Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Գանձերի կղզին
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
= ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ։ ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԾՈՎԻ ՎՐԱ = == Գլուխ XXII: Ինչպես սկսվեցին իմ արկածները ծովի վրա == Ավազակները չվերադարձան։ Նույնիսկ ոչ մեկը նրանցից չկրակեց անտառից։ «Նրանք այսօրվա բաժինն ստացել են», արտահայտվեց նրանց մասին նավապետը։ Մենք կարող էինք հանգիստ կերպով կապել վիրավորների վերքերը և ճաշ պատրաստել։ Այս անգամ ճաշ պատրաստեցինք ես և կալվածատերը։ Չնայելով վտանգին, մենք գերադասեցինք ճաշ պատրաստել բակում, որ չլսենք, թե ինչ սարսափելի են հառաչում մեր վիրավորները։ Առվում վնասված ութ հոգուց միայն երեք հոգի էին կենդանի մնացել․ հրակնատի մոտ խփված ծովահենը, Գենտերը և նավապետ Սմոլետը։ Առաջին երկուսի դրությունն անհուսալի էր։ Ծովահենը շուտով մեռավ վիրահատության ժամանակ։ Գենտերը, չնայած մեր ջանքերին, գիտակցության չեկավ։ Նա ամբողջ օրը կենդանի մնաց, բարձր շնչելով, ինչպես շնչում էր զարկի ժամանակ այն ծերունի ծովահենը, որ ապրում էր մեր պանդոկում։ Սակայն նրա կողերը և գանգը ջարդված էին, և նա հետևյալ գիշերը, առանց հառաչելու, առանց գիտակցոլթյան գալու, վախճանվեց։ Նավապետի վերքերը տանջող էին, բայց ոչ վտանգավոր։ Ոչ մի տեղը լուրջ վնասված չէր։ Էնդերսոնի գնդակը, որ առաջին անգամ դիպավ նավապետ Ջոբին, ծակել էր նրա թիակը և թեթև կերպով դիպել թոքերին։ Երկրորդ գնդակը դիպել էր սրունքին և կտրել մի քանի կապեր։ Բժիշկը հավատացնում էր, որ նավապետն անպայման կառողջանա, սակայն մի քանի շաբաթ չպետք է ման գա, ձեռքը շարժի և շատ խոսի։ Պատահաբար ստացած մատիս վերքը դատարկ բան էր։ Բժիշկ Լիվսին քերծվածքի վրա սպեղանի դրեց և քնքշաբար ականջս տրորեց։ Ճաշից հետո կալվածատերն ու բժիշկը նստեցին նավապետի մոտ և սկսեցին խորհրդակցել։ Խորհրդակցությունը վերջացավ կեսօրից հետո։ Բժիշկը վերցրեց իր գլխարկը, ատրճանակները, թուրը խրեց գոտկատեղը, քարտեզը դրեց գրպանը, հրացանը կախեց ուսից, հյուսիսային կողմից անցավ ցցապատը և անհետացավ անտառում։ Ես ու Գրեյը նստած էինք ամրոցի հեռու անկյունում, որ չլսենք, թե ինչ են խոսում մեզնից մեծերը։ Գրեյն այնպես հուզված էր բժշկի տարօրինակ վարմունքից, որ ծխամորճը բերանից հանեց և մոռացավ, որ էլի բերանը դնի։ — Ի՜նչ հիմար բան է,— ասաց նա։— Բժիշկը խելքը չի՞ կորցրել արդյոք։ — Չեմ կարծում,— պատասխանեցի ես։— Ամենից ուշ նրա խելքը կպակասի։ — Գուցե այդպես է,— ասաց Գրեյը։— Բայց եթե նրա խելքը պակաս չէ, ուրեմն խելագարը ես եմ։ — Ո՛չ, բժիշկը երևի մի պլան ունի,— բացատրեցի ես։— Իմ կարծիքով նա գնաց Բեն Գանի հետ տեսնվելու։ Ինչպես հետո պարզվեց, ես ճիշտ էի։ Մինչ այդ ամրոցում շոգն անտանելի էր դառնում։ Կեսօրվա արեգակը շիկացնում էր բակի ավազը, և իմ գլխում մի տարօրինակ միտք է պտտվում։ Ես սկսեցի նախանձել բժշկին, որ անցնում էր զով անտառով, ներշնչում էր եղևնու խեժոտ հոտը, այն ժամանակ, երբ ես տապակվում էի այս անիծված դժոխքում, որտեղ շորերս թրջվել էին քրտինքից, որտեղ մարդկային արյուն էր թափված, որտեղ շուրջս մեռելներ էին թափված։ Զզվանքը, որ պատճառում էր մեր ամրոցը, համարյա նույնքան մեծ էր, ինչքան երկյուղը։ Ես լվանում էի հատակը, լվանում էի ամանները, և ամեն րոպե զզվանքը դեպի այս տունը, նախանձը դեպի բժիշկը, ավելանում էր։ Վերջապես պատահաբար հայտնվեցի պաքսիմատի պարկի մոտ։ Ինձ ոչ ոք չէր տեսնում։ Ես սկսեցի պատրաստվել փախուստի․ բաճկոնիս երկու գրպանն էլ պաքսիմատ լցրեցի։ Դուք կարող եք ինձ հիմար անվանել։ Ես անխոհեմ էի վարվում, կյանքս վտանգի էի ենթարկում, այնուամենայնիվ, ես ձեռք առա զգուշության բոլոր միջոցները, որ կային իմ ձեռքի տակ։ Այս պաքսիմատը առնվազն երկու օր չի թողնի, որ ես սովից մեռնեմ։ Հետո վերցրի երկու ատրճանակ։ Վառոդ, ու գնդակ ինձ մոտ վաղուց կար, և ես ինձ հիանալի զինված էի զգում։ Իմ պլանը, ըստ էության, այնքան էլ վատ չէր։ Ես ուզում էի գնալ ավազոտ ցամաք, որն արևելյան կողմից բաժանում էր մեր նավահանգիստը բաց ծովից, գտնել սպիտակ ժայռը, որ երեկ երեկոյան նկատեցի, և նայել՝ նրա տակ չի՞ թաքցնում արդյոք Բեն Գանը իր նավակը։ Այս գործն իմ կարծիքով արժեքավոր գործ էր։ Բայց ես հաստատ գիտեի, որ ինձ ամրոցից բաց չեն թողնի, և ես վճռեցի փախչել։ Իհարկե, այդպես վարվել պետք չէր, բայց մի մոռացեք, որ ես երեխա էի և չէի կարողանում ցանկությունս հաղթահարել։ Շուտով փախչելու համար հարմար առիթ եղավ։ Կալվածատերն ու Գրեյը նավապետի վերքերը կապում էին։ Ճանապարհն ազատ էր։ Ես ցցապատն անցա և անհետացա անտառի մեջ։ Մինչ իմ բացակայությունը կհայտնաբերվեր, ես արդեն այնքան էի հեռացել, որ ոչ մի կանչ չէի կարող լսել։ Այս իմ երկրորդ անմիտ արարքն առաջինից վատ էր, որովհետև ամրոցում միայն երկու առողջ մարդ էին մնացել։ Այնուամենայնիվ, ինչպես և առաջին փախուստը, օգնեց, որ մենք փրկվենք։ Ես ճանապարհ ընկա դեպի կղզու արևելյան ափը, որովհետև ցանկանում էի գնալ ցամաքալեզվի դեպի ծովի կողմը դարձված ափով, որ ինձ նավից չնկատեն։ Երեկոյան դեմ էր, թեև արեգակը դեռ շատ բարձրում էր գտնվում։ Անտառով անցնելիս, ես առջևից լսում էի ոչ միայն ալեկոծության անընդհատ դղրդոցը, այլև ճյուղերի շարժվելու ձայնը և տերևների շրշյունը։ Սա նշանակում էր, որ այսօր ծովի ալեկոծությունն ավելի ուժեղ էր, քան սովորաբար լինում է։ Շուտով զով փչեց։ Էլի մի քանի քայլ, և ես դուրս եկա անտառի եզրը։ Իմ առաջ, մինչև հորիզոնը, տարածվում էր արեգակի լույսով լուսավորված ծովը, իսկ ափի մոտ եռում ու փրփրում էր ալեկոծությունը։ Ես երբեք չտեսա, որ ծովը Գանձերի կղզու մոտ հանդարտ լինի։ Մինչև անգամ պարզկա օրերին, երբ արեգակը շլացնելու չափ փայլում էր և օդն անշարժ էր լինում, հսկա ալիքները թնդյունով վազում են դեպի այդ ափը։ Հազիվ թե կղզու վրա մի տեղ գտնվի, որտեղ կարելի լինի պատսպարվել ալեկոծության աղմուկից։ Ես անցնում էի ափով, զբոսանքից հաճույք զգալով։ Վերջապես, վճռելով, որ արդեն բավականաչափ դեպի հարավ եմ գնացել, զգուշությամբ, խիտ թփերի պաշտպանությամբ, բարձրացա դեպի վեր՝ ցամաքալեզվի լեռնաշղթայի վրա։ Առջևում նավահանգիստն էր, ետևում՝ ծովը։ Ծովային քամին, կարծես հոգնած իր սեփական կատաղությունից, հանդարտվում էր։ Նրան փոխարինում էին հարավից և հարավ-արևելքից եկող օդի հոսանքները, որոնք իրենց հետ խիտ մշուշ էին բերում։ Նեղուցում, որ պաշտպանված էր Կմախքի կղզիով, նույնիսկ անշարժ մուգ կապարագույն ջուր էր, ինչպես այն օրը, երբ մենք առաջին անգամ տեսանք։ Ողջ «Իսպանոլան», կայմի ծայրից մինչև ջրագիծը, կախ ընկած սև դրոշակի հետ միասին, արտացոլված էր ինչպես հայելու մեջ։ Նավի մոտ ես տեսա մի մակույկ։ Մակույկի առջևի մասում նստած էր Սիլվերը։ Նրան ես կճանաչեի, որքան էլ հեռու լիներ։ Նա խոսում էր երկու ծովահենների հետ, որոնք նավի եզրից ծռվել էին դեպի Սիլվերը։ Նրանցից մեկի գլխին կարմիր թասակ կար։ Սա այն սրիկան էր, որ քիչ առաջ անցավ ցցապատից։ Նրանք խոսում էին ու ծիծաղում, բայց ես նրանցից մի ամբողջ մղոն հեռու էի և հասկանալի է, որ նրանց խոսակցությունը լսել չէի կարող։ Հետո լսեցի մի սարսափելի, ոչ մարդկային ձայն։ Սկզբում վախեցա, բայց հետո ճանաչեցի նավապետ Ֆլինտի՝ թութակի ձայնը։ Մինչև անգամ ինձ թվաց, որ ես չալիկ թռչունին տեսա Սիլվերի ուսին։ Մակույկը ճանապարհվեց դեպի ափը, իսկ կարմիր թասակով մարդն իր ընկերոջ հետ նավաստիների սենյակն իջան։ Արեգակը ծածկվեց Հեռադիտակի ետևում, մշուշը խտացավ, արեգակը մթնեց։ Ես հասկացա, որ ոչ մի րոպե չի կարելի կորցնել, եթե ցանկանում եմ այսօր գտնել նավակը։ Սպիտակ ժայռը լավ երևում էր մացառուտի միջից, բայց չափազանց հեռու էր, և ես քիչ ժամանակ չկորցրի, մինչև հասա։ Ես չորեքթաթ անցնում էի թփերի միջով։ Համարյա թե գիշեր էր, երբ ձեռքս քսեցի ժայռի անհարթ կողքին։ Ժայռի տակ մի փոքրիկ հովիտ կար, որտեղ կանաչ մամուռ էր աճում։ Այդ հովիտը պաշտպանված էր հայացքներից ավազակույտերով և հազիվ ծնկներիս հասնող ցանցառ թփուտով։ Հովտի խորքում տեսա այծի մորթիներից պատրաստված վրան։ Անգլիայում այդպիսի վրաններ գնչուներն են ունենում։ Ես անցա հովիտը, վրանի փեշը բարձրացրի և այնտեղ գտա Բեն Գանի նավակը․ բոլոր ինքնագործ նավակներից, այսպես ասած, սա ամենաինքնագործն էր։ Ամուր փայտից Բենը ծռկող շրջանակ էր պատրաստել, ներսից այծի մորթիներ խփել՝ ահա ամբողջ նավակը։ Չգիտեմ, թե ինչպես էր նավակը դիմանում մեծահասակ մարդուն, քանի որ ես դժվարությամբ էի տեղավորվում։ Ներսում կար մի նեղ նստարան, ոտների համար նեցուկ և մի թիակ։ Առաջ ես երբեք ձկնորսական հյուսված նավակներ չէի տեսել, որ գործ էին ածում հին բրիտանացիք։ Բայց հետագայում ես ծանոթացա նրանց։ Որպեսզի դուք պարզ պատկերացում ունենաք Բեն Գանի նավակի մասին, կասեմ, որ նման էր առաջին և ամենաանհաջող նավակին։ Բայց, այնուամենայնիվ, ուներ մի մեծ առավելություն հին նավից՝ թեթև էր և ազատ կերպով կարելի էր տեղից տեղ փոխադրել։ Այժմ ինձ մնում էր ամրոց վերադառնալ։ Բայց այդ ժամանակ գլխումս մի նոր պլան հայտնվեց, և ես այնպես գոհ էի այդ պլանից, որ ոչ մի նավապետ Սմոլետ չէր կարող ինձ ստիպել, որ հրաժարվեմ։ Ես մտածեցի, օգտվելով գիշերվա մթությունից, նավակով մոտենալ «Իսպանոլային» և կտրել խարիսխի ճոպանը։ Թող հոսանքը նավին ափ դուրս գցի։ Ես համոզված էի, որ ավազակները, որ առավոտյան այնպիսի դիմադրության էին հանդիպել, պատրաստվում էին խարիսխը բարձրացնել և ծով դուրս գալ։ Պետք էր խանգարել, քանի ուշ չէր։ Նավի վրա, հերթապահների տրամադրության տակ, ոչ մի մակույկ չէր մնացել, հետևապես ճոպանը կարելի էր կտրել առանց վտանգի ենթարկվելու։ Սպասելով, որ վերջնականապես մթնի, ես նստեցի ավազի վրա և սկսեցի պաքսիմատ կրծել։ Դժվար է պատկերացնել մի ավելի հարմար գիշեր մտածածս կատարելու համար։ Ողջ երկինքը պատած էր թանձր մշուշով։ Երբ մարեցին ցերեկվա վերջին ճառագայթները, խոր խավարը պատեց Գանձերի կղզուն։ Եվ երբ վերջապես նավակն ուսիս գցած, դուրս եկա հովտից և սայթաքելով մոտեցա ջրին, խոր խավարի միջից միայն երկու լույս էին փայլում, առաջինը մի մեծ խարույկ էր ափին, ճահճի վրա, որի մոտ ծովահենները հարբեցողությամբ էին զբաղված, երկրորդ լույսն իսկապես ծածկված էր ինձանից. դա նավի առջևի մասի պատուհանն էր։ Ես տեսնում էի միայն լույսի մի բիծ մշուշի մեջ։ Տեղատվությունն արդեն սկսվել էր, ափի և ջրի մեջ կազմելով թաց ավազի մի լայն շերտ։ Շատ անգամ ես խրվեցի տիղմի մեջ, մինչև որ հասա նահանջող ջրին։ Մի քանի քայլ ծանծաղուտով անցնելով, ես արագ և ուժեղ կերպով նավակը դրեցի ջրի մակերևույթի վրա։ == Գլուխ XXIII։ Տեղատվության իշխանության տակ == Նավակը, ինչպես ենթադրում էի, իմ հասակի ու քաշի մարդու համար շատ համապատասխան էր։ Այն թեթև էր, շարժուն, սակայն դրա հետ միասին այնքան ծռակող ու արագաշարժ, որ վարելն անհնարին էր։ Ինչ ուզում ես արա, կաշվիցդ դուրս եկ, անվերջ պտտվում է։ Ինքը՝ Բեն Գանը հետո խոստովանեց, որ այդ նավակը կարող է գործածել նա, ով «արդեն սովոր է նրա քմահաճույքին»։ Իհարկե, ես դեռ նավակի քմահաճույքին սովոր չէի․ ինչ ուղղությամբ ասես սլանում էր, բացի քո ցանկացած ուղղությունից։ Ավելի հաճախ դառնում էր դեպի ափը, և եթե տեղատվություն չլիներ, հազիվ թե կարողանայի նավին հասնել։ Իմ բախտից տեղատվությունն ինձ դեպի «Իսպանոլան» էր տանում։ Նախ նկատեցի մի բիծ, որն իրեն շրջապատող խավարից ավելի սև էր։ Հետո տեսա նավի իրանն ու կայմերը։ Եվ մի ակնթարթից հետո (որովհետև ինչքան հեռու էի գնում, այնքան արագ էր քաշում տեղատվությունը), հասա խարսխի ճոպանին և բռնեցի։ Այնքան ուժեղ էր նավի ձգտումը խարսխից ազատվելու, որ ճոպանը լարի նման ձգված էր։ Նավի տակ տեղատվությունն ալեկոծվում ու աղմկում էր լեռնային գետակի նման։ Դանակիս մի զարկը, և «Իսպանոլան» կսլանա այնտեղ, ուր նրան կքաշի հոսանքը։ Սակայն ես ժամանակին գլխի ընկա, որ ամուր ձգված ճոպանը, եթե միանգամից կտրեմ, ձիու սմբակի ուժով կխփի ինձ, նավակը շուռ կգա, և ես ծովի հատակը կգնամ։ Ես կանգ առա և սկսեցի սպասել։ Եթե հաջող դեպք չլիներ, ես, երևի, վերջ ի վերջո հրաժարվեի իմ մտադրությունից։ Գիշերը մոտենալով, թեթև քամին, որ սկզբում փչում էր հարավ-արևելքից, ապա հարավից, դարձավ հարավարևմտյան։ Հանկարծակի վրա հասած փոթորիկը «Իսպանոլային» շուռ տվեց հոսանքի դեմ։ Ճոպանը թուլացավ և իմ ձեռքը, որով բռնել էի, ջրի մեջ մտավ։ Հասկանալով, որ ոչ մի վայրկյան չի կարելի բաց թողնել, հանեցի դանակս, ատամներովս բացեցի և սկսեցի մեկը մյուսի ետևից կտրտել ճոպանի մանրաթելերը։ Երբ միայն երկու մանրաթել մնաց կտրելու, ճոպանը նորից ձգվեց, և ես սկսեցի սպասել քամու հետևյալ թափին։ Նավասենյակից վաղուց բարձր ձայներ էին լսվում։ Բայց, ճշմարիտն ասած, ես այնպես տարված էի իմ գործով, որ նրանց վրա ուշադրություն չէի դարձնում։ Այժմ, երբ գործ չունեի, սկսեցի ականջ դնել։ Ես ճանաչեցի երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը, նրա, ով մի ժամանակ Ֆլինտի մոտ հրաձիգ էր։ Երկրորդ ձայնն, անկասկած, պատկանում էր կարմիր թասակով բարեկամիս։ Նրանք երկուսն էլ սաստիկ հարբած էին և շարունակում էին խմել։ Նրանցից մեկը հարբածի ճիչով պատուհանը բացեց և ինչ-որ մի բան ջուրը շպրտեց, երևի դատարկ շիշ։ Ասենք, նրանք ոչ թե միայն խմում, այլև կատաղաբար վիճում էին։ Հայհոյանքները կարկտի նման թափվում էին, և երբեմն ինձ թվում էր, որ գործը տուրուդմբոցի է հասնում։ Սակայն ամեն անգամ ձայները հանդարտվում էին, և վեճը դադարում էր։ Հետո նորից էին սկսում, որ մի քանի րոպեից դադարեն։ Ափին, ծառերի բների միջից ես տեսնում էի խարույկի կրակը։ Այնտեղ ինչ-որ մեկը մի հին, տխուր, միապաղաղ նավաստու երգ էր երգում, որի յուրաքանչյուր տողից հետո ոռնոցի նման դայլայլ էր կրկնվում։ Մեր ճանապարհորդության ժամանակ ես այդ երգը շատ էի լսել։ Այն այնքան երկար էր, որ ոչ մի երգիչ մինչև վերջ չէր կարողանում երգել և ձգում էր մինչև այն ժամանակ, որքան համբերություն ուներ։ Ես այդ երգից միայն մի քանի բառ եմ հիշում. ։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն,<br> ։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։ Ես մտածեցի, որ այդ տխուր երգը, երևի, միանգամայն համապատասխանում է այն տխրությանը, որ պատել է ծովահեններին, որոնք այսօր այնքան ընկեր կորցրին։ Սակայն շուտով համոզվեցի, որ իրականում այս ծովային բանդիտներն անզգա են այնպես, ինչպես ծովը, որի վրայով ճանապարհորդում էին։ Վերջապես քամին կրկին թափով փչեց։ Մթության մեջ նավը կրկին դեպի ինձ շարժվեց։ Ես զգացի, որ ճոպանը կրկին թուլացավ, և մի ուժեղ հարվածով կտրեցի վերջին մանրաթելը։ Իմ նավակի վրա քամին ոչ մի ազդեցություն չունեցավ, և ես անսպասելի կերպով հայտնվեցի «Իսպանոլայի» եզրի տակ։ Նավը, հողմահար եղած, կամաց պտտվում էր իր առանցքի շուրջը։ Ես ամբողջ ուժով թիավարում էի, րոպե առ րոպե սպասելով, որ նավակը կշրջվի։ Սակայն նավը նավակիս քաշում էր իր ետևից, և ես ոչ մի կերպ հեռանալ չէի կարողանում, այլ՝ միայն կամաց շարժվում էի քթից դեպի ետևի մասը։ Ասենք, վերջապես, նավակն սկսեց հեռանալ, և ես արդեն հույս ունեի բաժանվել վտանգավոր հարևանից։ Սակայն այդ ժամանակ ձեռքս ընկավ նավախելից կախված ճոպանի ծայրը։ Ես իսկույն բռնեցի։ Թե ինչո՞ւ բռնեցի, չգիտեմ։ Երևի, անգիտակցաբար։ Իսկ երբ ճոպանն իմ ձեռքին էր, և ես համոզվեցի, որ ամուր է կապված, հանկարծ հետաքրքրությունս բորբոքվեց և որոշեցի նայել նավասենյակի պատուհանից։ Ձեռքերով տնտղելով, ճոպանի օգնությամբ նավակս քաշեցի դեպի նավի ետևի կողմը։ Այս հանգամանքը սաստիկ վտանգ էր սպառնում․ նավակն ամեն վայրկյան կարող էր շուռ գալ։ Բարձրանալով, ես տեսա նավասենյակի մի մասն ու առաստաղը։ Այդ ժամանակ նավը և նրա ուղեկիցը՝ նավակը, արագ ընթանում էին հոսանքով։ Մենք արդեն հավասարվել էինք ափի խարույկին։ Նավը բարձրաձայն «խոսեց», ինչպես ասում են ծովագնացները, այսինքն սկսեց աղմուկով ճեղքել ալիքները, և մինչև ես չնայեցի պատուհանից, չկարողացա հասկանալ, թե ինչու պահպանության համար նավում թողնված ավազակները տագնապ չեն բարձրացնում։ Սակայն մի հայացքով նավասենյակը նայելով, բավական էր հասկանալ բոլորը։ Իսկ ես իմ երերուն նավակում կանգնած, իսկապես կարող էի միմիայն մի հայացք ձգել։ Հենդսը և նրա ընկերը, իրար կոկորդից բռնած, կռվում էին։ Ես ընկա նստարանի վրա։ Մի ակնթարթ ևս, նավը կշրջվեր։ Իմ առջև դեռևս երևում էին ծովահենների կատաղած, արյունալի դեմքերը, ծխացող լամպի աղոտ լույսի տակ։ Ես աչքերս փակեցի, որ նրանք կրկին մթությանն ընտելանան։ Անվերջ պարերգը վերջապես դադարեց, և խարույկի մոտ կերուխում անողները երգեցին ինձ ծանոթ երգ․ ։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,<br> ։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ,<br> ։։Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,<br> ։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։ Մտածելով, թե ռոմն ու սատանան ինչ են անում այժմ «Իսպանոլայի» նավասենյակում, ես հանկարծակի ցնցում զգացի։ Նավակս սաստիկ թեքվել էր և ուղղությունը փոխել։ Հոսանքի արագությունը տարօրինակ կերպով արագացել էր։ Ես աչքերս բաց արի։ Շուրջս, թեթև ծծմբե լույսով կայծերի նման փայլատակելով, աղմկում, փրփրում էին մանրիկ ալիքները։ Թվում էր, որ «Իսպանոլան» էլ էր ուղղությունը փոխել։ Ես մռայլ կերպով տեսնում էի նավի կայմերը մութ երկնքում։ Այո՛, ինչքան շատ էի նայում, այնքան հաստատ էի համոզվում, որ նավը դեպի հարավ է գնում։ Ես ետ նայեցի և քիչ մնաց, որ սիրտս պայթի։ Այժմ խարույկը վառվում էր հենց իմ մեջքի ետևում։ Ուրեմն, հոսանքը ծռվել է դեպի աջ, տանելով իր հետ և՛ ծանր նավը, և՛ իմ թեթև, պարող նավակը։ Կատաղի հոսանքը նեղ նեղուցով մեզ դեպի բաց ծովն էր քաշում։ Հանկարծ նավը մի, առնվազն քսան աստիճանի, պտույտ էլ արավ, և այդ վայրկյանին ես լսեցի նախ մի ճիչ, ապա մյուսը։ Սանդուղքի վրայից անցնող ոտների ձայն լսեցի և հասկացա, որ հարբածները կռիվը դադարեցրել են։ Դժբախտությունը երկուսին էլ սթափեցրել է։ Ես պառկեցի իմ ողորմելի նավակի հատակին և հանձնվեցի ճակատագրի քմահաճույքին։ Նեղուցից դուրս գալով, ես պիտի ընկնեի գազազած ալեկոծության մեջ, որն արագությամբ կփրկեր ինձ բոլոր հոգսերից։ Մահից ես չէի վախենում, բայց տանջալից էր անգործ պառկել և սպասել մահվան։ Այդպես մի քանի ժամ պառկած մնացի։ Ալիքներն ինձ այս ու այն կողմն էին շպրտում և վրաս ջրի կաթիլներ թափում։ Յուրաքանչյուր նոր ալիք ինձ անխուսափելի մահ էր սպառնում։ Բայց կամաց-կամաց ես հոգնեցի։ Չնայած սարսափելի դրությանս, ես թմրեցի և անզգայացա։ Երբ քնեցի, երազումս տեսա իմ հայրենի վայրերը և հին «Ծովակալ Բենբոուն»։ == Գլուխ XXIV։ Մակույկի մեջ == Երբ զարթնեցի, բոլորովին լույս էր արդեն։ Ես տեսա, որ հոսանքն ինձ տանում է Գանձերի կղզու հարավարևմտյան ափով։ Արեգակն արդեն դուրս էր եկել, բայց Հեռադիտակի հսկա զանգվածը, որ իջնում էր դեպի ծովն անառիկ ժայռերով, նրա առաջը փակել էր։ Քարշակի գլուխը և Միջնակայմ ժայռը գտնվում էին իմ կողքին։ Ժայռը մերկ էր ու սև, իսկ Գլուխը շրջապատված էր քառասուն-հիսուն ֆուտ բարձրություն ունեցող ապառաժներով և թափված ժայռերի կույտերով։ Ինձնից մինչև կղզին քառորդ մղոնից ոչ ավելի տարածություն կար։ Ես որոշեցի հագցնել թիակը և թիավարել։ Սակայն շուտով ստիպված էի հրաժարվել այդ մտադրությունից։ Փուլ եկած ժայռերի միջից կատաղած մռնչում էր ալեկոծությունը։ Հսկա ալիքները մեկը մյուսի ետևից գոռուն-գոչյունով դեպի վեր էին բարձրանում փրփրած։ Ես տեսա, որ մոտենալով ափին կամ կկորչեմ այդ ալիքների մեջ, կամ անտեղի ուժ կգործադրեմ, բարձրանալու անառիկ ապառաժների վրա։ Բայց միայն այս չէր, որ վախեցնում էր ինձ: Սեղանի նման տափակ ժայռերի վրա սողում էին ինչ-որ ահագին լպրծուն հրեշներ, ինչ-որ անհավատալի չափի կակղամորթներ։ Երբեմն նրանք թռչում էին ջրի մեջ և սուզվում։ Կակղամորթները հաչում էին, և ժայռերի խլացուցիչ արձագանքը կրկնում էր նրանց վայրի հաչոցը։ Հետագայում ես իմացա, որ դրանք ծովային առյուծներ են, միանգամայն անվնաս կենդանիներ ծովաշան ցեղից։ Սակայն նրանց տեսքը սարսափելի էր, ափն անմերձենալի էր, մակընթացությունն ուժեղ խփում էր ժայռերին և իմ՝ ափին մոտենալու ցանկությունը կորավ։ Ավելի լավ է սովից մեռնել բաց ծովում, քան երես առ երես այդպիսի վտանգների հանդիպել։ Այդ ժամանակ փրկվելու մի այլ հնարավորություն պատկերացրի։ Քարշակի Գլխից դեպի հյուսիս ես տեսա տեղատվության ժամանակ մերկացող մի երկար ավազոտ ծանծաղուտ, իսկ ավելի հյուսիսում՝ մի ուրիշ հրվանդան, այն հրվանդանը, որ մեր քարտեզի վրա նշանակված էր Անտառոտ հրվանդան անունով։ Այդ հրվանդանի վրա աճել էին կանաչ հսկա եղևնիներ, որոնք մինչև ջուրն էին իջնում։ Ես հիշեցի Սիլվերի խոսքերը, թե կղզու արևմտյան ափի երկարությամբ կա մի հոսանք, որ գնում է դեպի հյուսիս։ Հասկացա, որ այդ հոսանքի մեջ եմ ընկել և որոշեցի Քարշակի գլուխն անցնելուց հետո, փորձեմ իջնել Անտառոտ հրվանդանի մոտ, որն ինձ ավելի սիրալիր էր թվում։ Ծովի վրա մեռյալ ալեծածանություն էր։ Հարավից համառ ու սիրալիր քամի էր փչում և ինձ հոսանքով տանում։ Ալիքները համաչափ բարձրանում և իջնում էին։ Եթե ուժեղ քամի լիներ, ես վաղուց խեղդված կլինեի։ Սակայն մեղմ քամու ժամանակ կարելի էր զարմանալ միայն, թե ինչքան ճարպիկ էր իմ պստլիկ, թեթև նավակը։ Պառկած լինելով նավակի հատակին և չորս կողմը նայելով, ես շատ անգամ տեսա հսկա ալիքի կապտավուն գավաթն իմ գլխի վրա։ Բայց իմ նավակը թռչկոտելով, թեթև պարելով, թռչում էր ալիքների կատարի վրա և թռչնի նման սահուն իջնում։ Կամաց-կամաց այնպես համարձակ դարձա, որ մինչև անգամ փորձեցի թիավարել։ Սակայն հավասարակշռության ամենափոքր խախտում ազդում էր իմ նավակի վրա։ Հենց որ շարժվում էի, նավակը փոխում էր իր սահունությունը, արագ իջնում էր ալիքների կատարից դեպի ջրային փոսը, այնպես որ գլուխս պտտվում էր և ջրակաթիլներ բարձրացնելով, խրվում էի հետևյալ ալիքի մեջ։ Վախեցած, թրջված, ես նորից պառկեցի հատակին։ Թվում էր, թե նավակը միանգամից սթափվեց և առաջվա զգուշությամբ տարավ ինձ, ալիքների միջով։ Ինձ համար պարզ էր, որ թիավարել չէր կարելի։ Բայց ինչպե՞ս ափ հասնեի։ Ես վախեցա, բայց գլուխս չկորցրի։ Ամենից առաջ իմ նավաստիական գլխարկով սկսեցի զգուշորեն ջուրը դուրս թափել, ապա, դիտելով նավի ընթացքը, աշխատեցի հասկանալ, թե ինչու է նավակն այդպես թեթև սահում ալիքների վրայով։ Ես նկատեցի, որ յուրաքանչյուր ալիք, որ ափից կամ նավից պատկերանում է որպես հսկա և հարթ սար, իսկապես, ավելի շուտ, նման է անհարթ բլուրների շղթայի, սրածայր գագաթներով, լանջերով ու հովիտներով։ Նավակը դյուրությամբ խուսանավում էր, յուրաքանչյուր անգամ ընտրում հովիտներ, խուսափելով սեպ լանջերից և բարձր գագաթներից։ «Շատ լավ,— որոշեցի ես,— գլխավորն այն է, որ հանգիստ պառկեմ և հավասարակշռությունը չխախտեմ։ Բայց հարմար դեպքում կարելի է երբեմն թիավարել դեպի ափը»։ Այդպես էլ արեցի։ Արմունկների վրա, անհարմար դրությամբ պառկած, երբեմն թիակը թափահարում էի և նավակը դեպի ափ էի ուղղում։ Սա մի անտանելի, դանդաղ աշխատանք էր, սակայն ես որոշ հաջողության հասա։ Այնուամենայնիվ, հավասարվելով Անտառոտ հրվանդանին, ես հասկացա, որ անպատճառ կսլանամ նրա մոտով, թեև իսկապես ափն ինձանից այժմ միայն մի քանի հարյուր յարդ էր հեռու։ Ես տեսա ծառերի կանաչ, զով կատարները։ Նրանց տարուբերում էր թեթև քամին։ Ես հավատացած էի, որ հետևյալ հրվանդանը բաց չեմ թողնի։ Ժամանակն անցնում էր, և ես սկսեցի ծարավից տանջվել։ Արեգակը շլացուցիչ կերպով փայլում էր, արտացոլելով ալիքների մեջ։ Ջրակաթիլները չորանում էին իմ երեսի վրա և մինչև անգամ շրթունքներս ծածկվեցին աղի շերտով։ Կոկորդս չորացել էր, գլուխս ցավում էր։ Ծառերն այնքան մոտիկ էին, այնպես հրապուրում էին իրենց ստվերով, բայց հոսանքն արագ սլացրեց ինձ հրվանդանի մոտով։ Եվ այն, ինչ որ տեսա, կրկին հայտնվելով բաց ծովում, իմ բոլոր պլանները փոխեցին։ Առջևիս, կես մղոն, գուցե և պակաս, տարածության վրա ես տեսա «Իսպանոլան», որ արագ առաջ էր գնում։ Անկասկած ինձ կտեսնեն և կվերցնեն։ Ծարավն այնպես տանջում էր ինձ, որ ես մինչև անգամ չգիտեի ուրախանալ, թե տխրել։ Սակայն երկար մտածել չվիճակվեց, որովհետև սաստիկ զարմացա։ «Իսպանոլան» առաջ էր գնում միջնակայմով և երկու եռանկյունի առագաստներով։ Նրա արտասովոր գեղեցկություն ունեցող առագաստները շլացուցիչ կերպով փայլում էին։ Երբ առաջին անգամ նավը տեսա, բոլոր առագաստներն ուռած էին։ Նավն ուղղված էր դեպի հյուսիս-արևմուտք։ Ես մտածեցի, որ նավի վրա գտնված մարդիկ որոշել էին շրջել կղզու չորս կողմը և վերադառնալ նախկին կանգնած տեղը։ Հետո նավն սկսեց ավելի ու ավելի դեպի արևմուտք ծռվել, և ես մտածեցի, որ ինձ արդեն նկատել են և ուզում են վերցնել։ Հանկարծ նավը ծռվեց ուղիղ դեպի քամու հակառակ կողմը և անօգնական կերպով կանգ առավ կախված առագաստներով։ — Արջեր,— ասացի ինքս ինձ։— Երևի այնքան խմել, են, որ անզգայացել են։ Կստանային նրանք նավապետ Սմոլետից նավն այդպես ղեկավարելու համար։ Այդ ժամանակ նավը դեսուդեն թեքվելով, լրիվ շրջան կատարեց, նորից կանգնեց քիթը քամու դեմ և նորից կանգ առավ։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ «Իսպանոլան» գնում էր երբեմն դեպի հարավ, երբեմն՝ հյուսիս, երբեմն դեպի արևելք, երբեմն՝ արևմուտք, առագաստները թափահարելով և անդադար դառնալով դեպի այն ուղղությունը, որից քիչ առաջ հեռացել էր։ Ինձ համար պարզ էր, որ նավը ոչ ոք չի վարում։ Իսկ ի՞նչ եղան մարդիկ։ Նրանք կամ սարսափելի հարբած են, կամ նավից հեռացել են։ Եթե ես բարձրանամ նավի վրա, գուցե կարողանամ նավը վերադարձնել նավապետին։ Հոսանքը նավակը տանում էր դեպի նավը միատեսակ արագությամբ, բայց նավն այնպես արագ էր փոխում իր ուղղությունը, այնքան հաճախ կանգ էր առնում, որ համարյա առաջ չէր շարժվում։ Եթե կարողանայի նստել նավակի մեջ և թիավարել, անկասկած կհասնեի նավին։ Եվ հանկարծ իսկապես ցանկացա հասնել։ Նոր արկածների ծարավը պատեց ինձ, իսկ անուշ ջրի մասին մտածելն իմ անմիտ վճռականությունը կրկնապատկեր։ Ես վեր կացա, և իսկույն ալիքը ոտից մինչև գլուխ թրջեց ինձ։ Բայց այդ բանն ինձ չսարսափեցրեց։ Ես նստեցի և, ժողովելով բոլոր ուժերս, սկսեցի թիավարել։ Սկսեցի հետապնդել «Իսպանոլային», որը ոչ ոք չէր վարում։ Երբեմն ալիքներն այնպես էին շպրտում ինձ, որ իմ սիրտը թպրտում էր ինչպես թռչուն։ Հաճախ կանգնում էի և նավակի մեջ հավաքված ջուրը թափում։ Այնուամենայնիվ, շուտով ես ընտելացա նավակին և սկսեցի այնպես զգույշ ուղղություն տալ կատաղած ալիքների միջով, որ միայն երբեմն փրփուրի մանր կտորներ էին խփում երեսիս։ Իմ և նավի մեջ եղած տարածությունը հետզհետե քչանում էր։ Ես արդեն կարողանում էի տեսնել ղեկի կոթի պղնձե փայլը։ Տախտակամածի վրա ոչ ոք չկար։ Ավազակները, երևի, փախել էին։ Իսկ եթե չէին փախել, ուրեմն նավաստիների սենյակում խոր քուն են մտել։ Ես նրանց կփակեմ այդ սենյակում և նավն ինչ կուզենամ կանեմ։ Հանկարծ բախտը ժպտաց ինձ։ Քամին մի քանի վայրկյան հանդարտվեց։ Ենթարկվելով հոսանքին, «Իսպանոլան» կամաց պտտվեց իր առանցքի շուրջը։ Ես տեսա նրա ետևի կողմը։ Նավաստիների սենյակի պատուհանը բաց էր։ Սեղանի վրա տեսա վառվող լամպ, թեև վաղուց ցերեկ էր։ Միջնակայմը դրոշակի նման կախված էր։ Նավն իր ընթացքը դանդաղեցրեց, որովհետև շարժվում էր միայն հոսանքի հետ։ Ես քիչ ետ էի մնացել նավից։ Սակայն այժմ, ջանքերս կրկնապատկելով, կարող էի կրկին հասնել նրան։ Ես արդեն նրանից ընդամենը հարյուր յարդ տարածության վրա էի գտնվում, երբ քամին նորից ուռեցրեց նրա առագաստները։ Նավը դարձավ դեպի ձախ և կրկին սահելով սլացավ ալիքների վրայով, ինչպես ծիծեռնակ։ Սկզբում ես հուսահատվեցի, հետո ուրախացա։ Նավը շրջան կատարեց և սկսեց ուղիղ դեպի ինձ լողալ։ Ահա նա անցավ մեզ բաժանող տարածության կեսը, հետո երկու երրորդը, ապա երեք քառորդը։ Ես տեսա, թե ինչպես էին փրփրում ալիքները նրա եզրերի տակ։ Իմ փոքրիկ նավակից նավը մի հսկա էր երևում։ Հանկարծ ես հասկացա, թե ինչ վտանգ էր սպառնում ինձ, եթե նավը դիպչեր իմ նավակին։ Մտածելու համար ժամանակ չէր մնում։ Պետք է փորձեի ազատվել։ Ես գտնվում էի մի ալիքի կատարի վրա, երբ նավի քիթը ճեղքեց հարևան ալիքը։ Ոտքի կանգնեցի և վեր ցատկեցի, նավակն ընկղմելով ջրի մեջ։ Ձեռքով բռնեցի բուշպրիտի վերի ծայրը, իսկ ոտս ընկավ պարանների արանքը։ Եվ սարսափահար եղած, կախված էի օդում։ Ներքևից տված թեթև զարկն ինձ իմաց ավեց, որ նավն ընկղմեց իմ նավակը և «Իսպանոլայից» այժմ ոչ մի կերպ չի կարելի հեռանալ։ == Գլուխ XXV։ Ես իջեցնում եմ «Ուրախ Ռոջերը» == Հենց բարձրացա բուշպրիտի վրա, ծածանվող եռանկյունի առագաստը խլացուցիչ ձայնով չխկաց, կարծես թնդանոթի կրակոց, ուռավ և ուղղությունը փոխեց։ Նավը, մինչև իջվածքը ցնցվեց։ Իսկ մի վայրկյան հետո, թեև մնացած բոլոր առագաստներն ուռած էին, սակայն եռանկյունի առագաստը կրկին չխկաց ու կախվեց։ Անակնկալ հարվածից քիչ էր մնում ջուրն ընկնեի։ Ժամանակ չկորցնելով, սողալով բարձրացա բուշպրիտով և գլխիվայր ընկա տախտակամածի վրա։ Ես գտնվում էի ջրամբարի քամոտ կողմում։ Միջնակայմը ծածկում էր ինձնից նավախելի մի մասը։ Ես ոչ մի կենդանի արարած չտեսա։ Տախտակամածը, որ խռովության օրից չէր լվացվել, ապականված էր կեղտոտ ոտների հետքերով։ Բերանը կոտրված մի դատարկ շիշ ետ ու առաջ էր գլորվում ինչպես կենդանի։ Հանկարծ «Իսպանոլան» նորից գնաց քամու ուղղությամբ։ Եռանկյունի առագաստները չխկացին իմ ետևին։ Ղեկը շրջան կատարեց և նավը ցնցվեց։ Այդ վայրկյանին միջնակայմը, ճախարակները ճռնչացնելով, մի կողմ ընկանք և ես տեսա նավի ետևի կողմը։ Երկու ծովահենն էլ այնտեղ էին։ «Կարմիր թասակն» անշարժ պառկած էր մեջքի վրա։ Նրա ձեռքերը տարածված էին, ինչպես խաչված, ատամները բաց էին։ Իզրայել Հենդսը նստած էր գլուխը կրծքին խոնարհած։ Ձեռքերն անօգնական կախվել էին, երեսը, չնայած արևառության, ճարպե մոմի պես սպիտակ էր։ Նավը կատաղած ձիու նման ծառս էր լինում ու վեր-վեր նետվում։ Առագաստներն ուռել էին, առագաստափայտերն այնպես ուժեղ էին շարժվում, որ կայմը բարձր հառաչում էր։ Ժամանակ առ ժամանակ նավի քիթը խրվում էր ալիքի, մեջ, և այն ժամանակ ջրակաթիլների թեթև ամպերը թռչում էին զբոսարանի վրա։ Իմ այժմ խորտակվածք ինքնագործ շարժուն նավակն ավելի լավ էր պայքարում ալիքների դեմ, քան այս մեծ նավը։ Նավի յուրաքանչյուր թռիչքի հետ կարմիր թասակով ավազակը ցատկոտում էր։ Սակայն ինձ սարսափեցրեց այն հանգամանքը, որ նրա երեսի արտահայտությունը չէր փոխվում՝ առաջվա նման ատամները բացած ծիծաղում էր։ Իսկ Հենդսը յուրաքանչյուր ցնցումից սահում էր հեռու, դեպի նավախելը։ Քիչ-քիչ հասավ նավի եզրին և ոտը կախվեց հրի վրա։ Ես տեսնում էի միայն նրա մի ականջը և գանգրահեր բակենբարդի մի մասը։ Այդ ժամանակ ես նկատեցի, որ նրանց մոտ, տախտակների վրա արյան շերտեր են սևին տալիս և վճռեցի, որ հարբած դրությամբ կռվելիս, իրար սրախողխող են արել։ Եվ հանկարծ, երբ նավը մի քանի ակնթարթ կանգ առավ, Իզրայել Հենդսը թեթև հառաչելով շարժվեց դեպի իր առաջվա տեղը։ Այս տանջալից հառաչանքը, որ վկայում էր չափազանց հոգնածության մասին, մի վայրկյան կարեկցություն առաջացրեց իմ մեջ։ Բայց ես հիշեցի այն խոսակցությունը, որ լսել էի խնձորի տակառի մեջ նստած ժամանակ, և կարեկցությունն իսկույն անցավ։ Ես մոտեցա միջնակայմին։ — Ա՛յ, ես էլի նավի վրա եմ, պարոն Հենդս,— ասացի ես հեգնաբար։ Նա դժվարությամբ աչքերը դեպի ինձ դարձրեց, սակայն այնպես հարբած էր, որ զարմանք էլ չարտահայտեց։ Նա միայն մի բառ արտասանեց․ — Բրենդի։ Ես հասկացա, որ ժամանակ կորցնել չի կարելի։ Անցնելով կայմի տակից, որը փակում էր իմ ճանապարհը, պարանե սանդուղքով վազեցի նավասենյակը։ Դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի ավերում էր տիրում այնտեղ։ Բոլոր արկղերի կողպեքները կոտրված էին։ Ավազակները, երևի, քարտեզն են որոնել։ Հատակը պատած էր կեղտի շերտով, որ ավազակները ոտներով բերել էին այն ճահճոտ տեղից, որտեղ հարբեցողությամբ էին զբաղված։ Սպիտակ գույնով ներկված և ոսկե շքաձողով զարդարված միջնորմների վրա կեղտոտ մատների հետքեր էին մնացել։ Տասնյակ դատարկ շշեր, ենթարկվելով տատանումին, զրնգալով անկյունից անկյուն էին գլորվում։ Բժշկի բժշկական գրքերից մեկը բաց ընկած էր սեղանին։ Թերթերի կեսը պոկված էր, երևի ծխախոտի համար։ Այս բոլոր այլանդակությունների մեջ առաջվա պես էր մռայլ ու մթին լամպը։ Ես նայեցի մառանը։ Տակառները դատարկ էին և անհամար քանակությամբ դատարկ շշեր թափված էին հատակին։ Հասկացա, որ բոլոր ծովահենների խռովության սկզբից հարբելուց գլուխ չեն թափել։ Այնուամենայնիվ, գտա մի կիսատ օղու շիշ Հենդսի համար։ Ինձ համար վերցրի մի քիչ պաքսիմատ, մի քիչ չոր միրգ, մի բուռ չամիչ և մի կտոր պանիր։ Բարձրանալով տախտակամած, ես այդ բոլորը դասավորեցի ղեկի մոտ, ավագ նավաստուց հեռու, որ ձեռքը չհասնի։ Հետո գնացի ու կուշտ ջուր խմեցի և միայն այդ ժամանակ շիշը պարզեցի Հենդսին։ Նա խմեց կեսից ոչ պակաս և միայն այն ժամանակ շիշը հեռացրեց բերանից։ — Երդվում եմ որոտով,— ասաց նա,— որ հենց այդ էր ինձ հարկավոր։ Ես նստեցի մի անկյունում և սկսեցի ուտել։ — Ծա՞նր եք վիրավորված,— հարցրեցի նրան։ Նա ինչ-որ հաչոցի ձայնով պատասխանեց․ — Եթե բժիշկը այստեղ լիներ, ես արագ կբուժվեի։ Սակայն, ինքդ տեսնում ես, գործերս հաջող չեն գնում։ Իսկ սա մեռավ,— ավելացրեց նա, գլուխը թեքելով դեպի կարմիր թասակ դրած մարդու կողմը։— Վատ ծովագնաց էր։ Իսկ դու որտեղի՞ց եկար։ — Ես եկել եմ այստեղ, որ վարեմ այս նավը, պարոն Հենդս,— ասացի ես։— Այսուհետև, մինչև հետևյալ կարգագրությունը, ինձ ձեր նավապետը համարեցեք։ Նա մռայլ նայեց ինձ, բայց ոչինչ չասաց։ Նրա թշերը թեթևակի կարմրեցին։ Բայց նրա տեսքը հիվանդագին էր, և նավի յուրաքանչյուր տատանումից ընկնում էր կողքի վրա։ — Ի միջի այլոց,— շարունակեցի ես,— այս դրոշակն ինձ դուր չի գալիս, պարոն Հենդս, եթե թույլ կտաք, ես կիջեցնեմ։ Ավելի լավ է դրոշակ չունենալ, քան այսպիսին։ Ես վազեցի կայմի մnտ, քաշեցի համապատասխան պարանը և իջեցնելով անիծված սև դրոշակը, ծովը շպրտեցի։ — Կորչի նավապետ Սիլվերը,— գոչեցի ես, գլխարկս թափահարելով։ Նա ուշադրությամբ դիտում էր ինձ՝ չբարձրացնելով գլուխը, և նրա դեմքը նենգություն էր արտահայտում։ — Ես կարծում եմ,— ասաց նա վերջապես,— ես կարծում եմ, նավապետ Հոկինս, որ դուք կուզենայիք ափ իջնել։ Եկեք այդ մասին խոսենք։ — Ինչու չէ,— պատասխանեցի ես,— հաճությամբ, պարոն Հենդս։ Շարունակեցեք։— Եվ ես կրկին վերադարձա իմ ուտելիքի մոտ և շարունակեցի մեծ ախորժակով ուտել։ — Այդ մարդը,— սկսեց նա, թույլ կերպով թափ տալով գլուխը դեպի դիակը։— Նրան Օ'Բրայեն էին անվանում․․․ Իռլանդացի էր։ Մենք նրա հետ առագաստները պարզեցինք և ուզում էինք վերադառնալ նավահանգիստ։ Սակայն նա մեռավ և գարշահոտություն է արձակում՝ ինչպես հոտած ջուրը նավամբարում։ Չգիտեմ, թե ով պետք է այժմ վարի նավը։ Առանց իմ ցուցմունքների դու այս նավը վարել չես կարող։ Լսի՛ր, ինձ ուտելու և խմելու բան տուր, վերքս փաթաթիր իմ հին շարֆով, դրա փոխարեն ես քեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է նավը վարել։ Համաձա՞յն ես։ — Միայն նկատի ունեցեք,― ասացի ես,— նավապետ Կիտի նավակայանը վերադառնալ չեմ ուզում։ Ես ուզում եմ նավը տանել Հյուսիսային նավահանգիստը և այնտեղ հանդարտ մոտենալ ափին։ — Լա՛վ,— բացականչեց նա։— Մի՞թե ես այնպես ապուշ եմ։ Մի՞թե չեմ հասկանում։ Շատ լավ եմ հասկանում, որ ես տանուլ եմ տվել, և որ դու ես տարել։ Ի՞նչ կա որ։ Դու ուզում ես հյուսիսային նավահանգի՞ստը գնալ։ Բարեհաճի՛ր։ Ես ընտրություն չեմ անի։ Երդվում եմ որոտով, որ ես կօգնեմ քեզ նավը տանել թեկուզ իմ կախաղանի տախտակամածը։ Նրա խոսքերը ինձ անմիտ չթվացին։ Մենք պայման կապեցինք։ Երեք րոպեից հետո «Իսպանոլան» արդեն գնում էր Գանձերի կղզու ափով։ Ես հույս ունեի հասնել մինչև կեսօր Հյուսիսային հրվանդանին, որ մինչև մակընթացությունը Հյուսիսային նավահանգիստը մտնենք։ Այն ժամանակ մենք, ոչ մի վտանգի չենթարկվելով, «Իսպանոլան» կմոտեցնենք ափին, կսպասենք մինչև ջուրը նստի և ցած կիջնենք։ Ես իջա ներքև, որոնեցի իմ սեփական սնդուկը և նրա միջից հանեցի այն մետաքսյա փափուկ թաշկինակը, որ նվիրել էր ինձ մայրս։ Իմ օգնությամբ Հենդսն այդ թաշկինակով կապեց ազդրի մեջ եղած խոր վերքը, որից արյուն էր հոսում։ Նախաճաշելուց և մի քանի ումպ անգլիական օղի խմելուց հետո նա զգալիորեն աշխուժացավ, ավելի ուղիղ նստեց, սկսեց ավելի արագ ու պարզ խոսել, ուրիշ մարդ դարձավ։ Բարեհաջող քամի փչեց։ Նավը թռչնի նման սլանում էր։ Ափերը երևում ու անհետանում էին։ Նրանց տեսքն ամեն րոպե փոխվում էր։ Կղզու բարձր մասը մնաց մեր ետևում։ Մենք սլանում էինք նոսր եղևնիներով պատած ցածր ավազոտ ափով։ Բայց այդ էլ վերջացավ։ Մենք շրջանցեցինք ժայռոտ բլուրը՝ կղզու ամենահյուսիսային մասը։ Նավ վարելն ինձ դուր եկավ։ Ես հիանում էի հրաշալի արևոտ եղանակով և գեղատեսիլ ափերով։ Ուտելիք ու խմելիք շատ ունեի, այլևս խղճի խայթոց չէի զգում նրա համար, որ փախել էի ամրոցից, որովհետև այդպիսի խոշոր հաղթանակ տարա։ Ես ամեն ինչով գոհ կլինեի, եթե ավագ նավաստու աչքերը չլինեին։ Նա ամենածաղրական ձևով աննահանջորեն հետևում էր ինձ, և նրա երեսի վրա ժամանակ առ ժամանակ տարօրինակ ժպիտ էր երևում։ Այդ ժպիտի մեջ ինչ-որ անզորություն ու տանջանք կար՝ ծերունու մռայլ ժպիտ։ Միաժամանակ նրա մեջ ինչ-որ ծաղրական, ինչոր դավաճանական բան կար։ Ես աշխատում էի, իսկ նա նենգամտությամբ քմծիծաղ էր տալիս և հետևում, հետևում, հետևում ինձ։ == Գլուխ XXVI։ Իզրայել Հենդսը == Քամին, կարծես ուզենալով սիրաշահել մեզ, հարավայինից դարձավ արևմտյան։ Մենք առանց դժվարության անցանք կղզու հյուսիս-արևելյան ծայրից մինչև Հարավային ծովախորշի մուտքը։ Սակայն վախեցանք մտնել ծովախորշը մակընթացությունից առաջ, որովհետև խարիսխ չունեինք։ Պետք է սպասեինք։ Ավագ նավաստին սովորեցնում էր ինձ, թե ինչպես պետք է վարել նավը, և շուտով ես մեծ հաջողություն ունեցա։ Հետո երկուսս էլ լուռ նստեցինք և սկսեցինք ուտել։ — Նավապետ,— ասաց նա վերջապես էլի նույն չարամիտ հեգնանքով։— Այստեղ ընկած է իմ հին ընկեր O'Բրայենը։ Ծովը չե՞ս գցի արդյոք։ Ես այնքան էլ փափկանկատ մարդ չեմ և խղճի խայթ չեմ զգում, որ նրան այն աշխարհն ուղարկեցի։ Սակայն, իմ կարծիքով, նա քիչ է զարդարում մեր նավը։ Իսկ քո կարծիքով ինչպե՞ս է։ — Ուժս չի պատի։ Բացի դրանից, այդ աշխատանքն իմ ճաշակով չէ։ Իմ կարծիքով թող պառկած մնա,— ասացի ես։ — Ի՜նչ դժբախտ նավ է այս «Իսպանոլան», Ջիմ,— շարունակեց նա, աչքով անելով։— Որքա՜ն մարդ է սպանվել այս «Իսպանոլայի» վրա և որքա՜ն խեղճ ծովագնացներ մեռան այն օրից, երբ ես ու դու հեռացանք Բրիստոլից։ Ես այսպիսի անհաջող ծովագնացություն երբեք չեմ տեսել։ Ահա Օ'Բրայենն էլ մեռավ։ Նա իսկապես մեռե՞լ է։ Ես անգետ մարդ եմ, իսկ դու կարդալ ու համրել գիտես։ Ասա ինձ ճիշտը ուղղակի․ մեռածն այնպես էլ մեռա՞ծ է մնում, թե երբևիցե հարություն է առնում, ինչպես բացատրում են տերտերները։ — Դուք կարող եք սպանել մարմինը, պարոն Հենդս, և ոչ թե հոգին,— ասացի ես։— Այսպես են սովորեցրել ինձ մեր եկեղեցում։ Իմացեք, որ Օ'Բրայենն այս րոպեիս կենդանի է և այն աշխարհից հետևում է մեզ։ — Ա՜խ,— ասաց նա։— Ի՜նչ վիրավորական է։ Ուրեմն ես իզուր եմ ժամանակ կորցրել։ Ասենք, ոգիները, իմ կարծիքով, մեծ վնաս տալ չեն կարող։ Ես ոգիների հետ գործ ունեցել եմ, Ջիմ։ Լսիր, ես ուզում եմ խնդրել քեզ, որ իջնես նավասենյակը և բերես․․․ Սատանան տանի, ես մոռացել եմ, որ հարկավոր է․․․ Հա՛, ինձ համար մի շիշ գինի բերես, Ջիմ։ Բրենդին շատ թունդ է ինձ համար։ Ավագ նավաստու մոռացկոտությունն ինձ կասկածելի թվաց։ Ճիշտն ասած, ես չհավատացի, որ գինին նրան ավելի է դուր գալիս, քան անգլիական օղին։ Այդ ամենը միայն պատրվակ է։ Գործը պարզ էր․ նա ուզում էր, որ ես տախտակամածից հեռանամ։ Բայց ինչի՞ համար էր ուզում։ Նա խուսափում էր իմ աչքերին նայելուց։ Նրա հայացքը շարունակ այս ու այն կողմն էր թափառում՝ երբեմն երկինքն էր նայում, երբեմն մեռած Օ'Բրայենին։ Նա ամբողջ ժամանակ ժպտում էր, մինչև անգամ խորամանկության առատությունից լեզվի ծայրը բերանից հանում էր։ Սրանից ծծկեր երեխան էլ գլխի կընկներ, որ նա ինչ-որ բան է մտածում։ Այնուամենայնիվ, ես ցույց չավի, որ կասկածում եմ։ — Գինի՞,— հարցրի ես։— Շատ լավ։ Ինչպիսի՞ գինի՝ սպիտա՞կ, թե՞ կարմիր։ ― Միևնույն է, բարեկամս,— պատասխանեց նա։— Միայն թե թունդ լինի և շատ։ — Լա՛վ․․․ Ես ձեզ համար պորտվեյն կբերեմ, պարոն Հենդս։ Բայց հարկավոր է որոնել։ Ես վազեցի ներքև, աշխատելով, որ կոշիկներս որքան կարելի է պինդ զարկեմ գետնին։ Հետո կոշիկներս հանեցի, անձայն անցա պահեստի միջանցքով դեպի նավաստիների սենյակը, այնտեղից պարանե սանդուղքով բարձրացա, գլուխս պատուհանից հանեցի և սկսեցի նայել դեպի տախտակամածը։ Հենդսը երբեք գլխի չէր ընկնի, թե ես դիտում եմ նրան։ Այնուամենայնիվ, ես բոլոր միջոցները ձեռք առա, որ նրա ուշադրությունը դեպի ինձ չգրավեմ։ Եվ առաջին իսկ հայացքից համոզվեցի, որ իմ ամենավատ կասկածներն էլ ճշմարիտ են։ Նա չորեքթաթ արած արագ մագլցում էր տախտակամածի վրայով, թեև, երևի, նրա վիրավոր ոտը չափազանց ցավում էր, որովհետև յուրաքանչյուր շարժումից հետո բարձր հառաչում էր։ Կես րոպեի ընթացքում նա հասավ ջրատար խողովակին, որի մոտ ընկած էր նավի ճոպանը, օղաձև ծալված և այնտեղից մի մեծ դանակ, ավելի ճիշտ մի կարճ դաշույն հանեց, որը մինչև կոթը ներկված էր արյունով։ Նա դիտեց դաշույնը, դուրս գցելով ներքևի ծնոտը, ձեռք տվեց դաշույնի բերանին և արագ կռնատակին դնելով, կրկին իր հին տեղը սողաց։ Ես իմացա, ինչ ինձ պետք էր։ Իզրայելը կարող է շարժվել, նա զինված է։ Քանի որ նա աշխատում էր հեռացնել ինձ տախտակամածից, ուրեմն, ես նրա զոհը կլինեմ։ Իսկ ի՞նչ էր պատրաստվում անել իմ մահից հետո՝ ամբողջ կղզու երկարությամբ հյուսիսային ծովախորշից մինչև ծովահենների ճամբարը քարշ գալ կամ թնդանոթ արձակել և ընկերներին օգնության կանչել՝ այդ, իհարկե, ես չգիտեի։ Ես կարող էի վստահել Հենդսին միայն մի բանում, որովհետև այդ բանում մեր շահերը համապատասխանել էին․ մենք երկուսս էլ ուզում էինք նավը մի անվտանգ տեղ հասցնել, որ հետո կարելի լիներ հեշտ ու անվտանգ հանել։ Քանի որ այդ բանը չի արված, իմ կյանքն անվտանգ է։ Խորհելով, ես ժամանակ չկորցրի։ Գաղտագողի անցա նավասենյակը, կոշիկներս հագա, վերցրի մի շիշ գինի և տախտակամած վերադարձա։ Հենդսը նույն դրության մեջ պառկած էր։ Նրա աչքերը կկոցված էին, իբրև թե այնքան թույլ էր, որ պայծառ լույսը տանել չէր կարող։ Նա նայեց ինձ, սովորական կերպով կոտրեց շշի բերանը և միանգամից համարյա թե շիշը դատարկեց, ասելով, ինչպես սովորաբար ասում են․ — Քո կենացը։ Հետո, քիչ հանգստանալով, գրպանից մի ծամելու ծխախոտ հանեց և խնդրեց մի կտոր կտրել։ — Բարի եղիր։ Կտրիր,— ասաց նա,— թե չէ ես դանակ չունեմ, ուժս էլ չի պատում։ Ա՜խ, Ջիմ, Ջիմ, ես բոլորովին քայքայվել եմ։ Մի կտոր կտրիր։ Սա վերջին բաժինն է, որ ես պիտի ծամեմ իմ կյանքի ընթացքում։ Երկա՞ր կապրեմ արդյոք։ Շուտով ես այն աշխարհում կլինեմ։ — Լա՛վ,— ասացի ես։— Կկտրեմ։ Սակայն եթե ես ձեր տեղը լինեի․․․ Ինձ այդպես վատ զգալիս, ես կաշխատեի մահից առաջ ապաշխարել։ — Ապաշխարե՞լ,— հարցրեց նա։— Ի՞նչ խոստովանել։ — Ինչպե՞ս թե ինչ,— բացականչեցի ես։— Չգիտե՞ք, թե ինչ ապաշխարել։ Դուք դավաճանեցիք ձեր պարտականությանը։ Ողջ կյանքներդ անց եք կացրել ստի և արյան մեջ։ Ահա ձեր ոտների տակ ընկած է մի մարդ, որին քիչ առաջ սպանել եք դուք և ինձ հարցնում եք, թե ի՞նչ ապաշխարեմ։ Ահա թե ինչ, պարոն Հենդս։ Ես խոսում էի ջերմագին, ինչպես հարկավոր է, որովհետև մտածում էի կռնատակին թաքնված դաշույնի մասին և այն մասին, որ նա մտածել է ինձ սպանել։ Իսկ նա շատ գինի էր խմել, այդ պատճառով էլ ինձ պատասխանում էր արտասովոր հանդիսավորությամբ։ — Երեսուն տարի ես նավարկել եմ ծովերի վրա,— ասաց նա։— Տեսել եմ լավ բան էլ, վատ բան էլ, և՛ մրրիկ, և՛ ալեկոծություն, և՛ սով, և՛ էլի շատ բան։ Բայց, հավատա ինձ, ոչ մի անգամ չեմ տեսել, որ առաքինությունը մարդուն որևէ օգուտ տա։ Ճշմարիտը նա է, ով առաջինն է խփում։ Մեռածները չեն կծում։ Ահա իմ ողջ հավատը։ Ամե՛ն։ Լսի՛ր,― ասաց նա, հանկարծ բոլորովին ուրիշ ձայնով,— բավական է հիմար բաներ խոսենք։ Մակընթացությունը վաղուց է սկսել։ Լսիր իմ հրամաննները, նավապետ Հոկինս, և մենք քեզ հետ նավը ծովախորշ կմտցնենք։ Իսկապես որ մենք պետք է անցնեինք միայն երկու մղոնից ոչ ավել։ Սակայն ճանապարհը դժվար էր։ Պարզվեց, որ հյուսիսային ծովախորշի մուտքը ոչ թե միայն նեղ ու սակավաջուր է, այլև շատ ոլորապտույտ։ Ուշադրություն էր հարկավոր։ Ես բանիմաց կատարող էի, իսկ Հենդսը՝ հրաշալի հրամանատար։ Մենք այնպես վարպետորեն խոտորանավեցինք, այնպես անցանք բոլոր ծանծաղուտները, որ նայողի քեֆը կգար։ Երբ երկու հրվանդաններն էլ անցանք, մեզ չորս կողմից շրջապատեց ցամաքը։ Ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ծովախորշի ափերը ծածկված էին խիտ անտառով։ Սակայն ծովախորշը երկար էր, նեղ և, ճշմարիտն ասած, ավելի գետաբերանի էր նման, քան ծովախորշի։ Ուղիղ մեր առջև, հարավային անկյունում, մենք տեսանք մի ջարդված նավի կիսով չափ կիսափտած կմախք։ Դա մի մեծ, երեք կայմանի նավ էր։ Նա այնքան երկար ժամանակ էր մնացել այնտեղ, որ ջրաբույսերը չորս կողմից շրջապատել էին։ Տախտակամածի վրա թփեր էին աճել, որոնց մեջ վառ գույնի ծաղիկներ կային։ Տեսարանը տխուր էր, բայց ապացուցեց, որ այս ծովախորշը կանգ առնելու համար միանգամայն հարմար է։ — Նայի՛ր,— ասաց Հենդսը,— ահա ափին մոտենալու մի լավ տեղ։ Հարթ, մաքուր ավազ, երբեք ոչ մի ալիք չի լինում, չորս կողմն անտառ, այն նավի վրա, ինչպես այգում, ծաղիկներ են բուսնում։ — Իսկ նավը ծանծաղուտի մեջ չի՞ խրվի, եթե ափին մոտենանք,— հարցրեցի ես։ — Ծանծաղուտից դժվար չի լինի հանել, պատասխաններ նա։— Տեղատվության ժամանակ ճոպանը քաշիր մյուս ափը, փաթաթիր մեծ եղևնիներից մեկին, ծայրը քաշիր ետ ու փաթաթիր կայմին։ Հետո սպասիր մակընթացության։ Երբ մակընթացությունը կսկսվի, հրամայիր ողջ անձնակազմին միանգամից բռնել ճոպանը և քաշել։ Եվ նավը, ինչպես երիտասարդ գեղեցկուհի, ինքը դուրս կգա ծանծաղուտից։ Իսկ այժմ, որդիս, ժամակակ մի կորցնի։ Մենք ծանծաղուտի մոտ ենք, իսկ նավը չափազանց արագ է գնում։ Քիչ դեպի աջ․․․ ձախ․․․ ուղիղ․․․ ուղիղ։ Նա հրամաններ էր տալիս, իսկ ես շտապ ու ճիշտ կատարում էի։ Հանկարծ նա բացականչեց․ — Վարիր քամու ուղղությամբ, սրտակից բարեկամ։ Ես բոլոր ուժով ընկա ղեկի վրա։ «Իսպանոլան» շրջվեց և արագ մոտեցավ ափին, որ պատած էր ցածրիկ անտառով։ Ես այնպես տարվել էի այդ մանևրներով, որ մոռացել էի, թե մտադրվել էի ուշադրությամբ հետևել ավագ նավաստուն։ Ինձ հետաքրքրում էր միայն մի բան, թե երբ նավի հատակը կդիպչեր ավազին։ Ես մոռացա, թե ինչ վտանգ է սպառնում ինձ և նավի աջ եզրից կռացած, նայում էի, թե ինչպես նավի քթի տակ փրփրում է ջուրը։ Եվ առանց որևէ պայքարի կկորչեի ես, եթե հանկարծ անհանգստությունը չստիպեր ինձ ետ նայել։ Գուցե ես խշշոց լսեցի կամ աչքերիս տակով շարժվող ստվեր նկատեցի։ Գուցե իմ մեջ մի բնազդ զարթնեց, կատվի բնազդի նման։ Բայց շրջվելով, ես տեսա Հենդսին։ Նա ինձ բոլորովին մոտ էր՝ դաշույնն աջ ձեռքին։ Մեր հայացքները հանդիպեցին իրար, և երկուսս էլ բարձր գոռացինք։ Ես գոռացի սարսափից։ Նա, որպես կատաղած եզ, մռնչաց կատաղությունից և հարձակվեց ինձ վրա։ Ես թռա դեպի նավի քիթը և ձեռքիցս բաց թողի ռումպելը, որն իսկույն ուղղվեց։ Այս ռումպելն իմ կյանքը փրկեց, դիպավ Հենդսի կրծքին, և նա վայր ընկավ։ Մինչև Հենդսը ոտի կանգնեց, ես դուրս թռա այն անկյունից, որտեղ նա ինձ քշել էր։ Այժմ ամբողջ տախտակամածն իմ տրամադրության տակ էր, և ես կարող էի նրանից խուսափել, որքան կարող էի։ Միջնակայմի առաջ ես կանգ առա, ատրճանակը գրպանիցս հանեցի, նշան առա և կրակեցի։ Հենդսն ուղիղ դեպի ինձ էր գալիս։ Շնիկը չրթաց, բայց չպայթեց։ Պարզվեց, որ հրանցքում վառոդը թրջվել է։ Ես անիծեցի ինձ և իմ անփութությունը։ Ինչո՞ւ ես կրկին չլցրի ատրճանակը։ Չէ՞ որ ժամանակ շատ ունեի։ Այն ժամանակ ես անզեն չէի կանգնի, ինչպես ոչխարը մսագործի առաջ։ Չնայած իր վերքին, Հենդսը զարմանալի արագ էր շարժվում։ Նրա սպիտակ մազերն ընկել էին կատաղությունից կարմրած դեմքի վրա։ Ես ժամանակ չունեի երկրորդ ատրճանակս հանելու։ Բացի դրանից, ես համոզված էի, որ այդ ատրճանակն էլ առաջինի նման թրջվել է։ Մի բան միայն պարզ էր․ ես պետք է ծլկեի Հենդսից, թե չէ ինձ կքշեր դեպի նավի քիթը, ինչպես քիչ առաջ քշեց դեպի նավի ետևի կողմը։ Եթե այս բանը նրան հաջողվեր, արյունոտ դաշույնի ամբողջ ինը կամ տասը վերշոկը կխրվեր իմ մարմնի մեջ։ Ես բռնեցի գլխավոր կայմը, որը բավականին հաստ էր և յուրաքանչյուր մկան լարած, սպասում էի։ Տեսնելով, որ ես պատրաստվում եմ ծլկելու, նա կանգ առավ։ Մի քանի վայրկյան այնպես էր ձևացնում, թե իսկույն կհարձակվի ինձ վրա կամ աջից, կամ ձախից։ Եվ ես հազիվ-հազ շրջվում էի երբեմն դեպի ձախ, երբեմն դեպի աջ։ Պայքարը նման էր այն խաղին, որ ես այնքան խաղացել էի տանը, Սև Բլրին մոտիկ ժայռերի մեջ։ Սակայն, իհարկե, խաղի ժամանակ երբեք սիրտս այդպես վայրի կերպով չէր տրոփում։ Այնուամենայնիվ, այդ խաղը հեշտ էր խաղալ երեխայի համար, քան մի ծեր ծովագնացի, որն ազդրին վերք ունի։ Ես քիչ համարձակ դարձա և մինչև անգամ սկսեցի մտածել, թե ինչով կվերջանա խաղը։ «Իհարկե,— մտածում էի,— ես կարող եմ երկար ժամանակ դիմանալ, բայց վաղ թե ուշ, այնուամենայնիվ նա ինձ վերջ կտա»։ Երբ մենք կանգնած էինք իրար դեմ ու դեմ, «Իսպանոլան» անսպասելի կերպով խրվեց ավաղի մեջ։ Զարկից նավն ուժեղ կերպով կողքի վրա ծռվեց։ Տախտակամածը կանգնեց քառասունհինգ աստիճան անկման վրա, ջրատար խողովակներից սկսեց ջուր հոսել, տախտակամածի վրա լայն ջրափոս գոյացավ։ Մենք երկուսս էլ մեր հավասարակշռությունը կորցրինք և համարյա գրկված գլորվեցինք ուղիղ դեպի ջրատար խողովակները։ Կարմիր թասակ դրած մեռելն էլ, տարածած ձեռքերով, ինչպես առաջ, գլորվեց այնտեղ։ Ես այնպես ուժեղ գլուխս խփեցի ավագ նավաստու ոտին, որ ատամներս կրճտացին։ Սակայն, չնայելով ջարդվածքին, ես առաջինը ոտի ելա, իսկ մեռելն ընկավ Հենդսի վրա։ Նավի հանկարծակի ծռվելը տախտակամածի վրա վազվզելն անկարելի դարձրեց։ Պետք է փրկվելու ուրիշ միջոց որոնել, առանց մի վայրկյան կորցնելու, որովհետև թշնամիս իսկույն կհարձակվեր ինձ վրա։ Կայմապարանները կախված էին գլխիս վրա։ Ես նրանցից բռնեցի, բարձրացա վերև և ոչ մի անգամ շունչ չառա, մինչև որ չնստեցի առագաստափայտի վրա։ Արագաշարժությունը փրկեց ինձ։ Ոտներիցս կես ֆուտ տարածության վրա դաշույնը փայլեց։ Անհաջողությունից վրդովված, Իզրայել Հենդսը, զարմանքից բերանը լայն բացած, նայում էր վերև, դեպի ինձ։ Ես մի քիչ շունչ առա։ Ժամանակ չկորցնելով, ես նորից լցրի ատրճանակը, հետո էլ երկրորդ ատրճանակը։ Հենդսն անզոր չարությամբ դիտում էր ինձ։ Նա սկսեց հասկանալ, որ նրա դրությունը շատ վատացավ։ Մի քիչ մտածելուց հետո, նա դժվարությամբ բռնեց կայմապարանից և, դաշույնն ատամներով բռնած, դանդաղ դեպի վեր սողաց, խոր հառաչանքով իր ետևից քարշ տալով վիրավորված ոտը։ Ես ժամանակ ունեցա կրկին լցնել երկու ատրճանակն էլ, մինչև որ նա անցավ մեր մեջ եղած տարածության մի երրորդ մասը։ Այն ժամանակ զույգ ձեռքերումս ատրճանակները բռնած, ես խոսեցի նրա հետ․ — Եթե էլի մի քայլ անեք, պարոն Հենդս, ես ձեր ուղեղը դուրս կթափեմ։ Մեռելները, ինչպես հայտնի է ձեզ, չեն կծում,— ասացի ես հեգնանքով։ Նա միանգամից կանգ առավ։ Նրա դեմքից երևում էր, որ ինչ-որ բան է մտածում։ Բայց մտածում էր այնքան ծանր ու այնքան դանդաղ, որ ես ուրախանալով իմ անվտանգության վրա, բարձր ձայնով ծիծաղեցի։ Վերջապես, մի քանի անգամ թուք կուլ տալուց հետո, նա խոսեց։ Նրա երեսին առաջվա նման, իրեն կորցնելու արտահայտություն կար։ Նա հանեց բերանից դանակը, որը խանգարում էր խոսել, բայց տեղից չշարժվեց։ — Ջիմ,— ասաց նա,— մենք երկուսս էլ ավելորդ բան շատ արինք, և դու, և ես։ Մենք պետք է զինադադարի պայման կապենք։ Եթե այն հարվածը չլիներ, ես քեզ վերջ կտայի։ Բայց ինձ երբեք չի հաջողվում, երբեք, ինչ արած, ես՝ ծերունի ծովագնացս, քեզ, Ջիմ, նավի փոքրավորիդ պետք է զիջեմ։ Նրա խոսքերին վստահելով, ես ուրախ ծիծաղեցի, ինչպես ցանկապատի վրա թռած աքաղաղ, երբ հանկարծ նա աջ ձեռքը թափ տվեց։ Ինչ-որ մի բան օդում նետի պես սուլեց։ Ես հարված և սաստիկ ցավ զգացի։ Ուսս մեխված էր կայմին։ Սարսափելի ցավից ու անսպասելիությունից, չգիտեմ, մտածելով արդյոք, թե անգիտակցաբար, ես երկու, շնիկն էլ քաշեցի։ Ատրճանակներս պայթեցին և ձեռքիցս ընկան։ Բայց մենակ նրանք չընկան, սարսափելի գոռոցով ավագ նավաստին բաց թողեց պարանները և գլխիվայր ընկավ ուղիղ ջրի մեջ։ == Գլուխ XXVII։ «Պիաստրներ» == Նավն այնքան սաստիկ թեքվել էր, որ կայմերն ուղղակի կախված էին ջրի վրա։ Ես նստած էի առագաստափայտին, ինչպես թառի վրա, և իմ տակին ծովախորշի ջուրն էր։ Հենդսը, բարձրացած լինելով ոչ այնքան բարձր, որքան ես, նավին ավելի մոտ էր և ընկավ ջուրը իմ և զբոսատեղու արանքից։ Միայն մի անգամ դուրս եկավ նա ջրի երեսը, արյունոտ փրփուրի մեջ և հավիտյանս խորասուզվեց ջրի մեջ։ Երբ ջուրը հանդարտվեց, ես տեսա նրան։ Նա ընկած էր մաքուր լուսավոր ավազի վրա, նավի ստվերում։ Երկու ձուկ լողում էին նրա մարմնի վրա։ Երբեմն ջրի տատանման շնորհիվ, թվում էր, որ նա շարժվում է և փորձում է վեր կենալ։ Ասենք, նա կրկնակի մեռել էր, և գնդակահարված էր և խեղդված։ Նա ձկների կերակուր դարձավ այնտեղ, որտեղ պատրաստվում էր սպանել ինձ։ Ես զգում էի սրտխառնոց, գլխապտույտ, երկյուղ։ Արյան տաք շիթերը հոսում էին իմ մեջքով և կրծքով։ Դաշույնը, որ իմ ուսը մեխել էր կայմին, շիկացած երկաթի նման այրում էր ինձ։ Բայց ցավը չէր սարսափեցնում ինձ, այդպիսի ցավ ես կարող էի տանել և առանց հառաչանքի։ Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ես կարող եմ դուրս պրծնել առագաստափայտից և ընկնել այս հանդարտ կանաչ ջրի մեջ, այնտեղ, ուր պառկած է մեռած ավագ նավաստին։ Ես երկու ձեռքով այնպես էի կպել առագաստափայտին, որ եղունգներս ցավում էին։ Աչքերս փակեցի, որ վտանգը չտեսնեմ։ Կամաց կամաց գլուխս թարմացավ, սիրտս սկսեց ավելի հանդարտ խփել և ինքնազսպումս վերադարձավ։ Ամենից առաջ ես փորձեցի դաշույնը հանել։ Սակայն, կամ նա չափազանց խորն էր ցցվել կայմի մեջ, կամ ջղերս էին չափազանց քայքայվել, բայց դաշույնը հանել ոչ մի կերպ չկարողացա։ Դողը պատեց ինձ։ Եվ որքան էլ տարօրինակ է, այդ դողն օգնեց ինձ։ Դաշույնը խրվել էր միայն կաշվիս մի փոքրիկ կտորի մեջ և երբ դողացի, կաշին պատռվեց։ Արյունն առաջվանից ավելի ուժեղ հոսեց, բայց դրա փոխարեն ես ազատվեցի։ Ասենք, իմ բաճկոնն ու շապիկը դեռ մեխված էին կայմին։ Ես առաջ նետվեցի և լրիվ ազատվեցի։ Տախտակամած վերադարձա աջ նավեզրի պարաններով։ Ոչ մի ուժ չէր ստիպի ինձ իջնել այն պարաններով, որոնցից քիչ առաջ պոկվեց Իզրայելը։ Ես իջա նավասենյակը և փորձեցի կապել վերքս։ Նա ինձ սաստիկ ցավ էր պատճառում։ Արյունը դեռ հոսում էր։ Սակայն վերքը խոր չէր, անվտանգ էր և ձեռքերս շարժելուն չէր խանգարում։ Այժմ նավը միայն ինձ էր պատկանում և ես սկսեցի մտածել, թե ինչպես ազատվեմ վևրջին ճանապարհորդից՝ մեռած Օ'Բրայենից։ Ես արդեն ասացի, որ նա գլորվել էր և հասել նավի եզրին։ Աարսափելի անճոռնի տիկնիկի նման, նա ընկած էր այնտեղ։ Մի ահագին տիկնիկ, այն հասակի, ինչ որ կենդանի մարդը, սակայն զրկված կյանքի բոլոր գույներից և հրապույրից։ Նրա հախից գալն ինձ համար դժվար չէր․ իմ ողբերգական արկածների ժամանակ ես մեռելներին ընտելացել էի ու էլ նրանցից չէի վախենում։ Ես նրա գոտուց բռնեցի, բարձրացրի, ինչպես թեփի տոպրակ, և նավեզրից շպրտեցի։ Նա բարձր զրմփոցով ընկավ։ Կարմիր թասակը թռավ գլխից և լողաց ջրի երեսին։ Երբ որ դիակի ընկնելուց առաջացած պղտորությունն անցավ, ես պարզ տեսա նրանց երկուսին էլ՝ Օ'Բրայենին և Իզրայելին։ Նրանք պառկած էին կողք կողքի։ Ջուրը շարժվելով, օրորում էր նրանց։ Օ'Բրայենը, չնայելով իր երիտասարդությանը, բոլորովին ճաղատ էր։ Նա պառկած էր, ճաղատ գլուխը դրած իրեն սպանողի ծնկանը։ Արագավազ ձկները սլանում էին նրանց երկուսի վրայով էլ։ Ես նավի վրա մենակ մնացի։ Հենց նոր սկսվեց տեղատվությունը։ Արեգակն արդեն այնքան ցածր էր, որ արևմտյան ափի եղևնիների ստվերները կտրում էին ծովախորշը և հասնում տախտակամածին։ Փչում էր երեկոյան մեղմ քամին, և թեև արևելքից ծովախորշը պահպանում էր երկգագաթանի բլուրը, ճոպաններն սկսեցին սուլել, իսկ առագաստները՝ տատանվել ու ծփալ։ Ես տեսա, որ նավին վտանգ է սպառնում։ Արագ փաթաթեցի եռանկյունի առագաստները և իջեցրի տախտակամածի վրա։ Սակայն միջնակայմի առագաստներն իջեցնելն ավելի դժվար էր։ Երբ նավը թեքվել էր, ճոպանն ընկել էր եզրի այն կողմը, և նրա ծայրը, երկու-երեք ֆուտ առագաստներով, մինչև անգամ ջրի տակն էր գնացել։ Սրանից դրությունն ավելի վտանգավոր էր դարձել։ Փորձանքը կարող էր գալ ամեն կողմից, և ես ոչ մի բանի չէի համարձակվում ձեռք տալ, որ իմ դրությունը չվատթարացնեմ։ Վերջապես դանակս հանեցի և առագաստի պարանները կտրեցի։ Գաֆելը միանգամից իջավ, և կախված առագաստը լողաց ջրի երեսին։ Ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա նիրալը քաշել։ Դա իմ ուժերից վեր էր։ Ի՞նչ արած։ Ստիպված էի «Իսպանոլան» բախտի քմահաճույքին թողնել։ Չէ՞ որ ես էլ բախտի քմահաճույքին էի թողնված։ Այդ ժամանակ մթնշաղը պատեց ծովախորշը։ Արեգակի վերջին ճառագայթները, անցնելով անտառի բացատի միջով, շողում էին պայծառ, ինչպես թանկագին քարեր, կործանված նավի փառահեղ պատմուճանի վրա։ Եղանակը ցրտում էր։ Տեղատվության պատճառով ջուրը քաշվում էր դեպի ծովը և նավն ավելի էր պառկում կողքի վրա։ Ես գնացի նավի քիթը և նայեցի ներքև։ Քթի տակ ջուրը ծանծաղ էր, և ես համենայն դեպս, երկու ձեռքով բռնելով պարանը, զգուշությամբ անցա նավեզրից։ Ջուրը հազիվ մինչև գոտիս էր հասնում։ Ավազը խիտ է. ալիքների հետքերով ես դուրս եկա ափ, թողնելով, որ «Իսպանոլան» պառկի կողքի վրա և իր առագաստը ողողի ջրի մեջ։ Արևը մայր մտավ, և սոճիների մեջ քամին աղմկեց։ Եվ այդպես, իմ ծովային արկածները վերջացան։ Անկասկած, հաջողությամբ վերջացան։ Նավը բանդիտների ձեռքից խլված է, և մենք կարող ենք, թեկուզ հիմա, ճանապարհվել դեպի օվկիանոս։ Ես երազում էի շուտով վերադառնալ տուն, մեր ամրոցը և պարծենալ իմ քաջագործություններով։ Երևի ինձ մի քիչ կհանդիմանեն ինքնակամ հեռանալու համար, սակայն «Իսպանոլայի» զավթելը կհարթի ամեն ինչ և մինչև անգամ ինքը, նավապետ Սմոլետը ստիպված կլինի խոստովանել իմ քաջագործությունները։ Այսպես մտածելով, հիանալի տրամադրությամբ ճանապարհ ընկա դեպի ցցապատը, որի ետևում, ինչպես ենթադրում էի, բարեկամներս ինձ սպասում էին։ Ես լավ հիշում էի, որ արևելյան կողմում գտնվող ամենավերջին գետը, որ թափվում է նավապետ Կիդի ծովախորշը, սկսվում է երկգլխանի բլրի մոտից։ Եվ ես ծռվեցի դեպի ձախ, դեպի այդ բլուրը, ենթադրելով անցնել գետն ամենանեղ տեղից։ Անտառը բավականին ցանցառ էր։ Քայլելով սարալանջի վրայով, շուտով ծռվեցի դեպի բլրի ծայրը և ծանծաղուտով գետն անցա։ Այստեղ էր, որ պատահեցի Բեն Գանին։ Ես սկսեցի առաջ գնալ զգուշությամբ, աչալուրջ դիտելով չորս կողմս։ Բոլորովին մթնեց։ Անցնելով ճեղքվածքի միջով, որ գտնվում էր երկու բլրի կատարների արանքում, ես երկնքի վրա տեսա խարույկի տատանվող ցոլք։ Որոշեցի, որ երևի Բեն Գանը բոցավառ խարույկի վրա իր համար ընթրիք է պատրաստում, և հոգուս խորքում զարմացա նրա անզգուշության վրա։ Եթե այդ ցոլքը ես տեսնում եմ, կարող է տեսնել նաև Սիլվերն իր ճամբարից, որ գտնվում էր ճահճի վրա։ Գիշերն ավելի խավար էր դառնում։ Ես դժվարությամբ էի ճանապարհը գտնում։ Երկգլխանի բլուրը ետևից և հեռադիտակի կատարն աջից իմ միակ ուղենիշներն էին, սակայն նրանց գծագրություններն ավելի ու ավելի էին ցրտում մթության մեջ։ Նոսր աստղերը մռայլ առկայծում էին։ Մթության մեջ ես դիպչում էի թփերի և ընկնում ավազի փոսերի մեջ։ Հանկարծ քիչ լուսացավ։ Ես վերև նայեցի։ Գունատ ճաճանչը լուսավորում էր հեռադիտակի գագաթը։ Ներքևում, խիտ ծառերի միջից, ես տեսա մի ինչ-որ մեծ արծաթե բան և դժվարությամբ գլխի ընկա, որ լուսինը դուրս եկավ։ Գնալն ավելի հեշտացավ, և ես քայլերս արագացրի։ Ժամանակ առ ժամանակ մինչև անգամ վազում էի՝ համբերությունս հատել էր․ ուզում էի շուտ հասնել ցցապատին։ Սակայն, մոտենալով այն պուրակին, որը շրջապատել էր մեր ամրոցը, ես հիշեցի զգուշության մասին և սկսեցի մի քիչ կամաց գնալ։ Տխուր վախճան կունենային իմ արկածները, եթե ինձ, իմ բարեկամները, թշնամու տեղ ընդունելով, գնդակահարեին։ Լուսինը լողում էր բա՜րձր ու բա՜րձր։ Անտառի բոլոր բացատները ողողված էին նրա լույսով։ Բայց ուղիղ իմ առջև, ժայռերի մեջ ես նկատեցի ինչ-որ ցոլք, որ լուսնի ցոլքին բոլորովին նման չէր։ Այդ ցոլքը տաք էր, կարմիր և ժամանակ առ ժամանակ կարծես մթնում էր։ Երևի դա խարույկ էր, որ մխում էր և ծածկվում մոխրով։ Այդ ի՞նչ է, սատանան տանի։ Վերջապես ես հասա բացատին։ Ցցապատի արևմտյան ծայրը լուսավորված էր լուսնի լույսով։ Մնացած ցցապատը և տունը գտնվում էին մթության մեջ, տեղ-տեղ երկար արծաթագույն շերտերով կտրտված։ Իսկ տան ետևը մի ահագին խարույկ էր վառվում։ Խարույկի ծիրանագույն շողերը ցայտուն կերպով տարբերվում էին լուսնի քնքուշ և գունատ ցոլքից։ Ոչ մի տեղ մարդ չկար։ Ո՛չ մի ձայն։ Միայն ճյուղերի մեջ թեթև քամին էր աղմկում։ Ես զարմացած կանգ առա, գուցե, մի քիչ էլ վախեցած։ Մենք երբեք մեծ խարույկ չէինք վառում։ Նավապետի հրամանով մենք միշտ վառելիքը խնայում էինք։ Եվ ես սկսեցի երկյուղ կրել, թե իմ բացակայության ժամանակ մի բան չի՞ պատահել արդյոք իմ բարեկամներին։ Ես հասա ցցապատի արևելյան ծայրին, ամբողջ ժամանակ անցնելով ստվերի միջով և ցցապատն անցա այն տեղից, ուր խավարն ավելի թանձր էր։ Որպեսզի տագնապ չբարձրացնեմ, ես չորեքթաթ և անձայն մագլցեցի դեպի տան անկյունը։ Եվ հանկարծ թեթևացած շունչ քաշեցի։ Ես խռմփոցը տանել չեմ կարող․ ես հաճախ տառապել եմ այն մարդկանցից, որոնք քնած ժամանակ խռմփում են։ Բայց այս անգամ իմ բարեկամների բարձր ու խաղաղ խռմփոցն ինձ համար երաժշտություն թվաց։ Այդ խռմփոցը հանգստացրեց ինձ, ինչպես ծովի վրա հանգստացնում է հերթապահի գիշերային հիանալի կանչը՝ «Ամեն ինչ կարգին է»։ Մի բան ինձ համար պարզ էր, նրանք քնած են առանց մի պահակի։ Եթե իմ փոխարեն նրանց մոտ մտներ Սիլվերն իր ավազակախմբով, նրանցից ոչ մեկն արշալույսը չէր տեսնի։ Երևի, մտածում էի ես, այդ բոլորը նրանից է, որ նավապետը վիրավոր է։ Եվ նորից ես կշտամբեցի ինձ, որ այնպիսի վտանգի ժամանակ, երբ պահակ դնելու մարդ էլ չունեին, թողեցի բարեկամներիս։ Ես մոտեցա դռանը և ներս նայեցի։ Ներսն այնպես խավար էր, որ ոչինչ տեսնել չկարողացա։ Բացի խռմփոցից մի ինչ-որ տարօրինակ ձայն էլ էր լսվում, չգիտես թևերի թափահարո՞ւմ, թե թխկթխկոց։ Ձեռքերս առաջ պարզած, ես տուն մտա․ «Կպառկեմ իմ սովորական տեղում,— մտածեցի ես ժպտալով,― իսկ առավոտյան, նրանց զարմացած դեմքերին նայելով, կզվարճանամ»։ Ես դիպա մեկի ոտին։ Քնածը շրջվեց մյուս կողքի վրա, հառաչեց, բայց չզարթնեց։ Այդ ժամանակ մթության մեջ հանկարծ մի սուր ձայն լսվեց․ «Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր» և այլն, առանց շունչ առնելու, առանց ձայնը փոխելու, ինչպես լարված Ժամացույց։ Դա նավապետ Ֆլինտն էր, Սիլվերի կանաչ թութակը։ Նա էր թևերը թափահարում և կտցով թխկթխկացնում, փորելով ծառի կեղևի մի կտոր։ Ահա թե ով էր պահպանում քնածներին պահակից լավ, ահա թե ով իր միապաղաղ, ձանձրացուցիչ կանչով հայտարարեց իմ գալստյան մասին։ Ես ժամանակ չունեի թաքնվելու։ Լսելով թութակի սուր ու զիլ ձայնը, քնածները զարթնեցին ու վեր թռան։ Ես լսեցի Սիլվերի ձայնը։ Նա հայհոյեց ու աղաղակեց։ — Ո՞վ է գալիս։ Ես սկսեցի վազել, բայց ընկա մեկի վրա։ Մեկին հրելուց հետո, մի ուրիշի ձեռքն ընկա։ Այդ մեկն ամուր բռնեց ինձ։ — Ապա մի կերոնը բեր, Դի՛կ,— ասաց Սիլվերը, երբ պարզվեց, որ ես էլ գնալ չեմ կարող։ Ավազակներից մեկը տնից դուրս եկավ և վերադարձավ վառվող խանձողը ձեռքին։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Գանձերի կղզին
(section)
Add topic