Jump to content
Main menu
Main menu
move to sidebar
hide
Navigation
Main page
Recent changes
Random page
Help about MediaWiki
Special pages
Wiki
Search
Search
Appearance
Create account
Log in
Personal tools
Create account
Log in
Pages for logged out editors
learn more
Contributions
Talk
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Page
Discussion
English
Read
Edit
Edit source
View history
Tools
Tools
move to sidebar
hide
Actions
Read
Edit
Edit source
View history
General
What links here
Related changes
Page information
Appearance
move to sidebar
hide
Warning:
You are not logged in. Your IP address will be publicly visible if you make any edits. If you
log in
or
create an account
, your edits will be attributed to your username, along with other benefits.
Anti-spam check. Do
not
fill this in!
=== VIII. Իֆ ամրոցը === Դուրս գալով միջանցք՝ ոստիկանական կոմիսարը նշան արեց երկու ժանդարմի։ Նրանցից մեկը կանգնեց Դանտեսի աջ կողմը, մյուսը՝ ձախ։ Բացվեց դեպի դատարանի շենքը տանող դուռը, և կալանավորին առաջ տարան այն երկար ու մռայլ միջանցքներով, ուր սարսուռ է պատում նույնիսկ նրանց, ովքեր սարսռելու ոչ մի պատճառ չունեն։ Ինչպես Վիլֆորի բնակարանը հարում էր դատարանի շենքին, այնպես էլ դատարանի շենքն էր հարում բանտին, մի դժնատեսիլ շինության, որն իր բոլոր բաց խոռոչներով հետաքրքրությամբ նայում է իր առջև բարձրացող Աքուլի զանգակատանը։ Միջանցքում մի քանի դարձեր կատարելուց հետո Դանտեսը տեսավ վանդակապատ լուսամուտ ունեցող մի դուռ։ Կոմիսարը երեք անգամ հարվածեց երկաթե դռնահարով։ Դուռը բացվեց, ժանդարմները կամացուկ բոթեցին կալանավորին, որ դեռ կանգնած էր շվարած։ Դանտեսն անցավ շեմը, և դուռը շրխկալով փակվեց նրա հետևից։ Նա արդեն այլ օդ էր շնչում, հեղձուկ ու ծանր մի օդ։ Նա բանտի մեջ էր։ Նրան մտցրին բավական մաքուր, բայց ծանր նիգերով կողպած և վանդակապատ լուսամուտներով մի խուց։ Նոր կացարանի տեսքը մի առանձին վախ չներշնչեց Դանտեսին. բացի դրանից, թագավորական դատախազի խոսքերը, որ ասվել էին այնպիսի ակներև կարեկցանքով, նրա ականջին հնչում էին որպես հուսադրիչ մխիթարություն։ Կեսօրվա ժամը չորսն էր, երբ Դանտեսին բերին իր խուցը։ Այդ ամենը, ինչպես արդեն ասացինք, տեղի ունեցավ փետրվարի 28-ին, այդ պատճառով էլ կալանավորը շատ չանցած իրեն գտավ մթության մեջ։ Իսկույն նրա լսողությունը կրկնապես սրվեց։ Ականջին հասնող ամենաթույլ աղմուկից նա վեր էր թռչում ու նետվում դեպի դուռը, կարծելով, թե գալիս են իր ազատությունը վերադարձնելու։ Բայց այդ աղմուկն անհետանում էր ուրիշ ուղղությամբ, և Դանտեսը նորից ընկնում էր աթոռակի վրա։ Վերջապես գիշերվա մոտ ժամը տասին, երբ Դանտեսն սկսել էր հույսը կորցնել, լսվեց մի նոր աղմուկ, որն այս անգամ, անտարակույս, մոտենում էր նրա խցի դռանը։ Ապա միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և քայլողները կանգ առան դռան մոտ։ Բանալին պտտվեց կողպեքի մեջ, նիգերը ճռնչացին, կաղնյա հաստաբեստ դուռը բացվեց, և երկու ջահի կուրացուցիչ լույսը թափանցեց խավար խուցը։ Այդ ջահերի լույսով Դանտեսը տեսավ, թե ինչպես էին փայլում չորս ժանդարմի հրացաններն ու թրադաշույնները։ Նա ուզում էր առաջ նետվել, բայց տեսնելով այդ ուժեղացված պահակախումբն՝ իսկույն կանգ առավ։ — Եկել եք ինձ տանելո՞ւ։ — Այո,— պատասխանեց ժանդարմներից մեկը։ — Թագավորական դատախազի օգնականի՞ հրամանով։ — Իհարկե։ — Լավ,— ասաց Դանտեսը,— ես պատրաստ եմ ձեզ հետևելու։ Այն համոզումը, թե իրեն եկել են տանելու դը Վիլֆորի անունից, միանգամայն փարատեց խեղճ պատանու երկյուղը։ Հանգիստ ու համարձակ նա դուրս եկավ և ինքը տեղ գրավեց ժանդարմների մեջտեղում։ Բանտի դռան առաջ մի կառեթ էր կանգնած։ Նստիքին նստած էր կառա-պանը, սրա կողքին՝ մի կատարածու ոստիկան։ — Այս կառեթն ի՞նձ համար է,— հարցրեց Դանտեսը։ — Ձեզ համար է,— պատասխանեց ժանդարմներից մեկը։— Նստեք։ Դանտեսը ցանկացավ առարկել, բայց դռնակը բացվեց, և նրան ներս հրեցին։ Նա չէր կարող և չէր էլ ուզում դիմադրել։ Մի ակնթարթում նա իրեն գտավ հետևի նստարանի վրա, երկու ժանդարմի արանքում։ Մյուս երկու ժանդարմը նստեցին նրա դիմաց, և ծանր կառեթը առաջ շարժվեց չարագուշակ դղրդոցով։ Կալանավորը նայեց կառեթի լուսամուտներին, որոնք պատած էին երկաթյա ճաղերով։ Նա միայն փոխել էր բանտը։ Նոր բանտանիվներ ուներ և շարժվում էր անհայտ ուղղությամբ։ Խիտ երկաթաճաղերի արանքից, որտեղից ձեռքը հազիվ կարող էր մտնել Դանտեսն այնուհանդերձ կարողա-ցավ տեսնել ու հասկանալ, որ իրեն տանում են Կեսրի փողոցով, իսկ այնուհետև Սեն Լորան ու Տարամիս փողոցներով սկսեցին իջնել դեպի ծովափը։ Շատ չանցած, լուսամուտի ճաղերի և այն հուշարձանի ցանկապատի արանքից, որի մոտով անցնում էին, նա տեսավ նավահանգստյան վարչության ճրագները։ Կառեթը կանգ առավ, կատարածու ոստիկանը ցած իջավ նստիքից ու մոտեցավ պահականոցին։ Այդտեղից դուրս եկան տասի չափ զինվորներ և կանգնեցին երկու շարք կազմած։ Նրանց հրացանները փայլփլում էին ծովեզերքին վառվող լապտերների լույսի տակ։ «Մի՞թե այդ ամենը ինձ համար է»,— մտածեց Դանտեսը։ Բանալիով բացելով դռնակը, կատարածուն լռելյայն պատասխանեց այդ հարցին, քանզի Դանտեսը զինվորների երկու շարքերի արանքում տեսավ իր համար թողնված նեղլիկ ճանապարհը՝ կառեթից մինչև ծովեզերք։ Առջևի նստարանին նստած երկու ժանդարմներն առաջինը դուրս եկան կառեթից, նրանց հետևից իջան Դանտեսը, իսկ այնուհետև մնացած երկուսը, որ նստած էին նրա կողքին։ Բոլորը դիմեցին դեպի նավակ, որ մաքսատան մի ծառայող շղթայով կապել էր ափին։ Զինվորները բութ հետաքրքրությամբ նայում էին Դանտեսին։ Նրան անմիջապես նստեցրին ղեկի մոտ, չորս ժանդարմի մեջտեղում, իսկ կատարածուն նստեց ցռկամասում։ Մի ուժգին հրում նավակը հեռացրեց ափից։ Չորս թիավարներ սկսեցին արագ թիավարել Պիլոնի ուղղությամբ։ Նավակից ձայն տվին, որից հետո նավահանգիստը գոցող շղթան ցած իջավ և Դանտեսը հայտնվեց Ֆրիուլե կոչված տեղում, այսինքն՝ նավահանգստից դուրս։ Թարմ օդի դուրս գալուց հետո կալանավորի առաջին զգացածն ուրախությունն էր։ Օդը գրեթե ազատություն է։ Դանտեսը լիաթոք շնչեց կենարար զեփյուռը, որն իր թևերին առած՝ բերում էր գիշերվա ու ծովի բույրերը։ Սակայն շատ չանցած նա դառնորեն հառաչեց, քանզի անցնում էր «Ռեզերվի» մոտով, ուր դեռևս առավոտյան, ձերբակալվելուց մի րոպե առաջ, այնքան երջանիկ էր, պայծառորեն լուսավորված լուսամուտների միջով նրա ականջին էին հասնում պարեղանակների ուրախ հնչյունները։ Դանտեսը ձեռքերը խաչեց, աչքերն ուղղեց երկնքին ու սկսեց աղոթել։ Նավակը շարունակում էր իր ճանապարհը։ Նա անցավ Մեռյալ Գլխի մոտով, հասավ Ֆարո ծովախորշին ու սկսեց շրջանցել մարտկոցը։ Դանտեսը ոչինչ չէր հասկանում։ — Ո՞ւր են տանում ինձ,— հարցրեց նա ժանդարմներից մեկին։ — Հիմա կիմանաք։ — Սակայն... — Մեզ արգելված է ձեզ հետ խոսել։ Դանտեսը կիսով չափ զինվոր էր, ուստի անմտություն համարեց հարցուփորձ անել ժանդարմներին, որոնց արգելված էր պատասխանել, ու լռեց։ Այնժամ նրա գլխում խռնվեցին խիստ օտարոտի մտքեր, խարխուլ նավակով հնարավոր չէր հեռու գնալ, շուրջը ոչ մի խարսխված նավ չկար, նա մտածեց, որ երևի իրեն կհասցնեն ծովափին գտնվող որևէ հեռավոր վայր և այնտեղ կասեն, թե ազատ է։ Նրան չէին կապել, ձեռնակապեր դնելու փորձ չէին արել, այդ ամենը նրան լավ նախանշան էր թվում։ Բացի դրանից, չէ՞ որ դատախազի օգնականը, որ այնքան բարի էր ու սիրալիր, նրան ասել էր, որ եթե միայն չտա Նուարտիե ճակատագրական անունը, վախենալու պատճառ չպիտի ունենա։ Չէ՞ որ իր աչքի առաջ Վիլֆորն այրեց վտանգավոր նա-մակը, այն միակ ապացույցը, որ կար նրա դեմ։ Նա անխոս սպասում էր, թե ինչով կվերջանա այդ ամենը, և ծովայինի աչքերով, որ սովոր են խավարի մեջ չափել տարածությունը, ջանում էր տեսնել շրջապատը։ Ռատոննո կղզին, որի վրա փարոս էր վառվում, մնացել էր նրանց աջ կողմը, և նավակը, ափի մոտով լողալով, մոտեցավ Կատալանի ծովածոցին։ Կալանավորի տեսողությունը ավելի սրվեց. այստեղ էր գտնվում Մերսեդեսը, և ամեն վայրկյան նրան թվում էր, թե խավար ծովափին մի կանացի աղոտ սիլուետ է գծագրվում։ Ինչպես նախազգացումը չշշնջաց Մերսեդեսի ականջին, թե նրա սի-րածը երեք հարյուր քայլ է հեռու նրանից։ Ամբողջ Կատալանում միայն մի լուսամուտից էր ճրագի լույս երևում։ Ուշադիր նայելով՝ Դանտեսը համոզվեց, որ դա իր սիրեցյալի սենյակն է։ Միայն Մերսեդեսն էր, որ քնած չէր ամբողջ գյուղում։ Եթե Դանտեսը գոռար, ձայնը կհասներ նրա ականջին։ Բայց կեղծ ամոթը զսպեց նրան։ Ի՞նչ կասեն ժանդարմները, եթե նա մոլեգնածի պես գոռար։ Ուստի բերանը չբացեց և ան-ցավ գյուղի մոտով, աչքը չկտրելով ճրագի լույսից։ Այդ միջոցին նավակը շարունակում էր առաջ շարժվել։ Բայց կալանավորի հոգը նավակը չէր. նա մտածում էր Մերսեդեսի մասին։ Վերջապես լուսավորված պատուհանը ծածկվեց մի ելուստավոր ժայռի հետևում։ Մինչ նա այդպես կլանված էր իր մտքերով, թիերը փոխարինել էին առագաստներով, և նավակը շարժվում էր քամու զորությամբ։ Թեև Դանտեսը չէր ուզում նորից հարցուփորձ անել ժանդարմին, այնուամենայնիվ, նստած տեղը մոտեցավ նրան և ձեռքը բռնելով ասաց. — Ընկերներ, ապավինելով ձեր խղճին ու զինվորի կոչումին, թախանձում եմ, գթացեք ինձ ու պատասխանեք։ Ես նավապետ Դանտեսն եմ, բարի ու ազնիվ մի ֆրանսիացի, թեև ինձ մեղադրում են ինչ-որ դավաճանության մեջ։ Ո՞ւր եք տանում ինձ։ Ասացեք, ես ծովայինի ազնիվ խոսք եմ տալիս, որ կկատարեմ իմ պարտքը և կհնազանդվեմ ճակատագրիս։ Ժանդարմը քորեց ծոծրակը և իր ընկերոջը նայեց։ Սա մի շարժում արեց, որ երևի պիտի նշանակեր. «Հիմա կարծեմ կարելի է ասել», և ժանդարմը շրջվեց դեպի Դանտեսի կողմը. — Դուք մարսելցի և ծովային լինելով հանդերձ դեռ հարցնո՞ւմ եք, թե ուր ենք գնում։ — Այո, երդվում եմ պատվովս, որ չգիտեմ։ — Գլխի չե՞ք ընկնում։ — Ոչ։ — Չի կարող պատահել։ — Երդվում եմ աշխարհիս բոլոր սրբություններով։ Ասացեք, ի սեր աստծո։ — Իսկ հրամա՞նը։ — Հրամանը ձեզ չի արգելում ասել այն, ինչ ես, միևնույն է, իմանալու եմ տասը րոպե, կես ժամ կամ մեկ ժամ հետո։ Միայն թե ազատեք ինձ հավիտենական տարակուսանքներից։ Խնդրում եմ ձեզ որպես բարեկամի։ Տեսեք, ես չեմ պատրաստվում ոչ դիմադրելու, ոչ փախչելու։ Եվ առանց այն էլ դա անհնար է։ Ո՞ւր ենք գնում։ — Կամ դուք կուրացել եք կամ երբեք դուրս չեք եկել Մարսելի նավահանգստից, այլապես չեք կարող չկռահել, թե ձեզ ուր են տանում։ — Չեմ կարող։ — Որ այդպես է, ձեր շուրջը նայեք։ Դանտեսը ոտքի կանգնեց, նայեց այն կողմը, դեպի ուր ընթանում էր նավակը, և իր դիմաց, հարյուր սաժենի չափ հեռու, տեսավ մի ուղղաբերձ ժայռ, որի վրա ցցված էր մռայլատեսիլ Իֆ ամրոցը։ Այդ տարօրինակ շինվածքը, այդ բանտը, որ այնպիսի անսահման սարսափ է ներշնչում, այդ ամրոցը, որն արդեն երեք հարյուր տարի Մարսել քաղաքը սնում է իր սահմռկիչ ավանդություններով, հանկարծ հայտնվելով Դանտեսի դիմաց, որի մտքովն իսկ չէր անցել այն, ճիշտ նույնպիսի ներգործություն ունեցավ նրա վրա, ինչպիսին ունենում է կառափնարանը մա-հապարտի վրա։ — Աստված իմ,— գոչեց նա,— Իֆ ամրոցն է։ Ինչի՞ համար ենք գնում այնտեղ։ Ժանդարմը ժպտաց։ — Բայց հո չեն կարող ինձ այնտեղ բանտարկել։ Իֆ ամրոցը պետական բանտ է, որ ստեղծված է միայն քաղաքական ծանր հանցանք ունեցողների համար։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Մի՞թե Իֆ ամրոցում քննիչներ ու դատավորներ կան։ — Որքան ես գիտեմ,— ասաց ժանդարմը,— այնտեղ միայն պարետ, բան-տապահներ, կայազոր ու ամուր պարիսպներ կան։ Դե, լավ, լավ, ախպերացու, զարմացած մի ձևանա, թե չէ պիտի մտածեմ, որ բարությանս համար ինձ ձեռ ես առնում։ Դանտեսն այնպես ամուր սեղմեց ժանդարմի ձեռքը, որ քիչ մնաց կոտրեր։ — Ուրեմն, ասում եք, ինձ տանում եք Իֆ ամրոցը և այնտեղ էլ կթողնե՞ք։ — Հավանական է,— ասաց ժանդարմը,— բայց համենայնդեպս, հարկ չկա ձեռքս այդպես ամուր սեղմելու։ — Առանց որևէ քննությա՞ն, առանց որևէ ձևականությա՞ն։ — Բոլոր ձևականությունները կատարված են, քննությունն ավարտված է։ — Եվ չնայած պարոն դը Վիլֆորի խոստմա՞նը։ — Ես չգիտեմ, թե ձեզ ինչ է խոստացել պարոն դը Վիլֆորը,— ասաց ժանդարմը,— գիտեմ միայն, որ մենք գնում ենք Իֆ ամրոցը։ Էհե՛, այդ ի՞նչ եք անում։ Հասե՛ք, ընկերներ, բռնեցե՛ք։ Կայծակի պես արագ, բայց այնուամենայնիվ ժանդարմի փորձված աչ-քից չվրիպած մի շարժումով Դանտեսը ցանկացավ ծովը նետվել, բայց չորս զորեղ ձեռք բռնեցին նրան այն իսկ պահին, երբ նրա ոտքերը կտրվում էին հատակից։ Նա ընկավ նավակի մեջ, կատաղությունից մռնչալով։ — Էհե՛, ախպերացու,— ասաց ժանդարմը՝ ոտը դնելով նրա կրծքին։— Հը՞, այդպե՞ս ես կատարում ծովայինի ազնիվ խոսքը։ Դե եկ ու հավատա սուսիկ-փուսիկ մարդկանց։ Դե, հիմա, ջա՛նս, փորձիր շարժվել, և գնդակը ճակատիդ կմեխեմ։ Ես զանց արեցի հրամանի առաջին կետը, բայց, անհոգ եղիր, երկրորդը ճշտությամբ կկատարվի։ Եվ նա իսկապես հրացանի փողը դեմ արեց Դանտեսի քունքին։ Առաջին պահին Դանտեսը ցանկացավ անել ճակատագրական շարժումը և դրանով վերջ տալ անսպասելի ձախորդությանը, որ խոյացել էր նրա վրա և առել իր բազեի մագիլների մեջ։ Բայց հենց այն պատճառով, որ այդ ձախորդությունն այդքան անսպասելի էր եղել, Դանտեսը մտածեց, թե այն չի կարող երկարատև լինել։ Այնուհետև հիշեց Վիլֆորի խոստումը, բացի դրանից, պետք է խոստովանել, նավակի հատակին ժանդարմի ձեռքով մեռնելը նա քստմնելի և ողորմելի բան համարեց։ Դանտեսն ընկավ տախտակների վրա և անզոր կատաղությունից ատամները խրեց ձեռքի մսի մեջ։ Նավակը տարուբերվեց ուժեղ ցնցումից։ Թիավարներից մեկը թռավ մի ժայռի վրա, որին բախվել էր թեթև նավակի քիթը. ճախարակի շուրջը պարանը ճռնչալով քակվեց, և Դանտեսը հասկացավ, որ նավակը կապում են ափին։ Ժանդարմները, որ բռնել էին Դանտեսի թևերից ու օձիքից, նրան ստիպեցին վեր կենալ ու ափ դուրս գալ, ապա քարշ տվին դեպի ամրոցի դարպասը տանող սանդուղքը։ Հետևից քայլում էր սվինակիր հրացանով զինված ժանդարմական կատարածուն։ Սակայն Դանտեսը մտադրություն իսկ չուներ ապարդյուն դիմադրություն ցույց տալու։ Նրա դանդաղաշարժությունը հետևանք էր ոչ թե դիմադրության, այլ հոգեկան ընդարմության։ Գլուխը պտույտ էր գալիս, և նա օրորվում էր հարբածի պես։ Նա զառիվայրի վրա նորից տեսավ զինվորների երկու շարքերը, զգաց, որ աստիճանները ստիպում են ոտքերը բարձրացնել, նկատեց, որ ներս մտավ դարպասով և որ այդ դարպասը փակվեց հետևից, բայց այդ ամենը ընկալեց անգիտակցորեն, կարծես մշուշի միջից, անկարող որևէ բան զանազանելու։ Նա նույնիսկ չէր տեսնում ծովը, բանտարկյալներին տառապանք պատճառող ծովը, որի անսահմանությանը նրանք նայում ու սարսափով տեսնում են, որ անզոր են այն հաղթահարել։ Երբ մի րոպե կանգ առան, Դանտեսը փոքր-ինչ ուշքի եկավ և շուրջը նայեց։ Նա կանգնած էր մի քառանկյունի բակում, չորս բարձր պարիսպների միջև։ Լսվում էին պահակների համաչափ ոտնաձայները, և ամեն անգամ, երբ նրանք անցնում էին երկու-երեք լուսավորված լուսամուտների մոտով, հրացանները շողշողում էին։ Մի տասը րոպեի չափ նրանք սպասեցին։ Գիտենալով, որ Դանտեսը այլևս չի կարող փախչել, ժանդարմները նրան ազատ թողեցին։ Երևում էր, որ կարգադրության էին սպասում։ Վերջապես հնչեց ինչ-որ մեկի ձայնը. — Ո՞ւր է կալանավորը։ — Այստեղ է,— պատասխանեցին ժանդարմները։ — Թող հետևիցս գա, տանեմ իր խուցը։ — Գնացեք,— ասացին ժանդարմները՝ բոթելով Դանտեսին։ Նա գնաց ուղեկցողի հետևից, որն իրոք նրան տարավ մի կիսաստորերկրյա խուց, որի մերկ ու խոնավ պատերից ասես արցունքներ էին ծորում։ Աթոռակի վրա դրված ճրագաթասը, որի պատրույգը լողում էր մի տեսակ գարշահոտ ճարպի մեջ, լուսավորում էր այդ սոսկալի կացարանի ողորկ պատերը և ուղեկցողին. սա վատ հագնված, գռեհկադեմ մի մարդ էր, ամենայն հավանականությամբ, բանտի ստորին ծառայողներից մեկը։ — Ահա ձեզ խուց այս գիշերվա համար,— ասաց նա։— Հիմա արդեն ուշ է, և պարոն պարետը պառկել է քնելու։ Վաղը, երբ արթնանա ու կարդա ձեզ համար ուղարկված հրամանները, թերևս ձեզ ուրիշ խուց տա։ Իսկ առայժմ ահա ձեզ հաց, այս ամանի մեջ ջուրն է, իսկ այնտեղ, անկյունում, ծղոտը։ Սա է այն ամենը, որ բանտարկյալը կարող է ցանկանալ։ Բարի՛ գիշեր։ Եվ մինչ Դանտեսը կկարողանար պատասխանել նրան, մինչ կնկատեր, թե բանտապահը որտեղ էր դրել հացը, մինչ կտեսներ, թե որտեղ է գտնվում ջրի ամանը, մինչ շուռ կգար դեպի անկյունը, ուր փռված էր ծղոտը՝ նրա ապագա անկողինը, բանտապահը վերցրեց ճրագաթասը և, դուռը փակելով, զրկեց բանտարկյալին այն ազոտ լույսից ևս, որը, ինչպես փայլակը խավարում, նրան ցույց էր տվել նրա զնդանի խոնավ պատերը։ Նա մնաց մենակ, լռության ու խավարի մեջ, համր ու մռայլ, ինչպես ստորերկրյա այրի կամարները, որոնց մեռելաշունչ սառնությունը զգում էր իր այրվող ճակատին։ Երբ արեգակի առաջին ճառագայթները հազիվ լուսավորեցին այդ որջը, բանտապահը ետ եկավ՝ հրաման ունենալով բանտարկյալին թողնելու այդտեղ։ Դանտեսը կանգնած էր նույն տեղում։ Կարծես երկաթյա մի ձեռք նրան գամել էր երեկվա կանգնած տեղին։ Միայն թե աչքերը ուռել էին չթափած արցունքներից։ Նա անշարժ գետնին էր նայում։ Ամբողջ գիշերը կանգ-նած էր մնացել և ոչ մի վայրկյան աչքը չէր փակել։ Բանտապահը մոտեցավ նրան, չորս կողմը դարձավ, բայց Դանտեսը կարծես նրան չէր տեսնում։ Բանտապահը ձեռքը դիպցրեց նրա ուսին։ Դանտեսը ցնցվեց ու գլուխը շարժեց։ — Չե՞ք քնել,— հարցրեց բանտապահը։ — Չգիտեմ,— պատասխանեց Դանտեսը։ Բանտապահը նրան նայեց զարմանքով։ — Սովա՞ծ չեք,— շարունակեց նա։ — Չգիտեմ,— կրկնեց Դանտեսը։ — Ձեզ ոչի՞նչ պետք չէ։ — Ես ուզում եմ տեսնել պարետին։ Բանտապահն ուսերը թոթվեց ու դուրս եկավ։ Դանտեսը հայացքով ուղեկցեց նրան, ձեռքերը մեկնեց դեպի կիսաբաց դուռը, սակայն դուռը շրխկալով փակվեց։ Այնժամ հեկեկանքը ուժգնորեն պոռթկաց նրա կրծքից։ Կուտակված արցունքները հոսեցին երկու վտակների պես։ Նա ծունկ չոքեց, գլուխը հպեց հատակին և երկար աղոթեց, վերհիշելով իր ամբողջ կյանքը և ինքն իրեն հարցնելով, թե ի՞նչ հանցանք է գործել իր այնքան մատաղ կյանքում մի այդպիսի դաժան պատժի արժանանալու համար։ Այդպես անցավ օրը։ Դանտեսը հազիվ մի քանի փշուր հաց կերավ ու մի քանի կում ջուր խմեց։ Նա մերթ նստում էր մտքերի մեջ խորասուզված, մերթ պտույտներ գործում պատերի երկայնքով, ինչպես վայրի գազանը երկաթե վանդակի մեջ։ Հատկապես մի միտք նրան կատաղություն էր պատճառում, նավակով այստեղ գալու ժամանակ, երբ նա, չիմանալով, թե իրեն ուր են տանում, նստած էր այնպես հանգիստ ու անհոգ, ահա այդ ժամանակ տասն անգամ կարող էր ջուրը նետվել և, լինելով վարպետ լողորդ, կարողանալով սուզվել, ինչպես գրեթե ոչ ոք Մարսելում, կարող էր թաքնվել ջրի տակ, խաբել պահակներին, ափ հասնել, փախչել, թաքնվել որևէ ամայի խորշում, սպասել որևէ ջենովական կամ կատալանյան նավի, գնալ Իտալիա կամ Իսպանիա և այնտեղից Մերսեդեսին գրել, որ գա իր մոտ։ Իր ապրուստի մասին նա չէր մտահոգվում, բախտը ուր էլ որ գցելու լիներ նրան, ամենուրեք լավ նավազները հազվագյուտ են, իսկ նա իտալերեն խոսում էր տոսկանացու պես, իսպաներեն՝ իսկական կաստիլացու պես։ Կապրեր ազատ ու եր-ջանիկ, Մերսեդեսի հետ, հոր հետ, քանզի հորն էլ բերել կտար այնտեղ։ Իսկ դրա փոխարեն նա բանտարկյալ է, փակված Իֆ ամրոցում, այդ բանտում, որտեղից վերադարձ չկա, և չգիտե, թե ի՛նչ վիճակի մեջ է հայրը, ի՛նչ վիճակի մեջ է Մերսեդեսը։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ հավատ էր ընծայել Վիլֆորի խոսքին։ Խելագարվելու քիչ պատճառներ չկային, և Դանտեսը կատաղությունից գալարվում էր թարմ ծղոտի վրա, որ բերել էր բանտապահը։ Հաջորդ օրը, նույն ժամին, բանտապահը նորից եկավ։ — Հը՞,- հարցրեց նա,— մի քիչ խելոքացա՞ք։ Դանտեսը չպատասխանեց։ — Բավ է վհատվեք. ասացեք ի՞նչ կուզենայիք։ Դե՞հ, խոսեք։ — Ես ուզում եմ տեսնել պարետին։ — Ես ձեզ արդեն ասել եմ, որ դա անկարելի է,— վրդովված պատասխանեց բանտապահը։ — Ինչո՞ւ է անկարելի։ — Որովհետև բանտի կանոնադրությամբ բանտարկյալներին արգելված է նրան դիմել։ — Իսկ ի՞նչ է թույլատրված այստեղ,— հարցրեց Դանտեսը։ — Ավելի լավ սնունդ բանտարկյալի փողով, զբոսանք, երբեմն գրքեր։ — Ինձ գրքեր պետք չեն, զբոսնել չեմ ուզում, իսկ սնունդից գոհ եմ։ Ես միայն մի բան եմ ուզում՝ տեսնել պարետին։ — Եթե գլուխս պիտի տանեք նույնը կրկնելով, սրանից հետո ձեզ ուտելիք չեմ բերի։ — Էհ, ի՛նչ կա որ,— պատասխանեց Դանտեսը։— Եթե այլևս ինձ ուտելիք չբերես, սովից կմեռնեմ, և ուրիշ ոչինչ։— Դանտեսի դեմքի արտահայտությունը, երբ նա ասաց այդ խոսքերը, բանտապահին համոզեց, որ բանտարկյալը ուրախ կլինի մեռնել, իսկ քանի որ ամեն մի բանտարկյալ օրական միջին հաշվով տասը սու եկամուտ է բերում բանտապահին, ապա Դանտեսի բանտապահն իսկույն հաշվեց ու տեսավ այն վնասը, որ կարող էր առաջանալ Դանտեսի մեռնելուց, և ասաց ավելի սիրալիր. — Լսեցեք, ձեր խնդրածն անկարելի է, ուրեմն և այլևս մի խնդրեք։ Դեռ երբևէ չի պատահել, որ պարետը բանտարկյալի խնդրանքով գա նրա խուցը։ Ուստի ձեզ հանգիստ պահեք, ձեզ թույլ կտան զբոսնել, իսկ զբոսանքի մի-ջոցին թերևս մի կերպ հանդիպեք պարետին։ Այն ժամանակ դիմեք նրան, և եթե բարեհաճի ձեզ պատասխանել, դա արդեն իր գործն է։ — Իսկ ինչքա՞ն պետք է սպասեմ այդ հանդիպմանը։ — Ո՞վ գիտե,— ասաց բանտապահը,— մեկ ամիս, երեք ամիս, կես տարի, գուցե և մեկ տարի։ — Դա չափազանց ուշ կլինի,— ընդհատեց Դանտեսը,— ես ուզում եմ նրան հենց հիմա տեսնել։ — Շարունակ մի պնդեք միևնույն անիրականանալի ցանկությունը, ապա թե ոչ երկու շաբաթից կխելագարվեք։ — Կարծո՞ւմ եք,— ասաց Դանտեսը։ — Այո, կխելագարվեք։ Խելագարությունը միշտ այդպես է սկսվում։ Մեզ մոտ արդեն այդպիսի դեպք եղել է։ Ձեզնից առաջ այստեղ մի աբբա էր կենում, որը պարետին անդադար մեկ միլիոն էր խոստանում իրեն բաց թողնելու համար, և այդպես էլ խելագարվեց։ — Իսկ վաղո՞ւց է, որ նա այստեղ չի ապրում։ — Երկու տարի է։ — Նրան բա՞ց թողեցին։ — Ոչ, մենախուց նստեցրին։ — Լսիր,— ասաց Դանտեսը,— ես ոչ աբբա եմ, ոչ էլ խելագար։ Գուցե և խելագարվեմ, բայց առայժմ, դժբախտաբար, խելքս գլխիս է։ Ես քեզ ուրիշ բան կառաջարկեմ։ — Իսկ ի՞նչ։ — Ես քեզ մեկ միլիոն չեմ խոստանա, քանզի այդքան չունեմ, բայց կխոստանամ հարյուր էկյու, եթե համաձայնես Մարսել գնալիս մտնել Կատալանի և մի նամակ հանձնել մի աղջկա, որի անունն է Մերսեդես... նույնիսկ ոչ թե նամակ, այլ մի երկտող։ — Եթե ես այդ երկտողը հանձնեմ և ինձ բռնեն, պետք է զրկվեմ պաշտոնիցս, որի համար տարեկան հազար լիվր եմ ստանում, չհաշված եկա-մուտներս և ուտեստս։ Տեսնո՞ւմ եք, հիմար պետք է լինեմ, եթե հազար լիվրը վտանգի տակ դնեմ երեք հարյուր լիվր ստանալու համար։ — Լավ,— ասաց Դանտեսը,— որ այդպես է, լսիր և միտդ լավ պահիր։ Եթե դու երկտողը չտանես Մերսեդեսին կամ գոնե նրան իմաց չանես, որ ես այստեղ եմ, ապա ես երբևիցե պահ կմտնեմ դռան հետևը և, երբ ներս մտնես, աթոռակով գլուխդ ջարդուփշուր կանեմ։ — Էհե՜, սպառնում ես, հա՞,— գոռաց բանտապահը, մի քայլ ետ գնալով և պատրաստվելով պաշտպանվել։— Պարզապես ձեր խելքը տեղը չէ։ Աբբան սկսեց ձեզ պես, և երեք օր հետո դուք էլ նրա պես գժություններ կանեք։ Լավ է, որ Իֆ ամրոցում մենախցեր կան։ Դանտեսը բարձրացրեց աթոռակը և սպառնալից պտտեցրեց գլխավերևում։ — Լա՜վ, լա՜վ,— ասաց բանտապահը,— եթե անպայման ցանկանում եք, պարետին իմաց կտամ։ — Շուտ պետք է այդ ասեիր,— ասաց Դանտեսը՝ աթոռակն իր տեղը դնելով և նստելով վրան՝ գլուխը կախ ու թափառիկ հայացքով, կարծես իսկապես սկսում էր խելագարվել։ Բանտապահը դուրս եկավ և մի քանի րոպեից հետո վերադարձավ չորս զինվորի ու մի կապրալի հետ։ — Պարետի հրամանով,— ասաց նա,— կալանավորին տեղափոխեք մեկ հարկ ներքև։ — Կնշանակի, մենախուցը,— ասաց կապրալը։ — Մենախուցը։ Խելագարներին պետք է նստեցնել խելագարների հետ։ Չորս զինվոր բռնեցին Դանտեսին, որը մի տեսակ անզգայության էր մատնված և առանց որևէ դիմադրության հետևեց նրանց։ Տասնհինգ աստիճան ցած իջան։ Բացվեց մի խավար խցի դուռ, որով Դանտեսը ներս մտավ՝ ինքն իրեն շշնջալով. — Նա իրավացի է, խելագարներին պետք է նստեցնել խելագարների հետ։ Դուռը փակվեց, և Դանտեսը ձեռքերը պարզած առաջ գնաց, մինչև որ հասավ պատին։ Այնժամ նստեց անկյունում և երկար ժամանակ տեղից չշարժվեց, այնինչ աչքերը կամաց-կամաց մթությանը վարժվելով՝ սկսեցին առարկաները զանազանել։ Բանտապահը չէր սխալվում. մազ էր մնացել, որ Դանտեսը խելագարվեր։
Summary:
Please note that all contributions to Wiki may be edited, altered, or removed by other contributors. If you do not want your writing to be edited mercilessly, then do not submit it here.
You are also promising us that you wrote this yourself, or copied it from a public domain or similar free resource (see
My wiki:Copyrights
for details).
Do not submit copyrighted work without permission!
Cancel
Editing help
(opens in new window)
Search
Search
Editing
Կոմս Մոնտե-Քրիստո
(section)
Add topic