Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== V. Նշանդրեքը === Մյուս օրն առավոտյան տաք ու պարզ եղանակ էր։ Արևը ծագեց պայծառ ու շողուն, և նրա առաջին ծիրանագույն ճառագայթները սուտակագույն էին դարձրել ալիքների փրփրադեզ կատարները։ Խնջույքը պատրաստված էր նույն այն «Ռեզերվի» երկրորդ հարկում, որի տաղավարին մենք արդեն ծանոթ ենք։ Դա մի մեծ սրահ էր, վեց լուսամուտով, որոնցից յուրաքանչյուրի գլխին (աստված գիտե թե ինչու) գրված էր Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկի անունը։ Այդ լուսամուտների երկայնքով ձգված էր մի սրահ, որը փայտաշեն էր, ինչպես և ամբողջ շենքը։ Թեև ճաշը նշանակված էր կեսօրին, սակայն արդեն ժամը տասնմեկից սկսած սրահում զբոսնում էին անհամբեր հյուրերը։ Նրանք «Փարավոնի» նավաստիներն էին ու Դանտեսին բարեկամ մի քանի զինվոր։ Բոլորն էլ ի պատիվ Դանտեսի ու Մերսեդեսի տոնական զգեստներ էին հագել։ Հյուրերի մեջ լուր էր տարածվել, թե հարսանյաց խնջույքն իրենց ներկայությամբ պատվելու են «Փարավոնի» տերերը, բայց դա այնպիսի պատիվ կլիներ Դանտեսի համար, որ ոչ ոք չէր ուզում հավատալ։ Սակայն Դանգլարը, գալով Կադրուսի հետ միասին, հաստատեց լուրը։ Առավոտյան նա ինքը տեսել էր պարոն Մորելին, և պարոն Մորելը նրան ասել էր, թե ճաշելու է «Ռեզերվում»։ Եվ իսկապես, մի քանի րոպե անց սրահ մտավ Մորելը։ Նավաստիները նրան դիմավորեցին բարեկամական ծափահարություններով նավատիրոջ ներկայությունը նրանց համար հաստատումն էր տարածված լուրի, թե Դանտեսը պետք է նավապետ նշանակվի։ Նրանք Դանտեսին շատ էին սի-րում, ուստի և շնորհակալություն է հայտնում իրենց տիրոջը, որ գոնե մի անգամ նրա ընտրությունը համընկել է իրենց ցանկությանը։ Նոր էր պարոն Մորելը ներս մտել, երբ հյուրերը միահամուռ որոշմամբ Դանգլարին ու Կադրուսին ուղարկեցին փեսայի մոտ՝ պատվիրելով նրան հայտնել նավատիրոջ գալուստը, որը համընդհանուր ուրախություն էր առաջացրել, և ապա ասել, որ շտապի։ Դանգլարն ու Կադրուսը վազեվազ ճանապարհ ընկան, բայց հազիվ էին մի հարյուր քայլ վազել, որ հանդիպեցին փեսացուին ու հարսին։ Չորս կատալանուհի՝ Մերսեդեսի ընկերուհիները, ուղեկցում էին հարսին։ Դանտեսը թևանցուկ էր արել նրան։ Հարսի կողքից լսում էր ծերունի Դանտեսը, իսկ հետևից՝ Ֆերնանը։ Դառը մի ժպիտ ծամածռել էր նրա շրթունքները։ Ո՛չ Մերսեդեսը, ո՛չ էլ Դանտեսը չէին նկատում այդ ժպիտը։ Նրանք այնքան երջանիկ էին, որ տեսնում էին միայն իրենց և մեկ անամպ երկինքը, որ կարծես օրհնում էր նրանց։ Դանգլարն ու Կադրուսը կատարեցին իրենց հանձնարարությունը, ապա, ամուր և բարեկամաբար սեղմելով Էդմոնի ձեռքը, գրավեցին իրենց տեղերը՝ Դանգլարը Ֆերնանի կողքին, իսկ Կադրուսը՝ ծերունի Դանտեսի, որն ընդհանուր ուշադրության առարկա էր։ Ծերունին հագել էր պողպատե երեսակած կոճակներով զարդարուն իր մետաքսյա կապան։ Նրա նիհար, բայց մկանուտ ոտքերը գեղեցկորեն երևում էին բամբակյա զոլավոր գուլպաների մեջ, որ անգլիական մաքսանենգ ապ-րանք լինելը նկատելի էր մի վերստ հեռվից։ Եռանկյունի գլխարկից կախված էր սպիտակ և կապույտ ժապավենների մի փունջ։ Նա հենվում էր մի ոլորուն ձեռնափայտի, գլուխը կեռված էր անտիկ գավազանի պես։ Մի խոսքով, նա ոչնչով չէր տարբերվում 1796 թվականի այն պճնամոլներից, որ շրջում էին Լյուքսեմբուրգյան և Տյուիլրիի դղյակների նորաբաց պարտեզներում։ Նրան, ինչպես մենք արդեն ասացինք, միացավ Կադրուսը, Կադրուսը, որին փառավոր ճաշի ակնկալությունը վերջնականապես հաշտեցրել էր Դանտեսի հետ, Կադրուսը, որի մտքում մնացել էր նախորդ օրը տեղի ունեցածի աղոտ հիշողությունը, ինչպես պատահում է այն ժամանակ, երբ արթնանալով մարդ հիշողության մեջ դեռ պահում է գիշերը տեսած երազի ստվերը։ Դանգլարը, Ֆերնանին մոտենալով, ուշադիր նայեց մերժված սիրահարին։ Քայլելով ապագա ամուսինների հետևից, բոլորովին մոռացված Մերսեդեսից, որը, երիտասարդական սիրով արբեցած, իր Էդմոնից բացի ոչինչ չէր տեսնում, Ֆերնանը մերթ գունատվում էր, մերթ կարմրում։ Նա մերթընդմերթ նայում էր դեպի Մարսելի կողմը և ամեն անգամ ակամա ցնցվում։ Նա կարծես սպասում կամ, համենայնդեպս, նախազգում էր մի ինչ-որ մեծ իրադարձություն։ Դանտեսը պարզ էր հագնված։ Առևտրական նավատորմում ծառայելու բերումով նա կրում էր զինվորական համազգեստի և քաղաքացիական հագուստի միջինը ներկայացնող համազգեստ, և ուրախությունից պայծառացած նրա դեմքը շատ գեղեցիկ էր։ Մերսեդեսը գեղեցիկ էր, կիպրոսցի կամ քիոսցի հելլենուհու պես սևաչյա ու մարջանաշուրթ։ Նա առաջանում էր ազատ ու արձակ քայլվածքով, ինչպես քայլում են առլեզուհիներն ու անդալուզուհիները։ Քաղաքացի աղջիկը թերևս կջանար իր ուրախությունը թաքցնել քողի կամ գոնե արտևա-նունքի թավշի ներքո, բայց Մերսեդեսը ժպտում էր ու նայում բոլոր շրջապատողներին, և նրա ժպիտն ու հայացքը ասում էին այնպես անկեղծաբար, ինչ-պես կասեին շրթունքները. «Եթե դուք ինձ բարեկամ եք, ապա ուրախացեք ինձ հետ միասին, որովհետև ես իսկապես որ շատ երջանիկ եմ»։ Երբ փեսացուն, հարսնացուն և նրանց ուղեկցողները մոտեցան «Ռեզերվին», պարոն Մորելն ընդառաջ եկավ նրանց՝ շրջապատված նավաս-տիներով ու զինվորներով, որոնց առաջ նա կրկնել էր Դանտեսին տված այն խոստումը, թե վերջինս նավապետ կնշանակվի հանգուցյալ Լեկլերի փոխարեն։ Տեսնելով պարոն Մորելին՝ Դանտեսը բաց թողեց Մերսեդեսի թևը և իր տեղը զիջեց նրան։ Նավատերն ու Մերսեդեսը, օրինակ տալով հյուրերին, սանդուղքով բարձրացան ճաշասրահը, և դեռ ուղիղ հինգ րոպե փայտյա աստիճանները ճռճռում էին հյուրերի ծանր քայլերի տակ։ — Հայրի՛կ,— ասաց Մերսեդեսը՝ կանգ առնելով սեղանի միջնամասում,— նստեք, խնդրում եմ, իմ աջ կողքին, իսկ ձախ կողքիս կնստեցնեմ նրան, ով ինձ համար եղբայր է եղել,— ավելացրեց նա գորովալից ձայնով, որը դաշույնի պես խոցեց Ֆերնանի սիրտը։ Նրա շրթունքները կապտեցին, և նկատելի էր, թե ինչպես թխագունած մաշկի տակ արյունը դեպի սիրտը հորդելով՝ ետ քաշվեց նրա երեսից։ Դանտեսն իր մոտ նստեցրեց պ-րն Մորելին ու Դանգլարին, առաջինին աջ, երկրորդին ձախ կողմը, ապա ձեռքի նշանով հյուրեր հրավիրեց նստել՝ ով ուր կկամենա։ Արդեն սեղանի շուրջը ճանապարհորդում էին կարմրագույն բուրա-վետ երշիկները, փայլուն մատուցարանների մեջ շարված ձվային խեցգետինները, վարդագույն խեցիներով խեցեմորթները, ծովաոզնիները, կլո-վիսները, որոնք հարավի գաստրոնոմների համար հաջողությամբ փոխարինում են հյուսիսային ոստրեներին, մի խոսքով, այն բոլոր ընտիր ու համեղ ուտելիքները, որ ալիքը դուրս է բերում ավազոտ ափը և որոնց երախտապարտ ձկնորսները «ծովի պտուղներ» ընդհանուր անունն են տալիս։ — Ինչպիսի՜ լռություն,— ասաց ծերունի Դանտեսը՝ կում-կում խմելով տոպազիոնի պես դեղին գինին, որ բերել ու Մերսեդեսի առջևն էր դրել ինքը՝ պանդոկապետը։— Ո՞վ կասի, թե այստեղ երեսուն մարդ կա, որոնք զվարճախոսելու առիթի են սպասում։ — Միշտ չէ, որ փեսացուն ուրախ է լինում,— նկատեց Կադրուսը։ — Այո,— վրա բերեց Էդմոնը,— ես չափազանց երջանիկ եմ, որպեսզի կարողանամ ուրախ լինել։ Եթե դուք այդ էիք ցանկանում ասել, հարևան, ապա միանգամայն իրավացի եք։ Ուրախությունը երբեմն տարօրինակ ներգործություն է ունենում, տխրության պես ճնշում է մարդու։ Դանգլարը նայեց Ֆերնանին, որի դեմքի վրա արտահայտվում էր նրա հոգու ամեն մի շարժումը։ — Լավ, վերջ տվեք։ Չլինի՞ թե դուք որևէ բանից վախենում եք հարցրեց նա։— Իսկ ինձ, ընդհակառակը, թվում է, որ ձեր բոլոր ցանկությունները կատարվում են։ — Հենց դա էլ ինձ վախեցնում է,— պատասխանեց Դանտեսը։— Ինձ թվում է, որ մարդը այսպիսի դյուրին երջանկության համար չի ստեղծված։ Երջանկությունը նման է հեքիաթային դղյակների, որոնց դարպասները վիշապներն են պահպանում։ Այդ դղյակներին տիրանալու համար հարկավոր է պայքարել, իսկ ես, ճիշտն ասած, չգիտեմ, ինչով եմ արժանացել Մերսեդեսի ամուսինը լինելու երջանկությանը։ — Ամուսինը...— ասաց Կադրուսը ծիծաղելով։— Դեռ ոչ, պարոն նավապետ. փորձիր ամուսնու դեր խաղալ, այնժամ կտեսնես, թե ինչպես կընդունեն քեզ։ Մերսեդեսը կարմրեց։ Ֆերնանը հանգիստ չուներ աթոռի վրա, ցնցվում էր ամենաաննշան աղմուկից և մի գլուխ սրբում քրտինքը, որ նրա ճակատին երևում էր ասես ամպրոպային անձրևի առաջին կաթիլներ։ — Դատարկ բաների պատճառով վիճելու կարիք չկա, հարևան,— պատասխանեց Էդմոնը Կադրուսին,— ճիշտ է, Մերսեդեսը դեռևս իմ կինը չէ... Նա նայեց ժամացույցին։ — Բայց մեկևկես ժամ հետո կինս կլինի։ Բոլորն աղաղակեցին զարմանքից, բացի ծերունի Դանտեսից, որը բերանբաց ժպտաց, ցույց տալով իր դեռևս ամուր ատամները։ Մերսեդեսը ժպտաց, բայց այս անգամ չկարմրեց։ Ֆերնանը ջղաձգորեն բռնեց իր դանակի կոթը։ — Մեկ ժամ հետո,— ասաց Դանգլարը՝ նույնպես գույնը գցելով։— Ինչպե՞ս թե։ — Այո, բարեկամներս,— պատասխանեց Դանտեսը,— շնորհիվ այն օժանդակության, որ ցուցաբերեց պարոն Մորելը, որին ես հորիցս հետո պարտական եմ ավելի, քան աշխարհումս որևէ մեկին, բոլոր խոչընդոտները վերացած են։ Մենք դրամական մուծում կատարեցինք, որպեսզի զանց առնենք եկեղեցական ծեսը, և ժամը երկուսևկեսին Մարսելի քաղաքագլուխը մեզ սպասում է քաղաքապետարանում։ Իսկ քանի որ արդեն մեկից անց է քառորդ, ապա ես հազիվ թե շատ սխալված կլինեմ, եթե ասեմ, որ մեկ ժամ և երեսուն րոպե հետո Մերսեդեսը կկոչվի տիկին Դանտես։ Ֆերնանը փակեց աչքերը. հրեղեն մի մշուշ այրում էր նրա արտևանունքները։ Նա կռթնեց սեղանին, որպեսզի վայր չընկնի և, չնայած իր բոլոր ջանքերին, չկարողացավ զսպել հառաչանքը, որը խեղդվեց հյուրերի ուրախ ծիծաղի և բացականչությունների մեջ։ — Ա՛յ, դա բա՜ն է, ինչ կասեք,— ասաց ծերունի Դանտեսը։ — Դա կոչվում է ժամանակ չկորցնել։ Երեկ առավոտը եկավ, այսօր ժամը երեքին ամուսնացած է։ — Իսկ զանազան ձևականությունները,— անվճռականորեն մեջ ընկավ Դանգլարը,— պայմանագրությո՞ւնը, թղթե՞րը։ — Պայմանագրությո՞ւնը,— ասաց Դանտեսը ծիծաղելով։— Պայմանագ-րությունը պատրաստ է։ Մերսեդեսը ոչինչ չունի, ես նույնպես։ Մեր ամեն ինչն ընդհանուր է... Գրելու համար շատ ժամանակ պետք չէր և թանկ էլ չի նստում։ Այդ կատակն առաջացրեց քրքիջի մի նոր պոռթկում և ծափահարություններ։ — Կնշանակի, մենք ներկա ենք ոչ թե նշանդրեքի,— ասաց Դանգլարը,— այլ, պարզապես, հարսանիքի։ — Ո՛չ,— առարկեց Էդմոնը,— դուք ոչինչ չեք կորցնի, անհոգ եղեք։ Վաղն առավոտյան ես գնում եմ Փարիզ։ Չորս օր է պետք տեղ հասնելու, չորս օր վերադառնալու, մի օր էլ ինձ տրված հանձնարարությունը կատարելու համար, մարտի իննին այստեղ կլինեմ, իսկ տասին կկայանա իսկական խնջույքը։ Նոր խնջույքի հույսը կրկնապատկեր ընդհանուր ուրախությունը, այնպես որ ծերունի Դանտեսը, որ ճաշի սկզբում գանգատվում էր լռությունից, հիմա ընդհանուր աղմուկի մեջ իզուր ջանում էր առաջարկել ապագա ամուսինների երջանկության կենացը։ Դանտեսը կռահեց հոր մտադրությունը և նրան պատասխանեց մի գորովալից հայացքով։ Մերսեդեսը նայեց պատի ժամացույցին և Էդմոնին գլխով արեց։ Սեղանի շուրջը տիրում էր այն աղմկալից ու անբռնադատ ուրախությունը, որ շարունակ ուղեկցում է հասարակ մարդկանց ճաշը ավարտվե-լուն։ Ովքեր դժգոհ էին իրենց տեղերից, վեր կացան տեղից և նստեցին այլ, ավելի հաճելի զրուցակիցների մոտ։ Բոլորը խոսում էին միանգամից, ոչ ոք չէր պատասխանում հարցերին, յուրաքանչյուրը զբաղված էր իր մտքերով։ Դանգլարը գունատ էր գրեթե ինչպես Ֆերնանը։ Իսկ ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա հազիվ էր շնչում և նման էր հրեղեն լճի մեջ ընկղմված մեղավորի։ Նա առաջիններից մեկն էր, որ տեղից, վեր կացել և, ձայների ժխորի ու բաժակների զնգզնգոցի մեջ ականջը սրած, անցուդարձ էր անում սրահում։ Կադրուսը մոտեցավ Ֆերնանին, և հենց այդ պահին նրանց միացավ Դանգլարը, որից Ֆերնանը կարծես թե խուսափում էր։ — Ինչ որ ճիշտ է, ճիշտ է,— ասաց Կադրուսը, որի մեջ Էդմոնի սիրալիրությունն ու ծերունի Պամֆիլի ընտիր գինին խլացրել էին այն նախանձը, որ նրա հոգում ծնունդ էր առել Դանտեսի անսպասելի երջանկությունը տեսնելիս,— Դանտեսը լավ տղա է. նայում եմ, թե ինչպես նա նստած է իր հարսնացուի հետ, և մ տածում, որ լավ բան չէ լինի նրա գլխին խաղալ այն գարշելի խաղը, որ դուք երեկ որոճում էիք։ — Բայց չէ՞ որ դու տեսար, որ մենք դրան ընթացք չտվինք,— ասաց Դանգլարը։— Խեղճ Ֆերնանը այնպես հուսահատված էր, որ սկզբում մեղքս եկավ, բայց քանի որ նա հաշտվել է իր վշտի հետ նույնիսկ համաձայնել իր ախոյանի խաչեղբայրը դառնալ, էլ ասելի չունեմ։ Կադրուսը նայեց Ֆերնանին։ Սա գունատ էր մեռելի պես։ — Զոհողությունն ավելի մեծ է մանավանդ այն պատճառով, որ հարսնացուն իսկապես, որ գեղեցկուհի է,— շարունակեց Դանգլարը։- Գրողը տանի, իմ ապագա նավապետը երջանիկ մարդ է։ Երանի՜ թե գոնե մի օր ինձ Դանտես կոչեին։ — Գնա՞նք,— հնչեց Մերսեդեսի քնքուշ ձայնը։— Ահավասիկ արդեն ժամը երկուսն է զարկում, իսկ մեզ սպասում են երկուսից քառորդ անց։ — Այո՛, այո՛, գնանք,— ասաց Դանտեսը՝ արագ ոտքի կանգնելով։ — Գնանք,— ձայնակցեցին հյուրերը միասին։ Այդ իսկ պահին Դանգլարը, որ ակնդետ հետևում էր լուսամուտի գոգին նստած Ֆերնանին, նկատեց, որ նա հանկարծ սարսափած չռեց աչքերը, ցած թռավ, ապա նորից նստեց լուսամուտի գոգին։ Դրսից ինչ-որ անորոշ աղմուկ լսվեց։ Ծանր քայլերի թխկթխկոցը, անհասկանալի ձայները և զենքերի շաչյունը խլացրին հյուրերի ուրախ զրույցը, որին անմիջապես փոխարինեց մի տագնապալի լռություն։ Աղմուկը մոտենում էր։ Դուռը երեք անգամ թակեցին։ Հյուրերը զարմացած իրար երեսի էին նայում։ — Հանուն օրենքի,— լսվեց մի բարձր ձայն։ Ոչ ոք չպատասխանեց։ Իսկույն դուռը բացվեց, և մի ոստիկանական կոմիսար, շարֆագոտի կապած, չորս զինված զինվորի և մի կապրալի ուղեկցությամբ մտավ սրահ։ Տագնապին փոխարինեց սարսափը։ — Բանն ինչ է,— հարցրեց նավատերը՝ մոտենալով կոմիսարին, որի հետ ծանոթ էր։— Սա անշուշտ թյուրիմացություն է։ — Եթե թյուրիմացություն է, պարոն Մորել,— պատասխանեց կոմիսարը,— ապա կարող եք հավատացած լինել, որ շուտով կպարզվի, իսկ առայժմ ես ձերբակալության հրաման ունեմ, ու թեև ափսոսանքով եմ կատարում այդ պարտականությունը, այնուամենայնիվ, պարտավոր եմ կատարել։ Ձեզնից ո՞վ է, պարոնա՛յք, Էդմոն Դանտեսը։ Բոլորի հայացքներն ուղղվեցին Էդմոնին, որը խիստ հուզված, բայց արժանապատվությունը պահպանելով, առաջ եկավ ու ասաց. — Ես եմ։ Ի՞նչ կցանկանայիք։ — Էդմոն Դանտես,— ասաց կոմիսարը,— հանուն օրենքի ձեզ ձերբակալում եմ։ — Ձերբակալո՞ւմ եք,— հարցրեց Դանտեսը՝ փոքր-ինչ գունատվելով։— Ինչի՞ համար եք ինձ ձերբակալում։ — Չգիտեմ, բայց առաջին հարցաքննությանն ամեն ինչ կիմանաք։ Մորելը հասկացավ, որ ոչինչ չի կարելի անել, շարֆագոտի կապած կոմիսարը մարդ չէ. նա օրենքի արձանն է, սառը, խուլ ու համր։ Բայց ծերունի Դանտեսը նետվեց դեպի կոմիսարը. կան բաներ, որ հոր կամ մոր սիրտը չի կարող հասկանալ։ Նա խնդրում էր, պաղատում։ Արցունքներն ու աղաչանքներն ապարդյուն եղան։ Սակայն ծերունու հուսահատությունն այնքան մեծ էր, որ ոստիկանը կարեկցանք զգաց։ — Հանգստացեք, պարո՛ն,— ասաց նա,— գուցե ձեր որդին չի կատարել որոշ կարանտինային կամ մաքսային հրամաններ, և երբ անհրաժեշտ բացատրությունները տա, ապա, հավանաբար, նրան իսկույն բաց կթողնեն։ — Այս ի՞նչ կնշանակի,— հոնքերը կիտելով հարցրեց Կադրուսը Դանգլարին, որը զարմացած էր ձևանում։ — Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Դանգլարը։— Ես էլ քեզ պես նայում եմ, թե ինչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում և զարմացած եմ։ Կադրուսն աչքերով փնտրեց Ֆերնանին, բայց սա անհետացել էր։ Այնժամ երեկվա ամբողջ տեսարանը նրա աչքի առաջ պատկերացավ զարհուրելի պարզությամբ. տեղի ունեցող ողբերգությունը կարծես ետ քաշեց այն ծածկոցը, որ երեկվա հարբածությունը գցել էր նրա հիշողության վրա։ — Արդյոք սա կատակի հետևանքը չէ՞, որի մասին դուք երեկ խոսում էիք,— ասաց նա խռպոտ ձայնով։— Այդ դեպքում վա՜յ նրան, ով այդ կատակն արել է, քանզի դրա մեջ ուրախ բան քիչ կա։ — Չէ, ի՜նչ ես ասում,— բացականչեց Դանգլարը։— Դու հո գիտես, որ ես թուղթը պատռեցի։ — Դու թուղթը չպատռեցիր,— ասաց Կադրուսը,— այլ նետեցիր անկյունը, և ուրիշ ոչինչ։ — Լռի՛ր, դու ոչինչ չես տեսել, դու հարբած էիր։ — Ո՞ւր է Ֆերնանը,— հարցրեց Կադրուսը։ — Ես ի՞նչ գիտեմ,— պատասխանեց Դանգլարը։— Երևի գնացել է իր գործին։ Բայց փոխանակ դատարկ բաներով զբաղվելու, ավելի լավ է գնանք օգնենք դժբախտ ծերունուն։ Այդ միջոցին Դանտեսը ժպիտը դեմքին, արդեն սեղմել էր իր բարեկամների ձեռքը և հանձնվել զինվորներին։ — Հանգիստ եղեք, սխալը կպարզվի, և հավանաբար ես նույնիսկ բանտի երես չեմ տեսնի,— ասաց նա։ — Օ՜, իհարկե, ես հավատացած եմ,— վրա բերեց Դանգլարը։ Դանտեսը ցած իջավ աստիճաններով։ Նրա առջևից քայլում էր կոմիսարը, կողքերից՝ զինվորները։ Դռան առաջ սպասում էր մի կառեթ, որի դռնակը բաց էր։ Դանտեսը նստեց, նրա հետ միասին նստեցին կոմիսարն ու երկու զինվորները։ Դռնակը շրխկոցով փակվեց, և կառեթը սլացավ դեպի Մարսել։ — Գնաս բարո՜վ, Դանտես, գնաս բարով, Էդմոն,— գոչեց Մերսեդեսը՝ դուրս վազելով։ Կալանավորը լսեց այդ վերջին ճիչը, որ հեկեկանքի պես դուրս էր պրծել նրա հարսնացուի ծվատված սրտից, նայեց կառեթի լուսամուտից, ձայն տվեց. «Ցտեսություն, Մերսեդես» և անհետացավ Սբ Նիկողայոսի ամրոցի հետևում։ — Սպասեք ինձ այստեղ,— ասաց նավատերը,— կնստեմ առաջին իսկ պատահած կառեթը, կգնամ Մարսել և լուր կբերեմ ձեզ։ — Գնացեք,— գոչեցին բոլորը միաձայն,— գնացեք և շուտ վերադարձեք։ Այդ երկուսի մեկնումից հետո մնացածների մեջ մի քանի րոպե մռայլ վհատություն էր տիրում։ Էդմոնի հայրն ու Մերսեդեսը երկար կանգնած էին մեկուսի, յուրաքանչյուրն իր վշտով տարված։ Ի վերջո նրանց հայացքներն իրար հանդիպեցին։ Երկուսն էլ զգացին, որ իրենք միևնույն հարվածի զարկված երկու զոհեր են և իրարու գիրկ ընկան։ Այդ ժամանակ Ֆերնանը վերադարձավ սրահ, մի բաժակ ջուր լցրեց, խմեց ու նստեց աթոռին։ Այնպես պատահեց, որ Մերսեդեսն էլ նստեց հարևան աթոռի վրա։ Ֆերնանը ակամա ետ քաշեց իր աթոռը։ — Դա նրա արածն է,— ասաց Կադրուսը Դանգլարին՝ աչքը չհեռացնելով կատալանցուց։ — Չեմ կարծում,— պատասխանեց Դանգլարը,— նա չափազանց հիմար է. համենայնդեպս, ո՛վ որ արել է՝ մեղքը նրա վզին։ — Դու մոռանում ես, թե ով խորհուրդ տվեց նրան,— ասաց Կադրուսը։ — Է՛հ,— պատասխանեց Դանգլարը,— մի՞թե մարդ պատասխանատու է քամուն տված իր ամեն մի խոսքի համար։ — Պետք է պատասխանատու լինի, երբ քամուն տված խոսքը ուրիշի գլուխն է մտնում։ Այդ միջոցին հյուրերը զանազան մեկնություններ էին տալիս Դանտեսի ձերբակալությանը։ — Իսկ դու, Դանգլար,— հարցրեց ինչ-որ մեկի ձայնը,— ի՞նչ ես մտածում այդ մասին։ — Ես մտածում եմ,— պատասխանեց Դանգլարը, թե արդյոք նա արգելված ապրանքներ չի՞ բերել։ — Բայց դուք, Դանգլար, որպես հաշվապահ պետք է այդ գիտենայիք։ — Այո, իհարկե, բայց հաշվապահը իմանում է միայն այն, ինչը նրան ներկայացնում են, ես գիտեմ, որ մենք բերում էինք միայն բամբակաթել, որ բեռներ ընդունեցինք Ալեքսանդրիայում Պաստրեից Իզմիրում՝ Պասկալից. էլ ուրիշ ոչինչ մի հարցնեք ինձ։ — Օ՜, հիմա եմ հիշում,— շշնջաց դժբախտ հայրը՝ կառչելով վերջին հույսից։— Երեկ նա ինձ ասաց, թե ինձ համար մի արկղ սուրճ և մի արկղ էլ ծխախոտ է բերել։ — Տեսնո՞ւմ եք,— ասաց Դանգլարը,— այդ է որ կա։ Մեր բացակայության միջոցին մաքսատան պաշտոնյաները նավը խուզարկել են և մաքսանենգ ապրանք գտել։ Մերսեդեսը դրան չհավատաց։ Երկար ժամանակ զսպված վիշտը դուրս հորդեց և նա սկսեց աղիողորմ հեկեկալ։ — Բա՛վ է, բա՛վ է, հուսանք,— ասաց ծերունին՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։ — Հուսա՛նք,— կրկնեց Դանգլարը։ — Հուսանք,— ցանկացավ ասել Ֆերնանը, բայց բառերը լռվեցին նրա կո-կորդում, և միայն շրթունքները շարժվեցին անձայն։ — Պարոնա՛յք,— գոչեց հյուրերից մեկը, որ պահակում էր նախասրահում։— Պարոնայք, կառե՜թ։ Մորելն է։ Անշուշտ, մեզ լավ լուրեր է բերում։ Մերսեդեսն ու ծերունի հայրը վազեցին նավատիրոջն ընդառաջ։ Նրանք դռների մեջ հանդիպեցին իրար։ Մորելը սաստիկ գունատ էր։ — Ի՞նչ կասեք,— հարցրին բոլորը միաձայն։ — Բարեկամնե՛րս,— ասաց նավատերը՝ գլուխն օրորելով,— գործն ավելի լուրջ է, քան մենք կարծում ենք։ — Օ՜, պարոն Մորել,— գոչեց Մերսեդեսը,— նա անմեղ է։ — Ես համոզված եմ,— պատասխանեց Մորելը,— բայց նրան մեղադրում են... — Ինչ բանում,— հարցրեց ծերունի Դանտեսը։ — Այն բանում, որ նա բոնապարտիստական գործակալ է։ Ընթերցողներից նրանք, ովքեր ապրել են այն ժամանակաշրջանում, որին վերաբերում է պատմությունս, կհիշեն, թե դա ինչպիսի սոսկալի մեղադրանք էր։ Մերսեդեսը ճչաց, իսկ ծերունին ընկավ աթոռի վրա։ — Այնուամենայնիվ,— շշնջաց Կադրուսը,— դուք ինձ խաբեցիք. Դանգլար, դուք ձեր խաղը խաղացել եք։ — Լռի՛ր, թշվառական,— գոռաց Դանգլարը, բռնելով նրա ձեռքը,— լռի՛ր, եթե կյանքդ թանկ է քեզ համար։ Քեզ ո՞վ ասաց, որ Դանտեսը մեղավոր չէ։ Մեր նավը գնաց Էլբա կղզին, Դանտեսը ափ իջավ և մի ամբողջ օր անցկացրեց Պորտո Ֆերայոյում։ Ի՞նչ կասես, եթե մոտը որևէ մերկացնող նամակ գտնեն։ Այն ժամանակ նրան պաշտպանողին կմեղադրեն համագործակցության մեջ։ Կադրուսը եսասիրությանը հատուկ բնազդով իսկույն հասկացավ այդ փաստարկների ամբողջ ծանրակշռությունը. Նա շվար հայացքով նայեց Դանգլարին և, մի քայլ առաջանալու փոխարեն, երկու քայլ ետ նետվեց։ — Թե որ այդպես է, սպասենք,— շշնջաց նա։ — Այո, սպասենք,— ասաց Դանգլարը,— Եթե նա մեղավոր չէ, կազատեն, իսկ եթե մեղավոր է, կարիք չկա, որ մի դավադիրի համար մարդ իրեն վտանգի ենթարկի։ — Որ այդպես է, գնանք, ես այլևս ուժ չունեմ այստեղ մնալու։ — Լավ ես ասում, գնանք,— ասաց Դանգլարը՝ ուրախանալով, որ հեռանալու համար ընկեր է գտել,— գնանք, և թող նրանք ինչ ուզում են անեն։ Բոլորը ցրվեցին։ Ֆերնանը, որ նորից Մերսեդեսի միակ նեցուկն էր մնացել, բռնեց նրա ձեռքը և տարավ Կատալանի։ Դանտեսի բարեկամներն էլ իրենց հերթին ուժասպառ ծերունուն տարան Մելյանի ծառուղում գտնվող նրա տունը։ Շուտով լուր տարածվեց քաղաքով մեկ, թե Դանտեսին ձերբակալել են որպես բոնապարտիստական գործակալի։ — Ո՞ւմ մտքով կանցներ, Դանգլար,— ասաց Մորելը՝ հասնելով իր հաշվապահի և Կադրուսի հետևից։ Նա շտապում էր քաղաք Դանտեսի մասին նո-րություններ իմանալու, հույսը դնելով թագավորական դատախազի օգնական պրն դը Վիլֆորի հետ ունեցած իր ծանոթության վրա։— Ո՞ւմ մտքով կանցներ։ — Ի՞նչ եք ասում, պարոն,— պատասխանեց Դանգլարը։— Չէ՞ որ ես ձեզ ասել եմ, որ Դանտեսը առանց մի պատճառի կանգ առավ Էլբա կղզու մոտ։ Այդ կանգառը ինձ կասկածելի թվաց։ — Իսկ ձեր կասկածների մասին մեկնումեկին ասե՞լ եք, բացի ինձնից։ — Ինչպես կարող էի,— ավելացրեց Դանգլարը կիսաձայն։— Ինքներդ էլ գիտեք, որ ձեր հորեղբոր՝ պարոն Պոլիկար Մորելի պատճառով, որը ծառայել է նրա օրոք և իր մտքերը չի թաքցնում, ձեզ վրա էլ են կասկածում, թե ցավում եք Նապոլեոնի համար... Ես հո չէի կարող վնասել Էդմոնին, ինչպես և ձեզ։ Կան բաներ, որ ստորադրյալը պարտավոր է հայտնել իր տիրոջը և խիստ գաղտնի պահել մնացած բոլորից։ — Իրավ է, Դանգլար, իրավ է, դուք լավ մարդ եք։ Ես էլ, փոխարենը, նախապես մտածել եմ ձեր մասին, թե ինչպես պետք է վարվեի ձեր նկատմամբ, եթե խեղճ Դանտեսը գրավեր «Փարավոնի» նավապետի պաշտոնը։ — Ինչպե՞ս թե։ — Այո, ես նախապես նրան հարցրի, թե ի՞նչ կարծիք ունի ձեր մասին և արդյոք համաձա՞յն է ձեզ թողնել առաջվա պաշտոնում։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե ձեր միջև մի տեսակ սառնություն կա։ — Եվ ի՞նչ պատասխանեց նա ձեզ։ — Թե եղել է մի դեպք, իսկ հատկապես ինչ դեպք` չասաց, որ ինքն ինչ-որ բանով մեղավոր է գտնվել ձեր առաջ, սակայն միշտ պատրաստ է վստահել այն մարդուն, ում վստահում է նավատերը։ — Կեղծավոր,— շշնջաց Դանգլարը։ — Խեղճ Դանտես,— ասաց Կադրուսը,— այնքան լավ մարդ էր։ — Այո, բայց առայժմ «Փարավոնը» մնում է առանց նավապետի,— ասաց Մորելը։ — Քանի որ ծով ենք դուրս գալու երեք ամսից ոչ շուտ,— ասաց Դանգլարը,— ապա կարելի է հուսալ, որ մինչ այդ Դանտեսին բաց կթողնեն։ — Իհարկե, բայց մինչ ա՞յդ։ — Իսկ մինչ այդ, պարոն Մորել, ես կամ ու կամ,— ասաց Դանգլարը։— Դուք հո գիտեք, որ ես կարողանում եմ նավը վարել հեռավոր նավարկության ձեր ուզած նավապետից ոչ վատ։ Ձեզ համար նույնիսկ ձեռնտու կլինի ինձ նշանակել, որովհետև երբ Էդմոնը դուրս գա բանտից, դուք պարտավոր չեք լինի ոչ ոքի հատուցելու։ Նա կգրավի իր տեղը, ես՝ իմը և ուրիշ ոչինչ։ — Շնորհակալ եմ, Դանգլար,— ասաց նավատերը,— դա իսկապես որ լավ ելք է։ Ուրեմն, ընդունեք հրամանատարությունը, ես ձեզ լիազորում եմ, և հետևեք բեռնաթափմանը, գործը չպետք է տուժի, ինչ դժբախտություն էլ որ պատահելու լինի առանձին մարդկանց։ — Անհոգ եղեք, պարոն Մորել։ Բայց արդյոք, հնարավոր չի լինի գոնե տեսակցության գնալ խեղճ Էդմոնին։ — Ես հիմա դա կիմանամ. կաշխատեմ տեսնել պարոն դը Վիլֆորին և կալանավորի մասին մի բարի խոսք ասել։ Գիտեմ, որ նա մոլի ռոյալիստ է ու թագավորական դատախազ, այնուամենայնիվ, մարդ է, ըստ որում, ոչ չար մարդ։ — Ոչ, չար մարդ չէ, բայց լսել եմ, որ փառամոլ է, իսկ դա գրեթե միևնույնն է։ — Մի խոսքով, կտեսնենք,— ասաց Մորելը հառաչելով։— Գնացեք նավը, ես շուտով կգամ։ Եվ նա քայլերն ուղղեց դեպի դատարանի շենքը։ — Տեսնո՞ւմ ես գործն ինչ ընթացք է ստանում,— ասաց Դանգլարը Կադրուսին։— Դեռ էլի՞ տրամադիր ես Դանտեսին պաշտպանել։ — Իհարկե ոչ, բայց, այնուամենայնիվ, սարսափելի է, որ կատակը կա-րողացավ այդպիսի հետևանքներ ունենալ։ — Ո՞վ արավ կատակը, ո՛չ ես, ո՛չ էլ դու, այլ Ֆերնանը։ Դու հո գիտես, որ ես թուղթը դեն նետեցի, նույնիսկ պատռեցի։ — Ո՛չ, ո՛չ,— բացականչեց Կադրուսը։— Ես, ինչպես հիմա, այդ ճմռթված թուղթը տեսնում եմ տաղավարի անկյունում ընկած և շատ կցանկանայի, որ լիներ տեսածս տեղում։ — Ի՞նչ կարող ենք անել։ Երևի Ֆերնանը վերցրել է, արտագրել կամ արտագրելու տվել, բայց գուցե և այդպիսի նեղություն էլ չի քաշել... Աստվա՜ծ իմ, չլինի թե հենց իմ գրած թուղթն է ուղարկել։ Լավ է, որ ձեռագիրս փոխեցի։ — Ուրեմն դու գիտեի՞ր, որ Դանտեսը դավադիր է։ — Ոչինչ չգիտեի։ Ես քեզ արդեն ասել եմ, որ ցանկանում էի կատակ անել, ուրիշ ոչինչ։ Ըստ երևույթին ես, արլեկինի պես, կատակելով՝ ճշմարտությունն եմ ասել։ — Միևնույն է,— շարունակեց Կադրուսը,— ես շատ բան կտայի, որպեսզի այդ ամենը պատահած չլիներ կամ գոնե խառնված չլինեի այդ գործին։ Կտեսնես, դա մեր գլխին դժբախտություն կբերի, Դանգլար։ — Եթե որևէ մեկի գլխին դժբախտություն պետք է բերի, ապա՝ միայն մեղավորի գլխին, իսկ իսկական մեղավորը Ֆերնանն է, ոչ թե մենք։ Մեզ ի՞նչ դժբախտություն կարող է պատահել։ Միայն հարկավոր է, որ մեր տեղը հան-գիստ նստենք, ոչ մի խոսք չասենք, և ամպրոպը կանցնի առանց որոտի։ — Ամե՛ն,— ասաց Կադրուսը՝ գլխով հրաժեշտի նշան անելով Դանգլարին և դիմեց դեպի Մելյանի ծառուղին՝ գլուխն օրորելով ու քթի տակ խոսելով, ինչպես անում են խիստ մտահոգ մարդիկ։ «Դեհ,— ասաց Դանգլարը,— գործն ընդունում է իմ նախատեսած ընթացքը. ահա ես նավապետ եմ. առայժմ ժամանակավորապես, իսկ եթե այդ տխմար Կադրուսը կարողանա լռել, ապա և՝ ընդմիշտ։ Մնում է միայն, որ արդարադատությունը Դանտեսին բաց չթողնի իր ճանկերից։ Բայց արդարադատությունը արդարադատություն է,— ժպտաց նա,— ես լիովին կարող եմ նրան ապավինել»։ Նա թռավ նավակի մեջ և պատվիրեց թիավարել դեպի «Փարավոնը», ուր նավատերը, ինչպես մենք հիշում ենք, ժամադրվել էր նրա հետ։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic