Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Գանձերի կղզին
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԻ ԽՈՀԱՐԱՐԸ= ==Գլուխ VII։ Ես գնում եմ Բրիստոլ== Ճանապարհ ընկնելու նախապատրաստության համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան կարծում էր կալվածատերը։ Եվ առհասարակ մեր բոլոր նախնական պլաններն ստիպված էինք փոխել։ Նախ և առաջ, բժիշկ Լիվսիի ցանկությունը՝ չբաժանվել ինձանից, չիրագործվեց, նրան անհրաժեշտ եղավ գնալ Լոնդոն, բժիշկ գտնելու, որը նրա բացակայության ժամանակ փոխարիներ իրեն։ Կալվածատերը Բրիստոլում շատ գործ ուներ։ Իսկ ես ապրում էի կալվածատանը, ծերունի որսորդ Ռեդրետի հսկողության տակ, համարյա ինչպես գերի, երազելով անծանոթ կղզիների և ծովային արկածների մասին։ Քարտեզի ուսումնասիրության վրա երկար ժամանակ գորձադրեցի և այն անգիր արեցի կալվածատան վարիչի սենյակում, կրակի մոտ նստած, ես մտքով մոտենում էի կղզուն զանազան կողմերից։ Ես ուսումնասիրում էի նրա յուրաքանչյուր վերշոկը, հազար անգամ բարձրանում էի Հեռադիտակ կոչվող բարձր բլուրը և այնտեղից հիանում նրա զարմանալի, մշտապես փափոխվող տեսարաններով։ Երբեմն կղզին վխտում էր վայրենիներով, և մենք պետք է պաշտպանվեինք նրանցից։ Երբեմն կղզին լիքն էր լինում գիշատիչ գազաններով, և մենք պետք է փախչեինք նրանցից։ Բայց այս բոլոր երևակայական արկածները դատարկ բաներ են, համեմատած այն տարօրինակ և ողբերգական արկածների հետ, որոնք իսկապես տեղի ունեցան։ Շաբաթն անցնում էր շաբաթի ետևից։ Վերջապես մի գեղեցիկ օր նամակ ստացանք։ Նամակը հասցեագրված էր բժիշկ Լիվսիին, սակայն ծրարի վրա մակագրված էր․ «Եթե բժիշկ Լիվսին դեռ չի վերադարձել, նամակը թող բաց անի Թոմ Ռեդրետը կամ երիտասարդ Հոկինսը»։ Պատռելով ծրարը, մենք կարդացինք, ավելի ճի՛շտ ես կարդացի, որովհետև որսորդը ջոկում էր միայն տպված տառերը, հետնյալ կարևոր հաղորդագրությունը. «Հինավուրց խարիսխ» հյուրանոց, Բրիստոլ․ 1-ին մարտի 17... թիվ։ Թանկագին Լիվսի․ Չգիտենալով, թե որտեղ եք դուք գտնվում, կալվածատանը կամ դեռևս Լոնդոնում, միաժամանակ գրում եմ և՛ այնտեղ, և՛ այստեղ։ Նավը գնված և սարքավորված է։ Նա խարիսխ գցած, կանգնած է՝ պատրաստ ծով դուրս գալու։ Մեր նավից ավելի լավը պատկերացնել էլ չի կարելի։ Փոքրիկ երեխան էլ կարող է այդ նավը ղեկավարել։ Տարողությունը 200 տոննա է։ Անունը «Իսպանոլա»։ Նավը ձեռք բերելուն օգնեց ինձ իմ հին ծանոթ Բլենդին, որը զարմանալի ճարպիկ գործարար դուրս եկավ։ Այդ սիրելի մարդը սևամորթի նման աշխատեց ինձ համար։ Ասենք, յուրաքանչյուրը Բրիստոլում աշխատում էր օգնել ինձ, հարկավոր էր միայն ակնարկել, թե մենք ուղևորվում ենք մեր գանձի ետևից․․․» — Ռեդրետ,— ասացի ես, ընդհատելով ընթերցանությունը։— Բժիշկ Լիվսիին այս բանը բոլորովին դուր չի գա։ Ուրեմն, կալվածատերը բերանը ցրել է... — Իսկ ո՞վ է կարևոր, կալվածատե՞րը, թե բժիշկը,— ասաց որսորդը։— Մի՞թե կալվածատերը պետք է լռի ինչ֊որ բժիշկ Լիվսիին սիրաշահելու համար։ Ես գիտեի, որ վիճելն անօգուտ է, այդ պատճառով էլ սկսեցի կարդալ շարունակությունը․ «Բլենդլին ինքը որոնեց ու գտավ «Իսպանոլան» և, նրա ճարպկության շնորհիվ, նավը շատ էժան ձեռք բերեցի։ Ճիշտ է, Բրիստոլում կան մարդիկ, որոնք Բլենդլիին տանել չեն կարող։ Նրանք հանդգնություն ունեն հաստատելու, իբրև թե այդ մաքուր մարդը նեղություն է քաշում միայն շահի համար, իբրև թե «Իսպանոլան» նրան է պատկանում և իբրև թե եռակի գնով է վաճառել։ Այս զրպարտության ստությունն ակնհայտ է։ Ոչ ոք չի համարձակվի ժխտել, որ «Իսպանոլան» հիանալի նավ է։ Եվ այդպես, նավը ես շատ դյուրությամբ ձեռք բերեցի։ Ճիշտ է, բանվորները շատ դանդաղ են սարքավորում, սակայն ժամանակին բոլորը պատրաստ կլինի։ Ավելի շատ ժամանակ կորցրի նավաստիներ ընտրելու վրա։ Ես ցանկանում էի քսան մարդ վարձել վայրենիների, ծովահենների կամ անիծված ֆրանսիացիների պատահելու դեպքում պաշտպանվելու նպատակով։ Ես արդեն ուժասպառ եմ եղել, բայց գտել եմ միայն վեց հոգի, սակայն հետո բախտը խղճաց ինձ, և ես գտա մի մարդ, որը միանգամից այդ բոլորը կարգի բերեց։ Ես պատահաբար խոսեցի նրա հետ նավահանգստում։ Պարզվեց, որ նա հին ծովային է։ Ապրում է ցամաքի վրա և գինետուն ունի։ Ծանոթ է Բրիստոլի բոլոր ծովայինների հետ։ Ցամաքի կյանքը քայքայել է նրա առողջությունը, նա ցանկանում է կրկին ծով դուրս գալ և նավի խոհարարի պաշտոն է որոնում։ Այդ առավոտ, ինչպես ասաց նա, նավահանգիստ էր դուրս եկել միայն այն պատճառով, որ շնչի ծովային աղի օդը։ Այդ սերը դեպի ծովը ինձ հուզիչ թվաց, ձեզ էլ անպայման կհուզեր։ Ես խղճացի նրան և հենց այդտեղ էլ առաջարկեցի նրան, որ մեր նավի խոհարարը լինի։ Նրան կանչում են Երկարահասակ Ջոն Սիլվեր։ Նա միոտանի է։ Եվ ես դա ամենալավ հանձնարարականն եմ համարում, որովհետև նա ոտը կորցրել է հայրենիքի համար կռվելիս, անմահ Գոկի ղեկավարությամբ։ Նա կենսաթոշակ չի ստանում, Լիվսի։ Տեսնում եք, թե ի՛նչ սարսափելի ժամանակներում ենք ապրում։ Այո՛, պարոն, ես կարծում էի, թե ես խոհարար եմ գտել, բայց պարզվեց, որ գտել եմ ծովայինների մի ամբողջ խումբ։ Սիլվերի օգնությամբ մի քանի օրվա մեջ ինձ հաջողվեց իսկական, փորձված, օվկիանոսում աղտոտված ծովայիններ վարձել։ Նրանց արտաքինն այնքան էլ գրավիչ չէ, բայց դրա փոխարեն, դատելով նրանց դեմքից, նրանք բոլորն էլ շատ քաջ մարդիկ են։ Ծովայինների այդպիսի խումբ ունենալով, մենք կարող ենք կռվել թեկուզ մի ամբողջ մարտական առագաստանավի հետ։ Երկարահասակ Ջոնը մինչև անգամ խորհուրդ տվեց ինձ արձակել այն վեց թե յոթ մարդկանցից ոմանց, որոնց ես առաջ վարձել էի։ Նա մի րոպեում ապացուցեց, որ նրանք քաղցր ջրի կեղտաշորեր են, որոնց հետ չարժե կապվել այն ժամանակ, երբ վտանգավոր ճանապարհորդության են դուրս գալիս։ Ես ինձ շատ լավ եմ զգում, ուտում եմ եզան պես, քնում՝ գերանի պես։ Այնուամենայնիվ, լիովին բախտավոր չեմ լինի, մինչև որ քամին չուռեցնի մեր առագաստները։ Դեպի բաց ծով։ Սատանան տանի գանձը։ Գլուխս ծովն է պտտեցնում և ոչ թե գանձը։ Եվ այդպես, Լիվսի, շուտով եկեք։ Եթե ինձ հարգում եք, ոչ մի ժամ էլ մի՛ կորցրեք։ Թողեք, որ երիտասարդ Հոկինսը գնա մորը մնաս բարև ասելու։ Ռեդրետը կարող է ուղեկցել նրան։ Հետո թող երկուսն էլ, առանց ժամանակ կորցնելու, Բրիստոլ շտապեն։ ՋՈՆ ՏՐԵԼՈՆԻ ''Ետգրություն։'' Մոռացա ձեզ հայտնել, որ Բլենոլին, որը ի դեպ ասած, խոստանում է մի ուրիշ նավ ուղարկել մեզ օգնության, եթե օգոստոսին չվերադառնանք, մեզ համար մի լավ նավապետ է գտել։ Այդ նավապետը հիանալի մարդ է, բայց, դժբախտաբար, սատանայի նման համառ է։ Երկարահասակ Ջոն Սիլվերը մեզ համար գտել է գործին տեղյակ ղեկապետ, անունը՝ Էրոու։ Իսկ ես, Լիվսի, մի ավագ նավաստի եմ վարձել, որը փող փչել գիտե։ Ինչպես տեսնում եք, մեր թանկագին «Իսպանոլայի» վրա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իսկական ռազմական նավի վրա։ Մոռացա գրել, որ Սիլվերը հարուստ մարդ է։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն նա բանկում ընթացիկ հաշիվ ունի, այն էլ ոչ փոքր։ Գինետունն իր բացակայության միջոցին հանձնելու է կնոջը։ Նրա կինը սպիտակ ցեղին չի պատկանում։ Իսկ այնպիսի ամուսինների համար, ինչպիսին ես ու դուք ենք, ներելի է կասկածել, որ կինը և ոչ թե վատ առողջությունն է մղում նրան դեպի բաց ծով։ Ջ. Տ. Հ․ Գ․ Հոկինսը կարող է մի գիշեր մնալ մոր մոտ։ Ջ. Տ.» Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես գրգռեց ինձ այդ նամակը։ Ես հիացմունքի մեջ էի։ Բոլոր սրտով ատում էի ձերունի Թոմ Ռեդրետին, որը միայն փնթփնթում էր։ Նրա փոխարեն երիտասարդ որսորդներից որևէ մեկն ուրախությամբ կգնար։ Սակայն կալվածատերը ցանկանում էր, որ Թոմ Ռեդրետը գնա, իսկ կալվածատիրոջ ցանկությունր նրանց համար օրենք էր։ Ոչ ոք, բացի ծերունի Ռեդրետից չէր համարձակվի նույնիսկ փնթփնթալ։ Հետևյալ առավոտ մենք երկուսով ոտով ճանապարհ ընկանք դեպի «Ծովակալ Բենբոու»։ Մորս գտա կատարյալ առողջ։ Տրամադրությունը լավ էր։ Նավապետի մահվամբ նրա բոլոր անախորժությունները վերջացել էին։ Կալվածատերն իր հաշվով նորոգել էր մեր տունը։ Նրա հրամանով պատերը և ցուցանակը կրկին ներկել էին։ Նա մեզ նվիրել է ինչ֊որ կահույք, որոնց թվում մի հրաշալի բազկաթոռ, որ մայրիկիս համար վաճառասեղանի առաջ նստելը հարմար լինի։ Նրան օգնելու համար մի տղա էր վարձել։ Սյդ տղան պետք է կատարեր այն պարտականությունները, որ առաջ ես էի կատարում։ Տեսնելով այդ օտար տղային պանդոկում, պարզ հասկացա, որ երկար ժամանակով հեռանում եմ հայրենի տնից։ Մինչև այժմ ես մտածում էի միայն այն արկածների մասին, որ սպասում են ինձ առաջիկայում և ոչ թե այն տան մասին, որը ես թողնում եմ։ Տեսնելով իմ տեղը գրաված դանդաղաշարժ և անշնորհք տղային, առաջին անգամ լաց եղա։ Ես անխղճորեն տանջում և բռնանում էի նրա վրա։ Նա դեռ սովոր չէր իր նոր տեղին, իսկ ես նրա ո՛չ մի սխալը չէի ներում և չարախնդում էի, երբ նա սխալվում էր։ Գիշերն անցավ, իսկ հետևյալ օրը ճաշից հետո ես ու Ռեդրետը նորից ճանապարհ ընկանք։ Ես հրաժեշտ տվի մորս, ծովախորշին, որի մոտ ծնվել էի, հինավուրց բարի «Ծովակալ Բենբոուին»։ Պանդոկը ներկելուց հետո կարծես օտարացել էր և ավելի քիչ էր դուր գալիս ինձ, քան առաջ։ Հիշեցի և նավապետին, որն այնքան հաճախ թափառում էր ծովափին, եռանկյունի Գլխարկ ծածկած, դեմքին թրի սպի, կռնատակին հեռադիտակ։ Մենք թեքվեցինք փողոցի անկյունից, և իմ տունն անհետացավ։ Արդեն մթնում էր, երբ «Գևորգ թագավորի հյուրանոցի» մոտ նստեցինք փոստային հանրակառք։ Ինձ նստեցրին Ռեդրետի և ինչ-որ հաստ ծերունու մեջտեղում։ Չնայած արագ ընթանալուն և ցուրտ գիշերին, ես իսկույն քնեցի։ Մենք սլանում էինք երբեմն դեպի վեր, երբեմն դեպի վար, իսկ ես քնած էի ինչպես արջամուկ։ Ինձ արթնացրեց մի հարված։ Աչքերս բացեցի։ Կանգնել էինք քաղաքի փողոցի մի մեծ շենքի առաջ։ Արդեն վաղուց լույսը բացվել էր։ — Որտե՞ղ ենք մենք,— հարցրեցի ես։ — Բրիստոլում,— պատասխանեց Թոմը,— դուրս արի։ Պարոն Տրելոնին ապրում էր պանդոկում, որ գտնվում էր նավաշինարանների մոտ, որպեսզի հսկի նավի աշխատանքները։ Մենք պետք է ծովափով բավական երկար ժամանակ գնայինք զանազան մեծության նավերի և նավասարքերի մոտով։ Այդ հանգամանքն ինձ շատ ուրախացրեց։ Մի նավում աշխատում էին ու երգում։ Մյուսում նավաստիները բարձրասյուների գլխին կապում էին այնպիսի պարաններ, որոնք ներքևից երևում էին սարդի ոստայնի հաստությամբ։ Թեև ամբողջ կյանքս ապրել էի ծովափին, սակայն այս վայրն այնպես գրավեց ինձ, որ կարծես առաջին անգամ էի տեսնում։ Կուպրի և աղի հոտը նորություն էր ինձ համար։ Ես տեսա օվկիանոսի այն կողմում եղած նավերի քթերին քանդակված ֆիգուրաներ։ Ես ագահությամբ նայեցի ականջներին օղեր ունեցող, ոլորուն բեղերով, կպրով հագեցված ծամերով ծեր ծովայիններին։ Նրանք շրջում էին ծովափին ծովային անճոռնի քայլվածքով։ Եթե նրանց փոխարեն ինձ ցույց տային թագավորներ կամ արքեպիսկոպոսներ, ես ավելի քիչ կուրախանայի։ Ես էլ կճանապարհվեմ դեպի ծով։ Կճանապարհվեմ նավով այն ավագ նավաստու հետ, որ փող է փչում, այն նավաստիների հետ, որոնք ծամ ունեն և երգեր են երգում։ Ես կճանապարհվեմ դեպի ծովը, ես կլողամ դեպի անհայտ կղզին, գտնելու գետնի մեջ թաղված գանձը։ Ես խորասուզված էի քաղցր երազանքների մեջ, երբ վերջապես հասանք մի մեծ պանդոկի։ Մեզ դիմավորեց կալվածատեր Տրելոնին։ Նա կապույտ համազգեստ էր հագել։ Այդ տեսակ համազգեստներ սովորաբար հագնում էին ծովային սպաները։ Նա դռնից դուրս եկավ ժպտալով։ Նա գալիս էր տատանվելով, եռանդուն կերպով նմանվելով ծովայինների ճոճվող քայլվածքին։ — Ահա և դուք,— բացականչեց նա։— Իսկ բժիշկը դեռ երեկ երեկոյան եկավ Լոնդոնից։ Հիանալի է։ Այժմ ողջ խումբը պատրաստ է։ ― Օ՜, պարոն,― գոչեցի ես,— ե՞րբ ենք ճանապարհվում։ ― Ճանապարհվո՞ւմ,— պատասխանեց նա։— Մենք ճանապարհվում ենք վաղը։ ==Գլուխ VIII։ «Հեռադիտակ» ցուցանակի տակ== Երբ նախաճաշեցի, կալվածատերը տվեց ինձ մի գրություն, ուղղված «Հեռադիտակ» պանդոկի Ջոն Սիլվերին։ Նա բացատրեց, թե ինչպես պետք է գտնել Ջոնի պանդոկը. պետք է գնալ ծովափով, մինչև որ տեսնես մի դուռ վրան մի մեծ փող, ցուցանակի վախարեն։ Ես ուրախացա, որ հնարավորություն կունենամ մի անգամ էլ տեսնելու նավերը, նավաստիներին, և իսկույն ճանապարհ ընկա։ Դժվարությամբ անցնելով հոծ բազմության միջից, որ խռնվել էր նավահանգիստում, հակերի և սայլերի միջից, վերջապես պանդոկը գտա։ Պանդոկը փոքր էր և չափազանց հարմար, ցուցանակը նոր էր ներկված, պատուհաններին մաքուր, կարմիր վարագույրներ, հատակին մաքուր ավազ ցանված։ Պանդոկը երկու փողոցի վրա մուտք ուներ։ Դռները բաց էին և ընդարձակ, ցածրիկ սենյակը, չնայած ծխախոտի ծխի քուլաներին, բավականին լուսավոր էր։ Սեղանների շուրջը ծովայիններ էին նստած։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ ես մուտքի մոտ կանգնեցի և չէի համարձակվում ներս մտնել։ Կողքի սենյակից մի մարդ դուրս եկավ։ Ես իսկույն հասկացա, որ դա Երկարահասակ Ջոնն է։ Նրա ձախ ոտը մինչև ազդրը կտրված էր։ Ձախ թևի տակ նա պահել էր հենակը, որն արտասովոր արագությամբ էր գործածում, թռչկոտելով ինչպես թռչուն։ Սա մի չափազանց բարձրահասակ և ուժեղ տղամարդ էր, լայն, տափակ ու գունատ, բայց խելոք և ծիծաղկոտ դեմքով։ Թվում էր, որ նա շատ ուրախ է։ Շվշվացնելով շտապ անցնում էր սեղանների արանքով, կատակելով և իր ամենասիրելի հաճախորդների ուսին խփելով։ Մեղքս ինչ թաքցնեմ, կալվածատիրոջ նամակի մեջ կարդալով Երկարահասակ Ջոնի մասին, սարսափելով մտածեցի, թե արդյոք դա այն միոտանի ծովագնացը չէ՞, որին այնքան հետամտել էին հինավուրց «Բենբոուում»։ Բայց հենց որ նայեցի նրան, բոլոր կասկածներս ցրվեցին։ Ես տեսել էի նավապետին, տեսել էի Սև գամփռին, կույր Պյուին, և ենթադրում էի, որ գիտեմ, թե ինչ կերպարանք ունեն ծովային ավազակները։ Ո՛չ։ Այս մաքրասեր և բարի պանդոկապետը ոչնչով ավազակի նման չէ։ Ես սիրտ առա, անցա շեմքի վրայից և գնացի ուղղակի Սիլվերի մոտ, որը, հենակին հենված, խոսում էր ինչ֊որ այցելուի հետ։ — Դուք պարոն Սիլվե՞րն եք,— ասացի ես՝ պարզելով նրան գրությանը։ — Այո՛, տղաս,– ասաց նա։— Իմ անունը Սիլվեր է, իսկ դու ո՞վ ես։ Բայց տեսնելով կալվածատիրոջ նամակը, նա միանգամից փայլեց։ — Օ՜,— բացականչեց նա ձեռքը դեպի ինձ պարզելով,— հասկացա։ Դու մեր նավի նոր փոքրավորն ես։ Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Եվ նա պինդ սեղմեց իմ ձեռքն իր լայն և ուժեղ ափում։ Այդ վայրկյանին մի մարդ, որ նստած էր հեռավոր անկյունում, հանկարծ տեղից վեր ցատկեց և դեպի դուռը վազեց։ Դուռը նրա կողքին էր, և նա իսկույն փողոցում անհետացավ։ Սակայն նրա շտապողականությունը գրավեց իմ ուշադրությունը, և ես առաջին իսկ հայացքից ճանաչեցի նրան։ Դա այն եռամատ, ճարպից պլպլան դեմքով մարդն էր, որ գալիս էր մեր պանդոկը։ — Է՜յ,— գոչեցի ես,— բռնեցեք դրան։ Դա Սև Գամփռն է, Սև Գամփռը։ — Թքեմ ես նրա անվան վրա,— բացականչեց Սիլվերը․― բայց նա փախավ և իր խմածի գինը չվճարեց։ Հարրի, վազիր ու բռնիր նրան։ Դռան մոտ նստածներից մեկը վեր թռավ և ընկավ նրա ետևից։ — Եթե նա թեկուզ ծովակալ Գոկն էլ լիներ, այնուամենայնիվ, կստիպեի վճարել,— ասաց Սիլվերը։ Հետո, հանկարծ բաց թողնելով իմ ձեռքը, հարցրեց․ — Ի՞նչ է նրա անունը։ Դա ասացիր Սև՞․․․, իսկ հետո Սև ի՞նչ։ — Գամփռ, պարոն։ Մի՞թե պարոն Տրելոնին չի պատմել ձեզ մեր ավազակների մասին։ Սև Գամփռը նրանց խմբից է։ — Ի՞նչ,— մռնչաց Սիլվերը,— Իմ տա՞նը։ Վազի՛ր, Բեն, և օգնիր Հարիին, որ բռնի նրան։ Ուրեմն նա ավազա՞կ է, նրանց խմբից մե՞կը։ Է՛յ, Մորգան, դու կարծեմ սեղանի մոտ նրա կողքին էիր նստել։ Մի այստեղ արի։ Այն մարդը, որին նա Մորգան անվանեց, ծեր, ալեհեր, արևավառ դեմքով մի ծովային էր։ Նա ծխախոտը ծամելով, խոնարհաբար մոտեցավ նրան։ ― Դե՛, Մորգան,— խստորեն հարցրեց Երկարահասակը,— դու առաջ երբևիցե տեսե՞լ ես այդ Սև․․․ Ինչպե՞ս է․․․ Սև գամփռին։ — Երբե՛ք, պարոն,— պատասխանեց Մորգանը և գլուխ տվեց։ — Անունն է՞լ չես լսել։ — Չեմ լսել, պարոն։ — Դե՛, քո բախտն է, Թոմ Մորգան,— բացականչեց պանդոկապետը։— Եթե սկսես գործ ունենալ ամեն մի սրիկայի հետ, էլ ոտ չես դնի իմ պանդոկը։ Նա քեզ հետ ինչի մասին էր խոսում։ — Լավ չեմ հիշում, պարոն,— պատասխանեց Մորգանը։ ― Եվ դու կարող ես այն, որ քո ուսերի վրա է, գլո՞ւխ անվանել,— գոչեց Երկարահասակ Ջոնը։— Լավ չի հիշում։ Կարելի է դու հասկացողություն էլ չունես, թե ում հետ ես խոսում։ Դե՛, ասա՛, քեզ հետ ի՞նչի մասին էր խոսում։ Դուք խոսում էիք ծովային ճանապարհորդության, նավերի, նավապետների մասին։ Դե՛։ Շո՛ւտ։ — Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես մեզ մոտ, նավատորմիղում, մարդկանց պարանով բարձրացնում են նավի ողնուցի տակից, պատասխանեց Մորգանը։ — Նավի ողնուցի տակից։ Քեզ համապատասխանող խոսակցության է։ Ա՜յ, դու։ Դե՛, նստիր տեղդ, Թոմ։ Երբ Մորգանը նստեց սեղանի մոտ, Սիլվերը բարեկամաբար, որ ինձ շատ դուր եկավ, կռացավ և իմ ականջին շշնջաց. — Մաքուր տղա է այդ Թոմ Մորգանը, բայց սարսափելի հիմար։ Իսկ այժմ,— շարունակեց նա բարձր ձայնով,— փորձենք հիշել։ Սև Գա՞մփռ։ Չէ, այդպիսի մարդու մասին երբեք չեմ լսել։ Կարծես թե ես նրան մի տեղ տեսել եմ, նա հաճախ․․․ Այո՛․․․ Այո՛, գալիս էր այստեղ մի ինչ֊որ կույր մուրացիկի հետ։ — Այո՛, այո՛, կույրի հետ,— գոչեցի ես։— Ես այդ կույրին էլ էի ճանաչում։ Նրա անունը Պյու էր։ — Ճիշտ է,― բացականչեց Սիլվերը,— այս անգամ չափազանց հուզված,— Պյո՛ւ։ Հենց այդպես էին նրան կանչում։ Տեսքով նա սրիկա էր։ Եթե այդ Սև Գամփռը մեր ձեռքն ընկնի, նավապետ Տրելոնին չափազանց գոհ կլինի։ Բենը հիանալի ոտքեր ունի, հազվագյուտ ծովային կարող է վազել Բենի նման։ Ո՛չ, Բենի առջևից փախչել չես կարող։ Նա, ում ասես, կհասնի։ Ուրեմն նա խոսում էր այն մասին, որ ծովայիններին պարանով բարձրացնո՞ւմ են։ Լա՛վ, լա՛վ։ Հենց նրան կբարձրացնենք մենք։ Սիլվերը թռչկոտում էր իր հենակի վրա, բռունցքով խփում սեղաններին և խոսում այնպիսի անկեղծ հուզմունքով, որ նույնիսկ ամենակասկածոտ դատավորն էլ կհավատար, որ նա անմեղ է։ Հանդիպումը «Հեռադիտակում» Սև Գամփռի հետ իմ մեջ արթնացրին իմ առաջվա կասկածները, և ես ուշադիր կերպով հետևում էի խոհարարին։ Սակայն նա ինձ համար չափազանց խելոք էր, հնարագետ և ճարպիկ։ Վերջապես վերադարձան այն երկուսը, որոնց ուղարկել էր Սև Գամփռի ետևից։ Ծանր շնչելով, նրանք հայտնեցին, որ Սև Գամփռին հաջողվեց անհետանալ ամբոխի մեջ։ Պանդոկապետն սկսեց հայհոյել այնպիսի կատաղությամբ, որ ես վերջնականապես համոզվեցի, որ Երկարահասակ Ջոնն անմեղ է։ — Լսի՛ր, Հոկինս,— ասաց նա,— ինձ համար այս պատմությունը կարող է վատ վախճան ունենալ։ Ի՞նչ կմտածի իմ մասին նավապետ Տրելոնին։ Այդ անիծված բանդիտը նստել է իմ տանը և խմել իմ խմիչքը։ Հետո դու գալիս ես և ասում, որ նա ավազակային խմբից է։ Բայց, այնուամենայնիվ, ես թույլ եմ տալիս, որ նա ծլկի։ Դե՛, Հոկինս, նավապետ Տրելոնիի մոտ ինձ պաշտպանիր։ Դու ջահել ես, բայց հիմար չես։ Քեզ չեն կարող խաբել։ Այո՛, այո՛, այո՛։ Ես այդ իսկույն նկատեցի։ Բացատրիր նավապետին, որ ես իմ հենակով ոչ մի կերպ չկարողացա վազել այդ սատանա Գամփռի ետևից։ Եթե ես առաջնակարգ ծովագնաց լինեի, ինչպես հին ժամանակ, նա իմ ձեռքից չէր պրծնի, իսկ այժմ․․․ Նա հանկարծ լռեց և բերանը լայն բաց արավ, կարծես մի բան հիշեց։ ― Իսկ փո՞ղը,— գոչեց նա։— Երեք գավաթի համար։ Այ սատանա, իսկ փողի մասին ես մոռացել էի։ Ընկնելով նստարանի վրա, նա հռհռաց ու հռհռաց այնքան ժամանակ, մինչև որ արցունքներ հոսեցին նրա դեմքի վրայով։ Նրա հռհռոցն այնպես վարակիչ էր, որ ես չդիմացա և սկսեցի նրա հետ հռհռալ, մինչև որ ողջ պանդոկը դղրդաց հռհռոցից։ — Ես թեև ծեր եմ, բայց ծովային հորթի դեր կատարեցի,― ասաց նա վերջապես աչքերը սրբելով։— Տեսնում եմ, Հոկինս, որ ես ու դու լավ զույգ կլինենք։ Չէ՞ որ ես այժմ էլ հոգով նավի փոքրավորն եմ։ Այնուամենայնիվ, պետք է գնալ. գործ կա, գործ, թանկագին ընկերներ։ Ես կդնեմ իմ եռանկյունի գլխարկը և քեզ հետ կգնամ նավապետ Տրելոնիի մոտ, զեկուցելու նրան այն բոլորի մասին, ինչ որ պատահել է։ Չէ՞ որ գործը լուրջ է, Հոկինս, և պետք է խոստովանել, որ այդ գործը պատիվ չի բերում ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ո՛չ ինձ, ո՛չ քեզ պատիվ չի բերում. երկուսիս էլ լավ ծաղրեցին։ Սակայն, սատանան տանի, ոնց խաբեց ինձ և փողը չտվեց։ Նա նորից հռհռաց այնպես ուժգին, որ թեև ծիծաղելու բան չկար, ստիպված էի կրկին միանալ նրան։ Մենք գնացինք ծովափով, և Սիլվերը շատ գրավիչ խոսակից դուրս եկավ։ Յուրաքանչյուր նավի մասին, որի մոտից անցնում էինք, նա ինձ շատ տեղեկություններ էր հաղորդում․ ինչպես են պատրաստված նրա առագաստները, որքան բեռ կարող է վերցնել, որտեղից է եկել։ Նա բացատրեց այն աշխատանքի մասին, որ կատարվում էր նավահանգստում․ մի նավ բարձում են, մյուսը՝ բեռնաթափում, իսկ այն, երրորդը, իսկույն բաց ծովն է դուրս գալիս։ Նավերի և ծովայինների մասին նա ինձ ուրախ պատմություն պատմեց։ Նա հաճախ զանազան ծովային խոսքեր էր գործածում և կրկնում մի քանի անգամ, որ լավ հիշեմ։ Ես քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ Սիլվերից ավելի լավ ընկեր, ծովային ճանապարհորդության համար, չես գտնի։ Վերջապես մենք եկանք պանդոկ։ Կալվածատերը և բժիշկ Լիվսին գարեջուր էին խմում և սպիտակ հացի բոված կտորներ ուտում։ Նրանք պատրաստվում էին գնալ նավը, տեսնելու, թե ինչպես են սարքավորում։ Երկարահասակ Ջոնը պատմեց նրան այն բոլորը, ինչ որ պատահել էր գինետանը սկզբից մինչև վերջ, չափազանց կրակոտ և միանգամայն ճշմարիտ։ — Չէ՞ որ այդպես եղավ, այնպես չէ՞, Հոկինս,― հարցնում էր ինձ ամեն րոպե։ Եվ ես ամեն անգամ լրիվ հաստատում էի նրա խոսքերը։ Երկուսն էլ չափազանց ափսոսում էին, որ Սև Գամփռը կարողացել է փախչել։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Նրանց գովասանքները լսելով, Երկարահասակ Ջոնը վերցրեց իր հենակը և դեպի դուռն ուղղվեց։ — Անձնակազմը պետք է լինի նավում ժամը 4֊ին,— գոչեց կալվածատերը նրա ետևից։ — Լա՛վ, պարոն,— պատասխանեց խոհարարը։ — Պարզ ասած,— ասաց բժիշկ Լիվսին,― ես հավանություն չեմ տալիս ձեր արած գյուտերի մեծամասնությանը, սակայն այս Ջոնն իմ ճաշակի մարդ է։ — Հրաշալի տղա է,— ձայն տվավ կալվածատերը։ — Ջիմն իսկույն մեզ հետ կգնա նավը, այնպես չէ՞,― ավելացրեց բժիշկը։ — Իհարկե՛, իհարկե՛,― ասաց կալվածատերը։ — Հոկինս, գլխարկդ վերցրու, այս րոպեիս գնում ենք մեր նավը տեսնելու։ ==Գլուխ IX։ Վառոդ և զենքեր== «Իսպանոլան» ափից բավական հեռու էր կանգնած։ Նավին հասնելու համար, մենք նավակ նստեցինք և սլացանք նավերի արանքով։ Մեր առաջ բացվում էին երբեմն զանազան կերպարանքներով զարդարված նավի քթեր, երբեմն՝ նավախելեր։ Նավերի ճոպանները ճռնչում էին մեր ողնուցի վրա և կախվում մեր գլխին։ Նավեզրի վրա մեզ ողջունեց ղեկապետ պարոն Էրոուն, շիլ աչքով, արևավառ, օղերն ականջին մի ծեր ծովագնաց։ Նրա և կալվածատիրոջ միջև, ըստ երևույթին, ամենամոտիկ և բարեկամական հարաբերություն կար։ Իսկ նավապետի հետ կալվածատերը պարզապես համերաշխ չէր։ Նավապետը մռայլ մարդ էր։ Նավում ամեն ինչ նրան գրգռում էր։ Իր անբավականության պատճառները նա իսկույն բաց արավ մեր առաջ։ Հենց որ իջանք նավասենյակները հայտնվեց մի նավաստի և ասաց. ― Նավապետ Սմոլետը, պարոն, ցանկանում է ձեզ հետ խոսել։ ― Ես միշտ պատրաստ եմ ծառայելու նավապետին։ Խնդրիր, որ բարեհաճի այստեղ,— պատասխանեց կալվածատերը։ Պարզվեց, որ նավապետը իր դեսպանի հետ էր եկել։ Նա միանգամից մտավ նավասենյակ և դուռը փակեց։ ― Դե՛, ի՞նչ կասեք, նավապետ Սմոլետ։ Հուսով եմ, որ ամեն բան կարգին է։ Նավը ճանապարհ ընկնելու պատրա՞ստ է։ ― Ահա թե ինչ, պարոն,— ասաց նավապետը,— ես պետք է խոսեմ անկեղծորեն, մինչև անգամ համարձակվում եմ ձեզ հետ կռվել։ Այս արշավախումբն ինձ դուր չի գալիս։ Մեր նավաստիներն ինձ դուր չե՛ն գալիս։ Օգնականս ինձ դուր չի գալիս։ Ահա և բոլորը, կարճ ու պարզ։ ― Կարելի է, պարոն, ձեզ նավն է՞լ չի դուր գալիս,— հարցրեց կալվածատերը, և ես նկատեցի, որ նա չափազանց զայրացած է։ ― Նավի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, պարոն, մինչև ճանապարհին չտեսնեմ,— պատասխանեց նավապետը։― Թվում է, թե նավը վատ չի կառուցված։ Սակայն այդ մասին դատելը դեռ վաղ է։ ― Այն ժամանակ, պարոն, կարելի է ձեզ դուր չի՞ գալիս ձեր տերը,— հարցրեց կալվածատերը։ Բայց այստեղ բժիշկ Լիվսին մեջ ընկավ. ― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք,— ասաց նա,— այդ ձևով կռվից ոչինչ չի դուրս գա։ Նավապետը մեզ և՛ չափազանց շատ, և՛ չափազանց քիչ բան ասաց, և ես իրավունք ունեմ նրանից բացատրություն խնդրելու։ Դուք, կարծեմ, ասացիք, նավապետ, որ մեր արշավախումբը ձեզ դուր չի գալիս։ Ինչո՞ւ։ — Ինձ հրավիրել են, պարոն, որ ես նավը տանեմ այնտեղ, որտեղ ցանկանում է այս պարոնը, և չեն հայտնել ճանապարհորդության նպատակը,— ասաց նավապետը։— Շատ լավ, ես էլ ոչ մի բանի մասին հարցուփորձ չեմ արել։ Սակայն շուտով ես համոզվեցի, որ ամենավերջին նավաստին ճանապարհորդության նպատակի մասին ավելի շատ գիտի, քան ես։ Իմ կարծիքով, սա ճիշտ չէ։ Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս է։ ― Իմ կարծիքով էլ նույնն է,— ասաց բժիշկ Լիվսին։ ― Հետո,— շարունակեց նավապետը,— ես իմացա, ոը մենք գնում ենք գանձ որոնելու։ Այդ մասին ես լսել եմ, լավ լսեցեք, իմ սեփական ստորադրյալներից։ Գանձ որոնել, առհասարակ, իմ մասնագիտությունը չէ, և ես ոչ մի հակում չեմ զգում դեպի նման զբաղմունքները, նամանավանդ եթե այդ զբաղմունքները գաղտնի են, իսկ գաղտնիքը (ներողություն, պարոն Տրելոնի) թութակն էլ գիտե։ ― Սիլվերի՞ թութակը,— հարցրեց կալվածատերը։ — Ոչ, դա առած է,— բացատրեց նավապետը։— Դա նշանակում է, որ գաղտնիքն այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինձ թվում է, որ դուք թերագնահատում եք այդ գործի դժվարությունները, և ես պետք է նախազգուշացնեմ, որ ձեզ սպասում է մահու և կենաց պայքար։ — Դուք միանգամայն ճշմարիտ եք,— պատասխանեց բժիշկը։— Մենք շատ մեծ ռիսկ ենք անում։ Բայց դուք սխալվում եք, ենթադրելով, որ մենք մեզ սպասող վտանգների մասին մեզ հաշիվ չենք տալիս։ Հետո դուք ասացիք, որ ձեզ դուր չի գալիս անձնակազմը։ Ի՞նչ է, ձեր կարծիքով, մենք վարձել ենք անբավարար չափով փորձված և անգործունյա ծովագնացնե՞ր։ — Նրանք ինձ դուր չեն գալիս,― պատասխանեց նավապետը։— Իսկ եթե պարզ խոսենք, պետք է անձնակազմի ընտրությունը հանձնարարեիք ինձ։ — Չեմ վիճում,— պատասխանեց բժիշկը։— Իմ բարեկամը, թերևս անձնակազմը պետք է ընտրեր ձեզ հետ միասին։ Սա սխալ է, բայց հավատացնում եմ ձեզ, բոլորովին պատահական է եղել։ Այդտեղ ոչ մի կանխամտածված բան չկա։ Հետո, թվում է, որ ձեզ դուր չի գալիս պարոն Էրոուն։ — Դուր չի՛ գալիս, պարոն։ Ես հավատում եմ, որ նա լավ ծովագնաց է։ Սակայն նավաստիներին երես է տալիս։ Նա իր նավաստիների հետ մտերիմ է։ Նավի ղեկապետը պետք է իրեն նավաստիներից հեռու պահի։ Նա չի կարող նավաստիների հետ հարբեցողությամբ զբաղվել։ — Դուք ուզում եք ասել, թե նա հարբեցո՞ղ է,— հարցրեց կալվածատերը։ — Ո՛չ, պարոն,— պատասխանեց նավապետը։— Ես միայն ուզում եմ ասել, որ նա իր մարդկանց շատ է երես տալիս։ ― Իսկ այժմ,— խնդրեց բժիշկը,— դուք պարզորոշ ասացեք, նավապետ, ի՞նչ եք ուզում մեզանից։ — Դուք հաստատ որոշել եք կատարել այս ճանապարհորդությո՞ւնը, պարոններ։ — Այո՛, հաստատ,— պատասխանեց կալվածատերը։ — Շատ լավ,— ասաց նավապետը։— Քանի որ մինչև այժմ համբերությամբ լսեցիք ինձ, էլի լսեցեք։ Վառոդն ու զենքերը տեղավորել եք նավի առջևի մասում, նավաստիների մոտ։ Այնինչ շատ հրաշալի տեղ կա ձեր նավասենյակի տակ, ինչո՞ւ այնտեղ չտեղավորել։ Սա առաջին։ Հետո, դուք ձեզ հետ չորս ծառա եք վերցրել։ Նրանց, ինչպես ինձ ասացին, նույնպես ուզում են տեղավորել նավի առջևի մասում, նավաստիների հետ։ Ինչո՞ւ նրանց համար մահճակալներ չդնել ձեր նավասենյակի մոտ։ Սա երկրորդ։ ― Երրո՞րդն էլ կա,— հարցրեց պարոն Տրելոնին։ ― Կա,— ասաց նավապետը։— Չափազանց շատ են շաղակրատում։ ― Այո՛, շատ են շաղակրատում,— համաձայնեց բժիշկը։ ― Կասեմ միայն այն, ինչ որ լսել եմ իմ ականջներով,— շարունակեց նավապետ Սմոլետը։— Ասում են, իբրև թե ձեզ մոտ մի ինչ-որ կղզու քարտեզ կա։ Իբրև թե այդ քարտեզի վրա խաչերով նշանակված են այն վայրերը, որտեղ գանձեր են թաղված։ Իբրև թե այդ կղզին գտնվում է․․․ Եվ այստեղ նա ամենայն ճշտությամբ անվանեց մեր կղզու երկարությունն ու լայնությունը։ — Ես այդ մասին ոչ մի մարդու չեմ ասել,— բացականչեց կալվածատերը։ — Այնուամենայնիվ, յուրաքանչյուր նավաստի այդ գիտե, պարոն,— ասաց նավապետը։ — Այդ դուք եք ասել, Լիվսի,— աղաղակեց կալվածատերը։— Կամ դու, Հոկինս։ — Այժմ արդեն միևնույն է, թե ով է ասել,— ասաց բժիշկը։ Ես նկատեցի, որ չնայած նրա արդարացումներին, ո՛չ նա և ո՛չ նավապետը չհավատացին պարոն Տրելոնուն։ Ես էլ այդ ժամանակ չհավատացի, որովհետև նա իսկապես հռչակավոր շաղակրատ էր։ Իսկ այժմ ես մտածում եմ, որ նա ճշմարիտ էր ասում, և նավի անձնակազմն առանց մեզ էլ գիտեր, թե որտեղ է գտնվում Գանձերի կղզին։ — Ես, պարոններ, չգիտեմ թե ձեզանից որի մոտ է գտնվում այդ քարտեզը,— շարունակեց նավապետը։— Ես պնդում եմ, որ ինձնից և պարոն Էրոուից թաքուն պահվի։ Հակառակ դեպքում ես պետք է խնդրեմ ձեզ, որ ինձ պաշտոնից ազատեք։ — Գիտե՛մ,— ասաց բժիշկը։— Առաջինը՝ դուք ցանկանում եք դադարեցնել ավելորդ խոսակցությունը։ Երկրորդ՝ դուք ուզում եք բոլոր հուսալի մարդկանց հավաքել նավի ետևի մասը։ Ուրիշ խոսքով, դուք վախենում եք խռովությունից։ — Պարոն,— ասաց նավապետ Սմոլետը,— ես չեմ ուզում, որ դուք ինձ այնպիսի խոսքեր վերագրեք, որ չեմ ասել։ Ոչ մի նավապետ չի համաձայնի ծով դուրս գալ, եթե նա հիմք ունի վախենալու, թե խռովություն կլինի։ Ես համոզված եմ, որ պարոն Էրոուն ազնիվ մարդ է։ Շատ նավաստիներ էլ ազնիվ մարդիկ են։ Գուցե նրանք բոլորն էլ ազնիվ մարդիկ են։ Բայց ես պատասխանատու եմ նավի ապահովության համար և նավի վրա գտնված յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Ես տեսնում եմ, որ շատ բան կատարվում է այնպեսք ինչպես չպետք է կատարվի։ Թույլ տվեք նախազգուշական միջոցներ ձեռք առնել կամ արձակեցեք պաշտոնից։ Ահա բոլորը։ ― Նավապետ Սմոլետ,― սկսեց բժիշկը, ժպտալով,― դուք լսե՞լ եք առածն այն սարի մասին, որը մուկ է ծնել։ Ներեցեք, բայց դուք ինձ հիշեցրիք այդ առածը։ Երբ դուք այստեղ եկաք, ես պատրաստ էի երդվելու իմ կեղծամով, որ դուք մեզանից շատ ավելի բան կպահանջեք։ — Դուք շատ հնարագետ եք, բժիշկ,— ասաց նավապետը։— Գալով այստեղ, ես ցանկանում էի վերջնահաշիվ պահանջել, որովհետև ես մի փոքրիկ հույս անգամ չունեի, որ պարոն Տրելոնին կհամաձայնի լսել գոնե իմ խոսքը։ — Չէի էլ լսի,― աղաղակեց կալվածատերը։— Եթե Լիվսին չլիներ, ես միանգամից ձեզ սատանայի մոտ կուղարկեի։ Բայց, այնուամենայնիվ, ես լսեցի ձեզ։ Եվ կանեմ այն, ինչ որ պահանջում եք։ Սակայն իմ կարծիքը ձեր մասին դեպի վատը փոխվեց։ — Ինչպես ձեզ համար հաճելի է, պարոն,― ասաց նավապետը։— Հետո դուք կհասկանաք, որ ես իմ պարտքը կատարել եմ։ Նա հեռացավ։ ― Տրելոնի,— ասաց բժիշկը,— հակառակ իմ սպասածին, համոզվեցի, որ դուք հրավիրել եք նավի վրա երկու ազնիվ մարդ՝ նավապետ Սմոլետին և Ջոն Սիլվերին։ ― Սիլվերի վերաբերյալ ես ձեզ հետ համաձայն եմ,— աղաղակեց կալվածատերը,— իսկ այս անտանելի ստախոսի վարմունքը ես համարում եմ տղամարդուն անվայել, ծովայինին անվայել և, համենալն դեպս, անգլիացուն անվայել։ ― Լա՛վ,— ասաց բժիշկը,— կտեսնենք։ Երբ որ մենք դուրս եկանք տախտակամած, նավաստիներն արդեն սկսել էին տեղափոխել զենքերն ու վառոդը։ Նրանք աշխատանքի ժամանակ երգում էին «Յո-հո-հո»։ Նավապետն ու պարոն Էրոուն կարգադրություններ էին անում։ Ինձ շատ դուր եկավ, որ մեզ նոր ձևով էին տեղավորել։ Նավի առջևում վեց նավասենյակ էին պատրաստել, որոնք պահեստի մուտքով միանում էին նավաստիների սենյակի և խոհանոցի հետ։ Սկզբում այդ վեց նավասենյակը հատկացրել էին նավապետին, պարոն Էրոուին, Գենտերին, Ջոյսին, բժշկին և կալվածատիրոջը։ Բայց հետո դրանցից երկուսը տվին Ռեդրետին և ինձ, իսկ պարոն Էրոուն և նավապետը տեղավորվեցին տախտակամածի վրա։ Այդ սենյակը թեև շատ փոքր էր, բայց, այնուամենայնիվ, երկու ճոճացանց տեղավորվում էր։ Մինչև անգամ ղեկապետը, թվում էր, որ գոհ էր այդ տեղավորումից։ Գուցե, նա էլ անձնակազմին հավատ չէր ընծայում։ Սակայն սա իմ ենթադրությունն էր միայն, որովհետև ինչպես շուտով կտեսնենք, նա նավում երկար ժամանակ չմնաց։ Մենք եռանդով աշխատում էինք, տեղափոխում էինք վառոդը և սարքավորում մեր նավասենյակները, երբ վերջապես ափից եկան վերջին նավաստիները Երկարահասակ Ջոնի հետ։ Խոհարարը, կապկի ճարպկությամբ, նավ բարձրացավ և երբ տեսավ, որ մենք զբաղված ենք, ձայն տվավ․ — Է՛յ, բարեկամներ, այդ ի՞նչ եք անում։ — Վառոդի տակառներ ենք փոխադրում,— պատասխանեց նավաստիներից մեկը։ — Ինչո՞ւ, սատանան տանի ձեզ,— գոչեց Երկարահասակը։— Այդպիսով, մենք առավոտյան մակընթացության ժամանակ ճանապարհվել չենք կարող։ ― Նրանք իմ հրամանն են կատարում,— ընդհատեց նրան նավապետը։— Իսկ դուք, սիրելիս, խոհանոց գնացեք, որ նավաստիները կարողանան ժամանակին ընթրել։ — Լսում եմ, պարոն,— պատասխանեց խոհարարը։ Եվ ձեռքով բռնելով եռանկյունի գլխարկը, խոհանոցի դռնով ներս խցկվեց։ — Այ, սա փառավոր մարդ է, նավապետ,— ասաց բժիշկը։ — Շատ կարելի է, պարոն,— պատասխանեց նավապետ Սմոլետը։— Զգո՛ւյշ, զգո՛ւյշ, տղերք։ Եվ նա վազեց նավաստիների մոտ։ Նավաստիները գլորում էին վառոդի տակառը։ Հանկարծ նա նկատեց, որ ես կանգնել ու նայում եմ պտտվող թնդանոթին, որը մենք դրել էինք տախտակամածի կենտրոնում։ Եվ իսկույն վրա պրծավ։ — Է՛յ, փոքրավո՛ր,— բղավեց նա,— կորիր այստեղից։ Գնա խոհարարի մոտ, նա քեզ աշխատանք կտա։ Եվ խոհանոց վազելով, ես լսեցի, թե ինչպես բարձրաձայն ասաց բժշկին․ — Ես տանել չեմ կարող, որ իմ նավի մեջ սիրելիներ լինեն։ Հավատացնում եմ ձեզ, որ այդ րոպեին ես միանգամայն համաձայնեցի կալվածատիրոջ հետ, որ նավապետն անտանելի մարդ է և դեպի նրան խիստ ատելություն զգացի։ ==Գլուխ X։ Նավարկություն== Իրարանցումը շարունակվեց ամբողջ գիշերը։ Մենք իրեր էինք տեղափոխում այս ու այն կողմ։ Նավակը շարունակ բերում էր կալվածատիրոջ բարեկամներին, պարոն Բլենդլու նման մարդկանց, որոնք գալիս էին նրան բախտավոր ճանապարհորդություն և բարեհաջող վերադարձ մաղթելու։ Երբեք առաջ «Ծովակալ Բենբոուում» ես այդքան չէի աշխատել։ Ես արդեն շան նման հոգնել էի, երբ լուսաբացից առաջ ավագ նավաստին փողը հնչեցրեց և սկսեց խարիսխը բարձրացնել։ Սակայն, եթե երկու անգամ ավելի էլ հոգնած լինեի, տախտակամածից չէի հեռանա։ Ամեն բան նոր և գրավիչ էր ինձ համար՝ և՛ ընդհատ֊ընդհատ հրամանները, և՛ փողի սուր ձայնը, և՛ նավի լապտերների աղոտ լույսի տակ անհանգիստ աշխատող մարդիկ։ ― Է՛յ, Ազդր, մի երգ երգիր,— գոչեց նավաստիներից մեկը։ ― Հին երգ,— բացականչեց մյուսը։ ― Լա՛վ, տղե՛րք,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, որ կանգնած էր հենց այնտեղ, տախտակամածի վրա՝ հենակը կռնատակին։ Եվ երգեց այն երգը, որն ինձ լավ ծանոթ էր. ::Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա․․․ Իսկ մնացածները միասին երգեցին. ::Յո-խո-խո-խո և մի շիշ ռոմ։ Երրորդ «խո»֊ն ասելիս նրանք խմբովին դուրս քաշեցին լծակները։ Ես հիշեցի մեր հին «Ծովակալ Բենբոուն», և ինձ թվաց, որ կարծես թե մեռած Բոնսի ձայնը հանկարծ միացավ նավաստիների խմբերգին։ Շուտով խարիսխը բարձրացրին և ամրացրին նավի առջևի մասում։ Քամին ուռցրեց առագաստները։ Ցամաքը ետ էր քաշվում։ Մեզ շրջապատող նավերն սկսեցին հեռանալ։ Եվ մինչ ես պառկեցի, որ գոնե մի ժամ ննջեմ, «Իսպանոլան» սկսեց իր ճանապարհորդությունը դեպի Գանձերի կղզին։ Ես չեմ նկարագրի մեր ճանապարհորդության մանրամասնությունները։ Այդ ճանապարհորդությունը շատ հաջող էր։ Նավն օրինակելի դուրս եկավ, անձնակազմը բաղկացած էր փորձված ծովագնացներից, նավապետն իր գործը շատ լավ գիտեր։ Սակայն, մինչև Գանձերի կղզին հասնելը, երկու֊երեք դեպք պատահեց, որոնց մասին արժե հիշատակել։ Ամենից առաջ պարզվեց, որ պարոն Էրոուն ավելի վատն է, քան կարծում էր նավապետը։ Նա նավաստիների մեջ հեղինակություն չուներ, և նրան ոչ ոք չէր լսում։ Ճանապարհ ընկնելուց մեկ-երկու օր հետո նա սկսեց տախտակամածին հայտնվել պղտոր աչքերով, կարմիր այտերով և հարբեցողի այլ նշաններով։ Խոսելիս էլ կակազում էր։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր լինում խայտառակ կերպով քշել նրան տախտակամածից։ Նա հաճախ վայր էր ընկնում և ջարդվածքներ ստանում։ Պատահում էր, որ օրերով պառկում էր իր մահճակալին, առանց վեր կենալու։ Պատահում էր, իհարկե, որ նա երկու օր ման էր գալիս համարյա զգաստ և այն ժամանակ մի կերպ կատարում էր իր պարտականությունները։ Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իմանալ, թե որտեղից է նա խմելիք ճարում։ Այս հանելուկի վրա ողջ նավը գլուխ էր կոտրում։ Մենք հետևում էինք նրան, սակայն բան չէինք կարողանում, հասկանալ։ Երբ նրան այդ մասին հարցնում էինք հարբած ժամանակ, նա միայն ծիծաղում էր, իսկ երբ սթափ էր լինում, հանդիսավոր կերպով երդվում էր, որ իր ողջ կյանքում, ջրից բացի, ոչինչ չի խմել։ Որպես ղեկապետ, նա ոչ մի բանի պետք չէր և իր ստորադրյալների վրա վատ ազդեցություն էր թողնում։ Պարզ էր, որ նրա վերջը վատ կլիներ։ Եվ ոչ ոք չզարմացավ ու չտխրեց, երբ մի մութ, փոթորկոտ գիշեր, նա նավից անհետացավ։ — Ջուրն է ընկել,— վճռեց նավապետը։— Ի՞նչ կա որ, պարոններ, դա փրկեց մեզ նրան շղթայելու անհրաժեշտությունից։ Այդպիսով, մենք մնացինք առանց ավագ նավաստու։ Պետք էր որևէ մեկին առաջ քաշել աչդ պաշտոնի համար։ Ընտրությունն ընկավ ղեկապեա Ջոբ Էնդերսոնի վրա։ Նրան առաջվա նման ղեկապետ էին կանչում, բայց ավագ նավաստու պաշտոն էր կատարում։ Պարոն Տրելոնին, որը շատ ճանապարհորդություններ էր կատարել և ծովը լավ էր ճանաչում, նույնպես այդ գործի համար պետքական էր․ լավ եղանակին նա հերթապահություն էր անում։ Երկրորդ ղեկապետ Իզրայել Հենդսը եռանդուն, ծեր, փորձված ծովային էր, որին ամեն գործ էլ կարելի էր հանձնարարել։ Նա, ի միջի այլոց, Երկարահասակ Ջոն Սիլվերի հետ շատ մտերիմ էր, և քանի որ հիշեցի Սիլվերին, նրա մասին մանրամասն պետք է պատմեմ։ Նավաստիները նրան Ազդր էին կանչում։ Նա հենակը փողկապում էր վզին, որ ձեռքերն ազատ լինեն։ Մի տեսնեի՛ք, թե ինչպես նա, հենակով հենվելով պատին, տատանումը բոլորովին չզգալով, կերակուր էր եփում, կարձես ամուր գետնի վրա կանգնած լիներ։ Ավելի հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես փոթորկոտ եղանակին ճարպկորեն ու արագ վազում էր տախտակամածով, բռնելով այն ճոպաններից, որոնք ավելի լայն տեղերում իջեցված էին։ Այդ ճոպանները նավաստիներն անվանում էին «Երկարահասակ Ջոնի գինգեր»։ Անցնելիս նա կամ բռնում էր այդ գինդերը, կամ գործի էր դնում հենակը, կամ, փոկից բռնած, հենակն իր ետևից քարշ էր տալիս։ Իսկ այն բոլոր նավաստիները, որոնք առաջ նրա հետ ճանապարհորդել էին, շատ ափսոսում էին, որ այլևս նա առաջվանը չէ։ — Մեր Ազդրը հասարակ մարդ չէ,— ասաց ինձ երկրորդ ղեկապետը.— ջահել ժամանակ նա դպրոցական է եղել և, եթե ուզենա, գրքի նման կխոսի։ Իսկ ի՞նչ քաջն է։ Առյուծը մեր երկարահասակ Ջոնի մոտ ոչինչ է։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես նրա վրա, անզեն ժամանակ, չորս մարդ հարձակվեց, իսկ նա բռնեց նրանց և գլուխներն իրար զարկեց, նա, այդ անզեն կաղը։ Բոլորը հարգանքով էին վերաբերվում դեպի նա և կատարում էին նրա հրամանները։ Նա յուրաքանչյուրի հետ կարողանում էր խոսել, յուրաքանչյուրին՝ սիրաշահել։ Դեպի ինձ հատուկ սիրալիր վերաբերմունք ուներ։ Միշտ ուրախանում էր, երբ ես խոհանոց էի մտնում, որը զարմանալի մաքուր էր պահում։ Ամանեղենը միշտ կանոնավոր կախված էր՝ մաքուր ու փայլուն։ Անկյունում թութակի մի վանդակ կար։ — Հոկինս,— ասում էր նա ինձ։— Եկ Ջոնի մոտ զրուցելու։ Ոչ ոքի այցելությամբ ես այնքան չեմ ուրախանում, որքան քո այցելությամբ։ Նստիր ու լսիր։ Ահա նավապետ Ֆլինտը․ ես իմ թութակի անունը նավապետ Ֆլինտ եմ դրել, հռչակավոր ծովահենի պատվին։ Եվ ահա նավապետ Ֆլինտը նախագուշակում է, որ մեր ճանապարհորդությունը հաջողությամբ կվերջանա։ Ճշմարի՞տ է, նավապետ։ Եվ թութակն սկսեց աներևակայելի արագությամբ կրկնել․ — Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր։ Եվ կրկնում էր այնքան ժամանակ, մինչև ուժից ընկնում էր կամ մինչև որ Ջոնը թաշկինակը գցում էր նրա վանդակին։ — Այս թռչունը,— ասում էր նա,— երևի երկու հարյուր տարեկան է։ Թութակներն անվերջ ապրում են։ Միայն սատանան է իր կյանքում այնքան չարիք տեսել, որքան իմ թութակը։ Նա ճանապարհորդել է Ինգլենդի հետ՝ հռչակավոր ծովահեն նավապետ Ինգլենդի հետ։ Եղել է Մադագասկարում, Մալաբարում, Սուրինամում, Պրովիդենսում, Պորտ֊Բելոյում։ Նա տեսել է, թե ինչպես են որսում բեռները խորտակված նավերից։ Ահա թե երբ է նա սովորել «պիաստրներ» գոչելը։ Եվ զարմանալու բան չկա։ Այն օրը որսացել են 350 հազար պիաստր, Հոկինս։ Այս թութակը ներկա է եղել Վեստ-Ինդիայի փոխարքայի վրա հարձակվելիս, Գոայի մոտ։ Իսկ տեսքով կարծես մանուկ լինի։ Բայց դու վառոդի հոտ առել ես, այնպես չէ՞, նավապետ։ — Նավը մյուս կողմը թեքիր,— գոչեց թութակը։ — Իմ թութակը հիանալի ծովային է,— ասաց խոհարարը և, գրպանից շաքարի կտորներ հանելով, տվեց թռչունին։ Թութակը կտցով խփում էր վանդակի ճաղերին և հայհոյում։ — Եթե կուպրի մեջ ապրես, անպատճառ կկեղտոտվես,— բացատրեց Ջոնը։— Այս խեղճ, ծեր, անմեղ թռչունը հայհոյում է, բայց չի հասկանում, թե ինչ է ասում։ Ինչպես ասում են, նա աստծու առաջ էլ կհայհոյի։ Այս խոսքերն ասելիս Ջոնն այնպես հանդիսավոր կերպով ձեռք տվեց իր ճակատից կախված փունջ մազին, որ ես նրան աշխարհիս ամենաազնիվ մարդը համարեցի։ Կալվածատիրոջ և նավապետ Սմոլետի հարաբերությունը առաջվա նման շատ լարված էր։ Կալվածատերն առանց քաշվելու նավապետի մասին ատելությամբ էր խոսում։ Նավապետը կալվածատիրոջ հետ երբեք չէր խոսում, իսկ երբ վերջինս որևէ բան էր հարցնում նավապետին, պատասխանը լինում էր սուր, կարճ և չոր։ Մի անկյունում կուչ եկած նա ստիպված էր խոստովանել, թե սխալվել է, որ անձնակազմի մասին վատ կարծիք է հայտնել։ Շատ նավաստիներ օրինակելի աշխատանք էին կատարում, իսկ ողջ անձնակազմն իրեն հրաշալի էր պահում։ Բայց նավին նա ուղղակի սիրահարված էր։ ― Նա լսում է ղեկին այնպես, ինչպես լավ կինն իր ամուսնուն։ Բայց,— ավելացրեց նա,— մենք դեռ չենք վերադարձել և մեր ճանապարհորդությունը առաջվա պես ինձ դուր չի գալիս։ Այդ խոսքերը լսելիս, կալվածատերը մեջքը դարձնում էր դեպի նավապետը և, կզակը վեր ցցած, սկսում էր քայլել տախտակամածի վրա։ — Քիչ ժամանակից հետո,— ասում էր նա,— այս մարդը վերջնականապես ինձ համբերությունից կհանի։ Ճանապարհին փոթորիկ եղավ, որը միայն հաստատեց մեր «Իսպանոլայի» արժանիքը։ Թվում էր, թե անձնակազմը գոհ էր իր կյանքից, և դա զարմանալի չէր։ Իմ կարծիքով, ոչ մի նավում անձնակազմին այդքան երես չեն տալիս։ Ամեն մի առիթով նրանց կրկնակի բաժին փունջ էին տալիս։ Հարկավոր էր միայն, որ կալվածատերը լսեր որևէ նավաստու ծննդյան մասին, նա իսկույն բոլորի համար տոն էր սարքում։ Տախտակամածի վրա միշտ մի տակառ խնձոր էր լինում, որ ցանկացողը, երբ ուզենա, ուտի։ — Դրանից լավ բան չի դուրս գա,— ասում էր նավապետը բժիշկ Լիվսիին։— Դա նրանց միայն փչացնում է։ Դուք ինձ հավատացեք։ Սակայն խնձորի տակառը, ինչպես կտեսնեք, մեզ հսկայական ծառայություն մատուցեց։ Միայն այդ տակառի շնորհիվ մենք ժամանակին կանխեցինք վտանգը և դավաճանների ձեռքով չկործանվեցինք։ Ահա թե ինչպես պատահեց։ Մենք արդեն այդ կղզուց, ուր գնում էինք, շատ հեռու չէինք․— նրա ճիշտ տեղը ես հայտնելու իրավունք չունեմ։ Օր ու գիշեր նայում էինք հեռուն, սպասելով, որ կտեսնենք հորիզոնում։ Համաձայն հաշվի, մնում էր մեկ օրվա ճանապարհ։ Կամ այսօր գիշերը, կամ ամենաուշը վաղը կեսօրից առաջ մենք պետք է տեսնեինք Գանձերի կղզին։ Գնում էինք դեպի հարավ, հարավ֊արևմուտք։ Մեղմ քամի էր փչում։ Ծովը հանդարտ էր։ «Իսպանոլան» առաջ էր սլանում՝ երբեմն քիթն ալիքների մեջ թաղելով։ Ամեն ինչ լավ էր։ Բոլորն էլ լավ տրամադրության մեջ էին, բոլորն էլ ուրախ էին, որ մեր ճանապարհորդության առաջին մասը վերջանում է։ Երբ արևը մայր մտավ և աշխատանքս վերջացրի, ես ուղղվելով դեպի իմ մահճակալը, հանկարծ մտածեցի, որ վատ չէր լինի, եթե խնձոր ուտեի։ Արագ դուրս թռա տախտակամած։ Հերթապահները, նավի աոաջին մասում կանգնած, նայում էին ծովին և հույս ունեին տեսնել կղզին։ Ղեկապետը, առագաստների քամահար անկյուններից դիտելով, կամաց շվշվացնում էր։ Ամեն ինչ հանդարտ էր, միայն ջուրը խփում էր նավի կողքերին։ Պարզվեց, որ տակառում միայն մի խնձոր կար։ Այդ խնձորը վերցնելու համար ես պետք է տակառը մտնեի։ Այնտեղ, մթության մեջ նստած, ջրի ծփանքից և նավի համաչափ տատանումից, քիչ մնաց քնեի։ Հանկարծ մեկը ծանր կերպով ընկավ տակառի կողքին։ Տակառը թեթև տատանվեց։ Մարդը մեջքը դեմ էր տվել տակառին։ Ես արդեն պատրաստվում էի դուրս թռչել, երբ մարդը հանկարծ սկսեց խոսել։ Ես ճանաչեցի Սիլվերի ձայնը, և մինչև նա մի դյուժին խոսք ասեր, ես որոշեցի, ինչ ուզում է լինի, տակառից դուրս չգալ։ Ես պառկել էի տակառի հատակին և դողալով, երկյուղից ու հետաքրքրությունից շնչասպառ լինելով, լսում էի։ Եվ առաջին իսկ խոսքերից ես հասկացա, որ նավի վրա գտնվող բոլոր ազնիվ մարդկանց կյանքն իմ ձեռքում է գտնվում։ ==Գլուխ XI։ Ինչ լսեցի ես խնձորի տակառի մեջ նստած ժամանակ== ― Ո՛չ, ես չէի,― ասաց Սիլվերը։— Նավապետը Ֆլինտն էր։ Իսկ ես բնակարանապետ էի, որովհետև իմ ոտը փայտե է։ Ես ոտս կորցրի նույն գործում, ինչ գործում որ ծերունի Պյուն իր աչքերը։ Իմ ոտն անդամահատեց մի գիտնական վիրահատ։ Նա սովորել էր կոլեջում և ողջ լատիներենն անգիր գիտեր։ Այնուամենայնիվ, կախաղանից ազատվել չկարողացավ։ Կորսո-Կասլեում նրան շան նման կախեցին արևի տակ, որ չորանա․․․ ուրիշների կողքին։ Այո՛։ Դրանք Ռոբերտսի մարդիկն էին, որ կորան, որովհետև իրենց նավերի անունները փոխում էին։ Այսօր նավը կոչվում էր «Թագավորական երջանկություն», իսկ վաղը՝ ուրիշ բան։ Իսկ մենք ինչ անուն որ տալիս ենք նավին, այն անունն էլ միշտ պետք է մնա։ Մենք չփոխեցինք «Կասանդրայի» անունը, այդ պատճառով մեզ Մալաբարից անփորձ տուն հասցրեց, այն ժամանակ, երբ Ինգլենդը հափշտակեց հնդկաստանի փոխարքային։ Իր անունը չփոխեց նաև «Մորժը», Ֆլինտի հին նավը, իսկ նրա վրա այնքան ոսկի կար, որ քիչ էր մնում ծովի տակը գնար։ — Է՜խ,— լսեցի ես մեր նավաստիներից ամենաերիտասարդի հիացած ձայնը,— ի՜նչ քաջ էր այդ Ֆլինտը։ — Ասում են, Դևիսը նրանցից վատը չէր,— ասաց Սիլվերը,— բայց ես նրա հետ երբեք չեմ ճանապարհորդել։ Առաջ ես ճանապարհորդում էի Ինգլենդի, ապա՝ Ֆլինտի հետ։ Իսկ այժմ ես ինքս եմ ծով դուրս եկել։ Ես ինը հարյուր ֆունտ ստերլինգ վաստակեցի Ինգլենդի մոտ և երկու հազար ֆունտ՝ Ֆլինտի մոտ։ Հասարակ նավաստու համար սա վատ չէ։ Փողը բանկում է և լավ տոկոս է տալիս։ Որտե՞ղ են այժմ Ինգլենդի մարդիկ։ Չգիտեմ։ Որտե՞ղ են Ֆլինտի մարդիկ։ Մեծ մասամբ այստեղ, նավի վրա, և ուրախ ենք, որ այստեղ ենք։ Շատերը նրանցից ապրում էին ծովափին, որպես վերջին մուրացիկներ։ Սովից մեռան, աստված վկա։ Ծերունի Պյուն, երբ կուրացավ, սկսեց տարեկան հազար երկու հարյուր ֆունտ ծախսել, ինչպես պառլամենտի լորդ։ Որտե՞ղ է նա այժմ։ Մեռել է և գետնի տակ փտում է։ Բայց երկու տարի առաջ նա ուտելու բան չուներ։ Նա ողորմություն էր խնդրում, գողանում էր, կոկորդը պատռում էր, այնուամենայնիվ, կերակրվել չէր կարողանում։ ― Դե, արի ծովահեն եղիր դրանից հետո,— ասաց երիտասարդ նավաստին։ ― Այո՛, բայց հիմար էլ մի եղիր,— բացականչեց Սիլվերը։— Սակայն խոսքը քո մասին չէ։ Դու թեև երիտասարդ ես, բայց հիմար չես։ Քեզ խաբել չի կարելի։ Ո՛չ։ Ես հենց որ քեզ տեսա, իսկույն նկատեցի այդ և քեզ հետ պետք է խոսեմ, ինչպես տղամարդու հետ։ Կարո՞ղ եք երևակայել, թե ինչ զգացի, լսելով, թե ինչպես այդ ծեր սրիկան ասում է ուրիշին նույն հրապուրիչ խոսքերը, ինչ որ ասել էր ինձ։ Եթե կարողանայի, տակառի պատի միջից նրան կսպանեի։ Այդ Ժամանակ Սիլվերը խոսքը շարունակեց, չկասկածելով, որ իրեն լսում են․ — Այդպես է ծովահենների կյանքը՝ ծանր կախաղանի ենթակա, բայց ուտում և խմում են ինչպես կռվող աքաղաղները կռվից առաջ։ Նրանք ճանապարհորդության են դուրս գալիս՝ ունենալով հարյուրավոր պղնձե գրոշներ, բայց վերադառնում են հարյուրավոր ֆունտերով։ Ավարը ծախսված է հարբեցողության վրա, փողերը վատնված և ահա նորից դեպի ծով, հագին միայն մի շապիկ։ Բայց ես այդպես չեմ վարվում։ Ես իմ բոլոր փողերը մաս-մաս հանձնում եմ զանազան բանկերի, որ կասկածներ չլինեն։ Գիտցիր, որ ես հիսուն տարեկան եմ։ Այս ճանապարհորդությունից վերադառնալով, ես պետք է ապրեմ այնպես, ինչպես ամենաիսկական ջենտլմենները։ Բավակա՞ն է, ասում ես։ Ի՞նչ կա որ, ես վատ չեմ ապրել։ Ոչ մի բանից զուրկ չեմ մնացել։ Փափուկ տեղում եմ քնել, համեղ բաներ եմ կերել։ Սակայն ծովի վրա երբեմն նեղություն եմ քաշել։ Իսկ ինչպես եմ սկսել։ Իբրև նավաստի՝ ինչպես դու։ ― Բայց չէ՞ որ ձեր առաջվա փողերն այժմ կկորչեն,— ասաց երիտասարդ նավաստին։— Դուք ինչպե՞ս կերևաք Բրիստոլում այս ճանապարհորդությունից հետո։ ― Իսկ քո կարծիքով այժմ որտե՞ղ են իմ փողերը,— հարցրեց Սիլվերը հեգնորեն։ ― Բրիստոլում՝ բանկերում և զանազան տեղերում,— պատասխանեց նավաստին։ ― Այո՛, փողերս քո ասած տեղերում էին։ Սակայն մինչև այն ժամանակ, երբ բարձրացրինք մեր խարիսխը։ Իսկ այժմ արդեն իմ պառավը վերցրել է փողերը։ «Հեռադիտակն» իր բոլոր փոր ու փսորով վաճառված է, իսկ պառավը հեռացել է և պայմանավորված տեղում սպասում է ինձ։ Ես կասեի քեզ, թե որտեղ է այդ տեղը, որովհետև միանգամայն վստահում եմ քեզ, բայց վախենում եմ, որ մյուսները վիրավորվեն, որ նրանց չեմ ասում։ ― Իսկ քո պառավին վստահո՞ւմ ես,― հարցրեց նավաստին։ ― Ծովահենները,— պատասխանեց խոհարարը,— հազվադեպ են իրար վստահում և լավ են անում։ Բայց ինձ խաբելը հեշտ չէ։ Ով որ փորձի բանսարկություն անել ծեր Ջոնին, այս աշխարհում երկար չի ապրի, ոմանք, վախենում էին Պյուից, ոմանք՝ Ֆլինտից։ Իսկ ինձնից ինքը Ֆլինտն էր վախենում։ Վախենում և հպարտանում էր ինձնով․․․ նրա մարդիկ հանդուգն մարդիկ էին։ Ինքը սատանան էլ չէր համարձակվի այդ մարդկանց հետ բաց ծովում կռվի դուրս գալ։ Դու ինձ ճանաչո՞ւմ ես, այդ պատճառով էլ ես գլուխս չեմ գովի, ես բարեհոգի և ուրախ մարդ եմ, իսկ երբ բնակարանապետ էի, Ֆլինտի ծեր ծովահեններն ինձ ոչխարների պես լսում էին։ Օ-հո֊հո-հո՜, ի՞նչ կարգապահություն կար ծերունի Ջոնի նավում։ — Ճշմարիտ եմ ասում ձեզ,— խոստովանեց նավաստին,— մինչև այս խոսակցությունը, Ջոն, ձեր գործն ինձ դուր չէր գալիս, իսկ այժմ, ահա իմ ձեռքը, ես համաձայն եմ։ — Դու քաջ և խելոք տղա ես,— պատասխանեց Սիլվերը և այնպես ուժեղ սեղմեց նավաստու ձեռքը, որ իմ տակառը տատանվեց։— Դա այնպես լավ ծովահեն կդառնաս, որի նմանը ես դեռ երբեք չեմ տեսել։ Ես ակամայից վկա եղա, թե ինչպես հրապուրեցին ազնիվ նավաստուն, որ մտնի ավազակախմբի մեջ, գուցեև նավի վերջին ազնիվ նավաստուն։ Սակայն ես իսկույն կարողացա համոզվել, որ այդ նավաստին միակը չէ։ Սիլվերը կամաց շվացրեց, և տակառի մոտ էլի մեկը նստեց։ — Դիկն արդեն մերն է,— ասաց Սիլվերը։ — Ես գիտեի, որ նա մերը կլինի,— լսեցի ես երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը։— Դիկը հիմար մարդկանցից չէ։ Միառժամանակ նա լուռ ծամում էր ծխախոտը, ապա թքեց և դիմեց Երկարահասակ Ջոնին․ ― Ասա, Ազդր, մենք երկա՞ր պետք է նպարավաճառի նավակի նման շուռումուռ գանք։ Երդվում եմ որոտով, որ նավապետն ինձ բոլորովին ձանձրացրել է։ Բավական է, որքան ինձ հրամաններ տվեց։ Ես ուզում եմ ապրել նավապետի սենյակում, նրանց նրբահամ կերակուրներն ու գինիներն ինձ պետք են։ ― Իզրայել,— ասաց Սիլվերը,— քո գլուխը շատ էժան արժե, որովհետև նրա մեջ երբեք ուղեղ չի եղել։ Բայց լսել կարող ես, ականջներդ երկար են։ Ուրեմն լսիր. դու առաջվա նման պետք է քնես նավաստիների սենյակում, դու պետք է ուտես կոպիտ կերակուր, դու պետք է լինես հնազանդ, պետք է լինես քաղաքավարի և ոչ մի կաթիլ գինի չես խմի մինչև ես քեզ անհրաժեշտ խոսք չեմ ասի։ Ամեն բանում դու հույսդ ինձ վրա դիր, որդիս։ — Մի՞թե ես հրաժարվում եմ,— մռմռաց, երկրորդ ավագ նավաստին։— Ես միայն հարցնում եմ, ե՞րբ։ — Ե՞րբ,— գոռաց Սիլվերը։— Լա՛վ, ես կասեմ քեզ, թե երբ։ Որքան կարելի է ուշ, ահա թե երբ։ Նավապետ Սմոլետն առաջնակարգ ծովագնաց է, մեր շահի համար է նավը վարում։ Կալվածատերն ու բժիշկը մի քարտեզ ունեն, բայց ես գիտե՞մ արդյոք, թե որտեղ են թաքցնում այդ քարտեզը։ Դու էլ չգիտես։ Թող կալվածատերն ու բժիշկը գանձը գտնեն և օգնեն մեզ, որ նավը բարձենք։ Այն ժամանակ, մենք կտեսնենք։ Եթե ես վստահեի այդպիսի հոլանդական ցեղի, որպիսին դուք եք, ապա հնարավորություն կտայի նավապետ Սմոլետին մեզ ետ դարձնել մինչև ճանապարհի կեսը։ — Մենք ինքներս էլ վատ ծովագնացներ չենք,— առարկեց Դիկը։ — Ուզում ես ասել վատ նավաստիներ չենք,— ուղղեց Սիլվերը։— Մենք կարողանում ենք ղեկը վարել։ Իսկ ուղղությունն ո՞վ կհաշվի։ Այդ բանին ոչ ոք ձեզանից ընդունակ չէ, պարոններ։ Եթե իմ կամքը լինի, ապա ես թույլ կտայի նավապետ Սմոլետին վերադարձին հասցնել մեզ գոնե մինչև պասսատները։ Այն ժամանակ գոնե կիմանայի, որ ուղիղ ճանապարհով եմ գնում և որ ստիպված չենք լինի յուրաքանչյուրին օրական մի գդալ անուշ ջուր տալ։ Բայց ես գիտեմ, թե դուք ինչ ժողովուրդ եք։ Ստիպված կլինենք նրանց դատաստանն անել կղզու վրա, հենց որ գանձը կտեղափոխեն այստեղ, նավը։ Բայց շատ ափսո՜ս։ Իսկ դուք գիտեք միայն ագահությամբ հարձակվել խմիչքի վրա։ Ճշմարիտն ասած, իմ սիրտը ցավում է, երբ մտածում եմ, որ պետք է վերադառնամ ձեզ նման մարդկանց հետ։ — Կամաց, Երկարահասակ,— գոչեց Իզրայելը։— Չէ՞ որ քեզ հետ ոչ ոք չի վիճում։ — Մի՞թե ես մեծ նավեր քիչ եմ տեսել, որոնք իզուր խորտակվել են։ Մի՞թե ես քիչ եմ տեսել այնպիսի քաջեր, որոնց կախել են արևի տակ չորանալու,— բացականչեց Սիլվերը։— Իսկ ինչո՞ւ։ Նրա համար, որ շտապել են, շտապել են։ Լսեցեք ինձ. ես ճանապարհորդել եմ ծովի վրա և իմ կյանքում շատ բաներ եմ տեսել։ Եթե դուք կարողանայիք նավ վարել և կռվել քամիների դեմ, դուք բոլորդ վաղուց կառքով ման կգայիք։ Բայց ի՞նչ։ Ես ճանաչում եմ ձեզ։ Ռոմ եք լակում և կախաղան բարձրանում։ — Բոլորին հայտնի է, Ջոն, որ դու հռչակավոր ճոռոմախոս ես,— առարկեց Իզրայելը։— Բայց եղել են և ուրիշները, որոնք նավ վարելը քեզնից պակաս չեն իմացել։ Բայց նրանք իրենց հրամանատար չեն ձևացրել, իրենք քեֆ են արել, ուրիշներին էլ չեն խանգարել։ — Այո՛,— ասաց Սիլվերը։— Իսկ ո՞ւր են այժմ նրանք։ Այդպիսին էր Պյուն, որ մեռավ չքավորության մեջ, ողորմություն խնդրելով։ Ֆլինտն էլ այդպիսին էր, որ մեռավ ռոմից՝ Սավանայում։ Այո՛, դրանք հաճելի մարդիկ էին, ուրախ․․․ Միայն թե ո՞ւր են այժմ նրանք, ահա հարց․․․ — Ի՞նչ կանենք ''նրանց'',— հարցրեց Դիկը,— երբ ''նրանք'' մեր ձեռքն ընկնեն։ — Այ, այս մարդն իմ ճաշակի մարդ է,— հիացմունքով բացականչեց խոհարարը։— Դատարկ բաների մասին չի խոսում, գործի մասին է խոսում։ Քո կարծիքով ի՞նչ պիտի անել նրանց։ Իջեցնել որևէ անմարդաբնակ ծովա՞փ։ Այդպես կվարվեր Ինգլենդը։ Կամ մորթել ինչպես խոզերի՞։ Այդպես կվարվեր Ֆլինտը կամ Բիլի Բոնսը։ — Այո՛, Բիլին այդպիսի վարվելաձև ուներ,— ասաց Իզրայելը։— «Մեռելները չեն կծում»,— ասում էր նա։ Այժմ նա մեռած է և իր ասացվածքը կարող է փորձով ստուգել։ Այո՛, Բիլին այդ գործում վարպետ էր։ — Ճշմարիտ է,— ասաց Սիլվերը։— Բիլին այդ գործերում կտրիճ էր։ Ոչ ոքի չէր խնայում։ Իսկ ես բարեհոգի ջենտլմեն եմ։ Սակայն տեսնում եմ, որ գործը լուրջ է։ Պարտքն ամենից առաջ, տղերք։ Եվ ես ձայն եմ տալիս՝ սպանել։ Ես երբեք չեմ ցանկանում, որ ինձ վրա, երբ ես պառլամենտի անդամ կդառնամ և ոսկեզօծ կառքով ման կգամ, ընկնի, ինչպես սատանան վարդապետի վրա, այդ բարակաոտներից մեկը։ Հարկավոր է սպասել մինչև պտուղը հասնի։ Իսկ երբ նա հասնի, հարկավոր է քաղել։ ― Ջոն,— բացականչեց ավագ նավաստին,— դու հերոս ես, աստված վկա։ ― Այդ բանում դու կհամոզվես գործի մեջ, Իզրայել,— ասաց Սիլվերը։— Ես միայն մի՛ բան եմ պահանջում՝ զիջեցեք ինձ կալվածատեր Տրելոնուն։ Ես ուզում եմ իմ սեփական ձեռքերով կտրել նրա հորթի գլուխը․․․ Դի՛կ,— ավելացրեց նա հանկարծ։— Բարի եղիր, թռիր տակառի մեջ և ինձ համար մի խնձոր հանիր, կարծես թե կոկորդս չորանում է։ Կարող եք երևակայել իմ սարսափը։ Ես դուրս կցատկեի և կսկսեի վազել, եթե ուժերս ներեին, բայց սիրտս, ոտներս, ձեռներս միանգամից ինձ ծառայելուց հրաժարվեցին։ Դիկն արդեն ոտի էր ելել, երբ հանկարծ նրան կանգնեցրեց Գենդսի ձայնը․ — Ինչո՞ւ ես ուզում փտած խնձորը ծծել, Ջոն։ Ավելի լավ է ռոմ տուր մեզ։ ― Դի՛կ,― ասաց Սիլվերը,— ես վստահում եմ քեզ։ Այստեղ, իմ սենյակում մի տակառ եմ թաքցրել։ Ահա բանալին։ Մի կում, լցրու և բեր։ Չնայելով սարսափելի երկյուղին, ես, այնուամենայնիվ, այդ րոպեին մտածեցի, «Ահա թե պարոն Էրոուն որտեղից էր ռոմ ճարում»։ Հենց որ Դիկը հեռացավ, Իզրայելն ինչ֊որ մի բան շշնջաց խոհարարի ականջին։ Ես միայն երկու-երեք խոսք լսեցի, բայց այդ էլ բավական էր։ ― Մնացածներից ոչ ոք չի համաձայնում,— շշնջաց Իզրայելը։ Ուրեմն նավի վրա դեռևս մեզ հավատարիմ մարդիկ կան։ Երբ Դիկը վերադարձավ, երեքն էլ հերթով կուժը վերցրին և խմեցին, մեկը «բախտի կենացը», մյուսը՝ «ծերունի Ֆլինտի կենացը, իսկ Սիլվերը մինչև անգամ երգեց. ::Շահավետ քամու կենացը խմենք,<br> ::Բոլորս հարուստ և ուրախ լինենք։ Տակառի ներսը լուսավորվեց։ Վերև նայեցի և տեսա, որ լուսինը բարձրացել և արծաթաջրել է կայմը ու ծածանվող դրոշակը։ Այդ իսկ րոպեին հերթապահը ձայն տվեց․ — Ցամաք։ ==Գլուխ XII։ Ռազմական խորհուրդ== Տախտակամածը դոփյուններից դղրդաց։ Ես լսում էի, թե ինչպես մարդիկ դուրս էին գալիս սենյակներից, Տակառից դուրս գալով, ես անցա առաջնակայմի ետևը, երկու անգամ անցա նավի ետևի մասով, դուրս եկա տախտակամածը և Գենտերի ու բժիշկ Լիվսիի հետ վազեցի նավի առջևի մասը։ Բոլորն արդեն այստեղ էին։ Լուսնի երևալուց հետո մառախուղը միանգամից ցրվեց։ Հեռվում, հարավարևմտյան կողմում մենք տեսանք երկու ցածր բլուր, իսկ նրանց ետևից՝ երրորդը ավելի բարձր, որը դեռևս պատած էր մոխրագույն մշուշով։ Բոլոր բլուրներն էլ կոնաձև էին։ Ես նայում էի նրանց վրա որպես երազի մեջ, դեռևս սարսափից չէի սթափվել։ Հետո ես լսեցի նավապետ Սմոլետի ձայնը, որ հրամաններ էր տալիս։ «Իսպանոլան» մոտենում էր կղզուն արևելյան կողմից։ ― Տղերք,— ասաց նավապետը, երբ նրա բոլոր հրամանները կատարված էին,— ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է կղզին առաջ։ ― Ես տեսել եմ, պարոն,— ասաց Սիլվերը։— Երբ ես առևտրական նավում խոհարարի պաշտոն էի կատարում, մենք այնտեղից անուշ ջուր վերցրինք։ ― Երևի խարիսխ ձգելու ամենահարմար տեղը հարավային կողմն է, այս փոքրիկ կղզու ետևում, այնպես չէ՞,— հարցրեց նավապետը։ ― Այո՛, պարոն։ Այդ փոքրիկ կղզին կոչվում է Կմախքի կղզի։ Առաջ այստեղ միշտ կանգ էին առնում ծովահենները, և մեր նավից մի նավաստի գիտեր այն բոլոր անունները, որ ծովահենները տվել էին կղզու վրա գտնված տեղերին։ Ա՛յ, այն հյուսիսային կողմի սարը կոչվում է Առաջնակայմ, մյուսը՝ Միջնակայմ։ Միջնակայմը, այն բարձր սարը, որ ծածկված է մշուշով, հաճախ անվանում են Հեռադիտակ, որովհետև ծովահեննրը, երբ այստեղ կանգնել, իրենց նավերն էին նորոգում, նրա վրա դիտակայան էին սարքել։ Նրանք, սովորաբար, այստեղ նորոգում էին իրենց նավերը։ Ներողություն եմ խնդրում պարոն։ — Ես քարտեզ ունեմ,— ասաց նավապետ Սմոլետը։— Նայեցե՛ք, սա այն կղզի՞ն է։ Երբ քարտեզն ընկավ Երկարահասակ Ջոնի ձեռքը, նրա աչքերը փայլատակեցին, բայց հուսախաբությունը միանգամից շշմեցրեց նրան։ Սա այն քարտեզը չէր, որ մենք գտել էինք Բիլի Բոնսի սնդուկում, նրա պատճենն էր, որի վրա նշանակված էին տեղերի անունները, ծովի ծանծաղուտներն ու խորությունները, բայց առանց երեք կարմիր խաչերի և ձեռագրի դիտողությունների։ Այնուամենայնիվ, չնայած իր վրդովմունքին, Սիլվերն իրեն զսպեց և չմատնեց։ — Այո՛, պարոն,— ասաց նա։— Եվ շատ լավ է նկարված։ Հետաքրքրական է իմանալ, թե ո՞վ կարող էր նկարել այս քարտեզը։ Ծովահեններն անգրագետ մարդիկ են։ Ահա և նավապետ Կիդի կայանը, այդպես է անվանել և իմ ընկեր նավաստին։ Այստեղ ուժեղ հոսանք կա դեպի հարավ։ Հետո, արևմտյան ափին, հոսանքը շրջվում է դեպի հյուսիս։ Դուք ճիշտ եք արել, պարոն,— շարունակեց նա,— որ բռնել եք ուղիղ քամու դեմ։ Եթե դուք ուզում եք մտնել ծովախորշը, կանգնելու համար դրանից ավելի հարմար տեղ չեք գտնի։ — Շնորհակալ եմ,— ասաց նավապետ Սմոլետը։― Եթե օգնության կարիք լինի, ես կրկին ձեզ կդիմեմ։ Կարող եք գնալ։ Ես ապշեցի, թե ինչպես Ջոնն այդպիսի սառնասրտությամբ, հայտնաբերեց իր կղզուն ծանոթ լինելը։ Ճիշտն ասած, ես վախեցա, երբ տեսա, որ նա մոտենում է ինձ։ Իհարկե, նա չգիտեր, որ ես նստած եմ եղել տակառի մեջ և բոլորը լսել եմ։ Այնուամենայնիվ, իր դաժանությամբ, երկերեսանիությամբ և նավի անձնակազմի վրա ունեցած իշխանությամբ նա այնպիսի սարսափ էր տարածել ինձ վրա, որ ես չկարողացա չցնցվել, երբ ձեռքը դրավ ուսիս։ — Այս կղզին վատ տեղ չէ,— ասաց նա։— Վատ տեղ չէ փոքրիկ տղայի համար։ Դու կլողանաս, ծառ կբարձրանաս, վայրի այծեր կորսաս։ Ինքդ էլ այծի նման կսլանաս սարերի վրա։ Ճիշտ եմ ասում, որ նայում եմ այս սարերին, երիտասարդանում եմ և իմ փայտե ոտի մասին մոռանում։ Լավ է երեխա լինել և ոտներին տասը մատ ունենալ։ Եթե դու ցանկանաս գնալ և ծանոթանալ կղզուն, ասա ծերունի Ջոնին, նա քեզ համար նախաճաշ կպատրաստի։ Եվ բարեկամաբար խփելով ասիս, կաղալով հեռացավ։ Նավապետ Սմոլետը, կալվածատերը և բժիշկ Լիվսին նավի ետնամասին խոսում էին ինչ֊որ բանի մասին։ Ես ցանկանում էի որքան կարելի է շուտով հայտնել նրանց այն բոլորը, ինչ որ ինձ հաջողվել էր լսել։ Սակայն ես վախենում էի բոլորի ներկայությամբ ընդհատել նրանց խոսակցությունը։ Ես թափառում էի նրանց շուրջը, մտածելով, թե ինչ ձևով սկսեմ խոսել, երբ հանկարծ բժիշկ Լիվսին ինձ իր մոտ կանչեց։ Նա իր ծխամորճը մոռացմամբ թողել էր ներքևում և ուզում էր ինձ ուղարկել, որ բերեմ, որովհետև երկար ժամանակ առանց ծխելու չէր կարողանում մնալ։ Բայց մոտենալով նրան այնքան, որ ոչ ոք չկարողանա լսել, ես շշնջացի․ ― Բժիշկ, ես ուզում եմ ձեզ հետ խոսել։ Թող նավապետը և կալվածատերը իջնեն նավասենյակ, հետո որևէ պատճառով կանչեցեք ինձ։ Ես ձեզ սարսափելի նորություններ կհայտնեմ։ Բժշկի դեմքը թեթևակի այլայլվեց, բայց իսկույն նա տիրապետեց իրեն։ — Շնորհակալ եմ, Ջիմ, հենց այդ էի ուզում իմանալ,— ասաց նա, ձևացնելով, իբր թե անմիջապես ինձ ինչ֊որ հարց է տվել։ Հետո դարձավ դեպի կալվածատերն ու նավապետը։ Նրանք շարունակում էին միանգամայն հանդարտ խոսել, իրենց ձայնը չբարձրացնելով, սակայն ես հասկացա, որ բժիշկ Լիվսին իմ ասածն արդեն հայտնել է նրանց։ Հետո նավապետը հրամայեց Ջոբ Էնդերսոնին բոլոր մարդկանց տախտակամած կանչել։ ― Տղերք,— նավաստիներին դիմելով, ասաց նավապետ Սմոլետը,— ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Դուք ձեր առաջ տեսնում եք ցամաք։ Այդ ցամաքն այն կղզին է, ուր մենք պիտի գայինք։ Դուք բոլորդ գիտեք, թե ինչ առատաձեռն մարդ է պարոն Տրելոնին։ Նա ինձ հարցրեց, ճանապարհին լա՞վ էին աշխատում արդյոք նավաստիները։ Եվ ես պատասխանեցի, որ յուրաքանչյուր նավաստի եռանդով էր կատարում իր պարտքը ու երբեք չեմ ցանկացել, որ նրանք ավելի լավ աշխատեն։ Պարոն Տրելոնին, ես և բժիշկը գնում ենք նավասենյակ, որ խմենք ձեր կենացը, ձեր հաջողության կենացը, իսկ ձեզ այստեղ կտան փունջ, որպեսզի դուք կարողանաք խմել մեր և մեր հաջողության կենացը։ Եթե դուք ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա ես կասեմ, որ կալվածատերը, մեզ հյուրասիրելով, շատ սիրալիր վերաբերմունք ցույց տվեց։ Առաջարկում եմ նրա պատվին ուռա գոչել։ Տարօրինակ չէր, որ բոլորն էլ ուռա դոչեցին։ Սակայն՝ այդ ուռան այնքան սրտալի ու միաբերան հնչեց, որ, խոստովանում եմ, ես հազիվ կարողացա այն րոպեին հավատալ, որ այդ նույն մարդիկ պատրաստվում են մեզ բոլորիս սպանել։ — Ուռա՜ նավապետ Սմոլետին,— աղաղակեց Երկարահասակ Ջոնը, երբ առաջին ուռան լռեց։ Այս անգամ էլ բոլորը միաբերան ուռա գոչեցին։ Երբ ընդհանուր ուրախությունը եռում էր, նավապետը, կալվածատերն ու բժիշկը նավասենյակ իջան։ Քիչ հետո նրանք մարդ ուղարկեցին, որ կանչեն Ջիմ Հոկինսին։ Երբ ներս մտա, նրանք նստել էին սեղանի քուրջը։ Նրանց առջև դրված էր մի շիշ իսպանական գինի և մի ափսե չամիչ։ Բժիշկը, կեղծամը ծնկներին դրած, ծխում էր, իսկ դա, ինչպես ես գիտեի, նշանակում էր, որ նա շատ հուզված է։ Գիշերը շոգի պատճառով պատուհանը բաց էր։ Լուսնի լույսի մի շերտ ընկած էր նավի ետևի մասում։ — Դե, Հոկինս,— ասաց կալվածատերը,— դու ուզում ես ինչ-որ բան հայտնել մեզ։ Խոսի՛ր։ Ես համառոտ կերպով հաղորդեցի նրանց այն բոլորը, ինչ որ լսել էի տակառի մեջ նստած ժամանակ։ Նրանք ինձ չէին ընդհատում, մինչև որ վերջացրի։ Նրանք չէին շարժվում, աչքերն իմ դեմքից չէին հեռացնում։ — Ջիմ,— ասաց բժիշկ Լիվսին,— նստի՛ր։ Նրանք ինձ նստեցրին սեղանի մոտ, մի բաժակ գինի տվին, բուռս չամիչ չցրին և բոլորն էլ հերթով ողջունելով, խմեցին իմ կենացը, իմ բախտավորության, իմ քաջության կենացը։ — Այո՛, նավապետ,— ասաց կալվածատերը,— Դուք ճշմարիտ էիք։ Խոստովանում եմ, որ ես էշ եմ և սպասում եմ ձեր կարգադրություններին։ — Ես նույնպիսի էշ եմ, պարոն,— առարկեց նավապետը։— Առաջին անգամ եմ այնպիսի անձնակազմ տեսնում, որը պատրաստվում է ապստամբության և իրեն այնպես հնազանդ ու օրինակելի է պահում։ Եթե ուրիշ անձնակազմ լիներ, ես վաղուց գլխի կընկնեի և նախազգուշության միջոցներ ձեռք կառնեի։ Բայց սրանք ինձնից խորամանկ դուրս եկան։ — Նավապետ,— ասաց բժիշկը,― խորամանկությամբ գերազանցել է ձեզ Ջոն Սիլվերը, նա հռչակավոր մարդ է։ — Նա ավելի հռչակավոր կլիներ, եթե առագաստափայտի վրա ճոճվեր,— առարկեց նավապետը։— Սակայն այդ բոլոր խոսակցություններն այժմ ավելորդ են։ Բոլոր ասածներից ես մի շարք եզրակացություններ եմ արել։ Եթե պարոն Տրելոնին թույլ տա, ես կասեմ։ — Դուք այստեղ նավապետ եք, պարոն, կարգադրեցեք,— վեհությամբ պատասխանեց պարոն Տրելոնին։ — Նախ և առաջ,— հայտնեց պարոն Սմոլետը,— մենք պետք է շարունակենք այն բոլորը, ինչ որ սկսել ենք, որովհետև նահանջի ճանապարհը կտրված է։ Եթե ես վերադարձի մասին ծպտուն հանեմ, նրանք իսկույն կապստամբեն։ Երկրորդը, մենք դեռ ժամանակ ունենք, առնվազն այնքան ժամանակ, մինչև կգտնենք գանձը։ Երրորդը, անձնակազմի մեջ դեռ կան մեզ հավատարիմ մարդիկ։ Վաղ, թե ուշ, մենք պետք է այդ ավազակախմբի հետ կռվի դուրս գանք։ Ես առաջարկում եմ ցույց չտալ, որ նրանց մտադրությանը գիտենք, այլ հարձակվել նրանց վրա առաջինը, անակնկալ կերպով, երբ նրանք դեռ չեն սպասում։ Ինձ թվում է, որ մենք կարող ենք հույս դնել ձեր ծառաների վրա, այնպես չէ՞, պարոն Տրելոնի։ — Ինչպես ինձ վրա,— հայտնեց կալվածատերը։ — Նրանք երեք հոգի են,— ասաց նավապետը։— Մենք էլ երեք, Հոկինսն էլ՝ այ քեզ արդեն յոթ հոգի։ Իսկ անձնակազմից ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել։ — Երևի նրանց վրա, որոնց ինքը, նավապետն է վարձել, առանց Սիլվերի օգնության։ — Ո՛չ,— առարկեց Տրելոնին։— Հենդսին էլ ես եմ վարձել, այնինչ․․․ — Ես էլ լրիվ չափով չեմ վստահում նրան,— խոստովանեց նավապետը։ — Եվ բոլորն էլ անգլիացի են,— բացականչեց կալվածատերը։— Ճշմարիտ, պարոն, ես ցանկանում եմ նավը պայթեցնել։ — Եվ այդպես, պարոններ,— շարունակեց նավապետը,— ահա թե ինչ կարող եմ առաջարկել։ Մենք պետք է զգույշ լինենք և սպասենք հարմար դեպքի։ Համաձայն եմ, որ դա այնքան հեշտ չէ։ Ավելի հաճելի կլիներ, եթե նրանց վրա հարձակվեինք իսկույն։ Սակայն մենք ոչ մի բան չենք կարող նախաձեռնել, մինչև չիմանանք, թե անձնակազմից ով է մեզ հավատարիմ։ Պետք է զգույշ լինել և սպասել ահա՝ ահա բոլորը, ինչ կարող եմ առաջարկել։ — Այժմ ամենից շատ օգուտ կարող է բերել մեզ համար Ջիմը,— ասաց բժիշկը։— Նավաստիները նրանից չեն քաշվում, իսկ Ջիմը դիտող տղա է։ — Հոկի՛նս, ես քեզ միանգամայն վստահում եմ,— ավելացրեց կալվածատերը։ Խոստովանում եմ, որ ես շատ վախենում էի, որ նրանց վստահությանը չարդարացնեմ։ Բայց դեպքերն այնպես դասավորվեցին, որ ես իսկապես փրկեցի նրանց կյանքը։ Քսանվեց մարդուց մենք առայժմ կարող ենք հույս դնել միայն յոթ հոգու վրա։ Եվ յոթ հոգուց մեկը ես էի՝ երեխա։ Եթե հաշվենք միայն մեծահասակներին, մենք վեց հոգի էինք՝ տասնինի դեմ։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Գանձերի կղզին
(section)
Add topic