Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Գանձերի կղզին
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
= ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԱՊԵՏ ՍԻԼՎԵՐԸ = == Գլուխ XXVIII: Թշնամիների ճամբարում == Խանձողի բոսորագույն լույսը լուսավորեց տան ներսը և հաստատեց իմ վատթարագույն երկյուղը։ Ծովահենները տիրել էին ամրոցը և մեր ամբողջ պաշարեղենը։ Ե՛վ կոնյակի տակառը, և՛ խոզի ապուխտը, և՛ պաքսիմատով լիքը տոպրակները գտնվում էին իրենց տեղերում։ Ես սարսափեցի, երբ տեսա, որ ոչ մի գերի չկա։ Երևի իմ բոլոր բարեկամները մեռել էին։ Վշտից սիրտս կծկվում էր։ Ինչո՞ւ ես էլ չմեռա նրանց հետ միասին։ Միայն վեց ծովահեն էր կենդանի մնացել, և նրանք բոլորն էլ այստեղ էին՝ իմ առջև։ Դրանցից հինգը, կարմիր, ուռած դեմքով, զարթնեցին քնից և արագ ելան ոտքի։ Վեցերորդը միայն տեղից բարձրացավ և հենվեց արմունկին։ Նա չափազանց գունատ էր։ Գլուխը փաթաթված էր արյունոտ փալասով։ Ուրեմն նա վիրավոր է և նոր է վիրավորվել։ Ես հիշեցի, որ գրոհի ժամանակ ծովահեններից մեկին վիրավորեցինք, որը հետո անհետացավ անտառում։ Երևի նա է։ Թութակը նստած էր Երկարահասակ Ջոնի ուսին և կտցով փետուրները մաքրում էր։ Ինքը՝ Սիլվերն, առաջվանից ավելի գունատ էր ու մռայլ։ Նա հագել էր շքեղ բաճկոնը, որը հագած եկավ մեզ մոտ բանակցելու։ Բայց այժմ այդ բաճկոնը կավոտ էր և պատառոտված։ ― Էհե՜,― ասաց նա։― Սա Ջիմ Հոկինսն էր, սատանան տանի ինձ։ Հյո՞ւր ես եկել, հա՞։ Արի՛, արի՛։ Ես միշտ ուրախանում եմ, երբ հին բարեկամներ են գալիս ինձ մոտ։ Նա նստեց անգլիական օղու տակառի վրա և սկսեց իր ծխամորճը ծխախոտ լցնել։ — Մի կրակ բեր, Դիկ,― խնդրեց նա։ Եվ ծխելով, ասաց. — Շնորհակալ եմ, բարեկամս։ Կարող ես խանձողը ցած դնել։ Իսկ դուք, պարոններ, պարծեցե՜ք, մի՛ ամաչեք։ Մենք բոլորս պարտավոր չենք պարոն Հոկինսի առջև զգաստ կանգնել։ Թող նա ների ձեզ, պատժի ինձ աստված։ Եվ այդպես, Ջիմ,— շարունակեց նա մեկնված,― դու այստեղ ես։ Ի՜նչ հաճելի անակնկալ բան է խեղճ ծերունի Ջոնի համար։ Ես առաջին իսկ հայացքից տեսա, որ դու ճարպիկ տղա ես, բայց այժմ տեսնում եմ, որ դու ուղղակի հերոս ես։ Իհարկե, ես ոչ մի բառով չպատասխանեցի։ Նրանք ինձ կանգնեցրին պատի մոտ և ես ուղիղ կանգնած, աշխատում էի որքան կարելի է հանդարտ նայել Սիլվերի երեսին։ Բայց ես հուսահատված էի։ Սիլվերն անվրդով մի քանի անգամ ձգվեց և կրկին խոսեց․ — Քանի որ դու մեզ մոտ հյուր ես եկել, Ջիմ,— ասաց նա,— ես քեզ բոլորը կպատմեմ ինչ որ մտքումս ունեմ։ Դու միշտ իմ սրտովն ես եղել, որովհետև ուսերիդ վրա գլուխ ունես։ Քեզ վրա նայելով, ես հիշում եմ այն ժամանակը, երբ ես այդպես երիտասարդ ու գեղեցիկ էի։ Ես միշտ ցանկացել եմ, որ դու միանաս մեզ, գանձից քո մասն ստանաս և մեռնես փարթամության մեջ, որպես հարուստ պարոն։ Եվ ահա, որդյակս, դու եկար, վերջապես։ Նավապետ Սմոլետը լավ ծովագնաց է, ես այդ միշտ հաստատել եմ, սակայն կարգապահության տեսակետից չափազանց պահանջկոտ է․ «Պարտականությունն ամենից առաջ», ասում է նա և միանգամայն ճիշտ է ասում։ Իսկ դու փախար նրանցից, քո նավապետից։ Մինչև անգամ բժիշկն էլ գոհ չէ քեզանից։ Նա «ապերախտ, անզգամ» անվանեց քեզ։ Մի խոսքով, դու ձերոնց մոտ էլ չես կարող վերադառնալ․ նրանք քեզ ընդունել չեն ցանկանում։ Եվ եթե չես ուզում երրորդ խումբ կազմակերպել, պետք է միանաս նավապետ Սիլվերին։ Ուրեմն գործն այնքան էլ վատ չէ։ Ուրեմն իմ բարեկամները կենդանի են։ Թեև ես պատրաստ էի հավատալ Սիլվերի ասածներին, որ նրանք իմ փախուստի պատճառով բարկացել են ինձ վրա, այնուամենայնիվ ես շատ ուրախացա։ — Ես էլ չեմ խոսում այն մասին, որ դու մեր իշխանության տակ ես,— շարունակեց Սիլվերը,— դու ինքդ այդ տեսնում ես։ Խելացի փաստերը ես սիրում եմ։ Ես սպառնալիքների մեջ երբեք ոչ մի օգուտ չեմ տեսել։ Եթե քեզ մեզ մոտ ծառայելը դուր է գալիս, կամավոր կերպով մտիր մեր շարքերը։ Իսկ եթե դուր չի գալիս, Ջիմ, պարզապես ասա՝ ո՛չ։ Տեսնո՞ւմ ես, ես քեզ հետ պարզ եմ խոսում, առանց որևէ խորամանկության։ — Դուք ուզում եք, որ ես պատասխանե՞մ,— հարցրեցի ես դողդոջուն ձայնով։ Նրա հեգնական շատախոսության մեջ ես զգում էի մահվան սպառնալիք։ Այտերս վառվում էին, սիրտս հուսահատորեն խփում էր կրծքումս։ — Ոչ ոք քեզ չի ստիպում, բարեկամս,— ասաց Սիլվերը։— Լավ մտածիր։ Մենք շտապելու բան չունենք։ Չէ՞ որ այնտեղ, որտեղ դու ներկա ես լինում, ձանձրալի չի լինում։ — Դե լավ,— ասացի ես, քիչ համարձակ,— քանի որ դուք ուզում եք, որ ես որոշեմ, թե ո՛ւմ կողմն եմ անցնում, պետք է բացատրեք ինձ, թե ինչ է կատարվում այստեղ, թե ինչու դուք այստեղ եք, թե ո՛ւր են իմ բարեկամները։ — Ի՞նչ է կատարվում,— մռայլ կրկնեց ծովահեններից մեկը։— Շատ բան կտայի իմանալու համար, թե ի՛նչ է կատարվում մեզ մոտ։ — Բերանդ կապիր, քանի որ քեզ չեն հարցնում,— բարկացած ընդհատեց նրան Սիլվերը, ապա նախկին քաղաքավարությամբ դիմեց ինձ։— Երեկ առավոտյան, պարոն Հոկինս,— ասաց նա,— բժիշկ Լիվսին եկավ մեզ մոտ սպիտակ դրոշակով։ «Դուք մնացիք ծանծաղուտի վրա,— ասաց նա․— նավը գնացել է»։ Երբ մենք ռոմ էինք խմում և երգեր երգում, նավը ձեռքից բաց թողինք։ Ես այդ չեմ ժխտում։ Մեզանից ոչ ոք նավը չէր հսկում։ Մենք վազեցինք ափը և, երդվում եմ որոտով, մեր հին նավն անհետացավ։ Մենք քիչ էր մնում թափվեինք տեղնուտեղը։ «Լա՛վ,— ասաց բժիշկը,— եկեք պայման կապենք»։ Մենք պայման կապեցինք՝ ես ու նա, և ահա մենք ստացանք ձեր պաշարեղենը, ձեր անգլիական օղին, ձեր ամրոցը, ձեր փայտը, որը դուք այնքան հեռատեսությամբ կտրատել էիք, բոլորը, այսպես ասած, ձեր նավակը, բոլորը։ Երեքն էլ գնացին։ Իսկ թե որտեղ են նրանք այժմ, չգիտեմ։ Նա կրկին հանդարտորեն ձգվեց։ — Իսկ քեզ պայմանի մեջ չեն մտցրել,— շարունակեց նա։— Բժիշկն ուղղակի ասաց ինձ այդ մասին։ «Ձեզանից քանի՞ հոգի են մնացել»,— հարցրի ես։ «Չորս հոգի,— պատասխանեց նա,— չորս հոգի, որոնցից մեկը վիրավոր է։ Իսկ թե որտեղ է այն անիծված երեխան, չգիտեմ և գիտենալ էլ չեմ ցանկանում,— ասաց նա։— Նրան հիշելը մեզ համար զզվելի է»։ Ահա նրա սեփական խոսքերը։ — Ա՞յդ է բոլորը,— հարցրի ես։ — Բոլորը, ինչ որ դու պետք է գիտենաս, որդիս,— պատասխանեց Սիլվերը։ — Իսկ հիմա ե՞ս պիտի ընտրեմ։ — Այո՛, հիմա դու պիտի ընտրես,— ասաց Սիլվերը։ — Շա՛տ լավ,— ասացի ես։— Ես այնքան հիմար չեմ և արածս գիտեմ։ Ինչ ուզում եք արեք, ինձ համար միևնույն է։ Այն ժամանակից, երբ հանդիպել եմ ձեզ, սովորել եմ նայել մահվան դեմքին։ Բայց նախ և առաջ ուզում եմ մի բանի մասին պատմել ձեզ,— շարունակեցի ես, ավելի ու ավելի հուզվելով։— Ձեր դրությունը շատ վատ է. նավը կորցրիք, գանձը կորցրիք, ձեր մարդկանց կորցրիք։ Ձեր բանը շատ վատ է։ Եվ, եթե ուզում եք իմանալ, թե ով է հանցավոր այդ ամենի համար, իմացեք, որ ես եմ, և ուրիշ ոչ ոք։ Այն գիշեր, երբ մենք մոտենում էինք կղզուն, ես նստած էի խնձորի տակառում և լսեցի այն բոլորը, ինչ որ ասացիք դուք՝ Ջոն, և դո՛ւ, Դիկ Ջոնսոն և ինչ ասաց Գենդսը, որն այժմ գտնվում է ծովի հատակում։ Եվ ինչ որ լսեցի, նույն ժամին հաղորդեցի նավապետ Սմոլետին։ Ես կտրեցի նավի խարսխի ճոպանը, ես սպանեցի այն մարդկանց, որոնց դուք թողել էիք նավի վրա, ես նավը թաքցրի, որ երբեք չեք գտնի։ Դուք եք հիմար դրության մեջ և ոչ թե ես, էլ ինչո՞ւ պետք է վախենամ ձեզանից։ Կարող եք ինձ սպանել կամ խնայել, ինչպես ձեր կամքն է։ Եթե խնայեք, ես անցյալը կմոռանամ և երբ ձեզ դատեն ծովահենության համար, կփորձեմ ազատել ձեզ հանգույցից։ Այժմ ընտրելու հերթը ձերն է։ Իմ մահը ձեզ ոչ մի օգուտ չի բերի։ Իսկ եթե կենդանի թողնեք, ես կաշխատեմ, որ ձեզ չկախեն։ Ես լռեցի։ Ես շնչասպառ էի լինում։ Ես ապշեցի, տեսնելով, որ ոչ ոք նույնիսկ տեղից չշարժվեց։ Բոլորն էլ ոչխարի նման նայում էին ինձ։ Պատասխանի չսպասելով, ես շարունակեցի. — Ինձ թվում է, պարոն Սիլվեր, որ դուք այստեղ բոլորից լավ մարդն եք։ Իսկ եթե մեռնեմ, պատմեցեք բժշկին, որ անփառունակ մահով չմեռա։ — Նկատի կունենամ,— ասաց Սիլվերն այնպիսի տարօրինակ տոնով, որ ես չկարողացա հասկանալ ծաղրում է ինձ, թե իմ արիությունը նրան դուր եկավ։ — Մի՛ մոռացեք,— գոչեց Մորգան անունով, թուխ դեմքով մի նավաստի, որին ես տեսել էի Երկարահասակ Ջոնի պանդոկում՝ Բրիստոլի նավահանգստում,— մի՛ մոռացեք, որ այն ժամանակ նա ճանաչեց Սև Գամփռին։ — Այդ դեռ բոլորը չէ,— ավելացրեց Սիլվերը։— Սա, երդվում եմ որոտով, այն երեխան է, որը Բիլի Բոնսի սնդուկից քարտեզը հանեց։ Վերջապես Ջիմ Հոկինսը մեր ձեռքն ընկավ։ — Արյունը բաց թողնենք,— գոչեց Մորգանը և ուղղվեց։ Եվ դանակը դուրս քաշելով, ոտքի ելավ այնքան թեթև, որ կարծես քսան տարեկան լիներ։ — Տե՛ղդ,— գոչեց Սիլվերը։— Ո՞վ ես դու, Թոմ Մորգան։ Գուցե կարծում ես, որ դու այստեղ նավապե՞տ ես։ Երդվում եմ, որ ես կսովորեցնեմ քեզ լսել։ Միայն թե համարձակվիր ճանապարհս կտրել։ Վերջապես երեսուն տարվա մեջ ով որ կանգնել է իմ ճանապարհին, ընկել է կամ առագաստափայտի վրա, կամ ծովը՝ ձկներին նախաճաշ։ Այո՛։ Հիշիր, Թոմ Մորգան, դեռ չի եղել մի մարդ, որն ապրել է աշխարհում, երբ ինձ հետ հաշտ չի եղել։ Թոմը լռեց, սակայն մյուսները շարունակեցին մրթմրթալ։ — Թոմը ճշմարիտ է ասում,— ասաց մեկը։ — Ես հրամանատարներ շատ եմ ունեցել,— ավելացրեց մյուսը։— Եվ երդվում եմ կախաղանով, Ջոն Սիլվեր, ես չեմ թույլ տա, որ դու իմ քթից բռնած ման ածես։ — Ջենտլմեննե՛ր, ձեզանից ո՞վ է ուզում ինձ հետ գործ ունենալ,— ընդհատեց Սիլվերը։ Նա նստած էր տակառի վրա, և այժմ առաջ շարժվեց։ Նրա աջ ձեռքին գտնվում էր վառվող ծխամորճը։ — Դե՛, ի՞նչ եք ուզում։ Ուղղակի ասացեք։ Թե՞ համրացել եք։ Թող դուրս գա, ով ուզում է, ես սպասում եմ։ Ես այսքան տարի նրա համար չեմ ապրել երկրի վրա, որ որևէ հարբած հնդկահավ կտրի իմ ճանապարհը։ Դուք գիտեք մեր սովորությունները։ Դուք ձեզ համարում, եք հաջողության ջենտլմեններ։ Հապա ինչո՞ւ չեք դուրս գալիս, ես պատրաստ եմ։ Թող նա, ով սրտոտ է, դուրս քաշի իր սուրը, և ես, թեև հենակներով եմ, շատ շուտ կտեսնեմ, թե ինչ գույնի է նրա փորոտիքը, նախքան կհանգչի այս ծխամորճը։ Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք մի խոսքով անգամ չպատասխանեց։ — Ահա՛, այդպես եք բոլորդ միշտ,— շարունակեց նա, ծխամորճը բերանին դնելով։— Քաջ եք, խոսք չկա։ Կռվի մեջ այնքան էլ քաջ չեք։ Կամ թե ընդունակ չեք հասկանալու մարդկային հասարակ լեզուն․ չէ՞ որ ես այստեղ նավապետ եմ, ձեզանից ընտրված։ Ես ձեր նավապետն եմ, որովհետև ես մի ամբողջ ծովային մղոն խելոք եմ ձեր բոլորից։ Դուք չեք ուզում կռվել ինձ հետ, ինչպես վայել է հաջողության ջենտլմեններին։ Այն ժամանակ, երդվում եմ որոտով, որ դուք պետք է ինձ լսեք։ Այս տղան իմ սրտովն է։ Սրանից լավը ես երբեք չեմ տեսել։ Նա երկու անգամ ավելի է նման տղամարդու, քան այնպիսի առնետները, ինչպիսին դուք։ Դե՛, լսեցեք, ով ձեռք կտա նրան, ինձ հետ գործ կունենա։ Երկարատև լռություն տիրեց։ Ես ձգված կանգնած էի պատի մոտ։ Սիրտս դեռևս մուրճի նման խփում էր, սակայն կրծքիս մեջ հույս ծնվեց։ Սիլվերը ձեռքերը խաչած նստած էր, հենված պատին։ Նա ծծում էր ծխամորճը և հանգիստ էր, ինչպես եկեղեցում։ Միայն աչքերը շարժվում էին։ Նա գաղտագողի դիտում էր իր վայրագ խումբը։ Ծովահենները քաշվեցին մի հեռու անկյուն և սկսեցին շշուկով խոսել։ Երբեմն նրանք ետ էին նայում, և խանձողի կարմիր լույսն ընկնում էր նրանց հուզված դեմքին։ Սակայն նրանք ինձ չէին նայում, այլ Սիլվերին։ — Դուք, երևի, պատրաստվում եք ինչ-որ բա՞ն ասելու,— ասաց Սիլվերը և թքեց։— Ի՞նչ կա որ, ասացե՛ք, ես լսում եմ։ — Ներողություն եմ խնդրում, պարոն,— սկսեց ծովահեններից մեկը,— դուք հաճախ խախտում եք մեր սովորությունները։ Սակայն կա մի սովորություն, որը մինչև անգամ դուք խախտելու իրավունք չունեք։ Խումբը դժգոհ է, սակայն թույլ տվեք ասել, որ այս խումբն այնպիսի իրավունք ունի, որպիսին ունեն մյուսները։ Մենք իրավունք ունենք հավաքվելու և խոսելու իշխանության մասին։ Ներողություն եմ խնդրում, պարոն, որովհետև, այնուամենայնիվ, դուք մեր նավապետն եք։ Բայց ես ուզում եմ օգտվել իմ իրավունքներից և գնալ խորհրդի։ Զսպված կերպով Սիլվերին զինվորական պատիվ տալով, այդ բարձրահասակ, հիվանդոտ, դեղին աչքերով, երեսունհինգ տարեկան նավաստին հանդարտ գնաց դեպի ելքը և անհետացավ դռան ետևը։ Մյուսները դուրս եկան նրա ետևից։ Յուրաքանչյուրը Սիլվերին զինվորական պատիվ էր տալիս և իրեն արդարացնելու համար մի բան մրթմրթում։ — Համաձայն սովորության,— ասաց մեկը։ — Գնում ենք նավաստիական ժողովի,— ասաց Մորգանը։ Ես ու Սիլվերը մնացինք երկուսով վառվող խանձողի մոտ։ — Լսի՛ր, Ջիմ Հոկինս,— ասաց նա հազիվ լսելի հաստատուն շշուկով։— Դու միայն մի մազ հեռու ես մահից, և որ ամենավատն է, տանջանքից։ Նրանք ուզում են ինձ պաշտոնանկ անել։ Դու տեսար, տեսար, թե ինչպես ես քեզ պաշտպանեցի։ Սկզբում ես չէի ուզում քեզ պաշտպանել, բայց դու մի քանի խոսք ասացիր, և ես իմ պլանները փոխեցի։ Ես այն ժամանակ սարսափած էի իմ անհաջողություններից, կախաղանից, որ ինձ սպառնում է։ Լսելով քո խոսքերը, ինքս ինձ ասացի, հովանավորիր Հոկինսին, Ջոն, Հոկինսն էլ քեզ կհովանավորի։ Դու նրա վերջին խաղաթուղթն ես, Ջոն, իսկ նա, երդվում եմ որոտով, քո վերջին խաղաթուղթը։ Ծառայություն ծառայության փոխարեն, որոշեցի ես։ Դու քեզ համար վկա ես ազատում, երբ գործը դատարան հասնի, իսկ նա կազատի քո պարանոցը։ Ես աղոտ կերպով սկսեցի հասկանալ, թե բանն ինչ է։ — Դուք ուզում եք ասել, որ ձեր խաղը տանո՞ւլ եք տվել,— հարցրի ես։ — Այո՛, երդվում եմ սատանայով,— պատասխանեց նա։— Քանի որ նավը չկա, նշանակում է, մնում է միայն կախաղանը։ Ես համառ եմ, Ջիմ Հոկինս, սակայն երբ տեսա, որ ծովախորշում նավ չկա, ես հասկացա, որ մեր խաղը վերջացել է։ Իսկ նրանք թող խորհրդակցեն, նրանք բոլորն էլ անուղղելի վախկոտներ են։ Ես կաշխատեմ ազատել քո մորթը։ Բայց լսիր, Ջիմ, ծառայություն ծառայության փոխարեն. դու կազատես Երկարահասակ Ջոնին հանգույցից։ Ես ապշել էի։ Ի՞նչ ողորմելի ծղոտից է բռնում նա, խմբապետը։ — Ես կանեմ բոլորը, ինչ կարող եմ,— ասացի ես։ — Դե՛, ձեռք ձեռքի խփենք,— բացականչեց նա։— Դու էժան պրծար, ես էլ, երդվում եմ որոտով, փրկության հույս ստացա։ Նա կաղեկաղ շարժվեց դեպի խանձողը, որ վառվում էր փայտերի մոտ և նորից ծխեց իր ծխամորճը։ — Հասկացիր ինձ, Ջիմ,— շարունակեց նա վերադառնալով։— Դեռևս ուսերիս վրա գլուխ կա, և ես որոշել եմ կալվածատիրոջ կողմն անցնել։ Ես գիտեմ, որ դու նավը թաքցրել ես որևէ ապահով տեղ։ Թե ինչպես ես արել, ես չգիտեմ, սակայն ես համոզված եմ, որ, նավը ողջ ու անվնաս է։ Գենդսն ու Օ'Բրայենը հիմար դուրս եկան։ Նրանց վրա ես երբեք հույս չէի դնում։ Նկատիր, որ ես քեզ ոչինչ չեմ հարցնում և ուրիշներին էլ թույլ չեմ տալիս, որ հարցնեն։ Ես մեր խաղի կանոնները գիտեմ և հասկանում եմ, որ ես տանուլ եմ տվել։ Իսկ դու այնպես երիտասարդ ես, այնպես քաջ, որ եթե մենք իրար պահպանենք, շատ բանի կհասնենք։ Նա թիթեղյա գավաթի մեջ տակառից կոնյակ լցրեց։ — Չե՞ս ուզում խմել, բարեկամս,— հարցրեց նա։ Ես մերժեցի։ — Իսկ ես մի քիչ կխմեմ, Ջիմ,— ասաց նա։— Այնքան հոգս կա առջևս ո՜ր, հարկավոր է, որ խթանեմ ինձ։ Ի դեպ, հոգսերի մասին։ Ինչո՞ւ բժիշկն այս քարտեզն ինձ տվեց, սիրելի Ջիմ։ Իմ դեմքի վրա արտահայտվեց այնպիսի անկեղծ զարմանք, որ նա հասկացավ հետագա հարցերի անօգուտ լինելը։ — Այո՛, նա տվեց ինձ իր քարտեզը... Եվ այստեղ, անկասկած, մի բան կա։ Այստեղ, ինչ-որ մի բան է թաքնված, Ջիմ... լավ կամ վատ։ Նա նորից կոնյակ կուլ տվեց և իր մեծ գլուխը թափ տվեց այնպիսի մարդու նման, որն անխուսափելի փորձանքների է սպասում։ == Գլուխ XXIX։ Կրկին սև նշան == Ծովահենների ժողովը երկար շարունակվեց, երբ նրանցից մեկը վերադարձավ ամրոց և հեգնական ձևով Սիլվերին զինվորական պատիվ տալով, թույլտվություն խնդրեց խանձողը վերցնել։ Սիլվերն իր համաձայնությունը տվեց և վերջինս հեռացավ, երկուսիս մթության մեջ թողնելով։ — Մրրիկը մոտենում է, Ջիմ,— ասաց Սիլվերը։ Նա սկսեց ինձ հետ բարեկամաբար վերաբերվել։ Ես մոտեցա մոտիկ հրակնատին և դեպի բակը նայեցի։ Խարույկը համարյա թե հանգչում էր։ Այլևս լույս չէր տալիս․ իզուր չէր, որ դավադիրներին խանձող պետք եկավ։ Նրանք շրջանաձև կանգնել էին բլրի լանջին, տան ու ցցապատի միջև։ Նրանցից մեկը բռնել էր խանձողը, մյուսը մեջտեղում ծունկ էր չոքել։ Նրա ձեռքին բաց դանակ կար, որի բերանը փայլփլում էր, մերթ լուսնի, մերթ ջահի լույսով լուսավորված։ Մնացածները մի քիչ կռացել էին, կարծես նայելով, թե ինչ է անում այն մեկը։ Վերջինիս ձեռքին մի գիրք հայտնվեց։ Եվ ես ժամանակ չունեցա մտածելու, թե որտեղի՞ց է ավազակին անհամապատասխան այդ իրը, երբ նա վեր բարձրացավ, և բոլորը խմբով դեպի տունն ուղղվեցին։ — Նրանք այստեղ են գալիս,— ասացի ես։ Ես կանգնեցի առաջվա տեղում։ Չուզենալով ձգել իմ արժանապատվությունը, չէի ուզում, որ ծովահենները նկատեն, թե ես հետևում էի նրանց։ — Համեցեք խնդրեմ, բարեկամ, թող գան,— ուրախ ասաց Սիլվերը։— Դեռ ինձ մոտ նրանց հանդիպելու համար բան կա։ Դուռը բացվեց, և հինգ ծովահենները անվճռականորեն խմբվելով շեմքի մոտ, մեկին առաջ հրեցին։ Այլ պայմաններում ծիծաղելի կլիներ նայել, թե ինչպես դանդաղ և երկյուղով է մոտենում պատգամավորը, կանգ առնելով յուրաքանչյուր քայլում և ձգելով աջ, պինդ սեղմած ձեռքը։ — Մոտ եկ, բարեկամս,— ասաց Սիլվերը,— և մի վախենա, ես քեզ չեմ ուտի։ Տո՛ւր, դմբո՛, ինչ կա այստեղ։ Ես սովորությունները գիտեմ։ Ես պատգամավորին ձեռք չեմ տա։ Այս խոսքերից սիրտ առած, ավազակը քայլերն արագացրեց, Սիլվերի ձեռքի մեջ մի բան խցկեց և արագ ետ վազեց ընկերների մոտ։ Խոհարարը նայեց իր ափին։ — Սև նշա՜ն։ Այդպես էլ կարծում էի,— ասաց նա։— Որտեղի՞ց եք թուղթ գտել։ Այս ի՞նչ է։ Այ, դուք, թշվառներ։ Ավետարանի՞ց եք կտրել։ Դրա համար դուք կպատժվեք։ Իսկ ո՞ր հիմարն է ավետարանը կտրել։ — Տեսնո՞ւմ եք,— ասաց Մորգանը։— Ես ի՞նչ ասացի։ Դրանից ոչ մի լավ բան չի դուրս գա։ — Դե՛, այժմ դուք կախաղանից չեք պրծնի,— շարունակեց Սիլվերը։— Ումի՞ց եք վերցրել այդ ավետարանը։ — Դիկից,— ասաց մեկը։ — Դիկի՞ց։ Դե՛, Դի՛կ, աղոթիր աստծուն,— ասաց Սիլվերը,— որովհետև քո երգը երգված է։ Ես ճիշտ եմ ասում։ Աստվաձ պատժի ինձ, որ քո բանը պրծած է։ Բայց այստեղ դեղին աչքանի երկարահասակ մարդը մեջ ընկավ․ — Բավական է դուրս տաք, Ջոն Սիլվեր,— ասաց նա։— Խումբը հավաքվելով ժողովի, ինչպես հրամայում է հաջողության ջենտլմենների սովորությունը, քեզ սև նշան ուղարկելու որոշում հանեց։ Շուռ տուր նշանը, ինչպես հրամայում է մեր սովորությունը և կարդա, թե ինչ է գրված։ Այն ժամանակ ուրիշ կերպ կխոսես։ — Շնորհակալ եմ, Ջոն,— ձայն տվեց Սիլվերը։— Դու գործնական մարդ ես և մեր սովորություններն անգիր գիտես։ Ի՞նչ է գրված։ Այ թե ի՜նչ։ «Պաշտոնանկ է արված»։ Ահա թե ի՜նչ։ Եվ ի՜նչ լավ ձեռագիր է։ Ինչպես գրքի մեջ գրած։ Այդ քո ձեռագի՞րն է, Ջորջ։ Դու խմբում առաջին մարդն ես։ Ես երբեք չեմ զարմանա, եթե այժմ քեզ նավապետ ընտրեն։ Խնդրեմ խանձողը տաս, թե չէ ծխամորճս ոչ մի կերպ չի ծխվում։ — Դե՛, դե՛,— ասաց Ջորջը,— խմբի աչքին թոզ մի փչիր։ Որ քեզ լսենք, շատ բան կասես, այնուամենայնիվ, ցած եկ այդ տակառից։ Դու արդեն մեր նավապետը չես։ Ցած արի տակառից և մեր ընտրությունները մի խանգարիր։ — Իսկ ես կարծում էի, թե դու իսկապես սովորությունները գիտես,— արհամարհանքով առարկեց Սիլվերը։— Դա դեռ պետք է մի քիչ սպասես, որովհետև ես դեռևս ձեր նավապետն եմ։ Դուք պետք է առաջադրեք ձեր մեղադրանքները և լսեք իմ պատասխանը։ Իսկ մինչև այն ժամանակ ձեր սև նշանը մի պաքսիմատից ավելի արժեք չունի։ Տեսնենք, թե դրանից ինչ դարս կգա։ — Մի՛ վախենա, սովորությունները չենք խախտի պատասխանեց Ջորջը,— մենք ուզում ենք գործել ազնվորեն։ Ահա քեզ մեր մեղադրանքները։ Առաջինը՝ դու ամբողջ գործը տապալեցիր։ Դու չես համարձակվի առարկել սրա դեմ։ Երկրորդ դու թույլ տվիր մեր թշնամիները հեռանան, թեև նրանք այստեղ իսկական թակարդի մեջ էին։ Թե ինչու էին նրանք ուզում գնալ, չգիտեմ, բայց պարզ է, որ որևէ բանի համար ուզում էին գնալ։ Երրորդ՝ դու արգելեցիր մեզ հետևել նրանց։ Օ՜, մենք քեզ տեսնում ենք ամբողջովին, Ջոն Սիլվեր։ Դու երկակի խաղ ես խաղում։ Չորրորդ՝ դու հովանավորեցիր այս տղային։ — Ա՞յդ է բոլորը,— հանդարտորեն հարցրեց Սիլվերը։ — Միանգամայն բավական է,— պատասխանեց Ջորջը։— Մեզ, քո բերանբացության պատճառով, կկախեն արևի տակ չորանալու։ — Այժմ լսեցեք, թե ինչ կպատասխանեմ ձեր մեղադրանքներին։ Ես կպատասխանեմ կետ առ կետ։ Դուք ասում եք, որ ես ամբողջ գործը տապալեցի։ Բայց չէ՞ որ դուք գիտեք, թե ես ինչ էի ուզում։ Եթե դուք ինձ լսեիք, մենք բոլորս այժմ ողջ ու անվնաս կգտնվեինք «Իսպանոլայի» վրա, իսկ ոսկին կլիներ նավի ամբարում, երդվում եմ որոտով։ Իսկ ո՞վ խանգարեց ինձ։ Ո՞վ էր շտապեցնում և հորդորում ինձ՝ իր օրինական նավապետին։ Ո՞վ ինձ կղզին եկած հենց առաջին օրը սև նշան ուղարկեց և այս սատանայական պարն սկսեց։ Հրաշալի պար է, ես պարում եմ ձեզ հետ միասին, այդ պարի մեջ կան նույն ոտնձգությունները, ինչ որ ունեն Լոնդոնի հանգույցների մեջ տարուբերվող պարողները։ Իսկ ո՞վ սկսեց այս բոլորը, Էնդերսոնը, և Հենդսը, և դո՛ւ, Ջորջ Մերրի։ Այդ խռովարարներից դու ես միայն կենդանի մնացել։ Եվ դու հանդգնություն ունես նավապե՞տ դառնալու։ Դո՛ւ, որ կործանեցիր համարյա մեր ողջ հրոսակախումբը։ Ո՛չ, դրանից բան չի դուրս գա։ Սիլվերը լռեց։ Ջորջի և մյուս ավազակների դեմքի արտահայտությունից ես իմացա, որ նրա խոսքերն իզուր չանցան։ — Սա առաջին կետը,— բացականչեց նա, քրտնած ճակատը սրբելով, որովհետև այնպես բորբոքված էր խոսում, որ պատերը դողում էին։— Երդվում եմ, որ ինձ համար նողկալի է ձեզ հետ խոսելը։ Դուք ո՛չ դատողություն ունեք և ո՛չ էլ հիշողություն։ Զարմանում եմ, թե ինչպես են ձեր մայրերը թողել, որ դուք ծով դուրս գաք։ Ծո՞վ։ Այդ դո՞ւք եք հաջողության ջենտլմենները։ Ավելի լավ է, որ դերձակ դառնայիք։ — Բավական է հայհոյես,— ասաց Մորգանը։— Պատասխանիր մնացած մեղադրանքներին։ — Ա՜, մյուսներին,— գոչեց Սիլվերը։— Մնացածներն էլ լավ են։ Դուք ասում եք, որ բանը պրծած է։ Երդվում եմ որոտով, դուք մինչև անգամ չեք կասկածում, ինչպես վատ է։ Մենք այնքան մոտ ենք կախաղանին, որ իմ պարանոցն արդեն փայտանում է հանգույցից։ Տեսնում եմ, թե ինչպես ենք տատանվում երկաթե շղթաների մեջ և մեզ վրա ագռավներն են պտտվում։ Մակընթացության ժամանակ ծովագնացները մեզ մատով ցույց են տալիս։ «Սա ո՞վ է», հարցնում է մեկը։ «Ջոն Սիլվերն է։ Ես նրան լավ եմ ճանաչում», պատասխանում է մյուսը։ Քամին ճոճում է կախվածներին և տարածում շղթաների զնգոցը։ Ահա թե ինչ է սպառնում մեզ, Ջորջ Մերիի, Հենդսի, Էնդերսոնի և մյուս ապուշների պատճառով։ Հետո, սատանան տանի, ձեզ հետաքրքրում է չորրորդ կետը՝ ահա այն տղան։ Նա պատանդ է, հասկանո՞ւմ եք։ Մի՞թե մենք պետք է ոչնչացնենք պատանդին։ Նա, գուցե, մեր վերջին հույսն է։ Սպանե՞նք այս տղային։ Ո՛չ, սիրելիներս, ես նրան չեմ սպանի։ Ասենք, ես դեռ երրորդ կետին չեմ պատասխանել։ Լավ, համեցե՛ք, կպատասխանեմ։ Գուցե դուք բանի տեղ չեք դնում բժշկի ամենօրյա այցելությանները, մի բժշկի, որ ավարտել է կոլեջը։ Քո ծակ գանգի համար, Ջոն, էլ բժիշկ պետք չէ՞։ Իսկ քեզ, Զորջ Մերրի, որ վեց ժամը մի անգամ ջերմախտը թափ է տալիս, որ աչքերդ կիտրոնի նման դեղին են, բժշկվել չե՞ս ուզում։ Գուցե դուք չգիտեք, որ այստեղ շուտով, օգնելու համար, երկրորդ նա՞վն է գալու, սակայն նավը շուտով կգա։ Ահա թե ձե՛զ երբ է պետք գալու պատանդը։ Հետո՝ երկրորդ կետը, դուք ինձ մեղադրում եք, որ ես պայման եմ կապել։ Բայց չէ՞ որ դուք ինքներդ ծնկաչոք աղերսում էիք, որ պայման կապեմ։ Դուք ծնկաչոք քարշ էինք գալիս, դուք փոքրոգություն էիք անում, դուք վախենում էիք սովից մեռնելուց։ Բայց այս բոլորը դատարկ բաներ են։ Տեսեք, թե ինչի համար ես պայման կապեցի։ Եվ նա հատակի վրա մի թերթ թուղթ գցեց։ Ես իսկույն ճանաչեցի։ Դա այն քարտեզն էր, դեղին թղթի վրա, երեք կարմիր խաչերով, որը մի ժամանակ ես գտա Բիլի Բոնսի սնդուկում։ Ես ոչ մի կերպ չկարողացա գլխի ընկնել, թե այդ քարտեզը բժիշկն ինչու է տվել Սիլվերին։ Այս քարտեզը ավազակներին ավելի խիստ ապշեցրեց, քան ինձ։ Նրանք ընկան քարտեզի վրա, ինչպես կատուները մկան վրա։ Նրանք հայհոյանքով, աղմուկով և մանկական ծիծաղով իրարից խլխլում էին քարտեզը։ Կարելի էր կարծել, որ արդեն ոչ թե միայն ոսկի էին ձեռնահարում մատներով, այլ ամբողջովին տանում էին նավով։ — Այո՛,— ասաց մեկը,— սա Ֆլինտի ստորագրությունն է, կարող եք չկասկածել։ Դ. Ֆ․ և ներքևում՝ ոլորագիծ։ Նա միշտ այդպես էր ստորագրում։ — Այդ բոլորը լավ, բայց մենք ինչպես կտանենք գանձը, եթե նավ չունենք։ Սիլվերը հանկարծ, պատին հենվելով, ոտքի ելավ։ — Նախազգուշացնում եմ քեզ վերջին անգամ, Ջորջ,— գոռաց նա։— Մի խոսք ևս, և ես կկռվեմ քեզ հետ։ Ինչպե՞ս։ Ես ինչ գիտեմ, ինչպես։ Այդ դու պետք է ինձ ասես, դու և մյուսները, որոնք նավը ձեռքից բաց թողին։ Բայց ոչ, ես քեզանից խելոք խոսք չեմ սպասում, քո խելքն ուտիճի խելք է։ Իսկ քաղաքավարի խոսել դու պարտավոր ես, կամ ես քեզ քաղաքավարություն կսովորեցնեմ։ — Ճիշտ է,— ասաց ծերունի Մորգանը։ — Բա ի՞նչ։ Իհարկե, ճիշտ է,— շարունակեց նավի խոհարարը։— Դու կորցրիր մեր նավը։ Ես ձեզ համար գանձ գտա։ Ո՞վ է մեզանից ավելի լավ։ Բայց երդվում եմ, որ այլևս չեմ ուզում ձեզ մոտ նավապետ լինել։ Ընտրեցեք, ում ուզում եք։ Ես ինչ որ արեցի, բավական է։ — Սիլվերին,— գռռացին բոլորը։— Ազդրը, հավիտյանս հավիտենից Ազդրին՝ նավապետ։ — Ահա թե ինչ երգեցիք դուք այժմ,— բացականչեց խոհարարը։— Ջորջ, սիրելի բարեկամս, դու պետք է ուրիշ առիթի սպասես։ Բախտավոր ես, որ ես անհիշաչար եմ։ Իմ սիրտն անոխակալ է։ Բա այս սև նշանն ի՞նչ անենք, բարեկամներ։ Այժմ կարծես թե էլ բանի պետք չէ։ Դիկն իր հոգին կորցրեց, ավետարանն իզուր տեղը փչացրեց։ — Գուցե պետք գա երդվելու համար,— հարցրեց Դիկը, որին, ըստ երևույթին, իր սրբապղծությունը չափազանց անհանգստացրել էր։ — Ավետարան կտրված երեսով,— սարսափեց Սիլվերը։— Ո՛չ մի կերպ։ Նրա մեջ երգարանից ավելի սրբություն չկա։ — Այնուամենայնիվ, ավելի լավ է պահել,— ասաց Դիկը։ — Իսկ այս, Ջիմ, վերցրու հիշատակի համար,— ասաց Սիլվերը, տալով սև նշանը։ Սև նշանը կրոնի չափ էր, մի երեսն սպիտակ, Դիկը կտրել էր ավետարանի ամենավերջին երեսը։ Մյուս երեսին տպված էր երկու տող ոտանավոր «հայտնությունից»։ Հետագայում ինձ հաջողվեց կարդալ երկու բառ, «շներ ու մարդասպաններ»։ Ոտանավոր տպված երեսը մրոտ էր, որն արդեն սկսել էր կեղտոտել իմ մատները։ Իսկ մաքուր երեսին անկյունաձև գրված էր․ «Պաշտոնանկ է արված»։ Այժմ այդ սև նշանն ընկած է իմ առջև։ Սակայն անկյունաձև մակագրությունից մնացել էին միայն կարծես եղունգով արված քերծվածքի հետքեր։ Այսպես վերջացան այդ գիշերվա դեպքերը։ Ռոմ խմելուց հետո մենք պառկեցինք քնելու։ Վրեժ լուծելու համար Սիլվերը Ջորջ Մերիին նշանակեց ժամապահ, սպառնալով մահով, եթե որևէ մի բան լավ չի տեսնի։ Ես երկար ժամանակ աչքս կպցնել չէի կարողանում։ Մտածում էի այն մարդու մասին, որին սպանեցի, փրկելով իմ կյանքը։ Մտածում էի այն նշանավոր խաղի մասին, որ խաղում էր Սիլվերը։ Մի ձեռքով պահելով ավազակների խումբը, մյուս ձեռքով բռնելով ամեն տեսակի կարելի ու անկարելի միջոցներ, որ փրկի իր աննշան կյանքը։ Նա հանդարտ քնած էր և խռմփում էր։ Բայց, այնուամենայնիվ, խղճալուց իմ սիրտը ճմլվում էր, երբ նայում էի նրան և մտածում, թե ինչպիսի փորձանքներով է շրջապատված նա և ինչ խայտառակ մահ է սպասում նրան։ == Գլուխ XXX։ Ազնիվ խոսքով == Ինձ արթնացրեց, ավելի ճիշտ, մեզ բոլորիս արթնացրեց, որովհետև վեր թռավ մինչև անգամ ժամապահը, որ ննջում էր դռան մոտ, մի պարզ, բարձր ձայն, որ լսվեց անտառի եզրից։ — Էյ, կայազոր, վեր կաց։ Բժիշկը գալիս է։ Իսկապես բժիշկն էր։ Նրա ձայնը լսելով, ես ուրախացա, բայց իմ ուրախությանը խառնված էին հուզմունք և ամոթանք։ Ես հիշեցի իմ դասալքությունը, այն դավաճանությունը, որ ես կատարեցի։ Եվ այդ բոլորն ի՞նչ բանի հասցրեց։ Նրան, որ ես գերի եմ ավազակների մոտ, որոնք ամեն րոպե կարող են ինձ կյանքից զրկել։ Ես ամաչում էի նայել բժշկի երեսին։ Բժիշկը, երևի, վեր էր կացել դեռ լույսը բացվելուց առաջ, որովհետև օրը նոր էր սկսվում։ Ես վազեցի հրակնատի մոտ և նայեցի։ Նա կանգնած էր ներքևում, մինչև ծնկները սողացող մառախուղի մեջ, ինչպես մի ժամանակ կանգնած էր հենց այս ամբարի մոտ Սիլվերը։ — Բարև, բժիշկ։ Բարի լույս, պարոն,— բացականչեց Սիլվերը, սիրալիր ժպիտով։— Ինչ շուտ եք վեր կացել։ Վաղ զարթնող թռչունը շատ ուտելիք կգտնի, ինչպես ասում է առակը։ Ջորջ, սթափվիր, որդիս, և օգնիր բժիշկ Լիվսիին, որ նավը բարձրանա։ Ամեն ինչ կարգին է, բժիշկ։ Ձեր պացիենտները առաջվանից ավելի ուրախ և կայտառ են։ Այսպես նա զվարճախոսում էր, բլրի գագաթին կանգնած, հենակը կռնատակին, մի ձեռքով հենված պատին, միանգամայն առաջվա Ջոնը և՛ ձայնով, և՛ բռնելակերպով, և՛ ծիծաղով։ — Մեզ մոտ անակնկալ բան կա ձեզ համար, պարոն,— շարունակեց նա։— Մի փոքրիկ եկվոր, հա՜, հա՜։ Նոր կենվոր, այն էլ ինչպիսի կենվոր։ Արջամկան պես է քնած, աստված վկա։ Ամբողջ գիշերը քնած էր Ջոնի հետ կողք կողքի։ Այդ ժամանակ բժիշկ Լիվսին անցավ ցցապատից և մոտեցավ խոհարարին։ Եվ ես նկատեցի, թե ինչպես նրա ձայնը ղողաց, երբ հարցրեց. — Մի՞թե Ջիմն է։ — Նա ինքը,— պատասխանեց Սիլվերը։ Բժիշկը հանկարծ կանգ առավ։ Կարծես թե տեղից շարժվելու հնարավորության չուներ։ — Լա՜վ,— ասաց նա վերջապես։— Առաջ գործ, հետո ուրախություն։ Կարծեմ առակն այսպես է։ Առաջ հիվանդներին նայենք։ Բժիշկը մտավ տուն և սառնությամբ ինձ գլխով անելով, զբաղվեց իր հիվանդներով։ Նա իրեն պահում էր հանդարտ ու հասարակ կերպով, թեև ես չէի կարող չգիտենալ, որ նրա կյանքն այս նենգ մարդկանց մեջ մազից է կախված։ Նա շաղակրատում էր բուժվողների հետ այնպես, որ կարծես թե հրավիրել են հիվանդի մոտ, անգլիական խաղաղ ընտանիքում։ Ինձ թվաց, որ նրա վերաբերմունքը ծովահենների վրա ուժեղ ազդեցություն էր թողնում։ Նրանք այնպես էին իրենց պահում, որ կարծես թե ոչինչ չի պատահել, կարծես թե նա առաջվա նման նավի բժիշկ է և իրենք առաջվա պես փութաջան և անձնվեր նավաստիներ են։ — Դու առողջանում ես, բարեկամս,— ասաց նա գլուխը փաթաթած մարդուն։— Քո տեղը, եթե ուրիշը լիներ, չէր ապրի։ Բայց քո գլուխը չուգունի կաթսայի պես պինդ է։ Իսկ ինչպե՞ս են քո գործերը, Ջորջ։ Դու ամբողջովին դեղին ես։ Քո փայծաղը կարգին չէ։ Դեղ ընդունե՞լ ես։ Ասացե՛ք, նա դեղ ընդունե՞լ է։ — Ինչպես չէ, պարոն, ինչպես չէ։ Ընդունել է, պարոն,— ձայն տվեց Մորգանը։ — Այն ժամանակից, երբ ես բանդիտների կամ, ավելի ճիշտ, բանտի բժիշկ դարձա,— ասաց բժիշկ Լիվսին բարեսիրտ ժպիտով,— ես իմ պարտականությունն եմ համարում պահել ձեզ անվնաս, հանգույցի համար։ Ավազակներն իրար նայեցին, բայց լռությամբ կուլ տվին բժշկի կատակը։ — Դիկն իրեն վատ է զգում, պարոն,— ասաց մեկը։ — Վա՞տ,— ասաց բժիշկը։— Դե՛, մի այստեղ եկ տեսնեմ, Դիկ, լեզուդ ցույց տուր։ Օ՜, ես չեմ զարմանում, որ նա իրեն վատ է զգում։ Այդպիսի լեզվով կարելի է վախեցնել և ֆրանսիացիներին։ Նա էլ է սկսել ջերմել։ — Ահա թե ինչ է պատահում այն մարդու հետ, որը փչացնում է սուրբ գիրքը,— ասաց Մորգանը։ — Պատահում է նրա հետ, որ իշի նման հիմար է,— առարկեց բժիշկը։— Նրա հետ, ում խելքը պակաս է ու չի տարբերում թարմ օդը վարակված օդից, չոր գետինը թունավոր և գարշելի ճահճից։ Դուք բոլորդ էլ վարակվել եք ջերմով, բարեկամնե՛րս, և շատ ժամանակ կանցնի, մինչև որ ազատվեք։ Տեղավորվել ճահճի վրա՞։ Սիլվեր, դուք ինձ զարմացրիք, աստված վկա։ Դուք այնպիսի հիմար չեք, ինչպես մյուսները, սակայն ամենափոքր հասկացողություն անգամ չունեք, թե ինչպես պետք է պահպանել ձեր ստորադրյալների առողջությունը։— Շատ լավ, ասաց բժիշկը, նայելով իր պացիենտներին և մի քանի բժշկական խորհուրդներ տալով, որ նրանք լսեցին այնպիսի հեզությամբ, որ կարծես արյունարբու ավազակներ չլինեին, այլ բարեգործական դպրոցի սաներ։— Այսօր բավական է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, ես կուզենայի զրուցել այս պատանու հետ։— Եվ նա անփույթ կերպով ինձ գլխով արավ։ Ջորջ Մերին կանգնած էր դռան մոտ և, կնճռոտվելով, ինչ-որ դառը դեղ էր ընդունում։ Լսելով բժշկի խնդիրը, նա ամբողջովին կարմրեց, դարձավ դեպի նա և գոռաց․ — Ո՛չ մի կերպ։ Եվ վատ հայհոյանքներ տվավ։ Սիլվերը ձեռքը խփեց տակառին։ — Լռի՛ր,— մռնչաց նա և կատաղած առյուծի նման նայեց չորս կողմը։— Բժիշկ,— շարունակեց նա քաղաքավարի կերպով,— ես համոզված էի, որ դուք կցանկանաք խոսել Ջիմի հետ, որովհետև գիտեի, որ այս տղան ձեր սրտովն է։ Մենք բոլորս այնպես շնորհակալ ենք ձեզանից, մենք, ինչպես տեսնում եք, այնպես վստահում ենք ձեզ, մենք ձեր դեղերն օղու պես խմում ենք։ Ես իսկույն ամեն բան կանեմ։ Հոկինս, դու կարո՞ղ ես ինձ ջենտլմենի ազնիվ խոսք տալ, որովհետև, թեև քո ծնողներն աղքատ են, բայց դու ջենտլմեն ես, որ ոչ մի տեղ չես փախչի։ Ես հոժարությամբ նրան ազնիվ խոսք տվի։ — Այդ դեպքում, բժիշկ,― ասաց Սիլվերը,– դուք ցցապատից անցեք։ Երբ որ անցնեք, ես Ջիմին ներքև կբերեմ։ Դուք կլինեք ցցապատի մի կողմում, իսկ նա՝ մյուս կողմում և այդ հանգամանքը չի խանգարի ձեզ, որ սրտանց խոսեք։ Ցտեսություն, պարոն։ Բարևեցեք կալվածատիրոջը և նավապետ Սմոլետին։ Հենց որ բժիշկը դուրս եկավ, ծովահենների զայրույթը, որ պահում էին Սիլվերի երկյուղից, պայթեց։ Նրանք մեղադրում էին Սիլվերին, որ նա կրկնակի խաղ է խաղում, որ նա ուզում է իրեն պաշտպանել, իսկ մյուսներին մատնել։ Մի խոսքով, նրանք իմացան Սիլվերի մտադրությունը։ Ես չէի կարծում, որ նա այս անգամ կարող է դուրս պրծնել։ Բայց նա բոլորից երկու անգամ խելոք էր, և նրա երեկվա հաղթությունը մեծ իշխանություն էր տվել։ Նա նրանց հիմար անվանեց, հայտնեց, որ առանց իմ և բժշկի խոսակցության յոլա գնալ չի կարելի, ցույց էր տալիս նրանց քարտեզը և հարցնում․ մի՞թե նրանք ուզում են խախտել պայմանն այն օրը, երբ կարելի է սկսել գանձերի որոնումը։ — Ո՛չ, երդվում եմ որոտով,— գոռում էր նա։— Կգա ժամանակ, որ մենք էլ նրանց քիթը կքաշենք, բայց մինչև այն ժամանակը ես պետք է փաղաքշեմ այդ բժշկին, մինչև անգամ եթե ստիպված լինեմ նրա կոշիկները ռոմով մաքրել։ Նա հրամայեց խարույկ վառել, հենակը վերցրեց, ձեռքը դրեց ուսիս և կաղալով ցած իջավ, ծովահեններին շփոթության մեջ թողնելով։ Զգացվում էր, որ նրա փաստերը նրանց վրա այնքան էլ չազդեցին։ — Մի՛ շտապիր, բարեկամս, մի շտապիր,— ասաց նա ինձ։— Նրանք միանգամից կհարձակվեն մեզ վրա, եթե նկատեն, որ երկուսս էլ շտապում ենք։ Մենք դանդաղ իջանք ավազոտ զառիվայրով այնտեղ, որտեղ ցցապատի ետևին սպասում էր բժիշկը։ Սիլվերը կանգ առավ։ — Թող Ջիմը պատմի ձեզ, բժիշկ, թե ինչպես ես ազատեցի նրա կյանքը, թեև դրա համար քիչ մնաց, որ նավապետի կոչումից զրկվեմ,— ասաց նա։— Ա՜խ, բժիշկ, երբ մարդ իր նավակը վարում է դեպի կործանումը, երբ նա մահվան հետ գիր ու արծիվ է խաղում, նա ուզում է թեկուզ մի ամենափոքր բարի խոսք լսել։ Նկատի ունեցեք, որ խոսքս վերաբերում է ոչ միայն իմ, այլև այս տղայի կյանքին։ Պաղատում եմ ձեզ, բժիշկ, խղճացեք ինձ, գոնե հույսի մի ստվեր տվեք։ Այժմ, ընկերներից հեռանալով և մեջքը դեպի ամրոցը կանգնած լինելով, Սիլվերը միանգամից ուրիշ մարդ դարձավ։ Նրա թշերը ներս ընկան, ձայնը դողում էր։ Իսկական մեռել դարձավ։ — Մի՞թե դուք վախենում եք, Ջոն,— հարցրեց բժիշկ Լիվսին։ — Բժիշկ, ես վախկոտ չեմ։ Ո՛չ, ես մինչև անգամ այսքան էլ վախկոտ չեմ,— և նա ցույց տվավ մատի ծայրը,— սակայն, ճիշտն ասեմ, երբ մտածում եմ կախաղանի մասինք մարմինս դող է ընկնում։ Դուք բարի և ճշմարիտ մարդ եք։ Ձեզանից լավը կյանքում չեմ տեսել։ Դուք չմոռանաք իմ արած լավությունները, թեև իհարկե, չարությունն էլ չեք մոռանա։ Տեսնո՞ւմ եք, ես մի կողմ եմ քաշվում և ձեզ Ջիմի հետ մենակ եմ թողնում։ Սա էլ դուք կհաշվեք իբրև լավություն, այնպես չէ՞։ Նա մի կողմ քաշվեց, ճիշտ այնքան տարածություն, որ մեզ չլսի, նստեց կոճղի վրա և սկսեց շվշվացնել։ Նա այս ու այն կողմ էր դառնում, նայում էր երբեմն ինձ, երբեմն բժշկին, երբեմն անզսպելի ծովահեններին, որոնք ավազի վրա փռված, խարույկ էին վառում, երբեմն էլ տանից բերում էին խոզի միս և հաց նախաճաշի համար։ — Եվ այդպես, Ջիմ,— տխուր ասաց բժիշկը,— դու այստեղ ես։ Ինչ որ ցանես, այն կհնձես, տղաս։ Ես չեմ կարողանում քեզ հայհոյել։ Միայն մի բան կասեմ. եթե նավապետ Սմոլետն առողջ լիներ, դու չէիր համարձակվի փախչել մեզանից։ Դու անազնիվ վարվեցիր, դու գնացիր, երբ նա հիվանդ էր և քեզ չկարողացավ ուժով պահել։ Պետք է խոստովանեմ, որ այս խոսքերը լսելուց հետո ես լաց եղա։ — Բժիշկ,— աղաչեցի ես,— խնդրում եմ ինձ չհայհոյեք։ Ես ինքս ինձ շատ եմ հայհոյել։ Իմ կյանքը մազից է կախված։ Ես այժմ էլ մեռած կլինեի, եթե Սիլվերն ինձ չպաշտպաներ։ Մահից ես չեմ վախենում, բժիշկ, ես միայն տանջանքից եմ վախենում։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել․․․ — Ջիմ,— ընդհատեց բժիշկը, և նրա ձայնը քիչ փոխվեց։— Ջիմ, այդ ես չեմ կարող թույլ տալ։ Ցցապատն անցիր, փախչենք։ — Բժիշկ,— ասացի ես,― չէ՞ որ ես ազնիվ խոսք եմ տվել։ — Գիտե՛մ, գիտե՛մ,— բացականչեց նա։— Ի՞նչ արած, Ջիմ։ Այդ մեղքը ես ինձ վրա կվերցնեմ։ Չէ՞ որ ես չեմ կարող քեզ այստեղ անօգնական թողնել։ Թռի՛ր։ Մի ոստյուն, և դու ազատության մեջ կլինես։ Քարայծի նման կսլանանք։ — Ո՛չ,— պատասխանեցի ես։— Չէ՞ որ դուք բոլորդ էլ այդպես չէիք վարվի։ Ո՛չ դուք, ո՛չ կալվածատերը և ո՛չ նավապետը տված խոսքը չէիք դրժի։ Սիլվերն ինձ վստահում է։ Ես նրան ազնիվ խոսք եմ տվել։ Բայց, բժիշկ, դուք ինձ մինչև վերջ չլսեցիք։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել, ես չեմ դիմանա և կասեմ, թե որտեղ եմ թաքցրել նավը։ Իմ գործը լավ գնաց, բժիշկ, բախտն ինձ ժպտաց, և ես նրանց նավը տարա։ Այժմ նավը գտնվում է Հյուսիսային ծովախորշի հարավային ափին։ Մակընթացություն ժամանակ կարելի է այնտեղից դուրս բերել։ — Նա՞վը,— բացականչեց բժիշկը։ Եվ ես մի քանի խոսքով պատմեցի նրան ինչ որ պատահել էր։ Նա լուռ լսեց ինձ։ — Դա ճակատագիր է,— նկատեց նա, երբ վերջացրի։— Ամեն անգամ դու ազատում ես մեզ մահից։ Եվ մի՞թե դու կարծում ես, որ մենք կթողնենք, որ դու այստեղ դանակով մեռնես։ Այդ վատ պարգև կլինի այն բոլորի համար, որ դու մեզ համար արել ես, տղաս։ Դու հայտնաբերեցիր դավադրությունը։ Դու գտար Բեն Գանին։ Ավելի լավ բան քո ամբողջ կյանքում չես անի, եթե հարյուր տարի էլ ապրելու լինես։ Այդ Բեն Գանը օ՛յ, օ՛յ, օ՛յ։ Ի դեպ Բեն Գանի մասին․․․ Սիլվեր,–– գոչեց նա։— Սիլվեր, ես ուզում եմ ձեզ խորհուրդ տալ,— շարունակեց նա, երբ խոհարարը մոտեցավ,— մի՛ շտապեք որոնել գանձը։ — Ես, պարոն, ամբողջ ուժով պետք է աշխատեմ ձգձգել այդ գործը,— ասաց Սիլվերը։— Բայց երդվում եմ, որ միայն գանձի որոնումով կարող եմ փրկել իմ և այս դժբախտ տղայի կյանքը։ — Լա՛վ, Սիլվեր,— ասաց բժիշկը,— եթե այդպես է, որոնեցեք։ Բայց ես ձեզ մի խորհուրդ էլ կտամ. գանձին մոտենալիս աղմուկից խուսափեցեք։ — Պարոն,— ասաց Սիլվերը,— դուք ինձ ասացիք կամ շատ բան, կամ չափազանց քիչ։ Ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ թողիք ամրոցը։ Ինչո՞ւ տվիք ինձ քարտեզը։ Ես այդ չհասկացա և այժմ էլ չեմ հասկանում։ Ես կուրորեն կատարեցի այն բոլորը, ինչ որ դուք պահանջեցիք, թեև մի փոքրիկ հույս անգամ չտվիք։ Իսկ այժմ նոր գաղտնիքներ։ Եթե այդ գաղտնիքներն էլ բաց չանեք, էլ ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել։ — Ո՛չ,— մտախոհ պատասխանեց բժիշկը,— ես իրավունք չունեմ այդպիսի գործերի մասին ձեղ տեղյակ պահել։ Դա իմ գաղտնիքը չէ, Սիլվեր։ Այլապես, երդվում եմ իմ կեղծամով, որ ես բոլորը կպատմեի ձեզ։ Եթե ես մի խոսք անգամ ասեմ, նավապետը խիստ կպատժի ինձ։ Այնուամենայնիվ, ես ձեզ մի փոքրիկ հույս կտամ, Սիլվեր, եթե ես ու դուք դուրս պրծնենք այս գայլի փոսից, ես կաշխատեմ ձեզ փրկել կախաղանից։ Սիլվերի դեմքը վայրկենապես փայլեց։ — Հարազատ մայրս էլ չէր կարող դրանից լավ մխիթարել ինձ,— բացականչեց նա։ — Սա առաջինը, ինչ որ ես կարող եմ ասել ձեզ,— ավելացրեց բժիշկը։— Եվ երկրորդ․ այս տղային պահեցեք ձեզ մոտ և, եթե հարկավոր լինի օգնել, կանչեցեք ինձ։ Ես կաշխատեմ ձեզ ազատել, և այն ժամանակ դուք կտեսնեք, որ իմ ասածները դատարկ խոսքեր չեն... Մնաս բարով, Ջիմ։ Ցցապատի միջից բժիշկ Լիվսին սեղմեց իմ ձեռքը, Սիլվերին գլխով արավ և արագ քայլերով ուղղվեց դեպի անտառը։ == Գլուխ XXXI։ Գանձերի որոնումը։ Նավապետ Ֆլինտի ցուցասլաքը == — Ջի՛մ,— ասաց Սիլվերը, երբ մենք մենակ մնացինք,— ես քո կյանքն ազատեցի, դու՝ իմը։ Եվ ես այդ երբեք չեմ մոռանա։ Չէ՞ որ ես տեսա, թե ինչպես բժիշկը համոզում էր քեզ փախչել։ Թեև աչքի մի ծայրով, բայց տեսա։ Ես քո պատասխանը չլսեցի, բայց տեսա, որ դու հրաժարվեցիր։ Այդ ես չե՛մ մոռանա, Ջիմ։ Այսօր առաջին անգամ, բերդի վրա անհաջող գրոհից հետո, իմ մեջ հույս փայլեց։ Եվ էլի քո պատճառով։ Գանձերի որոնումը, Ջիմ, մենք կսկսենք կուրորեն, և այդ ինձ դուր չի դալիս։ Բայց մենք ուժեղ կպաշտպանենք իրար և, ինչ էլ որ լինի, կփրկենք մեր պարանոցները։ Ծովահեններից մեկը, որ զբաղված էր խարույկի մոտ, ձայն տվեց, թե նախաճաշը պատրաստ է։ Մենք նստեցինք ավազի վրա, խարույկի մոտ և սկսեցինք տապակած, աղած միս ուտել։ Ավազակներն այնպիսի խարույկ էին վառել, որ կարելի էր եզ տապակել։ Շուտով խարույկն այնպես բոցավառվեց, որ նրան կարելի էր մոտենալ, այն էլ զգաշությամբ, միայն այն կողմից, որտեղից քամի էր փչում։ Այդպես էլ շռայլությամբ էին վերաբերվում ծովահենները դեպի մթերքը․ անչափ աղած միս էին ուտում, առնվազն երեք անգամ ավելի, քան հարկավոր էր։ Նրանցից մեկը, հիմարաբար ծիծաղելով, կրակի մեջ շպրտեց մնացած կտորները։ Կրակն ավելի պայծառ բոցավառվեց, կլանելով այդ արտասովոր վառելիքը։ Կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի մարդիկ, որոնք այդ աստիճան անհոգ վերաբերմունք ունենային դեպի վաղվա օրը։ Ամեն բան անում էին անփութությամբ, անմիտ կերպով ոչնչացնում էին մթերքը, ժամապահ կանգնած ժամանակ քնում էին և այլն։ Առհասարակ, նրանք ընդունակ էին կարճատև բռնկումների, իսկ երկարատև ռազմական գործողությունների համար անընդունակ էին։ Մինչև անգամ Սիլվերը, որը իր թութակի հետ նստած էր մի կողմ, այդ վատնումի համար ոչ մի նկատողություն չարավ։ Այդ բանը շատ զարմացրեց ինձ, որովհետև ես գիտեի, թե ինչպիսի զգույշ և հեռատես մարդ է նա։ — Այո՛, բարեկամնե՛րս,— ասաց նա,— բախտավոր եք, որ Ազդր ունեք, որն ամեն ժամանակ մտածում է ձեր մասին։ Ես տեղեկացել եմ այն, ինչ որ ինձ հարկավոր է։ Նավը նրանց մոտ է։ Առայժմ չգիտեմ, թե որտեղ են թաքցրել։ Բայց երբ մենք գանձ կունենանք, կորոնենք ողջ կդզին և նորից նավը ձեռք կգցենք. համենայն դեպս մենք ուժեղ ենք նրանով, որ նավակներ ունենք։ Այդպես էր ճառում նա, տաք խոզի միսը բերանը լցնելով։ Նա նրանց հույս էր տալիս, նա վերականգնում էր իր խախտված հեղինակությունը և միաժամանակ, ինչպես ինձ թվաց, աշխուժացնում էր ինքն իրեն։ — Իսկ մեր պատանդը,— շարունակեց նա,— վերջին անգամ տեսակցություն ունեցավ այն մարդկանց հետ, որոնք նրա սրտի համար սիրելի են։ Նրա խոսակցությունից ես իմացա այն բոլորը, ինչ որ ինձ հարկավոր էր և դրա համար նրանից շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ՝ վերջացավ։ Երբ կգնանք գանձը որոնելու, ես նրան պարանով կկապեմ և ետևիցս կտանեմ։ Նա մեզ համար ոսկուց թանկ է, և մենք նրան կենդանի կպահենք․ որևէ դեպքում պետք կգա։ Իսկ երբ մենք և՛ նավ կունենանք, և՛ գանձ, երբ մենք խմբով ուրախ ճանապարհ կընկնենք դեպի ծով, այն ժամանակ մենք կխոսենք պարոն Հոկինսի հետ ինչպես պետքն է, և նա կստանա իր բաժինը ըստ իր արժանիքի։ Զարմանալի չէ, որ նրանք չափազանց ուրախացան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չափազանց հուսահատվեցի և վհատվեցի։ Եթե Սիլվերի պլանը, որի մասին հայտնեց, կատարվի, այդ կրկնակի դավաճանը ոչ մի րոպե չի տատանվի։ Նա խաղում է երկու ճակատում և, անկասկած, ազատությունը և ծովահենի հարստությունը կգերադասի հանգույցից ազատվելու այն թույլ հույսից, որ մենք կարող ենք առաջարկել նրան։ Իսկ եթե հանգամանքները կստիպեն Սիլվերին պահել բժշկին տված խոսքը, ինձ, միևնույն է, մահվան վտանգ է սպառնում։ Նրա ընկերների կասկածներն ամեն րոպե կարող են համոզմունք դառնալ։ Այն ժամանակ ես էլ, նա էլ պետք է պաշտպանենք մեր կյանքը, նա՝ կաղ, ես՝ երեխա, հինգ հսկա նավաստիներից։ Այս երկու վտանգին ավելացրեք նաև այն գաղտնիքը, որով դեռևս ծածկված էին իմ բարեկամների արարքները։ Ինչո՞ւ նրանք հեռացան ամրոցից։ Ինչո՞ւ նրանք տվին քարտեզը։ Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ ասաց թժիշկը Սիլվերին, «Գանձը որոնելիս աղմուկից խուսափեցեք»։ Տարօրինակ չէ՞ր, որ նախաճաշն այնքան էլ համեղ չթվաց և ես ծանր սրտով քարշ էի գալիս ավազակների ետևից, երբ գնում էին գանձը որոնելու։ Մենք բավականին տարօրինակ տեսարան էինք ներկայացնում՝ բոլորն էլ նավաստու կեղտոտ բաճկոն հագած, բոլորը, բացի ինձանից, մինչև ատամները զինված։ Սիլվերը երկու հրացան էր քարշ տալիս, մեկը մեջքին, մյուսը՝ կրծքին։ Թուրը խրել էր գոտկի մեջ։ Իր լայնափեշ հագուստի յարաքանչյուր գրպանում մի-մի ատրճանակ էր դրել։ Այդ բոլորը լրացնելու համար նրա ուսին նստած էր նավապետ Ֆլինտը, որն առանց լռելու արտասանում էր զանազան ծովային անկապ խոսքեր։ Իմ գոտկատեղից էլ պարան էին կապել, և ես հլու-հնազանդ քարշ էի գալիս խոհարարի ետևից։ Պարանի ծայրը նա բռնում էր երբեմն ազատ ձեռքով, երբեմն ատամներով։ Ինձ տանում էին որպես վարժեցրած արջ։ Ամեն մեկը մի որևէ բան էր տանում․ ոմանք բահեր ու երկաթե նիգեր (ավազակները այդ իրերը «Իսպանոլայից» դուրս էին բերել ամենից առաջ), մյուսները՝ խոզի միս, պաքսիմատ և անգլիական օղի ճաշի համար։ Ես նկատեցի, որ բոլոր մթերքներն իսկապես վերցված էին մեր պահեստից և հասկացա, որ Սիլվերը երեկ երեկոյան ճշմարիտն ասաց։ Եթե նա բժշկի հետ որևէ պայման կապած չլիներ, նավը կորցրած ավազակներն ստիպված կլինեին կերակրվել սպանած թռչուններով և վրայից էլ ջուր խմել։ Ջուրը նրանք չէին սիրում, իսկ որս անել ծովահենները չեն կարողանում։ Եվ եթե նրանք մինչև անգամ ուտելիքի պաշար չէին պատրաստել, ապա վառոդի պատրաստություն բոլորովին չէին տեսել։ Այնուամենայնիվ, մենք ճանապարհ ընկանք, մինչև անգամ գլուխը ջարդված ծովահենը, որի համար ավելի օգտակար կլիներ մնալ անկողնում։ Իրար ետևից շարված մի կերպ քարշ եկանք մինչև ափը, որտեղ մեզ սպասում էին երկու նավակ։ Մինչև անգամ այդ նավակներն էլ վկայում էին ընդմիշտ հարբած ծովահենների հիմար անհոգության մասին․ երկուսն էլ ցեխի մեջ կորած էին, մեկի նստարանն էլ կոտրված էր։ Որոշվեց ճանապարհ ընկնել երկու նավակով, որ ոչ մեկը չկորչի։ Երկու մասի բաժանվելով, վերջապես մենք հեռացանք ափից։ Ճանապարհին քարտեզի մասին վեճ սկսվեց։ Կարմիր խաչը չափազանց մեծ էր և չէր կարող, իհարկե, տեղի ճիշտ ցուցիչ ծառայել։ Քարտեզի հակառակ կողմում եղած բացատրությունները համառոտ էին ու անորոշ։ Եթե ընթերցողը հիշում է, գրված էր այսպես․ ''««Մեծ ծառ» հեռադիտակի ուսին, ուղղությունը դեպի Հ․ Հ․ Հ․ ― Ա․-ից։''<br> ''Կմախքի կղզին Ա. Հ. Ա. և Ա․ վրա։''<br> ''Տասը ֆուտ»։'' Եվ այդպես, նախ և առաջ պետք էր գտնել մեծ ծառը։ Ուղիղ մեր առջև, Խարսխի կայանը վերջափակվում էր երկու-երեք հարյուր ֆուտ բարձրություն ունեցող սարահարթով, որը հյուսիսում միանում էր Հեռադիտակի հարավային լանջին, հարավում դառնում էր ժայռոտ բարձրություն, որը, կոչվում էր Բիզանկայմ։ Սարահարթում աճել էին երկար ու կարճ սոճիներ։ Թե որն էր այդ ծառերից նավապետ Ֆլինտը երկար անվանել, կարելի էր որոշել տեղում, կողմնացույցի միջոցով։ Այնուամենայնիվ, մենք դեռ ճանապարհի կեսն էլ չէինք անցել, իսկ յուրաքանչյուրն արդեն որևէ ծառ էր ընտրել։ Միայն Երկարահասակ Ջոնն ուսերը թոթվեց և խորհուրդ տվեց սպասել, մինչև որ տեղ հասնենք։ Սիլվերի ցուցմունքով, մենք ուժերս խնայում էինք և շատ էլ չէինք հենվում թիակների վրա ու երկար գնալուց հետո իջանք երկրորդ գետի գետաբերանին, այն գետի, որը հոսում է հեռադիտակի անտառոտ լանջով։ Այնտեղից, թեքվելով դեպի ձախ, մենք սկսեցինք մոտենալ սարահարթին։ Սկզբում մեր առաջխաղացումը շատ դժվար էր, փափուկ հողի և խիտ ճահճային բուսականության պատճառով։ Բայց կամաց-կամաց վերելքը դարձավ զառիթափ, հողը քարոտ, բուսականությունը բարձր և ցանցառ։ Մենք մոտենում էինք կղզու լավագույն մասին։ Խոտի փոխարեն գետինը ծածկված էր հոտավետ ծաղկափթիթ թփերով։ Մուսկատի ընկույզի կանաչ թփուտների մեջ, այստեղ ու այնտեղ բարձրանում էին բարձր սոճիների ծիրանագույն սյուներ, որոնք լայն ստվեր էին տալիս։ Մուսկատի հոտը խառնվում էր փշատերևների հոտի հետ։ Օդը թարմ էր ու շարժուն։ Արեգակը փայլում էր, բայց թեթև քամին թարմացնում էր մեր դեմքը։ Ավազակները գնում էին ցրված և ուրախ-ուրախ իրար ձայն տալիս։ Մեջտեղում, բոլորից չափազանց ետ մնացած, կամաց-կամաց գնում էր Սիլվերը, քարշ տալով ինձ իր ետևից։ Նրա համար դժվար էր բարձրանալ սարալանջի խճով ծածկված ճանապարհով։ Ես հաճախ բռնում էի նրան, երբ սայթաքում էր։ Այդպես գնացինք մենք կես մղոնի չափ և արդեն հասել էինք գագաթին, երբ հանկարծ ձախ կողմից գնացող մի ավազակ, սարսափից գոռաց։ Նա անընդհատ ճչում էր, և բոլորը վազելով մոտեցան նրան։ — Դուք կարծում եք, թե նա պատահաբար գանձի տեղը գտե՞լ է,— ասաց ծերունի Մորգանը, շտապ վազելով մեր մոտից։– Ո՛չ, ո՛չ, մենք դեռ այն ծառին չենք հասել։ Այո՛, նա գանձը չգտավ։ Բարձր սոճու տակ ընկած էր մի կմախք։ Բարձր խոտերը խիտ ցանցով շրջապատել էին նրան, տեղից շարժելով մանր ոսկորներից մի քանիսը։ Կմախքի վրա տեղ-տեղ մնացել էին փտած հագուստի մնացորդները։ Ես հավատացած եմ, որ չկար մեր մեջ մի մարդ, որի մարմնով սարսուռ չանցներ։ — Սա ծովային է եղել,— ասաց Ջորջ Մերին, որը մյուսներից ավելի համարձակ էր դիտում փտած լաթերը։— Նրա հագուստը ծովայինի է։ — Իհարկե ծովային է,— ասաց Սիլվերը։— Ենթադրում եմ, որ դու հույս ունեիր այստեղ եպիսկոպոս գտնել։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ այս ոսկորները այսպիսի տարօրինակ կերպով են ընկած։ Ճիշտ որ, կմախքն ընկած էր անբնական դիրքով։ Տարօրինակ պատահականությամբ (մեղավո՞ր են արդյոք նրան կտցող թռչունները, գուցե և դանդաղ աճող խոտերը, որ նրան չորս կողմից շրջապատել էին) նա պառկած էր ձգված, նետի պես ուղիղ. նրա ոտները մի կողմ էին դարձված, իսկ գլխի վրա բարձրացված ձեռքերը մյուս կողմը, ինչպես ցատկելու պատրաստ լողորդ։ — Էհե՜, ես սկսում եմ հասկանալ,— ասաց Սիլվերը։— Սա կողմնացույց է։ Այո՛, այո՛։ Ահա ցցված է, ինչպես ատամ։ Կմախքի կղզու գագաթը։ Կողմնացույցով ստուգեցեք, թե որ կողմն է ցույց տալիս մեռելը։ Ստուգեցին։ Իսկապես, մեռելը ցույց էր տալիս դեպի Կմախքի կղզին։ Կողմնացույցը ցույց է տալիս Ա—Հ—Ա և դեպի Ա ուղղությունը։ — Այդպես էլ կարծում էի,— բացականչեց խոհարարը։— Սա ցուցասլաք է։ Նշանակում է, այնտեղ Բևեռային աստղն է, իսկ ահա այնտեղ ուրախ դոլարները։ Երդվում եմ որոտով, Ֆլինտին հիշելիս իմ մարմնով սարսուռ է անցնում։ Սա նրա սիրելի սրամտություններից մեկն է։ Նա վեց ընկերների հետ մնաց այստեղ և բոլորին կտոր-կտոր արավ։ Իսկ հետո սպանվածներից մեկից իր համար կողմնացույց պատրաստեց։ Ոսկորները երկար են, մազերը դեղին։ Է՜, սա Ալարդայսն է, պատժի ինձ աստված։ Դու հիշո՞ւմ ես Ալարդայսին, Թոմ Մորգան։ — Ինչպե՞ս չէ,— ասաց Մորգանը,— իհարկե։ Նա ինձ պարտ է մնացել, բացի դրանից վերցրել է իմ դանակը, երբ գնում էր կղզին։ — Ուրեմն դանակն այստեղ պետք է լինի,— ասաց մյուս ավազակը։— Ֆլինտն այնպիսի մարդ չէր, որ նավաստիների գրպանները փնտրեր։ Թռչուններն էլ հո չէի՞ն կարող այդ դանակը տանել։ — Դու ճշմարիտ ես ասում, սատանան տանի քեզ,— բացականչեց Սիլվերը։ — Այնուամենայնիվ, այստեղ ոչինչ չկա,— ասաց Մերին, ուշադրությամբ շոշափելով գետինը։— Գոնե մի պղնձե դրամ մնացած լիներ կամ, օրինակ, ծխախոտի տուփ։ Այս բոլորն ինձ կասկածելի է թվում։ — Ճի՛շտ է, ճի՛շտ է,— համաձայնեց Սիլվերը։— Այստեղ ինչ-որ բան կա։ Այո՛, թանկագին ընկերներ։ Եթե Ֆլինտը կենդանի լիներ, այս տեղերում մենք չէինք կարող զբոսնել։ Մենք վեց հոգի ենք, նրանք էլ վեց հոգի էին, իսկ այժմ նրանցից միայն ոսկորներ են մնացել։ — Ո՛չ, հանգիստ եղիր, նա մեռել է, ես իմ սեփական աչքերով նրան տեսա մեռած,— ձայն տվեց Մորգանը։— Վիլին տարավ ինձ նրա մեռած մարմնի մոտ։ Նա ընկած էր՝ աչքերի տակը կապտած։ — Իհարկե, նա մեռավ,— հաստատեց գլուխը փաթաթված ծովահենը։— Բայց եթե որևէ մեկը մեռնելուց հետո թափառում է աշխարհում, դա, իհարկե, Ֆլինտն է։ Եվ ինչպես դժվար մեռավ մարդը։ — Այո՛, վատ մեռավ,— նկատեց մի ուրիշը։— Երբեմն կատաղում էր, երբեմն ռոմ էր պահանջում, երբեմն սկսում էր երգել «Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա»։ Բացի «Տասնհինգ մարդուց» ուրիշ ոչինչ չէր երգում։ Ես, ճշմարիտն ասեմ ձեզ, այդ օրվանից այդ երգը չեմ սիրում։ Սաստիկ տոթ էր։ Ֆլինտն ամբողջ ուժով երգում էր, և նրա երգը խառնվում էր հոգեվարքի խռխռոցների հետ։ – Հառա՛ջ, հառա՛ջ,— ասաց Սիլվերը,— բավական է շաղակրատեք։ Նա մեռել է և ուրվականի նման չի թափառում երկրում։ Իսկ եթե մինչև անգամ մտածի հեռանալ գերեզմանից, ապա չէ՞ որ ուրվականները երևում են գիշերները, իսկ այժմ, ինչպես տեսնում եք, ցերեկ է․․․ Մեռելի մասին խոսելու կարիք չկա, մեզ սպասում են դուբլոնները։ Մենք առաջ շարժվեցինք։ Ու թեև արեգակն ուժեղ լուսավորում էր, ծովահեններն այլևս այս ու այն կողմ չէին վազում և իրար ձայն չէին տալիս։ Նրանք գնում էին շարքով և իրար հետ խոսում էին կիսաձայն։ Այդպիսի սարսափ էր ազդել նրանց վրա մեռած ծովահենը։ == Գլուխ XXX։ Գանձի որոնումը։ Ձայն անտառում == Մասամբ այդ սարսափի թուլացնող ազդեցության տակ, մասամբ էլ նրա համար, որ Սիլվերը և հիվանդ ծովահենները հանգստանան, բարձրավանդակի կատարին ողջ խումբը դադար առավ։ Բարձրավանդակը քիչ թեքված էր դեպի արևմուտք, այդ պատճառով էլ այն տեղից, ուր մենք նստած էինք, երկու կողմից էլ տեսարան էր բացվել։ Առջևում, ծառերի կատարների ետևում, մենք տեսնում էինք Անտառոտ բլուրը, մակընթացության փրփուրով շրջապատված։ Ետևից երևում էր ոչ միայն նեղուցը և Կմախքի կղզին, այլև ցամաքալեզվի հարթության ետևում բաց ծովի ազատ տարածությունը։ Մեզ վրա ուղիղ բարձրանում էր հեռադիտակը՝ տեղ-տեղ նոսր սոճիներով և տեղ-տեղ բերանբաց խոր անդունդներով։ Անդորրությունը խախտվում էր միայն ափակոծության հեռավոր թնդյուններով և անհամար միջատների ժժոցով։ Մարդ չկա։ Ծովի վրա ոչ մի առագաստ։ Մենակության զգացմունքն ավելի ևս ուժեղանում էր շրջապատող տարածությունների լայնությամբ։ Հանգստի ժամանակ Սիլվերը կողմնացույցով չափումներ էր անում։ — Այստեղ երեք «մեծ ծառ» կա,— ասաց նա,— և նրանք բոլորն էլ դասավորված են ուղիղ գծով Կմախքի կղզուց։ «Հեռադիտակի ուսը», ես կարծում եմ, ահա այս փոսն է։ Այժմ երեխան էլ գանձը կգտներ։ Իմ կարծիքով վատ չէր լինի, որ նախ մի բան ուտեինք։ — Ես չեմ ուզում,— մրթմրթաց Մորգանը։— Հենց որ հիշեցի Ֆլինտին, ախորժակս միանգամից կորավ։ — Այո՛, որդիս, բախտավոր ես, որ նա մեռավ,— ասաց Սիլվերը։ — Նրա դեմքն էլ սատանայի դեմքի նման էր,— բացականչեց երրորդ ծովահենը, ցնցվելով։— Ամբողջ մարմինը լրիվ կապույտ էր։ — Դա ռոմից էր,— ավելացրեց Մերին։— Կապո՜ւյտ։ Բա կապույտ չի՞ լինի։ Ռոմից կապտում են, այդ ճիշտ է։ Կմախքի տեսքը և Ֆլինտին հիշելն այնպես էին ազդել այդ մարդկանց վրա, որ նրանք աստիճանաբար ձայները իջեցրին և վերջապես հասան հազիվ լսելի շշնջյունի, որը համարյա անտառի անդորրությունը չէր խախտում։ Եվ հանկարծ մոտիկ պուրակից մեկի բարակ, շառաչող, զիլ ձայնը սկսեց լավ ծանոթ երգը․ ։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,<br> ։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։ Մահվան սարսափ պատեց ծովահեններին։ Բոլոր վեցի դեմքերն էլ միանգամից դարձան դեղին։ Մեկը ոտի կանգնեց, մյուսները ջղաձգաբար բռնեցին իրար։ Մորգանը պառկեց գետնին և օձի նման սողաց։ — Ֆլինտն է,— բացականչեց Մերին։ Երգն ընդհատվեց այնպես կտրուկ, ինչպես սկսվել էր, կարծես ձայնանիշի մեջտեղում երգչի բերանը միանգամից փակեցին։ Օրն արևոտ էր և պարզ, երգողի ձայնը դուրեկան էր ու զիլ, և ես իմ ուղեկիցների սարսափը հասկանալ չկարողացա։ — Հառա՛ջ,— ասաց Միլվերը, հազիվ շարժելով մոխրագույն շրթունքները։— Այս կերպ ոչինչ չի դուրս գա։ Իհարկե, այս բոլորը շատ զարմանալի է, և ես չգիտեմ, թե ով է այնտեղ կատակ անում, սակայն համոզված եմ, որ մեռել չէ, այլ կենդանի մարդ։ Խոսելու ժամանակ վերադարձավ նրա արիությունը և դեմքը քիչ առույգացավ։ Մյուսներն էլ, նրա խոսքերի ազդեցության տակ, կայտառացան և կարծես թե սթափվեցին։ Եվ հանկարծ հեռվից լսվեց նույն ձայնը։ Բայց այժմ նա չէր երգում, այլ գոռում էր, կարծես որևէ հեռու տեղից, և նրա գոռոցը հանդարտ, որպես անլսելի արձագանք, տարածվեց հեռադիտակի ծերպերի մեջ։ — Դարբի Մակ-Գրոու,— հառաչեց մեկը և նրա հառաչանքի միջից հեկեկանք էր լսվում։— Դարբի Մակ-Գրոու, Դարբի Մակ-Գրոու... Այսպես նա կրկնում էր անվերջ։ Հետո նրա ձայնը քիչ բարձրացավ, և մի անլուր հայհոյանք աղաղակելով, ոռնաց. — Դարբի՛, ռոմ տուր ինձ։ Ավազակները գետնին կպան և աչքները քիչ մնաց ճակատի վրա բարձրանան։ Ձայնը վաղուց էր մարել, բայց նրանք դեռևս կանգնած էին քար կտրած և լուռ նայում էին դեպի առաջ։ — Գործը պարզ է,— ասաց մեկը։— Պետք է փախչել։ — Այդ նրա վերջին խոսքերն էին,— հառաչեց Մորգանը։— Վերջին խոսքերը մահից առաջ։ Դիկը հանեց իր ավետարանը և սկսեց վշտահար աղոթել։ Նախքան ծով դուրս գալը և բանդիտ դառնալը, նա դաստիարակվել էր բարեպաշտ ընտանիքում։ Միայն Սիլվերն իրեն չկորցրեց։ Ես լսում էի, թե ինչպես նրա ատամները չխկչխկում էին երկյուղից, բայց նա ետ դառնալու մասին չէր էլ ուզում լսել։ — Այս կղզու վրա ոչ ոք, բացի մեզանից, մինչև անգամ Դարբիի մասին չի լսել,― փնթփնթաց նա իրեն կորցրած,— ոչ ոք, բացի մեզանից։ Հետո իրեն սանձահարեց և գոչեց․ — Լսեցե՛ք։ Ես եկել եմ այստեղ, որ գանձ հանեմ, և ո՛չ ոք, ո՛չ մարդ, ո՛չ սատանա, ինձ չի կարող կանգնեցնել։ Ես Ֆլինտից չէի վախենում, երբ նա կենդանի էր և, սատանան տանի, մեռած ժամանակ էլ չեմ վախենա։ Մեզանից քառորդ մղոն հեռավորության վրա յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ կա։ Մի՞թե գոնե մեկ հաջողության ջենտլմեն ընդունակ է նավի ետևի կողմը շուռ տալ այնքան դրամի առջևից մի ինչ-որ կապտասփաթ հարբեցողի պատճառով, այն էլ սատկած։ Սակայն նրա խոսքերն ավազակների արիությունը չվերադարձրին։ Ընդհակառակը, ոչ հարգելի վերաբերմունքը դեպի ուրվականը նրանց խուճապային սարսափը ուժեղացրեց միայն։ — Լսի՛ր, Ջոն,— ասաց Մերին։— Ուրվականին մի վիրավորիր։ Մնացածներին երկյուղն այնպես էր պատել, որ ոչ մի բառ արտասանել չէին կարողանում։ Մինչև անգամ այս ու այն կողմ փախչելու համարձակություն չունեին։ Վախն ստիպել էր նրանց խմբվել Սիլվերի շուրջը, որովհետև նա բոլորից քաջ էր։ Նրան վերջապես հաջողվեց որոշ չափով ազատվել երկյուղից։ — Ձեր կարծիքով դա ուրվակա՞ն է։ Կարելի է, որ այդպես է,— ասաց նա։— Բայց մի բան է ինձ վրդովում։ Մենք բոլորս էլ պարզ կերպով արձագանք լսեցինք։ Բայց ասացեք, որևէ մեկը տեսե՞լ է, որ ուրվականն ստվեր ունենա։ Եթե ստվեր չի կարող լինել, նշանակում է արձագանք էլ չկա։ Այլապես դա անբնական հիմարություն կլինի։ Այդպիսի փաստերն ինձ թույլ թվացին։ Բայց դուք երբեք նախապես չեք կարող ասել, թե սնահավատ մարդկանց վրա ինչը կազդի։ Ի զարմանս իմ, Ջորջ Մերին ավելի շատ թեթևություն զգաց։ — Այդ ճիշտ է, ասաց նա։— Հա՜մա գլուխ կա ուսերիդ վրա, հա՜, Ջոն։ Ամեն ինչ կարգին է, թանկագին ընկերներ։ Դուք պարզապես սխալ ուղղություն եք վերցրել։ Իհարկե, ձայնը Ֆլինտի ձայնի պես էր։ Բայց, այնուամենայնիվ, ավելի ուրիշի ձայնի էր նման... Ավելի շուտ այդ ձայնը... — Երդվում եմ սատանայով, որ դա Բեն Գանի ձայնն էր,— ընդհատեց Սիլվերը։ — Ճիշտ է,— բացականչեց Մորգանը, գետնից բարձրանալով և չոքելով,— դա Բեն Գանի ձայնն էր։ — Բայց մե՞ծ տարբերություն կա արդյոք,— հարցրեց Դիկը։— Բեն Գանն էլ է մեռել, Ֆլինտն էլ։ – Թքած Բեն Գանի վրա,— բացականչեց Մերին։— Կենդանի է, թե մեռած, միևնույն չէ՞։ Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես այդ մարդիկ արագ սթափվեցին, և թե ինչպես նրանց դեմքին կրկին խաղաց կարմրությունը։ Մի քանի րոպեից հետո նրանք շաղակրատում էին իրար հետ այնպես, որ կարծես թե ոչինչ չէր պատահել, միայն թե ականջ էին դնում, չի՞ լսվում արդյոք տարօրինակ ձայնը։ Բայց ամեն ինչ խաղաղ էր։ Եվ, գործիքներն ուսերին առած, նրանք առաջ շարժվեցին։ Առջևից գնում էր Մերին, ճեռքին բռնած Ջոնի կողմնացույցը, որպեսզի Կմախքի կղզու հետ մի գծի վրա լինեն։ Նա ճիշտ ասաց. Բեն Գանից, կենդանի լիներ նա, թե մեռած, ոչ ոք չէր վախենում։ Միայն Դիկն առաջվա պես ձեռքին բռնել էր ավետարանը և վախեցած այս ու այն կողմ էր նայում։ Բայց այլևս նրան ոչ ոք չէր կարեկցում։ Մինչև անգամ Սիլվերը ծաղրում էր նրա սնոտիապաշտությունը։ — Ես քեզ ասացի, որ ավետարանդ փչացրել ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ուրվականը կվախենա այն ավետարանից, որից մի էջ պոկված է։ Ինչպե՞ս չէ։ Գրպանդ բաց պահիր։— Եվ մի պահ կանգ առնելով, մատներով Դիկի քթի տակ չրթացրեց։ Բայց Դիկին արդեն խոսքերով չէր կարելի հանգստացնել։ Շուտով ինձ համար պարզվեց, որ նա վերջնականապես հիվանդ է։ Տոթից, հոգնածությունից ու երկյուղից նրա ջերմը, որ գուշակել էր բժիշկ Լիվսին, սկսեց արագ բարձրանալ։ Գագաթին քիչ ծառեր կային և գնալը բավականաչափ հեշտացավ։ Այժմ մենք իջնում էինք ներքև, որովհետև, ինչպես արդեն ասացի, սարահարթը մի քիչ դեպի արևելք էր թեքված։ Մեծ ու փոքր սոճիներն իրարից բաժանված էին լայն տարածությամբ։ Մինչև անգամ մուսկատի ընկուզենիների և լեռնավարդերի մեջ էլ հաճախ պատահում էին տոթից խանձված ընդարձակ բացատներ։ Գնալով դեպի հյուսիս-արևմուտք, մենք մոտենում էինք Հեռադիտակի ուսին։ Հեռադիտակի տակ երևում էր արևելյան լայն ծովախորշը, որտեղ մի քանի օր առաջ նավակն ինձ վեր-վեր էր գցում ու պտտում։ Առաջին բարձր ծառը, որին մենք մոտեցանք կողմնացույցով ստուգելուց հետո, անհամապատասխան գտնվեց։ Նույնը պատահեց նաև երկրորդ ծառի հետ։ Երրորդը թփուտներից համարյա երկու հարյուր ֆուտ բարձր էր։ Սա բուսական աշխարհի հսկան էր, կարմիր բնով մի քանի գրկաչափ հաստությամբ։ Նրա ստվերի տակ մի ամբողջ դասակ կարող էր քայլել։ Այս սոճին անպայման հեռվից տեսանելի էր՝ և՛ ծովի արևելյան կողմից, և՛ արևմուտքից, և Ֆլինտն իզուր չէր, որ նշանակել էր իր քարտեզում որպես ծովագնացության նշան։ Սակայն իմ ուղեկիցներին հուզում էր ոչ թե սոճու լայն չափը․ նրանք լցված էին վառ գիտակցությամբ, որ նրա շվաքում թաղված է յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։ Փողի մասին մտածելիս նրանց երկյուղն անհետանում էր։ Աչքերը բոցավառվում էին, քայլերն արագանում, ամրանում։ Նրանք միմիայն մի բանի մասին էին մտածում՝ այն հարստության մասին, որ նրանց սպասում էր, անհոգ, փառավոր, շռայլ կյանքի մասին, որ պիտի բերեր հարստությունը։ Սիլվերը թռչկոտելով, կաղալով առաջ էր գնում։ Նրա քթածակերը լայնանում էին։ Նա խելագարի պես հայհոյում էր, երբ ճանճերը նստում էին նրա տաքացած, քրտնած երեսին։ Նա կատաղորեն քաշում էր պարանը, մահացու ատելությամբ նայելով ինձ վրա։ Նա այլևս չէր աշխատում իր մտածմունքը ծածկել։ Ես կարողանում էի այդ կարդալ, ինչպես գրքի մեջ։ Վերջապես հայտնվելով ցանկալի ոսկուց երկու քայլի վրա, նա ամեն բանի մասին մոռացավ. և՞ իր խոստումների, և բժշկի նախազգուշությունների մասին։ Նա, իհարկե, հույս ուներ վերցնել գանձը, հետո գիշերով գտնել «Իսպանոլան», մեզ բոլորիս մորթել և ճանապարհ ընկնել։ Այս տագնապալի մտքերից ցնցված, ես դժվարությամբ էի հասնում ծովահեններին և հաճախ սայթաքում էի։ Այդ ժամանակ Սիլվերը ձգում էր պարանը, ինձ վրա արյունռուշտ հայացքներ նետելով... Դիկը ետևից պարում էր և աղոթքներ ու հայհոյանքներ մրթմրթում։ Նրա ջերմն ուժեղանում էր։ Իմ աչքի առաջ ակամա պատկերացավ այն ողբերգությունը, որ կատարվել էր այս տեղերում։ Իմ աչքի առաջ պատկերացավ կապտած դեմքով ավազակը, որը մեռավ Սավանում, երգելով և ռոմ պահանջելով։ Այստեղ նա իր ձեռքով վեց հոգու սպանեց։ Այս անդորր պուրակում մի ժամանակ հոգեվարքի աղաղակներ են տարածվել։ Ինձ թվում էր, որ լսում, եմ այն դժբախտների հառաչանքներն ու հեկեկանքները։ Թփուտներից դուրս եկանք։ ― Իմ ետևից, բարեկամնե՛ր,— գոչեց Մերին։ Առջևից գնացողներն սկսեցին վազել։ Տասը յարդի չափ առաջ գնալով, նրանք հանկարծ կանգ առան և աղաղակեցին։ Սիլվերը, կատաղածի նման, սլանում էր։ Մի վայրկյանից հետո մենք էլ հանկարծ կանգ առանք։ Մեր առաջ մի մեծ փոս կար, որ փորված էր երևի, վաղուց, որովհետև եզրերն արդեն թափվել էին, իսկ հատակին խոտ էր բուսել։ Փոսի մեջ տեսանք մի բահի կոթ և մի քանի արկղի տախտակ։ Տախտակներից մեկի վրա շիկացած երկաթով փորված էր «Մորժ»՝ Ֆլինտին պատկանող նավի անունը։ Պարզ էր, որ որևէ մեկը մեզանից առաջ գտել ու հափշտակել էր գանձը՝ յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգն անհետացել էր։ == Գլուխ XXXIII։ Առաջնորդի անկումը == Կարծում եմ, աշխարհի ստեղծումից մինչև այսօր այս տեսակի մեծ հույսերի հանկարծակի խորտակում չի եղել։ Բոլոր վեցն էլ կանգնել էին կայծակնահար եղածի պես։ Առաջինը Սիլվերն սթափվեց։ Բոլոր հոգով նա ձգտում էր այդ փողերին։ Եվ ահա մի վայրկյանում ամեն ինչ խորտակվեց։ Այնուամենայնիվ, նա գլուխը չկորցրեց, իրեն տիրապետեց և կարողացավ փոխել իր ապագա գործողությունների պլանը, նախքան մյուսների հասկանալը, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց։ — Ջի՛մ,— շշնջաց նա,— վերցրո՛ւ և պատրաստ եղիր։ Եվ տվեց ինձ մի երկփողանի ատրճանակ։ Միաժամանակ նա սկսեց հանգիստ շարժվել դեպի հյուսիս, այնպես որ փոսը մնաց մեր երկուսի և ավազակների միջև։ Հետո Սիլվերը նայեց և ինձ գլխով արավ, կարծես ասում էր․ «դրությանը թեթև չէ», և ես նրա հետ միանգամայն համաձայն էի։ Այժմ նրա հայացքը նորից սիրալիր դարձավ։ Խոստովանում եմ, որ այդ երկերեսանիությունը վրդովեց ինձ։ Ես համբերել չկարողացա և շշնջացի. — Այնպես որ դուք նորից դավաճանեցիք ձերոնց։ Բայց նա ինձ պատասխանելու ժամանակ չունեցավ։ Ավազակները, գոռգոռալով և հայհոյանքով, թռան փոսի մեջ և ձեռքերով փորփրեցին, տախտակներն այս ու այն կողմ շպրտելով։ Մորգանը մի ոսկե դրամ գտավ։ Նա դրամը վերցրեց և սկսեց բոլորին հայհոյել։ Դրամը երկու գինեյանոց էր։ Մի քանի վայրկյան դրամը ձեռքից ձեռք էր անցնում։ — Երկու գինեյ,— մռնչաց Մերին,— մեկնելով դրամը Սիլվերին։— Ա՞յս է քո յոթ հարյուր հազարը։ Դու, կարծեմ, պայմաններ կապելու սիրահար ես։ Ահա թե ինչ է դուրս գալիս քո պայմաններից, փայտե գլուխ։ — Փորեցե՛ք, տղե՛րք, փորեցե՛ք,— ասաց Սիլվերը սառն հեգնանքով,— գուցե, երկու-երեք գետընկույզ գտնեք, որոնք խոզերի սիրելի կերակուրն են կազմում։ — Երկու-երեք ընկո՜ւյզ,— կատաղությամբ գոռաց Մերին։— Ընկերնե՛ր, լսեցի՞ք, թե ինչ ասաց։ Ես ձեզ ասում եմ, որ նա վաղուց գիտեր։ Նայեցեք նրա երեսին։ Այնտեղ պարզ կերպով գրված է։ — Էխ, Մերի,— նկատեց Սիէվերը։— Դու, կարծեմ, մտադիր ես կրկին նավապետ դառնալ։ Դու, ինչպես տեսնում եմ, պնդերես տղա ես։ Այս անգամ բոլորն էլ Մերիին կողմնակից էին։ Ավազակները, կատաղությամբ նայելով մեզ վրա, սկսեցին փոսից դուրս գալ։ Ասենք, մեր բախտից, նրանք գտնվում էին հակառակ կողմում։ Այդպես կանգնած էինք մենք, երկուսս հնգի դիմաց, և մեզ բաժանում էր փոսը։ Կողմերից ոչ մեկը սիրտ չէր անում առաջին զարկը տալ։ Սիլվերն անշարժ կանգնած էր։ Նա սառնարյուն կերպով ու հանգիստ հսկում էր թշնամիներին, իր հենակի վրա հենված։ Նա իսկապես համարձակ մարդ էր։ Վերջապես Մերին որոշեց իր կողմնակիցներին ճառով ոգևորել։ — Ընկերներ,— ասաց նա,— նայեցե՛ք, նրանք ընդամենը երկու հոգի են. մեկը՝ ծեր հաշմանդամ, որը մեզ բերել է այստեղ կործանելու, մյուսը՝ շան ձագ, որի սիրտը վաղուց եմ ուզում կտրատել։ Եվ այժմ․․․ Նա ձեռքերն ու ձայնը բարձրացրեց, պատրաստվելով իր խումբը հարձակման տանելու։ Եվ հանկարծ՝ տրա՜խկ, տրա՜խկ, տրա՜խկ, անտառում հրացաններ պայթեցին։ Մերին գլխիվայր ընկավ ուղիղ փոսի մեջ։ Ճակատը փաթաթած մարդը հոլի նման պտտվեց և ընկավ նրա կողքին։ Նա բավական ժամանակ ցնցվում էր, սակայն արդեն մեռած էր։ Մնացած երեք հոգին փախան։ Այդ վայրկյանին Երկարահասակ Ջոնն իր ատրճանակի երկու փողով էլ կրակեց դեպի Մերին, որը փորձում էր դուրս սողալ փոսից։ Մեռնելիս Մերին նայեց իրեն սպանողի երեսին։ ― Զորջ,— ասաց Սիլվերը,— այժմ, ես կարծում եմ, մեր հաշիվները վերջացան։ Մուսկատի ընկույզի թփուտներում մենք տեսանք բժշկին, Գրեյին և Բեն Գանին։ Նրանց հրացանները ծխում էին։ ― Հառա՜ջ,— գոչեց բժիշկը։— Շտապեցե՛ք, տղե՛րք։ Մենք պետք է նավակներից կտրենք նրանց։ Եվ մենք առաջ սլացանք, մինչև կուրծքներս թփուտի մեջ սուզելով։ Մեզանից ետ չմնալու համար, Սիլվերն ուժասպառ եղավ, նա այնպես էր աշխատում իր հենակով, որ կարծես թե կրծքի մկաններն այս րոպեիս պետք է մաս-մաս լինեն։ Բժշկի ասելով, առողջ մարդն էլ այդպիսի աշխատանքի չէր դիմանա։ Երբ հասանք զառիվայրին, նա մեզանից ամբողջ երեսուն յարդ ետ մնաց և բոլորովին ուժասպառ, եղավ։ ― Բժիշկ,— կանչեց նա,–— նայեցեք, շտապելու կարիք չկա։ Իսկապես որ շտապելու կարիք չկար։ Մենք բացատը դուրս եկանք և տեսանք, որ կենդանի մնացած երեք ավազակները վազում են դեպի Բիզանկայմ ժայռը։ Այդպիսով, մենք արդեն գտնվում էինք փախստականների և նավակների միջև և կարող էինք հանգստանալ։ Երկարահասակ Ջոնը, երեսի քրտինքը սրբելով, կամաց մոտեցավ մեզ։ — Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, բժիշկ,— ասաց նա։— Դուք ժամանակին հասաք, և մեզ երկուսիս էլ ազատեցիք․․․ Ա՜, այդ դո՞ւ ես, Բեն Գան,— ավելացրեց նա։— Դու, ինչպես տեսնում եմ, կտրիճ երիտասարդ ես։ — Այո՛, ես Բեն Գանն եմ,— շփոթված պատասխանեց նախկին ծովահենը, Սիլվերի առջև օձաձուկի պես գալարվելով։— Ինչպե՞ս եք, պարոն Սիլվեր, կարծեմ վատ չեք,— հարցրեց նա երկար լռությունից հետո։— Կարծում եմ, վատ չեք։ — Բե՛ն, Բե՛ն,— փնթփնթաց Սիլվերը,— մի հլա մտածիր, թե ինչ օյին խաղացիր գլխիս։ Բժիշկը Գրեյին ուղարկեց, որ ավազակների ետևից վազելիս դեն գցած քլունգը բերի։ Մինչև մենք առանց շտապելու իջնում էինք զառիվայրից դեպի մեր նավակները, բժիշկը մի քանի խոսքով պատմեց, թե վերջին օրերում ի՛նչ է պատահել։ Սիլվերն ագահությամբ լսում էր յուրաքանչյուր խոսքը։ Կիսախելագար անապատական Բեն Գանը պատմվածքի գլխավոր հերոսն էր։ Բժշկի ասելով, կղզու վրա երկար, մենակ թափառումների ժամանակ, Բենը գտել է և՛ կմախքը, և՛ գանձը։ Նա է դատարկել կմախքի գրպանները և հողի տակից հանել գանձը, նրա բահի կոթն ենք տեսել մենք փոսի մեջ։ Նա իր ուսերի վրա դրած փոխադրել է ողջ ոսկին բարձր սոճու տակից երկգագաթ լեռան այրը, կղզու հյուսիսարևելյան մասում։ Այս ծանր աշխատանքը, որ երկար ժամանակ քայլել է պահանջում, վերջացրել էր «Իսպանոլայի» գալուց միայն երկու ամիս առաջ։ Այս բոլորը բժիշկն իմացել էր նրանից՝ նրա հետ ունեցած առաջին իսկ տեսակցության ժամանակ, մեր ամրոցի վրա գրոհելու օրը։ Հետևյալ առավոտ, տեսնելով, որ նավն անհետացել է, բժիշկը գնացել էր Սիլվերի մոտ, տվել էր քարտեզը, որն այժմ ոչ մի նշանակություն չուներ և ամրոցն իր բոլոր պաշարեղենով հանձնել էր նրան, որովհետև Բեն Գանի այրում բավականաչափ աղած այծի միս կար, որ պատրաստել էր Գանը իր ձեռքով։ Այս հանգամանքի շնորհիվ իմ բարեկամները հնարավորություն են ստացել վտանգի չենթարկվելով, ամրոցից փոխադրվել երկգլխանի սարը, մալարիայի ճահիճներից հեռու, և պահպանել գանձը։ — Իհարկե, ես նախատեսել էի, սիրելի Ջիմ,— ավելացրեց բժիշկը,— որ մեր գաղթը քեզ վատ ծառայություն կմատուցի, և այդ հանգամանքը շատ էր վշտացնում ինձ, բայց ես ամենից առաջ պետք է մտածեի այն մարդկանց մասին, որոնք իրենց պարտքը բարեխղճորեն կատարեցին։ Վերջապես դու ես մեղավոր, որ մեզ հետ չէիր գտնվում։ Բայց այն առավոտյան, երբ նա ինձ տեսավ գերի ծովահենների մոտ, հասկացավ, որ իմանալով գանձի անհետացման մասին, նրանք ինձնից վրեժ կլուծեն։ Այդ պատճառով նա թողեց կալվածատիրոջը, որ պահպանի նավապետին, վերցրեց իր հետ Գրեյին և Բեն Գանին և կղզու միջով ուղղվեց դեպի մեծ սոճին։ Ճանապարհին, տեսնելով, որ խումբն իրենից առաջ է անցել, նա Բեն Գանին ուղարկեց առաջ, որովհետև Բեն Գանը չափազանց արագաշարժ էր։ Նա իսկույն մտածեց օգտվել իր նախկին ընկերների սնոտիապաշտությունից և նրանց այնպես վախեցրեց, որ Գրեյն ու բժիշկը կարողացան թաքնվել սոճու մոտ, մինչև գանձ որոնողների գալը։ — Ի՜նչ լավ էր,— ասաց Սիլվերը,— որ Հոկինսն ինձ հետ էր։ Եթե նա ինձ հետ չլիներ, դուք, բժիշկ, ձեր ունքն էլ չէիք չարժի, եթե ինձ մաս-մաս անեին։ — Իհարկե,— պատասխանեց բժիշկ Լիվսին ծիծաղելով։ Այդ ժամանակ մենք մոտեցանք նավակներին։ Նրանցից մեկը բժիշկն իսկույն քլունգով ջարդեց, որ ավազակների ձեռքը չընկնի, իսկ մյուսի մեջ բոլորս տեղավորվեցինք և կղզու շուրջը պտտվելով, գնացինք դեպի հյուսիսային ծովախորշը։ Մենք անցանք ութ կամ ինը մղոն։ Սիլվերը, չնայած իր չափազանց հոգնածության, մեզ հետ հավասար թիավարեց։ Մենք դուրս եկանք նեղուցից դեպի բաց ծով։ Ծովը խաղաղ էր։ Մենք անցանք կղզու հարավարևելյան կողմի դուրս ցցված մասը, որը չորս օր առաջ բոլորապատել էր «Իսպանոլան»։ Անցնելով երկգլխանի լեռան մոտով, մենք տեսանք Բեն Գանի այրի մութ մուտքը և նրա մոտ մի մարդ, որ հրացանի վրա հենված, կանգնած էր։ Դա կալվածատերն էր։ Մենք թաշկինակ թափահարեցինք և երեք անգամ «ուռա» գոչեցինք, ընդ որում Սիլվերը բոլորից բարձր էր գոռում։ Էլի երեք մղոն անցնելով, մենք մտանք Հյուսիսային ծովախորշը և տեսանք «Իսպանոլան»։ Նա առանց ղեկի ու առագաստների տարուբերվում էր ջրի վրա։ Մակընթացությունը նրան ծանծաղուտից հանել էր։ Եթե այդ օրը քամի լիներ, կամ եթե Հյուսիսային ծովախորշում այնպիսի ուժեղ հոսանք լիներ, ինչպես Հարավայինում, մենք կարող էինք միանգամայն զրկվել նավից։ Լավագույն դեպքում մենք նրա բեկորները կգտնեինք։ Սակայն, բարեբախտաբար, նավը ողջ էր, եթե կոտրված միջնակայմը չհաշվենք։ Մենք պահեստի խարիսխը ջրի մեջ գցեցինք։ Հետո նավակով ուղևորվեցինք դեպի Հարբած ծովախորշը՝ Բեն Գանի գանձատան պմենամոտ կետը։ Այնտեղ ցած իջանք և Գրեյին նավն ուղարկեցինք, որ գիշերվա ընթացքում հսկի։ Թեթև զառիվայրով այրը բարձրացանք։ Վերևում մեզ դիմավորեց կալվածատերը։ Նա ինձ հետ սիրալիր վերաբերվեց։ Իմ փախուստի մասին ոչ մի խոսք չասաց, չգովեց և չհայհոյեց։ Իսկ երբ Սիլվերը նրան քաղաքավարի կերպով զինվորական պատիվ տվեց, նա վրդովմունքից կարմրեց։ — Ջոն Սիլվեր,— ասաց նա,— դուք գարշելի անզգամ եք և խաբեբա։ Հրեշային խաբեբա։ Ինձ համոզեցիք չհետապնդել ձեզ, ես էլ խոստացա։ Սակայն մեռելները ջրաղացի քարի նման կախված են ձեր վզից։ — Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, պարոն,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, կրկին պատիվ տալով։ — Մի՛ համարձակվեք ինձ շնորհակալություն հայտնել,— գոչեց կալվածատերը։— Ձեր պատճառով ես խախտում եմ իմ պարտքը։ Հեռացե՛ք ինձանից։ Մենք այր մտանք։ Այրն ընդարձակ էր և թարմ օդով լիքը։ Գետնի տակից մաքուր ջրի աղբյուր էր բխում և թափվում մի փոքրիկ լճի մեջ, որը պատած էր խիտ ձարխոտերով։ Հատակն ավազոտ էր։ Բոցավառվող կրակի առաջ պառկած էր նավապետ Սմոլետը, իսկ հեռու անկյունում աղոտ փայլում էր ոսկե դրամների և ձուլաձողերի մի հսկա դեզ։ Սա նավապետ Ֆլինտի գանձն էր, այն գանձը, որի համար մենք այնպիսի երկար, հոգնեցուցիչ ճանապարհ կտրեցինք, որի պատճառով «Իսպանոլա» նավի անձնակազմից տասնյոթ հոգի մեռան։ Իսկ քանի՜ մարդկային կյանք, որքա՜ն տանջանք ու արյուն արժեր այդ հարստությունը։ Քանի՜ փառավոր նավ էր կործանվել, որքա՜ն քաջ մարդիկ էին տանջվել, որքա՜ն ռմբակոծություն նավերից, որքա՜ն խայտառակություն, սուտ, անգթություններ։ Սակայն դեռևս կղզու վրա գտնվում էին երեք հոգի՝ Սիլվերը, ծեր Մորգանը և Բենը, որոնք մի ժամանակ մասնակցել էին այդ բոլոր սարսափելի չարագործություններին և այժմ ապարդյուն կերպով հույս ունեին իրենց բաժինն ստանալու այդ հարստությունից։ — Մտի՛ր, Ջիմ,— ասաց նավապետը։— Դու, քո կարծիքով, գուցե և վատ տղա չես, բայց խոսք եմ տալիս, որ այլևս երբեք քեզ ծովային ճանապարհորդության չեմ տանի, որովհետև դու սիրվածների ցեղից ես․ ամեն ինչ քո ուզածի պես ես անում... Ա՜, այդ դո՞ւ ես, Ջոն Սիլվեր։ Ի՞նչն է բերել քեզ մեզ մոտ։ — Վերադարձա, որ պարտականություններս կատարեմ,— պատասխանեց Սիլվերը։ — Ա՜,— ասաց նավապետը։ Եվ ուրիշ ոչ մի ձայն։ Ինչպե՜ս փառավոր ընթրեցի ես այդ երեկո, շրջապատված իմ բոլոր բարեկամներով։ Ի՜նչ համեղ թվաց ինձ Բենի աղած այծի միսը, որի վրայից խմում էինք «Իսպանոլայից» բերած հին գինին։ Երբեք դեռ մեզ նման ուրախ և երջանիկ մարդիկ չեն եղել։ Սիլվերը, նստել էր բոլորից ետև, լույսից հեռու, սակայն չափազանց շատ էր ուտում, թափով վեր էր թռչում, երբ հարկավոր էր մի բան բերել, և մեզ հետ միասին ծիծաղում էր, երբ կատակ էինք անում, մի խոսքով նորից սիրալիր, քաղաքավարի, պատրաստակամ խոհարար դարձավ, ինչպես մեր ճանապարհորդության ժամանակ։ == Գլուխ XXXIV։ Եվ վերջին == Հաջորդ առավոտյան վաղ մենք գործի անցանք։ Մինչև ափը մի մղոն տարածություն էր։ Պետք է այնտեղ տանեինք մեր բոլոր ոսկին և այնտեղից էլ՝ «Իսպանոլան»՝ ծանր աշխատանք մի այդպիսի փոքրաթիվ մարդկանց խմբի համար։ Այն երեք ավազակները, որոնք դեռևս թափառում էին կղզու վրա, մեզ քիչ էին անհանգստացնում։ Բավական էր բլրի գլխին մի ժամապահ դնել, և մենք կարող էինք անակնկալ հարձակումից չվախենալ։ Բացի դրանից էլ, մենք ենթադրում էինք, որ այդ մարդկանց սերը դեպի զինվորական գործադուլները երկար ժամանակով չքացել է։ Մենք անդադար աշխատում էինք։ Գրեյն ու Բենը ոսկին նավակով նավն էին տանում, իսկ մնացածները բերում էին ծովափը։ Ոսկին շատ ծանր մետաղ է. երկու ձույլ պարանով կապում էինք և գցում ուսին, մի մարդը երկու ձույլից ավելի չի կարող տանել։ Որովհետև ոսկի տանելն իմ ուժերից վեր էր, այդ պատճառով ինձ թողել էին այրում և կարգադրել, որ փողերը լցնեմ պաքսիմատի տոպրակների մեջ։ Ինչպես Բիլի Բոնսի սնդուկում, այստեղ էլ զանազան տեսակի դրամներ կային, բայց, իհարկե, այստեղ ավելի շատ էր, քան այնտեղ։ Ես շատ էի սիրում այդ փողերը տեսակավորել։ Անգլիական, ֆրանսիական, իսպանական, պորթուգալական դրամներ, գինեյներ և լուիդորներ, դուբլոններ, մուադորներ և ցեխիններ, դրամներ վերջին հարյուր տարվա եվրոպական բոլոր թագավորական պատկերներով, տարօրինակ արևելյան դրամներ, որոնց վրա նկարված էր պարանի կապուկ, թե սարդի ոստայնի կտոր, կլոր դրամներ, քառանկյունի դրամներ, մեջտեղը ծակ դրամներ, որ կարելի լինի վզից կախել, այս կոլեկցիայում հավաքված էին դրամներ ամբողջ աշխարհից։ Այդ դրամներն աշնան տերևներից շատ էին։ Դրանց հետ զբաղվելուց մեջքս ու մատներս ցավում էին։ Օրն անցնում էր օրվա ետևից, բայց մեր աշխատանքի վերջը չէր երևում։ Ամեն երեկո հարստության ահագին կույտեր էինք ուղարկում նավ, բայց այդ կույտերից փոքր կույտեր չէին մնում այրում։ Եվ այդ ժամանակամիջոցում կենդանի մնացած ավազակների մասին ոչինչ չէինք լսել։ Վերջապես, եթե չեմ սխալվում, երրորդ գիշերը ես ու բժիշկը բլուր բարձրացանք և հանկարծ ներքևից, անթափանցելի խավարի միջից, քամին ինչ-որ աղաղակ, թե երգ բերավ։ Պարզ լսել հնարավոր չեղավ։ — Ավազակներն են,— ասաց բժիշկը։ — Բոլորն էլ հարբած են, պարոն,— ետևիցս լսեցի Սիլվերի ձայնը։ Սիլվերն օգտվում էր լրիվ ազատությամբ և, չնայած մեր սառնության, կրկին սկսեց մեզ հետ բարեկամաբար վարվել, ինչպես արտոնյալ և բարեկամասեր ծառա։ Նա կարծես թե չէր զգում ընդհանուր ատելությունը դեպի ինքը և աշխատում էր յուրաքանչյուրին ծառայության մատուցել, որպեսզի յուրաքանչյուրը նրանից շնորհակալ լինի։ Բայց մենք վարվում էինք նրա հետ, ինչպես շան հետ։ Միայն ես և Բեն Գանը մի քիչ ավելի լավ էինք վերաբերվում․ Բեն Գանը դեռևս քիչ վախենում էր իր առաջվա բնակարանապետից, իսկ ես շնորհակալ էի նրանից կյանքս ազատելու համար, թեև, իհարկե, չէի կարողանում մոռանալ, թե ինչպես նա պատրաստվում էր նորից մատնել ինձ։ Բժիշկը բավական կոպիտ պատասխանեց Սիլվերի նկատողությանը․ — Գուցե նրանք հիվանդ են ու զառանցում են։ — Ճիշտ է, պարոն,— ասաց Սիլվերը,— Բայց ինձ ու ձեզ համար միանգամայն մեկ է։ — Ինձ թվում է, որ հազիվ թե բողոքեք այն բանի դեմ, պարոն Սիլվեր, որ ես ձեզ համարեմ ազնիվ, մտերիմ մարդ,— հեգնաբար նկատեց բժիշկը,— և ես գիտեմ, որ իմ զգացմունքները ձեզ մի քիչ տարօրինակ կթվան։ Իսկ եթե իսկապես համոզված լինեի, որ նրանք հիվանդ են և զառանցանքի մեջ, ես, մինչև անգամ կյանքս վտանգի ենթարկելով, կճանապարհվեի նրանց մոտ, որ բժշկական օգնություն հասցնեմ։ — Ներեցե՛ք, պարոն, դուք մեծ սխալ արած կլինեք,— առարկեց Սիլվերը։— Կկորցնեք ձեր թանկագին կյանքը և ուրիշ ոչինչ։ Այժմ ես ձեր կողմնակիցն եմ հոգով ու մարմնով և չէի ուզենա, որ մեր խումբը զրկվեր այնպիսի մարդուց, ինչպիսին դուք եք։ Չէ՞ որ ես շատ բանով եմ ձեզ պարտական։ Իսկ այդ մարդիկ ոչ մի կերպ չէին կարող պահել իրենց ազնիվ խոսքը։ Բացի դրանից, նրանք երբեք ձեր ազնիվ խոսքին էլ չէին հավատա։ — Դրա փոխարեն դուք շատ լավ եք կարողանում պահել ձեր խոսքը,— ասաց բժիշկը։— Վերջերս այդ բանում կարելի էր համոզվել։ Երեք ծովահենների մասին այլևս համարյա թե ոչինչ չիմացանք։ Միայն մի անգամ հեռվից կրակոց լսեցինք. որոշեցինք, որ նրանք որսորդությամբ են զբաղվում։ Մեր մեջ խորհրդակցություն կայացավ և որոշվեց մեզ հետ չտանել, այլ թողնել կղզու վրա։ Բեն Գանը այս որոշումից չափազանց ուրախացավ։ Գրեյն էլ այդ որոշմանը հավանություն տվեց։ Մենք նրանց համար վառոդի ու գնդակի մեծ պաշար թողեցինք, մի կույտ աղած այծի միս, քիչ դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր, գործիքներ, հագուստեղեն, պահեստի առագաստ, և, բժշկի հատուկ ցանկությամբ, ծխախոտի բավական բաժին։ Այլևս կղզու մեջ անելիք չունենք։ Նավն արդեն բեռնավորված էր և՛ ոսկով, և՛ խմելու ջրով, և՛, համենայն դեպս, այծի աղած մսի մնացորդներով։ Վերջապես խարիսխը բարձրացրինք և հյուսիսային ծովախորշից դուրս եկանք։ Մեզ վրա ծածանվում էր այն դրոշակը, որի տակ մենք կռվում էինք, պաշտպանելով մեր ամրոցը ծովահեններից։ Այստեղ պարզվեց, որ ավազակներն ավելի ուշադիր էին մեզ հետևում, քան թե մենք առաջ կարծում էինք, որովհետև նեղուցով անցնելիս և կղզու հարավային ծայրին մոտենալիս նրանց երեքին էլ տեսանք։ Նրանք ավազի վրա ծունկ էին չոքել և աղերսանքով ձեռքերը դեպի մեզ պարզել։ Մեզ համար շատ դժվար էր նրանց անմարդաբնակ կղզում թողնելը, բայց ուրիշ ելք չկար։ Ո՞վ գիտե, նոր խռովություն չէի՞ն բարձրացնի, եթե վերցնեինք մեզ հետ։ Բացի այդ, անգթություն է հայրենիք տանել այդպիսի մարդկանց, որոնց կախաղան է սպառնում։ Բժիշկը ձայն տվեց նրանց և հայտնեց, որ նրանց համար ուտելիք և վառոդ ենք թողել և սկսեց մանրամասն բացատրել, թե ինչպես պետք է այդ պաշարեղենը գտնել։ Բայց նրանք մեր բոլորի անունները տալիս էին և աղաչում խղճալ իրենց և չթողնել, որ մենակության մեջ մեռնեն։ Վերջում, տեսնելով, որ նավը գնում է, նրանցից մեկը, չգիտեմ ո՞րը, վայրի աղաղակով ոտքի ելավ, վերցրեց իր հրացանը և կրակեց։ Գնդակը շառաչելով անցավ Սիլվերի գլխի վրայով և միջնակայմը ծակեց։ Մենք զգուշացանք և թաքնվեցինք։ Երբ կրկին նայեցի, ծովահեններն արդեն չկային։ Իսկ կեսօրին մոտիկ ողջ Գանձերի կղզին էլ անհետացավ հորիզոնի ետևում, որն ինձ աննկարագրելի ուրախություն պատճառեց։ Մենք այնքան քիչ էինք, որ պետք է մեր ուժերից վեր աշխատանք կատարեինք։ Նավապետը հրամաններ էր տալիս նավի ետևի կողմում, ներքնակի վրա պառկած։ Նա առողջանում էր, սակայն դեռևս հանգստություն էր պետք։ Մենք ուղղություն էինք վերցրել դեպի Իսպանական Ամերիկայի ամենամոտիկ նավահանգիստը, որպեսզի նոր նավաստիներ վարձենք. առանց նրանց դժվար էր ճանապարհորդել։ Քամին հաճախ իր ուղղությունը փոխում էր և մեր նավը ճանապարհից հանում, բացի դրանից, երկու անգամ սաստիկ փոթորիկ եղավ և շատ տանջվեցինք մինչև Ամերիկա հասանք։ Արեգակն արդեն մայր էր մտել, երբ վերջապես խարիսխ ձգեցինք մի գեղատեսիլ փակ նավահանգստում։ Մեզ շրջապատեցին նեգրերի, մուլատների և մեքսիկական հնդիկների նավակներ։ Այդ մարդիկ մեզ վաճառում էին մրգեր ու բանջարեղեն և պատրաստ էին ամեն րոպե ջուրը սուզվել նետած դրամները հանելու։ Բարեսիրտ դեմքերը, «գլխավորապես սև» հասարակածային համեղ մրգերը և, որ գլխավորն է, քաղաքում բռնկված կրակները, այս բոլորն այնքա՜ն հրաշալի էր, այնքա՜ն տարբեր մռայլ, արյունոտված Գանձերի կզուց։ Բժիշկն ու կալվածատերը որոշեցին գիշերն անցկացնել քաղաքում։ Նրանք ինձ էլ իրենց հետ տարան։ Ծովափին հանդիպեցինք անգլիական ռազմական նավի նավապետին և գնացինք նրա մոտ, նավ։ Այնտեղ շատ հաճելի կերպով անցկացրինք երեկոն և արդեն արշալույսը բացվում էր, երբ «Իսպանոլա» վերադարձանք։ Տախտակամածին միայն մի մարդ կար՝ Բեն Գանը և, հենց որ նավը բարձրացանք, նա սկսեց զղջալ և մեղադրել իրեն սարսափելի հանցանքի մեջ, ամենավայրի շարժումներ անելով։ Պարզվեց, որ Սիլվերը փախել է։ Բենը խոստովանեց, որ ինքն օգնել է նրան նավակ նստելիս, որովհետև համոզված էր, որ մեզ բոլորիս վտանգ է սպառնում, «քանի որ այդ միոտանի սատանան նավում է»։ Բայց նավի խոհարարը դատարկաձեռն չէր փախել։ Նա աննկատելի կերպով քանդել էր միջնորմը և գողացել մի տոպրակ դրամ — երեք թե չորս հարյուր գինեյ, որոնք, անկասկած, հետագա թափառումների ժամանակ նրան պետք կգան։ Մենք բոլորս ուրախ էինք, որ այդքան էժան պրծանք նրանից։ Չցանկանալով շատախոս լինել, կասեմ միայն, որ մի քանի նոր նավաստիներ վերցնելով, մենք հաջողությամբ Բրիստոլ ժամանեցինք։ «Իսպանոլան» վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ պարոն Բլենդլին արդեն սկսել էր մտածել օգնության համար երկրորդ նավն ուղարկել։ Նավի ողջ անձնակազմից միայն հինգ հոգի վերադարձան տուն։ «Խմի՛ր, և սատանան քեզ մինչև վերջ կհասցնի»՝ ահա մարգարեություն, որը լրիվ կատարվեց մնացածների վերաբերյալ։ Ասենք, «Իսպանոլան» ավելի երջանիկ գտնվեց այն նավից, որի մասին ծովահենները երգում էին. ։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն.<br> ։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։ Յուրաքանչյուրը մեզանից գանձից իր բաժինն ստացավ։ Ոմանք հարստությունը խելացի կերպով գործադրեցին, իսկ մյուսները, ընդհակառակը, հիմար կերպով, իրենց խառնվածքին համապատասխան։ Նավապետ Սմոլետը ծովային ծառայությանը թողեց։ Գրեյը ջանասիրությամբ սկսեց ուսումնասիրել ծովային գործը։ Այժմ նա ղեկապետ է և մի ուրիշ մարդու հետ միասին մի հիանալի և լավ սարքավորված նավ ունի։ Ինչ վերաբերում է Բեն Գանին, նա ստացավ իր հազար ֆունտը և բոլորը երեք շաբաթվա, կամ ավելի ճիշտ, տասնինն օրվա ընթացքում ծախսեց, որովհետև քսաներորդ օրը նա մեզ մոտ եկավ որպես մուրացիկ։ Կալվաձատերը Բենի հետ հենց այնպես վարվեց, ինչից Բենն այնքան վախենում էր․ իր պուրակում դռնապանի պաշտոն տվեց։ Նա մինչև այժմ կենդանի է, կռվում և բարեկամանում է գյուղական երեխաների հետ և կիրակի ու տոն օրերին շատ լավ երգում է եկեղեցական խմբում։ Սիլվերի մասին մենք այլևս ոչինչ չլսեցինք։ Զզվելի, միոտանի ծովագնացն ընդմիշտ հեռացավ իմ կյանքից։ Երևի նա գտել է այն սևամորթ կնոջը և իր հաճույքի համար, նավապետ Ֆլինտի հետ, որևէ տեղում ապրում է։ Գանձի մնացած մասը, ձույլ արծաթ և զենք, դեռևս այնտեղ են, որտեղ թաղել է հանգուցյալ Ֆլինտը։ Եվ, իմ կարծիքով, թող մնա այնտեղ։ Այժմ ինձ այդ անիծված կղզին գնալու համար ոչ մի բանով չես հրապուրի։ Մինչև այժմ էլ գիշերները երազում տեսնում եմ ափերին խփող ալեկոծություն, և ես անկողնուց վեր եմ թռչում, լսելով նավապետ Ֆլինտի խռպոտ ձայնը, որը գոչում է. — Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր։ ----- <references />
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Գանձերի կղզին
(section)
Add topic