասխանեց բժիշկը։– Հինգը այլևս երբեք չեն կարող վազել։ — Հի՛նգ հոգի,— բացականչեց նավապետը։— Այնքան էլ վատ չէ։ Նրանց շարքից դուրս եկան հինգ հոգի, իսկ մեզանից՝ միայն երեք, ուրեմն այժմ չորսս իննի դեմ ենք։ Սա լավ է, քան սկզբում՝ յոթը տասնիննի դեմ<ref>Իսկապես, այդ ժամանակ կենդանի էին մնացել միայն ութ ավազակ, որովհետև պարոն Տրելոնու նավում խփված նավաստին նույն երեկոյան մեռավ։ Բայց, իհարկե, այդ մասին մենք իմացանք շատ ուշ։ (Ծան․ հեղ․) </ref>։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Գանձերի կղզին
(section)
Add topic