Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== VII. Հարցաքննությունը === Դուրս գալով ճաշասենյակից՝ Վիլֆորն իսկույն իր դեմքից վար առավ ուրախության դիմակը և ընդունեց այնպիսի մարդու հանդիսավոր տեսք, որի վրա դրված է իր մերձավորի բախտը վճռելու բարձր պարտականությունը։ Սակայն, չնայած իր դեմքի դյուրափոփոխությանը, մի հատկություն, որ նա վարպետ դերասանի պես ձեռք էր բերել հայելու առաջ, այս անգամ նրա համար դժվար եղավ հոնքերը կիտել ու ճակատը մռայլել։ Եվ հիրավի, եթե չհաշվենք հոր քաղաքական անցյալը, որ կարող էր վնասել նրա կարիերային, եթե ինքը վճռականորեն չսահմանազատվեր դրանից, Ժերար դր Վիլֆորն այդ պահին այնպես երջանիկ էր, ինչպես միայն մարդ կարող է լինել. ունենալով պատկառելի հարստություն, նա քսանյոթ տարեկան հասակում աչքի ընկնող պաշտոն էր գրավում դատական աշխարհում, փեսացուն էր մի դեռատի ու գեղեցիկ աղջկա, որին սիրում էր ոչ թե կրքի, այլ բանականության թելադրությամբ։ Օրիորդ դը Սեն-Մերանը, բացի գեղեցիկ լինելուց, պատկան ում էր մի ընտանիքի, որը մեծ շնորհ էր վայելում արքունիքում։ Բացի իր ծնողների այն կապերից, որ նրանք, այլ զավակներ չունենալով, կարող էին լիովին օգտագործել իրենց փեսայի ձգտումների իրականացման համար, հարսնացուն բերում էր նրան հիսուն հազար էկյու օժիտ, որին, նկատի առնելով սպասելիքը (ահավոր բառ, որ մոգոնել են խնամախոսուհիները) ժամանակին կարող էր ավելանալ կեսմիլիոնանոց մի ժառանգություն։ Այդ ամենը միասին վերցրած կազմում էր երջանկության այնքան շլացուցիչ մի հանրագումար, որ Վիլֆորը արևի վրա էլ բծեր էր գտնում, եթե մինչ այդ ներքին հայացքով երկար նայում էր իր հոգուն։ Դռան մոտ նրան սպասում էր ոստիկանական կոմիսարը։ Այդ մռայլ անձնավորության տեսքը նրան ստիպեց յոթերորդ երկնքից իջնել այս փուչ երկիրը, որի վրա մենք քայլում ենք։ Նա իր դեմքին տրվեց պատշաճ արտահայտություն և մոտեցավ ոստիկանին։ — Ես պատրաստ եմ,— ասաց նա։— Նամակը կարդացի, լավ եք արել, որ ձերբակալել եք այդ մարդուն։ Հիմա հայտնեցեք ինձ այն բոլոր տեղեկությունները, որ կարողացել եք հավաքել նրա և դավադրության մասին։ — Դավադրության մասին մենք դեռ ոչինչ չգիտենք, նրա մոտ հայտնա-բերված բոլոր թղթերը կնքված են մի ծրարի մեջ և գտնվում են ձեր սեղանի վրա։ Ինչ վերաբերում է իրեն՝ մեղադրյալին, նրա անունն է, ինչպես դուք բարեհաճել եք իմանալ ամբաստանագրից, Էդմոն Դանտես, որպես նավապետի օգնական ծառայում է «Փարավոն» եռակայմ նավի վրա, որը բամբակ է փոխադրում Ալեքսանդրիայից ու Իզմիրից և պատկանում է Մարսելի «Մորել և Որդի» առևտրական տանը։ — Մինչև առևտրական նավի վրա աշխատանքի անցնելը նա ծառայել է նավատորմում։ — Օ, ոչ, նա բոլորովին երիտասարդ է։ — Քանի՞ տարեկան։ — Տասնինը-քսան, ոչ ավելի։ Երբ Վիլֆորը Գրանրյու փողոցն անցնելով արդեն հասնում էր իր տանը, նրան մոտեցավ մի մարդ, որ ըստ երևույթին սպասում էր նրան։ Այդ մարդը պր-ն Մորելն էր։ — Պարոն դը Վիլֆոր,— գոչեց նա,— ինչ լավ է, որ ձեզ տեսա։ Պատկերացրեք, սարսափելի սխալ է կատարվել, ձերբակալել են իմ նավապետի օգնա-կանին, Էդմոն Դանտեսին։ — Գիտեմ,— պատասխանեց Վիլֆորը,— ես գնում եմ հենց նրան հարցաքննելու։ — Պարոն Վիլֆոր,— շարունակեց Մորելը եռանդագին,— դուք չեք ճանաչում մեղադրյալին, իսկ ես ճանաչում եմ։ Պատկերացրեք, ամենախաղաղ, ամենաազնիվ և, ես կասեի, ամբողջ առևտրական նավատորմում իր գործն ամենից լավ իմացող մարդուն... Պարոն դը Վիլֆոր, հոգաչափ խնդրում եմ, լավ աչքերով նայեք նրան։ Վիլֆորը, ինչպես մենք արդեն տեսանք, պատկանում էր արիստոկրատական լագերին, իսկ Մորելը՝ պլեբեյական. առաջինը ծայրահեղ ռոյալիստ էր, իսկ երկրորդին կասկածում էին գաղտնի բոնապարտիզմի մեջ։ Վիլֆորը արհամարհանքով նայեց Մորելին և սառնորեն ասաց. — Դուք գիտեք, պարոն, որ կարելի է լինել խաղաղ՝ ընտանեկան շրջանում, ազնիվ՝ առևտրական հարաբերությունների մեջ, կարելի է գործը լավ իմանալ և, այնուամենայնիվ, հանցագործ լինել քաղաքական տեսակետից։ Վիլֆորը շեշտեց վերջին բառերը, կարծես թե ակնարկելով իրեն՝ Մորելին։ Նրա զննող հայացքը ջանում էր թափանցել այդ մարդու սրտի խորքը, մի մարդու, որ հանդգնում էր խնդրել ուրիշի համար, թեև չէր կարող չիմանալ, թե հենց ինքը ներողամտության կարիք է զգում... Մորելը կարմրեց, քանզի նրա խիղճը այնքան էլ մաքուր չէր քաղաքական համոզմունքների տեսակետից, ըստ որում Դանտեսի հայտնած այն գաղտնիքը, թե ինչպես էր տեսակցել մարշալի հետ և կայսրն ինչ խոսքեր էր ասել իրեն, խռովում էր նրա միտքը։ Սակայն նա անկեղծ կարեկցանքով ասաց. — Աղաչում եմ, պարոն Վիլֆոր, եղեք արդարադատ, ինչպես պարտ եք լինել, ու բարի, ինչպես միշտ եղել եք, և խեղճ Դանտեսին շուտ վերադարձրեք մեզ։ Թագավորական դատախազի օգնականին թվաց, թե այդ «վերադարձրեք մեզ» բառերի մեջ հեղափոխական հնչերանգ է լսում։ «Ահա՜ թե ինչ,— մտածեց նա։— «Վերադարձրեք մեզ»... Արդյոք այդ Դան-տեսը կարբոնարիների որևէ աղանդի չի՞ պատկանում, եթե նրա հովանավորն այսպես անզգուշաբար խոսում է հոգնակի թվով։ Հիշում եմ, կոմիսարն ասաց, թե նրան ձերբակալել են պանդոկում, այն էլ մի մեծ խմբի մեջ նստած ժամանակ։ Դա որևէ մասոնական գաղտնի հավաքատուն է»։ Ապա շարունակեց բարձրաձայն. — Կարող եք միանգամայն հանգիստ լինել, պարո՛ն, և դուք իզուր չեք արդարություն խնդրում, եթե մեղադրյալը մեղավոր չէ. իսկ եթե, ընդհակառակը, մեղավոր է, ապա պետք է ասեմ, որ մենք ծանր ժամանակներում ենք ապրում, և անպատիժ թողնելը կարող է կործանարար օրինակ դառնալ։ Ուստի ես ստիպված պետք է լինեմ պարտքս կատարել։ Նա գլուխ տվեց սառն քաղաքավարությամբ և սիգապանծորեն մտավ իր տունը, որը դատարանի շենքին կից էր, իսկ խեղճ նավատերը քարացածի պես մնաց փողոցում կանգնած։ Նախասենյակը լցված էր ժանդարմներով ու ոստիկաններով։ Նրանց մեջտեղում, ատելավառ հայացքներով շրջապատված, հանգիստ ու անշարժ կանգնած էր կալանավորը։ Նախասենյակի միջով անցնելիս Վիլֆորը աչքի տակով նայեց Դանտեսին և, ոստիկաններից մեկի ձեռքից մի թղթածրար վերցնելով, անհետացավ դռներից մեկի հետևում, ներս մտնելիս ասելով. — Կալանավորին ներս բերեք։ Որքան էլ թռուցիկ եղած լիներ կալանավորի վրա Վիլֆորի նետած հայացքը, նա արդեն կարողացել էր գաղափար կազմել այն մարդու մասին, որին հարցաքննելու էր։ Դանտեսի լայն ու բաց ճակատի վրա նա նշմարել էր խելք, սևեռուն հայացքի և կիտած հոնքերի տակ՝ արիություն, արդարացիություն էր տեսել նրա հաստլիկ ու կիսաբաց շրթունքների վրա, որոնց տակից փայլում էին փղոսկրի պես սպիտակ ատամները։ Առաջին տպավորությունը բարենպաստ էր Դանտեսի համար։ Սակայն Վիլֆորը հաճախ լսել էր, թե քաղաքական իմաստությունը պահանջում է չենթարկվել առաջին պոռթկումին, քանզի դա միշտ սրտի ձայնն է լինում։ Եվ նա այդ կանոնին ենթարկեց նաև առաջին տպավորությունը, մոռանալով տպավորության և պոռթկումի տարբերությունը։ Նա խեղդեց այն բարի զգացմունքները, որ ջանում էին խուժել իր սիրտը՝ այնտեղից իրեն տիրելու համար, հայելու առաջ հանդիսավոր տեսք ընդունեց և, մռայլ ու ահարկու, նստեց իր գրասեղանի առջև։ Մի րոպե հետո ներս մտավ Դանտեսը։ Նա առաջվա պես գունատ էր, բայց և հանգիստ ու սիրալիր։ Անբռնազբոս քաղաքավարությամբ նա գլուխ տվեց իր դատավորին, ապա սկսեց աչքերով աթոռ որոնել, ասես թե գտնվում էր նավատեր Մորելի հյուրասենյակում։ Նա միայն այժմ նկատեց Վիլֆորի անկենդան հայացքը, մի հայացք, որ հատուկ է արդարադատության պահապաններին, որոնք չեն ցանկանում, որ որևէ մեկը կարդա իրենց մտքերը, և այդ պատճառով էլ իրենց աչքերն անթափանցելի ապակիներ են դարձնում։ Այդ հայացքը Դանտեսին զգալ տվեց, որ կանգնած է դատարանի առաջ։ — Ո՞վ եք դուք և ի՞նչ է ձեր անունը,— հարցրեց Վիլֆորը, աչքի անցկացնելով այն թղթերը, որ նրան հանձնել էին նախասենյակում։ Ընդամենը մի ժամվա մեջ գործը կարողացել էր մի ստվար տետր դառնալ. լրտեսության ախտն այդպես արագ է քայքայում մեղադրյալ կոչվածի դժբախտ մարմինը։ — Անունս է Էդմոն Դանտես,— հանգիստ ու հնչեղ ձայնով պատասխանեց պատանին,— «Մորել և Որդի» ձեռնարկությանը պատկանող «Փարավոն» նավի նավապետի օգնականն եմ։ — Քանի՞ տարեկան եք,— շարունակեց Վիլֆորը։ — Տասնինը,— պատասխանեց Դանտեսը։ — Ի՞նչ էիք անում, երբ ձեզ ձերբակալեցին։ — Բարեկամներիս հետ ճաշի էի նստած իմ նշանադրության առթիվ,— պատասխանեց Դանտեսը փոքր-ինչ դողացող ձայնով, այնքան որ տանջալից էր հակադրությունը նշանադրության ուրախ հանդեսի այդ րոպեին տեղի ունեցող արարողության, ինչպես և Վիլֆորի խոժոռած դեմքի ու Մերսեդեսի լուսաշող ու փոքրիկ երեսի միջև։ — Ձեր նշանադրությա՞ն առթիվ,— կրկնեց դատախազի օգնականը ակամա ցնցվելով։ — Այո, ես ամուսնանում եմ մի աղջկա հետ, որին արդեն երեք տարի է սիրում եմ։ Վիլֆորին, հակառակ նրա սովորական անդյուրազգացությանը, զարմանք պատճառեց այդ զուգադիպությունը, և պատանու հուզված ձայնը կարեկցանք շարժեց նրա հոգում։ Նա նույնպես սիրում էր իր հարսնացուին, նույնպես երջանիկ էր, և ահա խանգարել էին իր ուրախությունը, որպեսզի գար խորտակելու երջանկությունը մի մարդու, որն իր պես այնքան մոտ էր եղել երանությանը։ «Այսպիսի փիլիսոփայական զուգադրությունը,— մտածեց նա,— մեծ հա-ջողություն կունենա մարքիզուհի Սեն-Մերանի հյուրասենյակում»։ Եվ մինչ Դանտեսը սպասում էր հետագա հարցերին, նա իր մտքում այնպիսի անտիթեզեր էր որոնում, որոնցից հռետորները փայլուն ֆրազներ են կառուցում, որ ասվում են ծափեր շահելու համար և երբեմն իսկական պերճախոսության տեղ են ընդունվում։ Իր մտքի մեջ մի գեղեցիկ բաժակաճառ հորինելուց հետո Վիլֆորը ժպտաց ու դառնալով Դանտեսին՝ ասաց. — Շարունակեք։ — Իսկ ի՞նչը շարունակեմ։ — Իրազեկ դարձրեք արդարադատությանը։ — Թող արդարադատությունն ինձ ասի, թե ինչի՞ մասին կուզեք իրազեկ դառնալ, և ես նրան կասեմ այն ամենը, ինչ գիտեմ։ Միայն թե,— ավելացրեց նա ժպտալով,— նախազգուշացնում եմ, որ քիչ բան գիտեմ։ — Դուք ծառայե՞լ եք ուզուրպատորի օրոք։ — Ինձ պետք է ընդունեին ռազմական նավատորմ, երբ նա գահից ընկավ։ — Ասում են, քաղաքական խիստ ծայրահեղ համոզմունքների տեր եք,— ասաց Վիլֆորը, որին ոչ ոք ոչինչ չէր ասել այդ մասին, բայց ինքը որոշեց, համենայնդեպս, այդ հարցը տալ որպես մեղադրանք։ — Իմ քաղաքական համոզմունքները... Ավա՜ղ, ամոթ է խոստովանել, ես երբեք չեմ ունեցել այն, ինչը կոչվում է քաղաքական համոզմունքներ։ Ես ընդամենը տասնինը տարեկան եմ, ինչպես արդեն պատիվ ունեցա ձեզ զեկուցելու։ Ես ոչինչ չգիտեմ, ոչ մի աչքի ընկնող դիրք գրավել չեմ կարող։ Այն ամենի համար, ինչ որ ես ինքս ինձնից ներկայացնում եմ և ինչ որ կարող եմ դառնալ, եթե ինձ տան փափագածս պաշտոնը, պարտական պիտի լինեմ միայն պարոն Մորելին։ Ուստի իմ բոլոր, և այն էլ ոչ թե քաղաքական, այլ անձնական համոզմունքները հանգում են երեք զգացմունքի, սիրում եմ հորս, հարգում պարոն Մորելին և պաշտում Մերսեդեսին։ Ահա, ողորմա՛ծ տեր, այն ամենը, որ կարող եմ հայտնել արդարադատությանը։ Ինչպես տեսնում եք, այդ ամենը նրա համար շատ քիչ է հետաքրքրական։ Մինչ Դանտեսը խոսում էր, Վիլֆորը նայում էր նրա ազնիվ, բաց դեմքին, և ակամա մտաբերեց Ռենեի խոսքերը, որը, առանց մեղադրյալին ճանաչելու, խնդրել էր ներողամիտ լինել նրա նկատմամբ։ Ընտելացած լինելով գործ ունենալ հանցագործության ու հանցագործների հետ, դատախազի օգնականը Դանտեսի ամեն մի խոսքի մեջ տեսնում էր նրա անմեղության նոր ապացույց։ Եվ իրոք, այդ պարզասիրտ, անկեղծ պատանին, գրեթե տղան, որը պերճախոս էր սրտի թելադրած այն պերճախոսությամբ, որ փնտրելիս երբեք չի գտնվում, որը սիրով էր լցված բոլորի նկատմամբ, քանզի երջանիկ էր, իսկ երջանկությունը նույնիսկ ամենաչար մարդկանց դարձնում է բարի, ահա այդ պատանին մինչև իսկ իր դատավորի վրա զեղում էր այն քնքշությունն ու բարությունը, որոնցով լեփ-լեցուն էր նրա հոգին։ Վիլֆորը նրա նկատմամբ խիստ էր ու դաժան, իսկ Էդմոնի հայացքի, ձայնի ու շարժումների մեջ չկար ոչինչ, բացի իրեն հարցաքննողի նկատմամբ տածած բարյա-ցակամությունից։ «Ե՜ս իմ հոգին,— մտածեց Վիլֆորը,— լավ տղա է, և հուսով եմ, որ ինձ համար դժվար չի լինել ու գոհացնել Ռենեին՝ կատարելով նրա առաջին խնդրանքը։ Դրա շնորհիվ նա բոլորի ներկայությամբ երախտագիտաբար կսեղմի ձեռքս, իսկ մի ծածուկ տեղ էլ կարժանանամ իր սիրավառ համբույրին»։ Այդ քաղցրիկ հույսից Վիլֆորի դեմքը պայծառացավ, և, երբ իր մտքերից կտրված նա հայացքը դարձրեց Դանտեսի վրա, ապա Դանտեսը, որ հետևում էր նրա դեմքի բոլոր փոփոխություններին, նույնպես ժպտաց. — Դուք թշնամիներ ունե՞ք,— հարցրեց Վիլֆորը։ — Թշնամինե՞ր,— ասաց Դանտեսը։— Ես, բարեբախտաբար, այնքան ան-նշան մարդ եմ, որ չեմ կարողացել թշնամիներ վաստակել։ Գուցե ես մի քիչ տաքարյուն եմ, սակայն ստորադրյալներիս հետ գործ ունենալիս շարունակ ջանացել եմ ինձ զսպել։ Իմ հրամանատարության տակ տասը-տասներկու նավաստի կա. հարցրեք նրանց, ողորմած տեր, և նրանք կասեն, որ ինձ սիրում ու հարգում են ոչ թե հոր պես, ես դեռ շատ երիտասարդ եմ այդպիսին լինելու համար, այլ ավագ եղբոր պես։ — Եթե ոչ թշնամիներ, ապա թերևս, նախանձողներ ունեք։ Դուք ընդամենը տասնինը տարեկան եք, իսկ ձեզ նավապետ են նշանակում. դա բարձր պաշտոն է ձեր դիրքի համար։ Դուք ամուսնանում եք գեղեցիկ աղջկա հետ, որը ձեզ սիրում է, իսկ դա հազվադեպ երջանկություն է ամեն դիրքի մարդու համար։ Ահա և նախանձողներ ունենալու երկու պատճառ։ — Այո՛, իրավացի եք։ Դուք երևի ինձնից լավ եք ճանաչում մարդկանց. թերևս, հենց այդպես է։ Բայց եթե այդ նախանձողներն իմ ընկերներից են, ապա ես գերադասում եմ չիմանալ, թե ովքեր են, որպեսզի ստիպված չլինեմ նրանց ատել։ — Սխալվում եք։ Հարկավոր է, որ մարդ որքան կարելի է պարզ տեսնի իր շրջապատը։ Եվ, ճշմարիտն ասած, դուք ինձ այնքան արժանավոր երիտա-սարդ եք թվում, որ ձեզ համար մտադիր եմ զանց առնել արդարադատության սովորական կանոնները և ձեզ օգնել պարզելու ճշմարտությունը... Ահա այն ամբաստանագիրը, որ մեղադրանք է բարդում ձեզ վրա։ Գիրը ծանո՞թ է ձեզ։ Վիլֆորը գրպանից հանեց նամակը և մեկնեց Դանտեսին։ Դանտեսը նայեց, կարդաց նամակը, ճակատը խոժոռեց ու ասաց. — Ոչ, այս ձեռագիրը չեմ ճանաչում։ Կեղծված է, բայց բավական վարժ է գրված։ Ինչևիցե, վարպետ ձեռք է գրել այս նամակը։ Ես շատ երջանիկ եմ,— ավելացրեց նա՝ երախտագիտությամբ նայելով Վիլֆորին,— որ գործ ունեմ ձեզ նման մարդու հետ, որովհետև իսկապես այդ նախանձողը իսկական թշնամի է։ Այդ խոսքերն ասելիս պատանու աչքերում փայլատակած շանթիս Վիլֆորը հասկացավ, թե որքան հոգեկան կորով կա թաքնված արտաքին հեզության ներքո։ — Իսկ հիմա,— ասաց Վիլֆորը,— պատասխանեք ինձ անկեղծորեն, ոչ ինչպես մեղադրվողը դատավորին, այլ ինչպես փորձանքի մեջ ընկած մարդը պատասխանում է իրեն կարեկցողին։ Ճշմարտություն կա՞ արդյոք այս անստորագիր ամբաստանագրի մեջ։ Եվ Վիլֆորը նողկանքով սեղանի վրա նետեց Դանտեսի վերադարձրած նամակը։ — Ամեն ինչ ճիշտ է, և միաժամանակ մի բառ անգամ ճիշտ չէ։ Իսկ իսկական ճշմարտությունն այս է, երդվում եմ Մերսեդեսի նկատմամբ տա-ծածս սիրով, երդվում եմ հորս արևով... — Խոսեք,— ասաց Վիլֆորը։ Եվ իր մտքում ավելացրեց. «Եթե Ռենեն կարողանար ինձ տեսնել, հուսով եմ, գոհ կմնար և ինձ դահիճ չէր անվանի»։ — Եվ այսպես, երբ մենք դուրս եկանք Նեապոլից, նավապետ Լեկլերը հիվանդացավ ջղատենդով։ Նավի վրա բժիշկ չկար, իսկ նա չէր ուզում ափին մոտենալ ու կանգ առնել, որովհետև շատ շտապում էր հասնել Էլբա կղզին, և այդ պատճառով նրա վիճակն այնքան վատացավ, որ երրորդ օրը, զգալով մոտալուտ մահը, նա ինձ իր մոտ կանչեց։ «Դանտես,— ասաց նա,— երդվեք ձեր պատվով, որ կկատարեք ինչ որ հանձնարարելու եմ ձեզ։ Չափազանց կարևոր գործ է դա»։ «Երդվում եմ, նավապետ»,— ասացի ես։ «Քանի որ մահիցս հետո որպես նավապետի օգնական դուք եք ստանձնելու հրամանատարությունը, ապա ուղղվեք դեպի Էլբա կղզին, կանգ առեք Պորտ Ֆերայոյում, գնացեք մարշալի մոտ և նրան հանձնեք այս նամակը։ Թերևս ձեզ այնտեղ մի ուրիշ նամակ կամ որևէ այլ հանձնարարություն տան։ Այդ հանձնարարությունը պետք է ինձ տրվեր, դուք, Դանտես, այն կկատարեք իմ փոխարեն, և դա կլինի ամբողջովին ձեր ծառայությունը»։ «Կկատարեմ, նավապետ, բայց գուցե այնքան հեշտ չլինի մարշալի մոտ գնալ»։ «Ահա մի մատանի, որ կխնդրեք հանձնել նրան,— ասաց նավապետը,— դա կվերացնի բոլոր արգելքները»։ Եվ այդ ասելով, նա ինձ տվեց մի մատանի։ Երկու ժամ հետո նավապետը գիտակցությունը կորցրեց, իսկ հաջորդ օրը վախճանվեց։ — Եվ ի՞նչ արեցիք դուք։ — Ինչ որ պարտավոր էի անել, ինչ որ կաներ յուրաքանչյուր ոք, եթե իմ տեղը լիներ։ Մեռնող մարդու խնդրանքը միշտ էլ նվիրական է, իսկ նավաստիներիս համար պետի խնդրանքը հրաման է, որը չի կարելի չկատարել։ Եվ այդպես, ես նավն ուղղեցի դեպի Էլբա և տեղ հասա մյուս օրը։ Բոլորին թողեցի նավի վրա և մենակ ափ իջա։ Ինչպես որ ենթադրել էի, այնտեղ չցանկացան թույլ տալ, որ ես մտնեմ մարշալի կացարանը։ Բայց ես նրան ուղարկեցի մատանին, որը պայմանական նշանի դեր պիտի կատարեր, և բոլոր դռները բացվեցին իմ առաջ։ Նա ընդունեց ինձ, հարցուփորձ արեց խեղճ Լեկլերի մահվան հանգամանքների մասին և, ինչպես վերջինս նախատեսել էր, ինձ մի նամակ տվեց, հրամայելով անձամբ հասցնել Փարիզ։ Ես խոստացա նամակը տեղ հասցնել, քանի որ դա մտնում էր իմ նավապետի վերջին կամքը կատարելու պարտականությանս մեջ։ Հասնելով այստեղ, կարգավորեցի նավի վրա եղած բոլոր գործերը և վազեցի հարսնացուիս մոտ, որն ինձ թվաց առաջվանից ավելի գեղեցիկ ու ավելի սիրելի։ Պարոն Մորելի շնորհիվ մենք հարթեցինք եկեղեցական բոլոր ձևականությունները, և ահա, ինչպես ձեզ արդեն ասացի, նստած էի ճաշի, պատրաստվում էի մի ժամ հետո ամուսնանալու և խորհում էի վաղն ևեթ գնալ Փարիզ, երբ հանկարծ ամբաստանագրի հիման վրա, որը դուք, ըստ երևույթին, հիմա ինձ պես արհամարհում եք, ինձ ձերբակալեցին։ — Այո, այո,— ասաց Վիլֆորը,— այդ ամենը ինձ ճշմարիտ է թվում, եթե դուք որևէ բանում մեղավոր եք, ապա միայն անզգուշության մեջ։ Ասենք, ձեր անզգուշությունն էլ արդարացվում է նավապետի տված հրամաններով։ Հանձնեք մեզ Էլբա կղզում ձեր ստացած նամակը, ազնիվ խոսք տվեք, որ կներկայանաք առաջին իսկ պահանջով, և վերադարձեք ձեր բարեկամների մոտ։ — Ուրեմն ես ազատ եմ,— բացականչեց Դանտեսն ուրախությունից ինքն իրեն կորցրած։ — Այո, միայն տվեք ձեր նամակը։ — Նամակը ձեզ մոտ պետք է լինի, քանի որ վերցրին մյուս թղթերիս հետ, և դրանցից մի քանիսը ևս տեսնում եմ այդ փաթեթի մեջ։ — Սպասեցեք,— ասաց Վիլֆորը Դանտեսին, որն արդեն գլխարկն ու ձեռնոցները վերցնելու վրա էր,— սպասեցեք։ Ո՞ւմ է հասցեագրված նամակը։ — Պարոն Նուարտիեին, փողոց Կոկ-Էրոն, Փարիզ։ Եթե կայծակ զարկեր Վիլֆորին, այդքան արագ ու անակնկալ չէր հարվածի նրան։ Նա ընկավ բազկաթոռին, որի վրայից վեր էր կացել Դանտեսից բռնագրավված թղթերի փաթեթը վերցնելու համար, և տենդորեն քրքրելով դրանք, հանեց ճակատագրական նամակը և նրա վրա հառեց անասելի սարսափով լի հայացքը։ — Պարոն Նուարտիեին, փողոց Կոկ-Էրոն, համար տասներեք,— շշնջաց նա էլ ավելի գունատվելով։ — Ճիշտ այդպես,— ասաց զարմացած Դանտեսը։— Մի՞թե ճանաչում եք նրան։ — Ոչ,— արագ պատասխանեց Վիլֆորը,— թագավորի հավատարիմ ծառան չի կարող ծանոթություն ունենալ դավադիրների հետ։ — Ուրեմն խոսքը վերաբերում է դավադրությա՞ն,— հարցրեց Դանտեսը, որն իրեն արդեն ազատ համարելուց հետո սկսեց զգալ, որ գործն այլ ընթացք էր ընդունում։— Համենայնդեպս, ես արդեն ձեզ ասացի, որ այդ նամակի բո-վանդակությանը ծանոթ չեմ եղել։ — Այո,— ասաց Վիլֆորը խուլ ձայնով,— բայց դուք գիտե՜ք մարդու անունը, ում հասցեագրված է նամակը։ — Նրան անձամբ հանձնելու համար ես պետք է գիտենայի նրա անունը։ — Եվ նամակը ոչ ոքի ցույց չե՞ք տվել,— հարցրեց Վիլֆորը՝ կարդալով նամակը և ավելի ու ավելի գունատվելով։ — Ոչ ոքի, պատվովս եմ երդվում։ — Ոչ ոք չգիտե՞ր, որ դուք Էլբա կղզուց նամակ էիք տանում պարոն Նուարտիեին։ — Ոչ ոք, բացի նամակն ինձ հանձնողից։ — Այդ էլ շատ է, չափազա՜նց շատ,— շշնջաց Վիլֆորը։ Նամակը կարդալու ընթացքում նրա դեմքն ավելի ու ավելի էր մռայլվում։ Նրա գունատ շրթունքները, դողացող ձեռքերը, փայլատակող աչքերը Դանտեսին ներշնչեցին վատթարագույն նախազգացումներ։ Նամակը մինչև վերջ կարդալուց հետո Վիլֆորը գլուխն առավ ձեռքերի մեջ ու անշարժացավ։ — Ի՞նչ պատահեց ձեզ, պարոն,— անհամարձակ հարցրեց Դանտեսը։ Վիլֆորը չպատասխանեց, ապա բարձրացրեց իր գունատ ու այլանդակված դեմքը և մի անգամ ևս կարդաց նամակը։ — Եվ դուք հավատացնում եք, թե նամակի բովանդակության մասին ոչինչ չգիտե՞ք,— ասաց Վիլֆորը։ — Կրկնում եմ և երդվում պատվովս, որ ոչինչ չգիտեմ։ Բայց ի՞նչ պա-տահեց ձեզ, վա՞տ եք զգում, կուզե՞ք զանգը հնչեցնեմ, մարդ կանչեմ։ — Ոչ,— ասաց Վիլֆորը՝ հապշտապ ոտքի կանգնելով,— կանգնեք ձեր տեղում և լռեք, այստեղ ես եմ հրամայողը, և ոչ թե դուք։ — Ներեցեք,— ասաց Դանտեսը վիրավորված,— ես միայն ցանկացա ձեզ օգնել։ — Ինձ բան պետք չէ։ Վայրկենական թուլություն էր և ուրիշ ոչինչ։ Ձեր մասին մտածեք, և ոչ թե իմ։ Պատասխանեք։ Դանտեսը հարցի էր սպասում, բայց իզուր։ Վիլֆորը փլվեց բազկաթոռի վրա, դողացող ձեռքով սրբեց երեսի քրտինքը և սկսեց երրորդ անգամ կարդալ նամակը։ — Եթե նա գիտե, թե ինչ է գրված այստեղ,— ինքն իրեն մրմնջաց Վիլֆորը,— եթե իմանա, որ Նուարտիեն Վիլֆորի հայրն է, ապա ես կորած եմ, ոտով-գլխով կորած։ Եվ նա մերթընդմերթ նայում էր Դանտեսին, կարծես իր հայացքները կարող էին թափանցել այն անտեսանելի պարիսպը, որը մարդուս սրտում պահպանում է այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին շուրթերը լռում են։ — Տարակույս չի կարող լինել,— գոչեց նա հանկարծ։ — Ի սեր աստծո,— ասաց դժբախտ պատանին,— եթե տարակուսում եք, եթե կասկած ունեք ինձ վրա, հարցաքննեք ինձ։ Ես պատրաստ եմ ձեզ պատասխանելու։ Վիլֆորն իր վրա ճիգ գործադրեց և այնպիսի մի ձայնով, որին ջանաց համոզվածություն հաղորդել, ասաց. — Ձեր ցուցմունքների հետևանքով ձեզ վրա բարդվում են շատ ծանր մեղադրանքներ, ուստի ես ի վիճակի չեմ ձեզ անմիջապես ազատելու՝ ինչպես հույս ունեի անել։ Նախքան այդպիսի քայլի դիմելը, ես պետք է խորհրդակցեմ դատաքննիչի հետ։ Իսկ առայժմ դուք տեսաք, թե ինչպես վարվեցի ձեզ հետ։ — Օ՜, այո, և ես շնորհակալ եմ,— գոչեց Դանտեսը։— Դուք ինձ հետ վարվեցիք ոչ թե դատավորի, այլ բարեկամի պես։ — Դեհ ուրեմն, ես ձեզ կպահեմ մի որոշ ժամանակ ևս, հուսով եմ՝ ոչ երկար. ձեր դեմ ուղղված գլխավոր փաստարկն այս նամակն է, և տեսնում եք... Վիլֆորը մոտեցավ բուխարիին, նամակը նետեց կրակի մեջ և սպասեց, մինչև որ թուղթն այրվեց։ — Տեսնո՞ւմ եք,— շարունակեց նա,— ես նամակը ոչնչացրի։ — Դուք ավելին եք, քան արդարադատությունը,— գոչեց Դանտեսը,— դուք կատարյալ գթասրտություն եք։ — Բայց լսեցեք,— շարունակեց Վիլֆորը,— այսպիսի մի արարքից հետո դուք, անշուշտ, պիտի հասկանաք, որ կարող եք ինձ վստահել։ — Հրամայեք, և ես կկատարեմ ձեր հրամանները։ — Ոչ,— ասաց Վիլֆորը՝ մոտենալով Դանտեսին,— ոչ, ես մտադիր չեմ ձեզ հրամայել, ես ցանկանում եմ միայն ձեզ խորհուրդ տալ, հասկանո՞ւմ եք։ — Ասացեք, և ես ձեր խորհուրդը կկատարեմ իբրև հրաման։ — Ես մինչև երեկո ձեզ կթողնեմ այստեղ, դատարանի շենքում։ Թերևս որևէ մեկը ձեզ հարցաքննելու լինի։ Ասացեք նրան այն ամենը, ինչ որ ինձ պատմեցիք, սակայն ոչ մի խոսք նամակի մասին։ — Խոստանում եմ, պարոն։ Այժմ կարծես Վիլֆորն էր աղաչում, իսկ մեղադրյալը հանգստացնում էր դատավորին։ — Հասկանո՞ւմ եք,— շարունակեց Վիլֆորը՝ նայելով մոխրին, որը տակավին պահպանում էր նամակի ձևը,— այժմ նամակը ոչնչացված է։ Միայն դուք և ես գիտենք, որ նա գոյություն է ունեցել։ Եթե ձեզ հետ խոսելու լինեն նրա մասին, ուրացե՛ք, ուրացե՛ք համարձակ կերպով, և դուք փրկված կլինեք։ — Կուրանամ, անհոգ եղեք,— ասաց Դանտեսը։ — Լա՛վ,— ասաց Վիլֆորը և ձեռքը դրեց զանգակի վրա, ապա փոքր-ինչ հապաղեց ու ասաց.— միայն ա՞յս նամակն էր ձեզ մոտ։ — Միայն այս։ — Երդվե՛ք։ Դանտեսը բարձրացրեց ձեռքը։ — Երդվում եմ,— ասաց նա։ Վիլֆորը հնչեցրեց զանգակը։ Ներս մտավ ոստիկանական կոմիսարը։ Վիլֆորը նրա ականջին մի քանի խոսք ասաց, իսկ կոմիսարը գլխով արեց։ — Հետևեք կոմիսարին,— ասաց Վիլֆորը Դանտեսին։ Դանտեսը գլուխ տվեց, մի անգամ ևս երախտագիտությամբ լի հայացքով նայեց Վիլֆորին և դուրս եկավ։ Հազիվ էր դուռը փակվել, որ ուժերը դավաճանեցին Վիլֆորին, և նա գրեթե անզգա ընկավ բազկաթոռի վրա։ Մի րոպե հետո նա ինքն իրեն շշնջում էր. — Տե՜ր իմ աստված, ինչի՜ց է երբեմն կախված լինում մարդուս կյանքն ու բախտը... Եթե թագավորական դատախազը Մարսելում լիներ, եթե իմ փոխարեն կանչեին քննիչին, ես կորած էի... Եվ այդ նամակը, այդ նզովյալ նամակը ինձ պիտի անդունդը նետեր... Ախ, հա՜յր իմ, հա՜յր իմ, մի՞թե այս աշխարհում շարունակ պիտի խանգարես իմ բախտավորությանը։ Մի՞թե հավի-տյան պիտի պայքարեմ քո անցյալի դեմ։ Բայց հանկարծ կարծես ելքը գտավ. ծամածռված շրթունքների վրա ժպիտ երևաց, թափառիկ հայացքը կենտրոնացավ ու կարծես կանգ առավ ինչ-որ մտքի վրա։ — Այո՛, այո՛,— գոչեց նա,— այդ նամակը, որ պետք է ինձ կործաներ, կարող է դառնալ իմ երջանկության աղբյուրը... Դե՛հ, Վիլֆոր, գործի անցիր։ Եվ, հավաստիանալով, որ կալանավորն արդեն միջանցքում չէ, թագավորական դատախազի օգնականը նույնպես դուրս եկավ և արագ քայլերով դիմեց դեպի իր հարսնացուի տունը։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic