Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
===ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ (1839 թ. հունվարի 29-ին) ԵՎ UPPER GOWER STREET ՓՈՂՈՑՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈՆԴՈՆԻՑ ՄԵԿՆՈՒՄԸ ԵՎ ԴԱՈՒՆՈԻՄ ՀԱՍՏԱՏՎԵԼԸ (1842 թ. սեպտեմբերի 14-ին)։=== Իր երջանիկ ամուսնության և երեխաների մասին մի քանի խոսք ասելուց հետո Չ. Դարվինը շարունակում է<ref>Ընդմիջարկությունը Ֆրենսիս Դարվինինն է։— ''Խմբ.։''</ref>։ Լոնդոնում մեր կյանքի երեք տարվա և ութ ամսվա ընթացքում ես գիտական աշխատանքի իմաստով ավելի քիչ արեցի, քան իմ կյանքի ընթացքում նույնպիսի տևողության մի այլ ժամանակամիջոցում, թեև աշխատում էի շատ եռանդով։ Դրա պատճառը հաճախակի տկարությունս էր և մեկ լուրջ, երկարատև հիվանդություն։ Ժամանակի մեծ մասը ես նվիրում էի «Կորալյան ծովախութեր» իմ աշխատությանը, որը սկսել էի դեռ մինչև ամուսնությունս, նրա վերջին սրբագրությունը ես ավարտել էի 1842 թ. մայիսի 6-ին։ Այդ գիրքը, չնայած նրա փոքր ծավալին, ինձ նստել էր քսան ամսվա լարված աշխատանք, որովհետև ես կարդացի այն ամենը, ինչ որ հայտնի էր Խաղաղ օվկիանոսի կղզիների մասին, և աչքի անցկացրի բազմաթիվ քարտեզներ։ Գիտության մարդիկ բարձր կարծիքի էին այդ գրքի մասին, իսկ նրանում շարադրված տեսությունը, կարծեմ, կարելի է համարել ամուր կերպով հաստատված։ Իմ աշխատանքներից ոչ մեկը չի սկսվել այնպիսի առավելապես դեդուկտիվ ուղղությամբ, ինչպես այդ, որովհետև ամբողջ տեսությունը խորհրդածելով եմ գրել, երբ Հարավային Ամերիկայի արևմտյան ափում էի և դեռ չէի տեսել ոչ մի իսկական կորալյան ծովախութ։ Ինձ մնում էր միայն ստուգել և ընդարձակել իմ հայացքները կենդանի ծովախութերի մանրազնին ուսումնասիրությամբ։ Բայց պետք է նկատել, որ նախորդ երկու տարիների ընթացքում ես անընդհատ դիտում էի Հարավային Ամերիկայի ափերում ցամաքի բարձրացման ազդեցությունը՝ կապված նստվածքային կուտակումների մերկացման և գոյացման հետ։ Դա, իհարկե, ստիպեց շատ խորհել իջնելուց առաջացող հետևանքների մասին, և մի քիչ էլ հարկավոր էր երևակայություն, որպեսզի նկատեի նստվածքների անընդհատ կուտակումը կորալների աճի միջոցով։ Հենց դրանում էլ կայանում էր կորալյան բարիերների և ատոլների առաջացման ամբողջ տեսությունը։ Լոնդոնում իմ ապրած ժամանակ, բացի կորալյան ծովախութերի մասին գրված աշխատանքից, Երկրաբանական ընկերությունում ես կարդացի զեկուցումներ՝ «Էռատիկ գլաքարերը Հարավային Ամերիկայում», «Երկրաշարժերը» և «Անձրևաորդերի գործունեությամբ հողաշերտի առաջացման» մասին։ Ես շարունակում էի նաև «Բիգլ»-ով ճանապարհորդության կենդանաբանական արդյունքների» հրատարակությանը հետևել։ Չէի ընդհատում նաև տեսակների ծագման վերաբերող փաստեր հավաքելը, և հաճախ կարողանում էի այդ պարապմունքները շարունակել նույնիսկ այն ժամանակ, երբ հիվանդությունս ինձ խանգարում էր որևէ այլ բանով զբաղվելու։ 1842 թ. ամառը ես ինձ ավելի պինդ էի զգում, քան ամբողջ վերջին ժամանակ, և առանց կողմնակի օգնության մի փոքրիկ ուղևորություն ձեռնարկեցի դեպի Հյուսիսային Ուելս՝ նպատակ ունենալով դիտել այն հին սառցադաշտերի ներգործությունը, որոնք մի ժամանակ լցրած են եղել բոլոր ընդարձակ հովիտները։ Այդ էքսկուրսիայի մասին համառոտ հաշվետվությունը զետեղված է «Philosophical Magazine»-ում։ Այդ էքսկուրսիան ինձ շատ հետաքրքրեց, և դա իմ կյանքում վերջին անգամ էր, որ ես ինձ բավականաչափ ուժեղ էի զգում, որպեսզի մագլցեմ լեռների վրայով կամ ընդհանրապես ձեռնարկեմ հեռավոր զբոսանքներ, որոնք անխուսափելի են երկրաբանական հետազոտությունների ժամանակ։ Լոնդոնում մեր կյանքի առաջին ժամանակաշրջանում ես բավականաչափ ուժ ունեի, որպեսզի լինեի հասարակության մեջ, և տեսնվում էի շատ գիտնականների և առհասարակ աչքի ընկնող մարդկանց հետ։ Կբերեմ իմ որոշ տպավորությունները, թեև ուշադրության առանձնապես արժանի որևէ բան հազիվ թե կարողանամ հաղորդել։ Ինչպես մինչև իմ ամուսնությունը, այնպես էլ նրանից հետո ես ամենից շատ տեսնվում էի Լայելի հետ։ Նրա խելքը, ինչպես ինձ միշտ թվում էր, աչքի էր ընկնում դատողության պայծառությամբ, զգուշավորությամբ, զգաստությամբ և զգալի աստիճանի յուրօրինակությամբ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ես նրա ուշադրությունը հրավիրում էի երկրաբանական որևէ հարցի վրա, նա չէր հանգստանում, մինչև որ հարցը լիովին չէր պարզում, և հաճախ բանը ինձ համար էլ դառնում էր ավելի պարզ, քան մինչև այդ։ Նա առաջ էր քաշում բազմապիսի առարկություններ իմ արած ենթադրությունների դեմ, և նույնիսկ այն ժամանակ, երբ նա կարծես դրանք սպառել էր, դեռևս շարունակում էր կասկածել։ Նրա մյուս առանձնահատկությունն էր ջերմ համակրանքը ուրիշի գիտական աշխատանքին<ref>Այստեղ նկատվող կարճ կրկնությունը բացատրվում է նրանով, որ Լայելի և այլոց մասին նշումները ավելացված են 1881 թ. ապրիլին, «Հիշողությունները» կազմելուց մի քանի տարի հետո։— ''Ծանոթութ. Ֆրենսիս Դարվինինն է։''</ref>։ «Բիգլ»-ով ճանապարհորդությունից վերադառնալուց հետո ես նրան ծանոթացրի կորալյան ծովախութերի վերաբերյալ իմ տեսակետներին, որոնք բոլորովին տարբերվում էին նրա սեփական տեսակետներից, և ինձ չափազանց զարմացրեց ու խրախուսեց այն աշխույժ հետաքրքրությունը, որ նա ցուցաբերեց իմ տեսության նկատմամբ։ Գիտական պարապմունքները նրան ամենամեծ բավականություն էին պատճառում, և նա շատ համակրանքով էր վերաբերվում այն բոլորին, որը առնչություն ուներ մարդկության առաջադիմության հետ։ Նա շատ բարի էր և լիակատար ազատամիտ մտածելակերպի տեր կրոնական հավատալիքների իմաստով, կամ ավելի շուտ, ազատ էր կրոնական հավատալիքներից, բայց նա խորապես համոզված աստվածադավան էր։ Զարմանալի էր նրա ազնվասրտությունը։ Հատկապես այդ նա ցուցաբերեց արդեն ծերության օրերին՝ դառնալով օրգանիզմների բնական ծագման ուսմունքի կողմնակից, և այդ այն բանից հետո, երբ անհամաձայնությունը Լամարկի հայացքներին նրան մեծ հռչակ էր բերել։ Նա ինձ հիշեցրեց այդ առթիվ, թե ինչպես այդ ժամանակից շատ տարիներ առաջ, երբ նրա հետ միասին քննարկում էինք հին դպրոցի երկրաբանների ցուցաբերած ընդդիմադրությունը նրա նոր հայացքներին, ես ասել եմ իրեն. «Լավ կլիներ, եթե գիտնականները մեռնեին վաթսուն տարեկան հասակում, որովհետև այդ ժամկետից հետո նրանք հավանորեն կարող են միայն դիմադրել ամեն մի նոր ուսմունքի»։ Եվ միաժամանակ նա ավելացրեց, որ այժմ իրեն գուցե կթույլատրվի ավելի ևս երկար ապրել։ Երկրաբանության ասպարեզում Լայելի ծառայությունները հսկայական են. աշխարհում ոչ մի մարդ նրա համար այն չի արել, ինչ որ արեց Լայելը։ Երբ ես «Բիգլ»-ով ճանապարհորդելու էի ուղևորվում, խորաթափանց Հենսլոն, որը, ինչպես նաև այն ժամանակի բոլոր երկրաբանները, կատակլիզմների կողմնակից էր, ինձ խորհուրդ տվեց ձեռք բերել և ուշադրությամբ ուսումնասիրել դեռ նոր լույս տեսած «Principles»-ի առաջին հատորը, բայց ոչ մի դեպքում չհամակվել այնտեղ պաշտպանված տեսակետներով։ Որքա՜ն տարբեր կլիներ ժամանակակից ամեն մի երկրաբանի գնահատականը։ Հպարտությամբ եմ հիշում, որ առաջին իսկ երկրաբանական էքսկուրսիան, այն է՝ Սանտ-Յագոյի վրա, Կանաչ հրվանդանի արշիպելագում, ինձ համոզեց, որ Լայելի տեսակետները անչափ գերազանցում էին այն բոլորին, ինչ որ հանդիպել էր ինձ ծանոթ երկրաբանական որևէ այլ գրվածքում։ Լայելի աշխատությունների հզոր ազդեցությունը անցյալ ժամանակում արդեն ակնառու կերպով դրսևորվեց այն տարբերության մեջ, որ ներկայացնում էին երկրաբանության հաջողությունները Ֆրանսիայում և Անգլիայում։ Այն լիակատար մոռացությունը, որին տրվեցին Էլի դը-Բոմոնի վայրենի հիպոթեզները «Խառնարանների բարձրացման» և «Գծերի բարձրացման» մասին (և ես հիշում եմ, թե ինչպես Սեջվիկը այդ վերջին հիպոթեզը երկինք էր բարձրացնում Երկրաբանական ընկերությունում), պետք է մեծ չափով վերագրել Լայելին։ Հաճախ ես տեսնվում էի նաև Ռոբերտ Բրոունի հետ, այդ Facile Princeps Botanicorum<ref>Անվիճելիորեն բուսաբաններից գլխավորը։— ''Խմբ.։''</ref>-ի հետ, ինչպես նրան անվանել է Հումբոլդտը, նրանում ինձ զարմացնում էին դիտելու նրբությունը և անտարակուսելի ճշտությունը։ Նրա գիտելիքները հսկայական էին և նրանց մեծ մասը մեռավ նրա հետ մեկտեղ այն պատճառով, որ նա երբեք չկարողացավ ազատվել որևէ բանում սխալվելու վախից։ Նա առանց քաշվելու ինձ հաղորդում էր իր գիտելիքները, բայց որոշ բաների վերաբերմամբ շատ խանդոտ էր։ Դեռ մինչև «Բիգլ»-ով ճանապարհորդելը ես նրան այցելել էի երկու կամ երեք անգամ, և մի անգամ նա ինձ առաջարկեց նայել մանրադիտակով և ասել, ինչ որ կտեսնեմ այնտեղ։ Ես կատարեցի նրա ցանկությունը, և հիմա ինձ թվում է, թե իմ տեսածը պրոտոպլազմայի շարժման զարմանալի երևույթն էր որևէ բուսական բջջում։ Ես հարցրի նրան, թե այս ինչ է, բայց նա սահմանափակվեց պատասխանելով. «Այդ իմ փոքրիկ գաղտնիքն է»։ Նա ընդունակ էր ամենամեծահոգի վարմունքի։ Զառամյալ հասակում, երբ հիվանդ էր ու չէր դիմանում որևէ ավելորդ հոգնության, նա (Հուկերի ասելով) ամեն օր այցելում էր իրենից բավական հեռու ապրող իր ծեր ծառային (որին նյութապես օժանդակում էր) և բարձրաձայն կարդում նրա համար։ Միայն այդ բավական է, որպեսզի ներվեն որևէ աստիճանի գիտական ժլատությունը և այն վախը, թե չլինի որևէ մեկը կյուրացնի իր հայտնագործությունը։ Կարող եմ այստեղ հիշատակել նաև ուրիշ ականավոր մարդկանց մասին, որոնց հետ պատեհություն ունեի հանդիպելու, թեպետ և նրանց մասին քիչ բան կարող եմ ասել։ Ես խոր հարգանք էի տածում դեպի սըր Ջ. Հերշելը և ես հրճվում էի, երբ ինձ վիճակվեց ճաշել նրա մոտ Բարեհուսո հրվանդանում նրա սքանչելի տանը, իսկ ավելի ուշ նրա լոնդոնյան տանը։ Հանդիպել եմ նրա հետ մի քանի անգամ նաև այլ դեպքերում։ Նա զրուցասեր չէր, բայց նրա արտասանած ամեն մի խոսքը արժանի էր ուշադրության։ Մի անգամ սըր Ռ. Մուրչիսոնի մոտ նախաճաշի ժամանակ ես հանդիպեցի հռչակավոր Հումբոլդտին, որը ինձ պատվեց՝ ցանկություն հայտնելով ծանոթանալու ինձ հետ։ Մեծ մարդու հետ այդ հանդիպումս ինձ մի քիչ հիասթափեցրեց, բայց երևի իմ ակնկալությունները խիստ չափազանցված էին։ Ես ոչ մի հիշողություն չեմ պահել այդ տեսակցության մասին, միայն հիշում եմ, որ Հումբոլդտը շատ ուրախ էր և շատ էր շաղակրատում։ Նա ինձ հիշեցնում է Բոկլին, որին ես տեսել եմ Հենսլեյ Վեջվուդի մուտ։ Ես շատ ուրախ էի, լսելով նրանից փաստեր հավաքելու նրա մեթոդի մասին։ Նա ինձ բացատրեց, որ գնում է այն գրքերը, որոնք կարդալու է, և յուրաքանչյուրի համար կազմում է իրեն պիտանի փաստերի ցանկը։ Նա պատմեց նաև, որ միշտ կարող է ցույց տալ, թե ո՛ր գրքում է կարդացել այս կամ այն գիտելիքը, որովհետև նա զարմանալի հիշողություն ուներ։ Ես հարցրի նրան, հապա ինչպես կարող էր նա առաջուց իմանալ, թե որ փաստերը իրեն պիտանի կլինեն, դրան նա պատասխանեց, որ ինքն էլ չգիտե ինչպես, բայց այդ ժամանակ ղեկավարվել է ինչ-որ բնազդով։ Իր գրքերը ցանկերով օժտելու այդ սովորության շնորհիվ էլ նա կարողացավ ամենատարբեր նյութերի շուրջը բերել այն բազմաթիվ վկայակոչումները, որոնցով հարուստ է նրա «Քաղաքակրթության պատմությունը»։ Ես այդ գիրքը համարում էի չափազանց հետաքրքիր և այն կարդացի երկու անգամ, բայց չեմ կարծում, թե նրա ընդհանրացումները որևէ արժեք ունենային։ Բոկլը շատ խոսող էր, և ես գրեթե լուռ լսում էի նրան, դե ես չէի էլ կարող խոսել, որովհետև նա խոսակցին հնարավորություն չէր տալիս իր խոսքն ասելու։ Երբ միստրիս Ֆառեռը սկսեց երգել, ես վեր թռա և ասացի, որ ուզում եմ լսել նրան։ Իմ հեռանալուց հետո նա ասել է մի ծանոթի (մոտիկ կանգնած եղբայրս ինքը լսել է այդ). «Է՜հ, միստր Դարվինի գրքերը շատ ավելի լավ են, քան նրա խոսակցությունը»։ Մյուս հայտնի գրողներից ես մի անգամ ավագ քահանա Միլմոնի մոտ հանդիպել եմ Սիդնեյ Սմիտին։ Նրա ամեն մի խոսքի մեջ կար ինչ-որ անարտահայտելի ծիծաղաշարժ բան։ Թերևս դրա պատճառն այն էր, որ նրանից միշտ սպասում էին որևէ զվարճալի խոսք։ Այսպես, մի անգամ նա պատմեց պառավիկ լեդի Կորկի մասին, թե նա այնպես սրտաշարժվել էր նրա մի քարոզից, որ հարևանուհուց պարտք էր վերցրել մի գինեա, որպեսզի դնի աղքատների համար ափսեի վրա, և ավելացրեց. «It is generally believed that my dear old friend Lady Cork has been owerlooked»<ref>Թարգմանության չենթարկվող բառախաղ է։— ''Ծանոթ. Կ. Ա. Տիմիրյազևի'' [Իսկ բառացի այդ նշանակում է. «Սովորաբար կարծում են, որ իմ ծեր բարեկամուհին, լեդի Կորկը, մոռացված է»]։</ref>, և նա այդ ասեց արտահայտման այնպիսի աննշմարելի երանգով, որը ամեն մեկին հասկանալի էր դարձնում նրա ակնարկությունը, որ իբրև թե սատանան մոռացել է հարգելի պառավիկին։ Բայց թե ինչպես կարողացավ այդպիսի տպավորություն թողնել ունկնդիրների վրա, ինձ համար գաղտնիք մնաց։ Մի անգամ լորդ Ստենհոպի (պատմաբանի) տանը ես հանդիպեցի Մակոլեի հետ և որովհետև բացի նրանից ճաշին ներկա էր միայն մեկ հյուր, ուստի ես հազվադեպ առիթ ունեցա հաճույք ստանալու նրա զրույցից։ Նա այնքան էլ շատ չէր խոսում և չէր էլ կարելի գանգատվել այն մարդու շատախոսությունից, որը միշտ թույլ է տալիս զրույցն ուղղել նրա խոսակցին հետաքրքրող հարցերի վրա։ Այսպես, լորդ Ստենհոպը ինձ առիթ տվեց համոզվելու, որ Մակոլեյը աչքի էր ընկնում հիշողության զարմանալի ճշտությամբ և հարստությամբ։ Լորդ Ստենհոպի մոտ հավաքվում էին շատ պատմաբաններ և ծագած վեճերում հաճախ պատահում էր, որ ոչ բոլորը համաձայնում էին Մակոլեի կարծիքին, ընդ որում դիմում էին գրքերին՝ առաջացած տարաձայնությունները ստուգելու համար, բայց շուտով բոլորը հրաժարվեցին այդ ավելորդ նեղությունից, որովհետև Մակոլեի ասածը միշտ ճիշտ էր լինում։ Պատմաբանների նման մի հավաքույթում ես հանդիպեցի Մոտլեի և Գրոտի հետ։ Նախաճաշից հետո ես համարյա մի ամբողջ ժամ զբոսնում էի Գրոտի հետ Շեվենինգ պարկում և գրավվել էի նրա հետաքրքիր զրույցով, պարզությամբ և նրա վարվեցողության համեստությամբ։ Անցած տարիներին պատահել է, որ ճաշել եմ ծեր կոմսի՝ պատմաբանի հոր մոտ, նա աչքի էր ընկնում իր տարօրինակություններով, սակայն, որքան ես նրան գիտեի, նա ինձ շատ դուր էր գալիս։ Նա շատ անկեղծ էր, ուրախ և վարվեցողությամբ հաճելի, աչքի էր ընկնում խիստ արտահայտված դիմագծերով, թուխ մաշկով և կրում էր իր դեմքի գույնին նման հագուստ։ Նա, ըստ երևույթին, տարբերվում էր նրանով, որ հավատում էր այն ամենին, ինչ որ սովորական մարդկանց մեջ կասկած է հարուցում։ Մի անգամ նա ինձ հարցրեց։ «Ինչո՞ւ դուք չեք թողնում ձեր այդ բոլոր երկրաբանական և կենդանաբանական դատարկությունները և չեք զբաղվում օկուլտական (խորհրդավոր) գիտություններով»։ Պատմաբանին, որ այդ ժամանակ կոչվում էր լորդ Մեհոն, խորապես վրդովեց այդ նկատողությունը, իսկ նրա հմայիչ կնոջը այն շատ զվարճացրեց։ Վերջին մարդը, որի մասին կհիշատակեմ, Կարլեյլն էր։ Ես նրան տեսել եմ մի քանի անգամ եղբորս մոտ և երեք անգամ ինձ մոտ։ Նրա խոսակցությունը նույնպես հետաքրքիր էր և նույնպես շողշողում էր սրամտությամբ, ինչպես և նրա գրվածքները, բայց երբեմն շատ երկար էր խոսում միևնույն նյութի մասին։ Հիշում եմ մի ճաշկերույթ եղբորս մոտ, որտեղ հրավիրվածների թվում էին Բաբեջը և Լայելը՝ երկուսն էլ զրուցասերներ։ Բայց Կարլեյլը հարկադրեց նրանց լռել, որովհետև ամբողջ ճաշի ընթացքում առանց լռելու քարոզում էր լռության առավելության մասին։ Ճաշից հետո Բաբեջը ամենալուրջ տեսքով շնորհակալություն հայտնեց Կարլեյլին լռության մասին նրա հետաքրքիր դասախոսության համար։ Չկար մի մարդ, որի վրա Կարլեյլը չծիծաղեր։ Մի անգամ, ինձ մոտ գտնվելով, նա Գրոտի պատմությունը անվանեց «հոտած ճահիճ», «ոչ մի սրամիտ բան չներկայացնող»։ Մինչև նրա «Հուշեր»-ի երևան գալը ես նրա բոլոր ծաղրանքները կիսով չափ կատակ էի համարում, բայց այժմ այդ կասկածելի է թվում։ Նա ընդհանրապես վհատված, գրեթե անօգնական, բայց այդ բոլորով հանդերձ բարեհոգի մարդու տպավորություն էր թողնում և արժանի է նկատելու, թե ինչպես անկեղծորեն, սրտանց ծիծաղում էր նա։ Ես կարծում եմ նրա բարեհոգությունը անկեղծ էր, թեև նախանձի ոչ սակավ երանգով։ Իհարկե, ոչ ոք չի կասկածում մարդկանց ու դեպքեր պատկերելու նրա արտասովոր ընդունակության վրա, դրանում, իմ կարծիքով, նա շատ ավելի էր գերազանցում Մակոլեին։ Բայց արդյո՞ք ճիշտ էին մարդկանց պատկերումները նրա կողմից, դա դեռ հարց է։ Այն ուժը, որով նա կարողանում էր մարդկանց ներշնչել բարոյագիտական մեծ ճշմարտություններ, բացառիկ էր։ Մյուս կողմից՝ նրա հայացքները ստրկության նկատմամբ զայրացուցիչ էին։ Նրա կարծիքով ուժը իրավունք էր։ Նրա խելքը ինձ միշտ չափազանց նեղ էր թվում, եթե նույնիսկ ուշադրության չառնեինք նրա վերաբերմունքը դեպի գիտությունը, որը նա արհամարհում էր։ Բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես Կինգսլեյը կարող էր նրա մասին կարծիք հայտնել, որ նա կարող էր շարժել գիտությունը։ Նա արհամարհանքով ծանակում էր այն միտքը, որ մաթեմատիկոսը, ինչպիսին է Յուելը, կարող է հաջող կերպով դատել Գյոթեի հայացքների մասին,— այդ միտքը ես հայտնեցի նրա հետ խոսելիս։ Նա պարզապես ծիծաղելի էր համարում, որ մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե սառցադաշտերը ինչպիսի արագությամբ են շարժվում և ընդհանրապես նրանք արդյո՞ք շարժվում են։ Որքան ես կարող եմ դատել, կյանքումս չեմ հանդիպել մի մարդու, որն այդ աստիճանի անընդունակ լիներ գիտական հետազոտությունների համար։ Ապրելով Լոնդոնում, ես, ըստ հնարավորության, հաճախում էի գիտական ընկերությունները և կատարում երկրաբանական ընկերության քարտուղարի պաշտոնը։ Բայց այդ հաճախումները և ընդհանրապես հասարակության շրջանում ապրելը չէին համապատասխանում իմ առողջական վիճակին, իսկ որովհետև մենք, այսինքն՝ կինս և ես, գերադասում էինք գյուղական կյանքը, ուստի և վճռեցինք տեղափոխվել գյուղ, որի համար երբեք առիթ չենք ունեցել զղջալու։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Ինքնակենսագրություն
(section)
Add topic