Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ՔԵՄԲՐԻՋ (1828-1831 թթ.)=== Էդինբուրգում իմ անցկացրած երկու տարուց հետո իմ հայրը նկատեց կամ քույրերիս միջոցով իմացավ, որ բժիշկ դառնալու միտքը ինձ բոլորովին չի ժպտում, և վճռեց, որ ինձ ամենից լավն է պատրաստվել քահանա դառնալու։ Նա միանգամայն արդարացի կերպով զայրանում էր միայն այն մտքից, որ ես կարող եմ դառնալ սպորտի անբան սիրահար, իսկ այն ժամանակ այդպիսի վախճանը միանգամայն հնարավոր էր թվում։ Ես խնդրեցի մի քիչ ժամանակ տալ խորհելու համար, որովհետև այն բանի հիման վրա, ինչ ես լսել էի կամ խորհում էի այդ առթիվ, ես տատանվում էի ընդունել անգլիկան եկեղեցու բոլոր դոգմատները որպես անկասկածելի ճշմարտություն, թեև, ընդհանրապես ասած, ես բավականությամբ կանգ էի առնում գյուղական քահանա դառնալու մտքի վրա։ Այդ պատճառով ես զբաղվեցի Պիրսոնի «Դավանանքների մասին» գրքի և աստվածաբանական այլ գրքերի ընթերցանությամբ, և որովհետև այն ժամանակ չէի կասկածում Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսքի բառացի իմաստի վերաբերմամբ, ուստի ևս շատ շուտ համոզեցի ինձ, որ մեր դավանությունը ամբողջովին ընդունելի է։ Երբ մտածում ես, թե ինչպես հետագայում ինձ վրա կատաղի կերպով հարձակվում էին եկեղեցու կողմնակիցները, ապա ուղղակի ծիծաղելի է հիշել, որ մի ժամանակ ես ինքս մտադրություն եմ ունեցել քահանա դառնալու։ Եվ իմ այդ մտադրությունը և հորս ցանկությունը երբեք նույնիսկ ձևականորեն չեն մերժվել, այլ մի տեսակ մեռան բնական մահով, երբ թողնելով Քեմբրիջը՝ ես մասնակցեցի գիտարշավին «Բիգլ»-ի վրա որպես բնախույզ։ Եթե հավատանք գանգաբաններին, ապա ես նույնիսկ ունեի որոշ տվյալներ քահանա դառնալու համար։ Մի քանի տարի առաջ գերմանական մի հոգեբանական ընկերության քարտուղարները թախանձագին խնդրել էին, որ ես ուղարկեմ իմ լուսանկարը։ Որոշ ժամանակ անց ես ստացա նիստի արձանագրությունը, որտեղ հրապարակորեն քննարկվել են իմ գլխի ձևերը, և ներկաներից մեկը կարծիք է հայտնել, որ երկյուղածության ելունդը ինձ մոտ այն աստիճանի է զարգացած, որ այն կբավեր լրիվ տասը քահանաների։ Քանի որ որոշված էր, որ ես լինելու եմ քահանա, ապա այստեղից անհրաժեշտություն էր բխում՝ ավարտել անգլիական համալսարաններից մեկի դասընթացը։ Բայց որովհետև դպրոցից հենց դուրս գալուց սկսած վերջին երկու տարվա ընթացքում որևէ դասական գիրք ձեռքս չէի վերցրել, ապա երևաց, որքան էլ դա քիչ հավատալի է թվում, որ ես մոռացել էի այն ամենը, ինչ որ սովորել էի դպրոցում, մինչև իսկ հունական այբուբենի մի քանի տառեր։ Այդ պատճառով ես սովորական ժամանակին՝ հոկտեմբերին չուղևորեցի Քեմբրիջ, այլ սկսեցի պարապել մասնավոր դասատուների հետ և Քեմբրիջ գնացի միայն ծննդյան արձակուրդներից հետո՝ 1828 թվականի սկզբին։ Շուտով ես վերականգնեցի գիտելիքների իմ դպրոցական մակարդակը և համեմատաբար հեշտությամբ կարողանում էի թարգմանել ոչ դժվարին հունարեն գրքեր, օրինակ՝ Հոմերոսը կամ Նոր կտակարանը։ Քեմրրիջում իմ անցկացրած երեք տարիները ուսումնական պարապմունքների իմաստով նույնքան ապարդյուն էին ինձ համար, որքան որ Էդինբուրգում և դպրոցում անցկացրած տարիներս։ Ես փորձեցի զբաղվել մաթեմատիկայով և նույնիսկ ամառը Բարմուտում մասնավոր դասեր էի վերցնում մի ուսուցչի (մի շատ բութ մարդու) մոտ, բայց քիչ առաջադիմեցի։ Ես ինչ որ զզվանք էի զգում դեպի այդ պարապմունքները գլխավորապես այն պատճառով, որ որևէ իմաստ չէի կարողանում գտնել հանրահաշվի սկզբնական հիմքերում։ Համբերության այդ պակասը, այնուամենայնիվ, բավական հիմարություն էր, և հետագա տարիներում ես խորապես ափսոսում էի, որ չկարողացա ծանոթանալ մաթեմատիկային գեթ այնքան, որպեսզի մի քիչ հասկանայի նրա մեծ, ղեկավարող սկզբունքները, որովհետև դրանք յուրացնողները ինձ վրա թողնում են այնպիսի մարդկանց տպավորություն, որոնք ունեն մի զգայարան ավելի, քան հասարակ մահկանացուները։ Սակայն չեմ կարծում, թե ես երբևիցե շատ առաջադիմեի այդ բնագավառում։ Կլասիկների վերաբերմամբ ես սահմանափակվում էի պարտադիր դասախոսությունները հաճախելով, այն էլ գրեթե միայն անվանապես։ Երկրորդ տարում ես մեկ կամ երկու ամիս նստեցի աշխատելու, որպեսզի պատրաստվեմ Little-Go քննության և այն տվեցի հեշտությամբ։ Նմանապես և վերջին ուսումնական տարում ևս բավական ջանասիրությամբ պարապեցի բակալավրի աստիճանի համար քննություն տալուց առաջ, մի քիչ թարմացրեցի հիշողությանս մեջ իմ կլասիկներին, ինչպես նաև փոքր չափով հանրահաշիվը և Էվկլիդը. վերջինս, ինչպես առաջ դպրոցում, ինձ մեծ բավականություն պատճառեց։ Բակալավրի քննություն տալու համար ավելացավ ծանոթությունս Պեյլիի գրքերին՝ «Քրիստոնեության ապացույցները» և «Բարոյական փիլիսոփայությունը»։ Ես այդ արեցի լիակատար մանրազնինությամբ և համոզված եմ, որ կարող էի հիշողությամբ շարադրել «Ապացույցները», բայց, անշուշտ, ոչ Պեյլիի հստակ լեզվով։ Այդ գրքի և, կարող եմ ավելացնել, նաև նրա «Բնական աստվածաբանության» տրամաբանությունը ինձ նույնչափ բավականություն պատճառեց, որչափ Էվկլիդը։ Այդ գրքերի ուշադիր ուսումնասիրությունը, առանց անգիր անելու նրանց բովանդակությունը, այն ամենը, ինչպես ինձ թվում էր այն ժամանակ և մինչև այժմ էլ համոզված եմ, որ միակ օգտակար բանն էր, որ ես ստացա իմ ամբողջ համալսարանական պարապմունքներից իմ մտքի դաստիարակման իմաստով։ Այն ժամանակ ես կանգ չէի առնում այն նախադրյալների վրա, որոնք հիմք է ընդունում Պեյլին. բայց հավատալով նրանց, ես հմայված ու համոզված էի նրա փաստարկումների ամբողջ երկար շարանով։ Լավ պատասխանելով քննական հարցերին Պեյլիից, հիմնովին գիտենալով Էվկլիդը և առանձնապես տգետ չլինելով կլասիկներից, ես լավ տեղ ձեռք բերեցի οι πολλοι-ի մեջ, կամ նրանց բազմությունում, ովքեր բարձր մեծարանքների հետևից չեն ընկնում։ Տարօրինակ է ասել, բայց ես վճռականապես չեմ հիշում, թե ո՞ր տեղը գրավեցի ցուցակում՝ հինգերորդ, տասերորդ, թե տասներկուերորդ։ Այն ժամանակ համալսարանում գիտելիքների զանազան ճյուղերից հրապարակական դասախոսություններ էին կարդում, որոնց հաճախումը միանգամայն կամավոր էր, բայց Էդինբուրգյան դասախուսություններն ինձ արդեն այնպես էին զզվեցրել, որ չէի գնում լսելու նույնիսկ Սեջվիկի պերճախոս ու հետաքրքիր դասախոսությունները։ Այլապես ես շատ ավելի վաղ կդառնայի երկրաբան, քան այդ տեղի ունեցավ իրականում։ Սակայն ես հաճախում էի Հենսլոյի դասախոսությունները բուսաբանությունից, նրանք ինձ շատ դուր էին գալիս ինչպես շարադրանքի անսովոր պարզության, այնպես էլ հիանալի ցուցադրումների շնորհիվ։ Բայց և այնպես ես բուսաբանություն չէի ուսումնասիրում։ Հենսլոն երբեմն աշակերտների, այդ թվում նաև համալսարանի ավելի հին անդամների հետ էքսկուրսիաներ էր կատարում հեռավոր վայրեր ոտքով, կառքով կամ բարկասով գետի հոսանքով դեպի ցած։ Այդ ժամանակ նա ամբողջ դասախոխություններ էր կարդում մեզ հանդիպող հազվագյուտ բույսերի և կենդանիների մասին։ Այդ էքսկուրսիաները սքանչելի էին։ Թեև, ինչպես հիմա կտեսնենք, իմ քեմբրիջյան կյանքում կային նաև լուսավոր կետեր, սակայն այնտեղ իմ անցկացրած ժամանակը ես համարում եմ կորած և նույնիսկ ավելի վատ, քան կորած։ Հրացանաձգության և որսորդության նկատմամբ, իսկ եթե այդ չէր լինում, շրջակայքում ձիով զբոսանքների նկատմամբ իմ ունեցած մոլությունը ինձ բերեց սպորտի սիրահարների խմբակը, որոնց մեջ կային ուղղակի ցոփ և ոչ բարձր բարոյականության տեր երիտասարդներ։ Մենք հաճախ հավաքվում էինք միասին ճաշելու, իհարկե, այդ ճաշերին ներկա էին լինում նաև ավելի լուրջ մարդիկ, բայց հաճախ մենք խմում էինք չափից դուրս, իսկ հետո հաջորդում էին ուրախ երգերը և թղթախաղը։ Գիտեմ, որ այդ ձևով անցկացրածս օրերի և երեկոների համար ես պետք է ամաչեմ, բայց իմ ընկերներից մի քանիսը այնպիսի հաճելի մարդիկ էին, և մենք բոլորս այնպես ուրախանում էինք, որ ես այժմ էլ չեմ կարող այդ ժամանակը հիշել առանց բավականության։ Բայց ինձ հաճելի է մտածել, որ ես ունեի նաև ուրիշ շատ, բոլորովին այլ տեսակի ընկերներ։ Ես շատ մոտ էի Ուիտլեյի<ref>Ուիտլեյ, հետագայում բնապատմության դասատու Դուրհեմի համալսարանում։— ''Խմբ.։''</ref> հետ, որը հետագայում ստացավ առաջին պարգևը, և մենք նրա հետ միշտ երկարատև զբոսանքներ էինք կատարում։ Նա իմ մեջ ճաշակ պատվաստեց պատկերների և լավ փորագրանկարների նկատմամբ, և ես նույնիսկ ձեռք բերի մի քանի լավերը։ Ես հաճախ էի լինում Ֆիտցուիլյամի պատկերասրահում, և, ըստ երևույթին, բավական լավ ճաշակ ունեի, որովհետև ես, անկասկած, սքանչանում էի լավագույն նկարներով և երկար դատողություններ անում նրանց մասին թանգարանապահի հետ։ Մեծ հետաքրքրությամբ կարդացի սըր Ջոշուա Ռեյնոլդսի գիրքը։ Նկարչության նկատմամբ այդ ճաշակս, թեև բնածին չէր, պահպանվեց մի քանի տարի, Լոնդոնի Ազգային պատկերասրահի նկարներից շատերը ինձ իսկական հաճույք էին պատճառում, իսկ Սեբաստյան Դել-Պյոմբոյի մի նկարը իմ մեջ արթնացնում էր վսեմության զգացմունք։ Ես ընդունվեցի նաև երաժշտական խմբակում, կարծեմ, իմ ընկեր Հերբերտի միջոցով, որը ամենաբարի հոգու տեր մարդ էր, համալսարանն ավարտեց ամենաբարձր գնահատականով։ Իմ ծանոթությունը այն մարդկանց հետ, որոնց մոտ ես հաճախ երաժշտություն էի լսում, ճաշակ պատվաստեց իմ մեջ երաժշտության նկատմամբ, և ես հաճախ իմ զբոսանքները դասավորում էի այնպես, որպեսզի լի օրերը լսեմ խմբերգությունները Կինգ-կոլեջի եկեղեցում։ Զգացած բավականությունն այնքան մեծ էր, որ երբեմն իմ մեջքով սարսուռ էր անցնում։ Ես հաստատ հավատացած եմ, որ երաժշտության նկատմամբ իմ այդ զգացմունքում ոչ մի շինծու բան կամ ընդօրինակություն չկար, որովհետև ես Կինգ-կոլեջ մեն-մենակ էի գնում, իսկ երբեմն նույնիսկ վարձում էի երգիչներ իմ տանը երգելու համար։ Այնուամենայնիվ ես այն աստիճան զուրկ եմ երաժշտական լսողությունից, որ չեմ նկատում աններդաշնակությունը, չեմ կարողանում պահել չափը կամ ինքս ինձ գոնե մի քիչ ճիշտ մռմռալ որևէ մեղեդի, այնպես որ ինձ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես ես կարող էի երաժշտությունից բավականություն ստանալ։ Երաժշտականն ընկերներս շուտով նկատեցին այդ և շատ զվարճանում էին, ինձ համար քննություն սարքելով, որի էությունն այն էր, որ ես պետք է իմանայի ինձ ծանոթ եղանակները, երբ կատարվում էին ավելի դանդաղ կամ ավելի արագ, քան հարկավոր էր։ «God Save the King»-ը<ref>«Աստված, պահիր թագավորին» — անգլիական ազգային հիմնն է։</ref> այդպիսի ձևով կատարվելիս ինձ համար դառնում էր անլուծելի հանելուկ։ Կար իմ լսողության պես վատ լսողություն ունեցող էլի մեկ մարդ և, տարօրինակ է ասել, նա մի քիչ նվագում էր ֆլեյտա։ Մի անգամ ի մեծ ուրախություն իմ՝ ես հաղթեցի նրան մեր այդ քննություններից մեկում։ Բայց ոչ մի բանով այնպես մոլությամբ և այնպիսի բավականությամբ ես չէի զբաղվում, ինչպես բզեզներ հավաքելով։ Դրանում արտահայտվում էր պարզապես հավաքածուներ կազմելու ցանկությունս, որովհետև ես նրանց չէի հետազոտում, գրեթե չէի համեմատում որևէ հրատարակված նկարագրության հետ։ Այնուամենայնիվ ինձ հաջողվում էր իմանալ նրանց անունները։ Բերեմ մի օրինակ այդ գործում իմ եռանդի մասին. մի անգամ հին ծառից կեղևը պոկելիս ես ձեռքով բռնեցի մեկական հազվագյուտ բզեզ, երբ տեսա մի երրորդը, որը. նույնպես ինձ համար բոլորովին նոր էր։ Չկարողանալով հրաժարվել երրորդից, ես աջ ձեռքումս բռնած բզեզը խոթեցի բերանս։ Բայց, ո՜հ սարսափ։ Նա արձակեց ինչ-որ կծու հեղուկ, որը վառեց իմ լեզուն, այնպես որ ես ստիպված էի դուրս թքել նրան, ընդ որում, իհարկե, կորցրի նրան նույնպես, ինչպես նաև երրորդը։ Ես շատ հաջողակ էի հավաքածու կազմելու գործում և նույնիսկ գտա հավաքելու երկու նոր միջոց. ես վարձում էի մի գործավոր, որը ձմեռվա ընթացքում հին ծառերի վրայից քերում էր մամուռը և հավաքում այն պարկի մեջ, ինչպես նաև հավաքում էր ճահիճներից եղեգն բերող գետանավերի հատակի աղբը, և այդ եղանակով ես հավաքեցի մի քանի հազվագյուտ տեսակներ։ Ի հարկե, ոչ մի բանաստեղծ, տեսնելով տպագրված իր առաջին պոեմը, այնպիսի բերկրանք չի զգացել, ինչպես ես, երբ Ստիվենսի «Բրիտանական միջատների նկարները» գրքում տեսա այս մոգական խոսքերը։ «Բռնված է Չ. Դարվինի կողմից»։ Միջատաբանության հետ առաջին ծանոթությանս համար ես պարտական եմ իմ հորեղբոր որդի Ու. Դարվին Ֆոքսին, մի շատ խելացի և հաճելի մարդու, որը սովորում էր Կրայստ-կոլեջում և որի հետ շատ մոտ բարեկամացա։ Ավելի ուշ ես մոտիկացա հետագայում հայտնի հնէագետ Ալբերտ Ուեյի հետ Երրորդության-կոլեջից, որի հետ մենք հաճախ էքսկուրսիաներ էինք անում, ինչպես նաև նույն կոլեջից Հ. Թոմսոնի հետ, որը հետագայում դարձավ աչքի ընկնող գյուղատնտես, երկաթուղային մեծ ձեռնարկության դիրեկտոր և պառլամենտի անդամ։ Այնտեղից կարծես հետևում է, որ բզեզներ հավաքելու մոլությունը կարող է ինչպես մի մարգարեական ցուցում ծառայել կյանքում ապագա հաջողության համար։ Ես միշտ զարմանում եմ այն խոր տպավորությանը, որ ինձ վրա թողել են քեմբրիջյան բզեզները։ Ես մինչև այժմ իմ առաջ տեսնում եմ այն սյուները, հին ծառերը կամ դարափուլերը, որտեղ ես լավ գյուտեր եմ արել։ Այն ժամանակները մի լավիկ Panagaeus crux-major-ը իսկական գանձ էր, և արդեն գտնվելով այստեղ, Դաունում, մի անգամ տեսա ճանապարհը կտրելով վազող մի բզեզ և, բռնելով նրան, իսկույն նկատեցի, որ նա քիչ է տարբերվում P. crux-major-ից։ Այդպես էլ դուրս եկավ՝ դա P. quadripunctatus-ն էր, որը ներկայացնում է P. crux-major-ի այլատեսակը կամ մոտ ազգակից տեսակը, միայն շատ քիչ տարբերվելով նրանից ընդհանուր ուրվագծերով։ Այն դեռ վաղ ժամանակներում ես ոչ մի անգամ չէի տեսել կենդանի Licinus, որը անփորձ աչքի համար քիչ է տարբերվում մյուս սև Carabidae-ներից, բայց երբ իմ որդիները այստեղ բռնեցին մեկին, ես իսկույնևեթ իմացա, որ ինձ համար դա բոլորովին նոր ձև է, բայց արդեն ամբողջ քսան տարի էր, որ ոչ մի բրիտանական բզեզ ձեռքս չէի վերցրել։ Մինչև այժմ ես չեմ հիշատակել մի հանգամանքի մասին, որն ամենից ավելի ազդեց իմ կարիերայի վրա։ Ես նկատի ունեմ իմ բարեկամությունը պրոֆեսոր Հենսլոյի հետ։ Դեռ մինչև Քեմբրիջ գալս, ես եղբորիցս լսել էի նրա մասին, որպես մի մարդու, որը գիտակ է բնագիտության բոլոր բնագավառներում, և ես նախապատրաստված էի նրան հարգանքով վերաբերվելու։ Շաբաթը մեկ անգամ նրա տունը հյուրընկալ կերպով բաց էր գիտությամբ բոլոր հետաքրքրվողների առաջ, և այդ երեկոներին հավաքվում էին համալսարանի բոլոր հին ու նոր անդամները։ Շուտով Ֆոքսի միջոցով ես հրավիրվեցի Հենսլոյի մոտ և սկսեցի կանոնավոր կերպով հաճախել նրա երեկոները։ Շատ չանցած ես շատ մտերմացա նրա հետ և Քեմբրիջում ապրելուս վերջին տարիներին գրեթե ամեն օր նրա հետ միասին կատարում էի հեռավոր զբոսանքներ, այնպես որ իմ մասին սկսեցին ասել, «Նա, որ Հենսլոյի հետ է զբոսնում»։ Զբոսանքից վերադառնալուց հետո նա հաճախ հրավիրում էր ինձ ճաշելու իր ընտանիքի հետ։ Նա ընդարձակ գիտելիքներ ուներ բուսաբանությունից, միջատաբանությունից, քիմիայից, հանքաբանությունից և երկրաբանությունից։ Ամենից ավելի նա սիրում էր եզրակացություններ հանել մանրազնին մանր դիտումների երկար շարանի իման վրա։ Նրա դատողությունները հիանալիորեն ճիշտ էին, և խելքը զարմանալի կերպով հավասարակշռված, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը նրա մեջ գտներ ինքնօրինակ հանճարեղության առկայություն։ Նա խորապես կրոնասեր էր և նվիրված անգլիկան եկեղեցու ուսմունքին ինչպես որ մի անգամ ինձ խոստովանեց, որ խորապես կվշտանար, եթե նրա երեսունևինը դոգմատներում գեթ մի բառ փոփոխվեր։ Նրա բարոյական հատկությունները բոլոր տեսակետներից արժանի էին զարմանքի։ Նա բոլորովին զուրկ էր սնափառությունից։ Ես երբեք չեմ տեսել մի մարդ, որն այդքան քիչ մտածեր իր և իր անձնական շահերի մասին։ Նրա բնավորությունը անվրդով ու անխռով էր, վարվեցողությունը անսովոր քաղաքավարի, ակամայից դեպի իրեն գրավող և, չնայած այդ բանին, ես առիթ եմ ունեցել համոզվելու, որ որևէ վատ արարք կարող էր առաջացնել նրա խոր զայրույթը, արագ եռանդուն գործողությունների ուղեկցությամբ։ Մի անգամ, նրա հետ միասին Քեմբրիջի փողոցներով անցնելիս, ես վկա եղա մի սոսկալի տեսարանի, որից ավելի վատը, հավանորեն, չէր կարելի տեսնել նաև ֆրանսիական ռևոլյուցիայի ժամանակներում։ Երկու դիակագողերի պահակները ուղեկցում էին դեպի բանտ, երբ նրանց վրա հարձակվող ամբոխը խլեց նրանց ոստիկանության ձեռքից և ոտքերից քաշ տվեց ցեխոտ սալարկի վրայով։ Նրանք ոտքից մինչև գլուխ ցեխակոլոլված էին, իսկ նրանց դեմքերը արյունոտած, արդյոք նրանի՞ց, որ ամբոխը ոտքերով աքացի էր խփում դեմքերին, թե՞ քարերին դիպչելուց։ Նրանք ավելի շատ նման էին դիակների. ասենք՝ ամբոխը այնպես էր խռնվում նրանց շուրջը, որ ես նրանց միայն անցողակի տեսա։ Երբեք չեմ տեսել մարդկային դեմքի վրա վրդովմունքի այդպիսի արտահայտություն, ինչպես այն, որով այլայլված էին Հենսլոյի դեմքի գծերը այդ զզվելի տեսարանը տեսնելու ժամանակ։ Նա մի քանի անգամ փորձեց ամբոխը ճեղքել և հասնել դժբախտ զոհերին, սակայն բոլոր ջանքերը զուր էին։ Այն ժամանակ նա շտապեց քաղաքի մերի մոտ, բղավելով ինձ, որ ես չհետևեմ իրեն, այլ աշխատեմ հավաքել էլի մի քանի ոստիկաններ։ Ես արդեն մոռացել եմ, թե ինչով վերջացավ այդ ամենը, գիտեմ միայն, որ նախքան այդ մարդկանց կարողացան սպանել, նրանց հասցրին բանտ։ Հենսլոյի բարեգործությունը սահման չէր ճանաչում, նա այդ ապացուցեց Հիտշամում քահանա եղած ժամանակ հոգ տանելով իր ծխի աղքատների մասին։ Այդպիսի մարդու հետ մոտիկությունը պետք է խոր բարերար ազդեցություն գործեր և, ես հույսով եմ, իրականում գործեց ինձ վրա։ Չեմ կարող չհիշատակել մի փոքրիկ դեպք, որը ապացուցում է նրա նրբանկատությունը։ Զննելով թաց մակերեսի վրա դրված ծաղկափոշու հատիկները, ես նկատեցի, որ նրանցից մի քանիսը խողովակ են արձակել, և գլխապատառ սլացա նրան հաղորդելու իմ գյուտի մասին։ Ես հավատացած եմ, որ բուսաբանության ոչ մի պրոֆեսոր չէր զսպի իր ծիծաղը նման հաղորդման վրա։ Բայց նա ինձ հետ համաձայնեց, որ այդ երևույթը վերին աստիճանի հետաքրքիր է, ինձ բացատրեց նրա նշանակությունը և միևնույն ժամանակ զգուշորեն հասկանալ տվեց, որ այն լավ հայտնի է։ Ես նրանից հեռացա ամենևին չվիրավորված, այլ, ընդհակառակը, գոհ էի նրանով, իր ինձ անձամբ հաջողվեց հայտնագործել այդպիսի երևելի փաստը, բայց, իհարկե, խոսք տվի ինձ այսուհետև չշտապել հաղորդումներ անելու իմ հայտնագործությունների մասին։ Հենսլոյին երբեմն այցելող հայտնի և ավելի հասակավոր մարդկանցից մեկն էր դոկտոր Յուելը, որին մի քանի անգամ գիշերով ուղեկցել եմ տուն։ Բացի սըր Ջ. Մակինտոշից, ես չեմ լսել մի մարդու, որը կարողանար այնպես խոսել լուրջ բաների մասին, ինչպես Յուելը։ Հենսլոյի մոտ հաճախ հյուր էր լինում նրա փեսան՝ Լեոնարդ Ջենինսը<ref>Ջենինսը, հետագայում Բլոմֆիլդ, կազմել է «Բիգլ»-ի վրա ճանապարհորդելու ժամանակ Դարվինի հավաքած ձկների հավաքածուների նկարագրությունը։— ''Խմբ.։''</ref>, որը հետագայում հրատարակեց մի քանի լավ աշխատություններ բնագիտությունից։ Ես լինում էի նրա մոտ՝ նրա քահանայական տանը, որը կպած էր մեծ ճահճին (the Fens), և հիշում եմ նրա հետ ունեցած հետաքրքիր զբոսանքները և միշտ բնապատմության վերաբերյալ խոսակցությունները։ Ծանոթացա նաև տարիքով ինձանից ավելի մեծ մի քանի մարդկանց հետ, որոնք գիտությամբ քիչ էին հետաքրքրվում, բայց Հենսլոյի բարեկամներն էին։ Նրանցից մեկը շոտլանդացի էր — սըր Ալեքսանդր Ռամսեյի եղբայրն էր և Հիսուսի կոլեջում դաստիարակ, դա մի հմայիչ մարդ էր, բայց շուտ մեռավ։ Մյուսը, միստր Դոուզն էր, որը հետագայում Հերեֆորդում դեկան էր ու հռչակվեց իր դպրոցներով աղքատների համար։ Այդ մարդիկ և նրանց շրջանից ուրիշները երբեմն Հենսլոյի հետ միասին բավական հեռավոր էքսկուրսիաներ էին կատարում, որոնց մասնակցելու թույլատրում էին նաև ինձ, որը ինձ մեծ բավականություն էր պատճառում։ Հիշելով այդ մասին, ես գալիս եմ այն եզրակացության, որ իմ մեջ ինչ-որ բան կար, որ ինձ զատում էր իմ հասակակիցների շարքից, այլապես այնպիսի մարդիկ, որոնք ինձանից ավագ էին թե՛ տարիքով և թե՛ ակադեմիական դիրքով, չէին թույլ տա մտնելու իրենց շրջանը։ Իհարկե ես ինքս իմ մեջ ոչ մի գերազանցություն չէի զգում իմ ընկերների նկատմամբ և լավ հիշում եմ, երբ սպորտի իմ ընկերակիցներից մեկը՝ Տյորները, տեսնելով, թե ինչպես ես զբաղվում եմ բզեզներով, սկսեց հավատացնել ինձ, որ ես երբևիցե կդառնամ Թագավորական ընկերության անդամ, այդ ինձ պարզապես անհեթեթ թվաց։ Քեմբրիջում իմ ապրած վերջին տարում ես խոր հետաքրքրությամբ կարգակցի Հումբոլդտի «Անձնական տպավորություններ»-ը։ Այդ գիրքը և սըր Ջ. Հերշելի «Ներածություն բնագիտության փիլիսոփայության ուսումնասիրության» աշխատությունը իմ մեջ արթնացրին բուռն ցանկություն իմ համեստ ուժերով գոնե մի քիչ օժանդակել բնագիտության փառահեղ շենքի կառուցմանը։ Ոչ մի գիրք առանձին վերցրած և ոչ էլ նրանց տասնյակները միասին գումարած ինձ վրա այնպիսի տպավորություն չեն թողել, ինչպես այդ երկուսը։ Ես Հումբոլդտից երկար քաղվածք արեցի Տեներիֆի մասին և վերոհիշյալ էքսկուրսիաներից մեկում կարդացի այն, կարծեմ, Հենսլոյին, Ռամսեյին և Դոուզին, որովհետև դեռ ավելի առաջ, Տեներիֆի հրաշալիքների մասին իմ արած նկարագրությունից հետո, էքսկուրսիայի մասնակիցներից մի քանիսը ցանկություն հայտնեցին գնալու այնտեղ, սակայն կարծում եմ, որ այդ ցանկությունները միայն կիսով չափ լուրջ էին։ Բայց ես ձգտում էի այնտեղ միանգամայն լուրջ կերպով, այնպես որ նույնիսկ խնդրում էի ինձ ծանոթացնել լոնդոնյան մի վաճառականի հետ, որպեսզի իմանամ, թե ինչ նավեր են մտնում այնտեղ։ Բայց այդ պլանը, իհարկե, թողնվեց, երբ հարց առաջացավ «Բիգլ»-ով ճանապարհորդելու մասին։ Ամառային արձակուրդներիս ժամանակն անցնում էր բզեզներ հավաքելով, ընթերցանությամբ և ոչ հեռավոր էքսկուրսիաներով։ Ամբողջ աշունը նվիրում էի որսորդության՝ գլխավորապես Վուդհաուսում և Մերում, իսկ երբեմն էլ Էյտոնում՝ երիտասարդ Էյտոնի հետ։ Ընդհանրապես բոլոր երեք տարիները, որ ես անցկացրի Քեմբրիջում, ամենաուրախ տարիներն էին իմ երջանիկ կյանքում, այն ժամանակ առողջությունս հիանալի էր և համարյա միշտ գտնվում էի ուրախ տրամադրության մեջ։ Քանի որ ես միայն ծննդից հետո եկա Քեմբրիջ, ուստի վերջին քննությունից հետո՝ 1831 թվականի սկզբին ես պետք է երկու սեմեստր ևս մնայի, և Հենսլոն ինձ համոզեց զբաղվել երկրաբանությամբ։ Այդ պատճառով, վերադառնալով Շրոպշիր, ես սկսեցի ուշադրությամբ զննել Շրուսբերիի շրջակայքի կտրվածքները և նույնիսկ կազմեցի նրանց գունազարդ քարտեզը։ Պրոֆեսոր Սեջվիկը մտադիր էր օգոստոսի սկզբին այցելել հյուսիսային Ուելս, որպեսզի շարունակի իր նշանավոր հետազոտությունները հնագույն կազմավորումների մասին, և Հենսլոն խնդրել էր Սեջվիկին թույլ տալ ինձ ուղեկցելու նրան այդ ճանապարհորդությունում։ Դրա պատճառով նա մի գիշեր անցկացրեց իմ հոր տանը։ Այդ երեկոյան նրա հետ ունեցած կարճատև զրույցը մեծ տպավորություն գործեց ինձ վրա։ Մի բանվոր ինձ պատմել էր, որ ավազի հին հանքավայրում գտել է մեծ արևադարձային մաշված խեցի, նման այն volutae-ն, որոնք հաճախ կարելի է տեսնել կոտտեջներում բուխարիների վրա, և որովհետև նա չէր համաձայնում այն վաճառել ինձ, ուստի ես համոզված էի, որ նա իրոք գտել է այդ հանքափոսում։ Ես այդ պատմեցի Սեջվիկին, և նա առանց վարանելու ինձ պատասխանեց, հավանական է, որ խեցին որևէ մեկը գցել է (որը հավանորեն արդարացի էր), և իսկույն ավելացրեց, որ եթե այդ լիներ նրա իսկական տեղը, ապա դա իրոք դժբախտություն կլիներ երկրաբանության համար, որովհետև տակն ու վրա կաներ այն ամենը, ինչ որ մինչև հիմա մեզ հայտնի է միջին կոմսությունների մակերեսային նստվածքների մասին։ Իրոք, ավազի այդ շերտերը պատկանում են սառցադաշտային շրջանին, և հետագայում ես նրանցում գտնում էի արկտիկական խեցիներ։ Բայց այն ժամանակ ես չափազանց զարմացա այն բանից, որ Սեջվիկը չուրախացավ այդպիսի զարմանալի փաստից, ինչպիսին էր արևադարձային խեցու գյուտը Անգլիայի կենտրոնում գետնի հենց երեսին մոտ։ Թեև մինչև այդ ժամանակ ես արդեն կարողացել էի կարդալ շատ գրքեր, բայց այդպիսի պարզորոշությամբ երբեք չէր պատկերացել ինձ այն հիմնական միտքը, որ գիտությունը փաստերի այնպիսի խմբավորում է, որից կարելի է հետևեցնել ընդհանուր օրենքներ կամ եզրակացություններ։ Հետևյալ առավոտյան մենք ուղևորվեցինք Լլանգոլլեն, Կոնուեյ, Բանգոր և Կապել-Կուրիգ։ Այդ էքսկուրսիան ինձ այն աներկբայելի օգուտը տվեց, որ սովորեցրեց ինձ մի ամբողջ երկրի երկրաբանության մասին պատկերացում կազմելու ձևը։ Սեջվիկը հաճախ ինձ ուղարկում էր այն ուղղությամբ, որը զուգահեռ էր իր գնացած ուղղությանը, հանձնարարելով ինձ հավաքել լեռնային ապարների նմուշներ և քարտեզի վրա գծանշել շերտերի ուղղությունը։ Ես համոզված եմ, որ նա այդ անում էր իմ օգտի համար, որովհետև ես այնքան անտեղյակ էի, որ անշուշտ չէի կարող նրան օգտակար լինել։ Այդ էքսկուրսիայի ժամանակ ես առիթ ունեցա համոզվելու, թե որքան հեշտ է չնկատել նույնիսկ, կարծես, շատ աչքի զարնող մի երևույթ, եթե որևէ մեկ ուրիշը առաջուց նրա վրա ուշադրություն չի դարձրել։ Մենք մի քանի ժամ անցկացրինք Կվիս-Իդվալում, մանրազնին կերպով հետազոտելով լեռնային ապարները, որովհետև Սեջվիկը շատ էր ուզում նրանցում գտնել բրածոներ, և մեզանից ոչ մեկը չնկատեց սառցադաշտային երևույթների զարմանալի հետքերը, այն է՝ ոչ ժայռերի ակոսված մակերեսները, ոչ դեպի վեր ցցված գլաքարերը, ոչ կողմնային ու վերջնային քարակարկառները։ Իսկ մինչդեռ այդ երևույթներն այնքան ակնհայտ են, որ մի հոդվածում, որը ավելի ուշ տպվել է «Philosophical Magazine»-ում<ref>«Փիլիսոփայական հանդես»։— ''Խմբ.։''</ref> ես այսպես եմ արտահայտվել. «Հրդեհից ոչնչացած տունը իրեն հետ պատահածի մասին ավելի պարզորոշ չի պատմի, քան այդ հովիտը։ Եթե նա դեռևս լցված լիներ սառցադաշտով, ապա բոլոր երևույթները արտահայտված կլինեին ավելի պակաս որոշակիությամբ, քան այժմ»։ Կապել-Կուրիգում ես հրաժեշտ տվի Սեջվիկին և լեռների վրայով ուղիղ գծով գնացի Բարմուտ, ղեկավարվելով քարտեզով ու կողմնացույցով և օգտվելով լեռնային արահետներով միայն այն ժամանակ, երբ նրանք համընկնում էին իմ ծրագրած ուղու հետ։ Այսպիսով ես տեսա տարօրինակ, վայրի տեղեր և շատ գոհ մնացի ճանապարհորդության այդպիսի ձևից։ Բարմուտում ես եղա քեմբրիջյան իմ ընկերներից մի քանիսի մոտ, որոնք զբաղվում էին դասատվությամբ, և վերադարձա Շրուսբերի և Մեր՝ որս անելու, որովհետև այն ժամանակները ես ինձ խելագար կհամարեի, եթե կաքավի որսի առաջին օրերը բաց թողնեի ինչ-որ երկրաբանական կամ մի այլ գիտության պատճառով։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Add topic